ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԱՏՐՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՐՎԵՍՏ Է, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՀԱՆԵԼ, ԹԱՓ ՏԱԼ ՈՒ ԴՆԵԼ ԲԵՄՈՒՄ»

28.03.2018 23:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԹԱՏՐՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՐՎԵՍՏ Է, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՀԱՆԵԼ, ԹԱՓ ՏԱԼ ՈՒ ԴՆԵԼ ԲԵՄՈՒՄ»

Երեկ թատերական գործիչներն իրենց մասնագիտական տոնը նշեցին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ, որն այս տարի նվիրած էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Այդ առթիվ «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալված Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի (ՊՀԹ) գեղարվեստական ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, շնորհավորելով գործընկերներին, խոսեց հայ թատրոնի խնդիրների, բացթողումների, անելիքների ու թերությունների մասին:

«Սա ուղղակի անիմաստ միջոցառում է». Մհեր Մկրտչյան

«Ուզում եմ շնորհավորել համայն մոլորակին` Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ, մասնավորապես` հայաստանյան թատրոնին մաղթում եմ, որպեսզի զերծ լինի ցնցումներից եւ ունենա հետաքրքիր զարգացման  հնարավորություններ, բոլոր դերասաններին ստեղծագործական մեծ ճանապարհ, նույնիսկ` բեմի բանվորից մինչեւ տնօրեն: Թատրոնը դաժան վայր է, ամեն ինչ խլում է` հոգեւորը, էմոցիան, նույնիսկ նյութականը: Որ ասում են` թատրոնը մեռավ, կամ վաղը կմեռնի, սուտ է, թատրոնն ամենուր է, միայն բեմում կամ  վարագույրի հետեւում չէ, այն մեր շուրջն է»:

 

«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ՉՈՒՆԵՆԱԼՆ Է»

Ըստ Դ. Հարությունյանի` այսօր հայ թատրոնի առաջնահերթ խնդիրը «Թատրոնի մասին» օրենք չունենալն է, ինչի պատճառով էլ թատրոնում չի կանոնակարգվում ոչինչ. «2014 թվականից կա քաղաքապետարանի կողմից հաստատված մեր աշխատանքային կանոնակարգը, որը պարբերաբար նորացվում է, բայց եթե չկա ընդհանուր «Թատրոնի մասին» օրենքը, արդեն բարդ է, այն պետք է լինի, ծառայի  բոլորի համար` ատաղձագործից մինչեւ գեղարվեստական ղեկավար: Երբ դա չկա, շատ հարցեր փխրուն են մնում, ու ստիպված գնում, կարդում ենք տարբեր երկրների թատրոնների մասին օրենքներ, համեմատում ռուսականի հետ, բայց չէ՞ որ մենք տարբեր մշակույթներ ունենք, մեր թատրոնի օրենքը պետք է լինի մեր ծավալների, գեղագիտության, հասկացողությունների ու խառնվածքի հետ համապատասխան»,- շեշտեց բանախոսն ու, շարունակելով խոսել ժամանակակից հայ թատրոնի խնդիրների մասին, հավելեց. «Նորանկախ պետությունը բավական երկար ժամանակ փորձում է, բայց վստահ եմ` ավելի մեծ ռեսուրսներ պետք են ներդրվեն թատրոնի համար, այլապես կարծես նավակն ուղղակի գցես օվկիանոս ու մի աչքով հետեւես: Փառատոները կարեւոր են, բայց  ունենք շատ քիչ քանակի լավ ներկայացումներ, որոնցով Հայաստանը կարող էր ներկայանալ համաշխարհային թատերական հարթակներում: Քավ լիցի, ոչ ոքի արածը չեմ ուզում գետնով տալ, շատ գործընկերներ ունեմ ու ուզում եմ, որ իրենք ունենան այդ հնարավորությունները»:

«Չէինք կարող սպասել, որ նման հեղափոխություն կլինի»

 

«ՄԻԱՆԳԱՄԻՑ ՈՉ ՏՆՕՐԵՆ, ՈՉ ԷԼ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ»

Բանախոսի դիտարկմամբ` ստեղծագործական լճացման հարցեր կան թատրոնում, եւ կարծում է, որ նոր սերնդի համար պետք էր վաղուց ճանապարհ բացել դեպի թատրոնների ղեկավարման համակարգ. «Որքան շուտ տային այդ հնարավորությունը, այնքան ավելի արագ կինտեգրվեին, որովհետեւ միանգամից ոչ տնօրեն, ոչ էլ գեղարվեստական ղեկավար չեն ծնվում, այլ դառնում են, իսկ դրա համար պետք է հստակ ժամանակ` հինգ կամ տասը տարի»:

Լրագրողների այն հետաքրքրությանը, թե ինքն ինչ խնդիրներով է ժառանգել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, Դ. Հարությունյանը ասաց. «Ցանկալի էր, որ թատրոնում խնդիրները լուծված կարգավիճակում լիներ, այսօր անհնար է պատկերացնել թատրոն, որը ժամանակի մեջ պիտի այդքան խնդիրներով ծանրաբեռնված լիներ: Հստակեցնեմ` տեխնիկական, ձայնալուսաբեմադրական այդ ամբողջ մասի, շինարարական աշխատանքների մեծ կարիք ունենք, վաղուց թատրոնը չունի դեկորացիա պատրաստելու բուտաֆորական արտադրամաս, բայց հիմա փորձում ենք այդ հարցերը աստիճանաբար լուծել»,- հույս հայտնեց բանախոսն ու սահուն անդրադարձավ թատրոնի խաղացանկում ավելացած եւ սպասվելիք ներկայացումներին. «Մի քանի ներկայացումներ արդեն դադարել են թատրոնում բեմադրվել, որովհետեւ արդեն հնացել են, չեն համապատասխանում, ժողովրդի լեզվով ասած, մաշված ու անհրապույր վիճակում են, եւ անձամբ հրահանգեցի, որ դադարեցնեն: Դերասանական խմբում կան որոշակի լրացումներ: Մտադիր եմ նորովի  վերականգնել Րաֆֆու «Խենթը», ծրագրերում կա Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարից քաղվածքներ, փորձելու ենք անպայման բեմում առնչվել Բակունցի հետ: Կարինե Խոդիկյանի հետ նոր մոնոներկայացման շուրջ ենք աշխատում: Ի դեպ, 2019-ին ուզում ենք շուքով նշել ՊՀԹ-ի 90-ամյակը եւ արդեն այդ առթիվ պատրաստում ենք հետաքրքիր նյութեր: Բավական մեծ արխիվ ունենք, որը թվայնացնելու եւ տարածելու ենք: ՊՀԹ-ն ունի լուրջ ու մեծ անցած ճանապարհ եւ Երեւանի հին թատրոններից երկրորդն է` առաջինը Սունդուկյան թատրոնն է»:

Վալերի Շադրինին անհանգստացրել է Հայաստանում կատարվածը (տեսանյութ)

 

«ՊՀԹ-ՈՒՄ ԿՈԼԵԿՏԻՎԸ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՄԱՆ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»

Այնուամենայնիվ, ըստ գեղարվեստական ղեկավարի, թատրոնում խնդիրները շատ են, բայց գոտեպնդված առաջ են գնում. «Ուզում ենք մաքսիմում ներդնել մեր մտածողությունը, ժամանակակից ռեսուրսներ օգտագործենք, ճիշտ կադրերի հետ աշխատանք վարենք: Թատրոնն գործարանի նման ամեն ժամ պետք է աշխատի եւ մի քանի ուղղությամբ»:

Բանախոսի հավաստմամբ` ՊՀԹ-ում կոլեկտիվը կարծրատիպերի ձերբազատման խնդիր չունի. «Հատկապես ավագ սերունդը շատ ճկուն է եւ արագ  տրանսֆորմացվում է, նայած, թե ինչ պահանջներ են դրված: Օրինակ` եղել են առաջարկներ, որ այս կամ այն պիեսները վերականգնենք, եթե փայլուն պիես է, համաձայնում ենք, իհարկե, նորովի, ոչ թե այնպես, ինչպես ասենք Զավեն Տիգրանիչն էր արել` 30-40 տարի առաջ, քանի որ դա լրիվ ուրիշ ձեռագիր, ուրիշ էսթետիկա, ուրիշ ժամանակներ են: Թատրոնը ժամանակի արվեստ է, չի կարելի գերեզմանից հանել, թափ տալ ու դնել բեմում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА