o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԿԱՐԾ ՈՐՈՇԵՑ ԱՐԴԱՐԱՆԱԼ

30.03.2018 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԿԱՐԾ ՈՐՈՇԵՑ ԱՐԴԱՐԱՆԱԼ

Նախօրեին անչափ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Մեկնաբանելով խոսակցությունները, թե ԱՄՆ-ն ու այլ արեւմտյան երկրներ Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցել են մինչեւ իսկ զինված խմբավորումներին, մասնավորապես՝ «Սասնա ծռերին», դեսպանը նշել է. «Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք...»:

Ամերիկայում փոխվել է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. «Ամերիկայի Ձայն»

 

ՕՀԱՆՅԱՆԻ ՎԱՐԿԱԾՆ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ ՉԷ

Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ունի դեսպանն ասելով, թե՝ «Մենք չենք աջակցում...», այդ «մենքը» ո՞վ է, Միացյալ Նահանգնե՞րը, որին ներկայացնում է դեսպանը, թե՞ միայն հայաստանյան դեսպանատունը: Տրամաբանորեն դեսպանը պետք է նկատի ունենա ԱՄՆ-ին, քանի որ հայաստանյան դեսպանատունը Պետդեպարտամենտի մասնիկն է, նրա ընդհանուր քաղաքական սկզբունքների կրողը եւ ոչ թե դրանից անկախ, առանձնացված ինչ-որ համակարգ: Բայց այդ դեպքում ստիպված ենք արձանագրել, որ հարգարժան պարոն Միլսը աղավաղում է իրողությունները: Այսինքն, կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ ԱՄՆ-ն տարբեր երկրներում ուղղակիորեն բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել այնպիսի «խմբերի, որոնք փորձում էին անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին»: Ուկրաինա, Սիրիա եւ այդպես շարունակ:  Սակայն խնդիրն ամենեւին էլ այն չէ, թե ինչ արտաքին քաղաքական գործիքներ է կիրառել եւ կիրառում ԱՄՆ-ը, մասնավորապես՝ աջակցե՞լ է տարաբնույթ զինված «հեղափոխություններին», այդ թվում՝ «Սասնա ծռերին», թե՝ ոչ. այս հարցի իրական պատասխանը, թերեւս, աշխարհում բոլորը գիտեն: Շատ ավելի հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. այն, որ «Սասնա ծռերին» եւ նման այլ խմբերին ցուցաբերվող ամերիկյան աջակցության մասին տարաբնույթ խոսակցություններ էին շրջանառվում նրանց գործունեության պիկային փուլերում, հայտնի փաստ է: Ավելին ասենք, այդ մասին հիմնականում խոսվում էր այն ժամանակներում, իսկ վերջին շրջանում հատուկենտ հրապարակումներ են եղել: Եվ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է հիմա դեսպանը որոշել «Սասնա ծռերի» հետ կապված հրապարակավ արդարանալ: Կարելի է ենթադրել, որ դեսպանին անհանգստացրել է հետեւյալը: Վերջին օրերին «Սասնա ծռերին» վերահսկելու հարցով ուղղակի հրապարակային ակնարկներ ուղղվեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հասցեին: Մինչդեռ այն ժամանակ, երբ պաշտոնազրկված Օհանյանը դաշինքային կապերի մեջ մտավ իրենց անթաքույց ամերիկամետությամբ հայտնի Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քիչ չէին այս կարգի խոսակցությունները: Թե Օհանյանը դեռ պաշտոնավարման տարիներին է հավաքագրվել, կազմակերպչական ուղղակի կապեր ունեցել ինչպես «Նորքի բանդայի» այնպես էլ՝ «Սասնա ծռերի» հետ, բացահայտումից հետո պաշտոնազրկվել ու անմիջապես էլ հովանավորների կողմից տեղավորվել է ամերիկամետ նախընտրական դաշինքում, որպեսզի անձեռնմխելիություն ստանալով, խուսափի կալանքից: Եվ հիմա, երբ նորից հրապարակային հարթություն է եկել այդ խմբերի հետ Օհանյանի կապի պատմությունը, այսինքն, թե նա կարող է ձերբակալվել ու շատ բան պատմել, միգուցե նման մտահոգություննե՞րն են ստիպել ամերիկյան դեսպանին՝ «Սասնա ծռերին»  դատապարտող հայտարարությամբ հանդես գալ: Իհարկե, այս վարկածը հավանականության որոշակի մասնաբաժին ունի: Սակայն կան նաեւ թույլ կողմեր: Այդ թվում, եթե անգամ եղել է Օհանյան-ԱՄՆ դեսպան նման կապ, եւ այս պահին էլ առկա է այն բացահայտելու հնարավորություն, առավել եւս՝ ցանկություն, ապա նախ՝ դեսպանի հրապարակային արդարացումներն անիմաստ կլինեին, քանի որ որեւէ դեր չէին ունենա: Բացի այդ, դեսպանին ներկայացվող մեղադրանքն ուղղակիորեն կվերահասցեագրվեր նրա ներկայացված պետությանը, եւ քիչ հավանական է, որ Հայաստանը նման քայլի կգնա: Վերջապես, եթե անգամ դեսպանի դեմ ինչ-որ բան կա, ապա նման հարցերը սովորաբար հրապարակային հարթություն դուրս չեն գալիս, այլ լուծվում են կուլիսային մեթոդներով: Ու միայն այս վերջին հանգամանքը բավական էր՝ դեսպանի հայտարարությունն Օհանյանի հետ կապելու վարկածի հավանականությունն էապես նվազեցնելու համար:

 

ՍԱ ԱՌԱՋԱ՞ՐԿ ԷՐ

Այդ դեպքում պարոն Միլսն ինչո՞ւ հիշեց «Սասնա ծռերին»: Եթե դեսպանի ասածն ընկալեն ոչ թե որպես արդարացում, այլ՝ մեսիջ, որոշակի տրամաբանություն կարող է առաջանալ: Ի վերջո, «մենք չենք աջակցում այնպիսի խմբերի» արտահայտությունը կարելի է ընդունել ոչ թե որպես անցյալի մասին մոտեցում, այլ՝ ապագային վերաբերող խոստում կամ նաեւ՝ առաջարկ: Այսինքն, որ Հայաստանում «դեմոկրատական հեղափոխությունը» ամերիկյան ծրագրերից դուրս է կամ՝ կարող է դուրս լինել: Սակայն այս դեպքում էլ հետեւյալ հարցն է՝ ԱՄՆ-ին պե՞տք է Հայաստանի հանդեպ նման ընդգծված լոյալության ցուցադրումը: Այստեղ, թերեւս, արժե նկատել, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ եթե ոչ առանձնահատուկ, այլ՝ լավ վերաբերմունքի արժանի հրապարակային փաստերի էլի ենք ականատես եղել: Օրինակ բերենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցն ու Կոնգրեսում ընդունելությունը, որին Վաշինգտոնը գնաց` անգամ չնայելով Բաքվի նյարդային ռեակցիային: Եվ մյուս կողմից, հետաքրքիր ազդակ է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Ադրբեջան կատարած այցը: Այցի հիմնական մեխը, ինչպես հայտնի է, Իրան-Ադրբեջան երկաթուղու Աստարայի հատվածի պաշտոնական գործարկումն է: Սակայն դա ոչ թե երկկողմ, այլ՝ գլոբալ նշանակություն ունեցող երեւույթ է: Այդ կապի հաշվին մի կողմից, Ռուսաստանը երկաթուղային հաղորդակցություն է ստանում Հնդկական օվկիանոսի գոտու հետ: Մյուս կողմից, դա առաջին ռեալ ուղին է չինական «Մետաքսի ճանապարհի» հարավային ուղղության համար: Եվ այն, որ եվրոպական առանցքային երկրները հանկարծ սկսեցին խոսել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներից, հազիվ թե պատահական լիներ: Զուգահեռաբար, հիշենք նաեւ վերջին շաբաթների մի քանի հիմնական փաստեր: Օրերս Շանհայի էներգետիկ բորսայում մեկնարկեց նավթի առքուվաճառքը չինական յուանով իրականացնելու գործընթացը, որը լուրջ հարված է խոստանում նավթադոլարի գաղափարին: Ինչպես նշեցինք, ակտիվանում է նաեւ «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը, որը, ի վերջո, կարող է համաշխարհային առեւտրաշրջանառության մեծ ծավալներ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ծովային ուղիներից տեղափոխել ցամաք: Իսկ դա իր հերթին է մեծ հարված դոլարին: Վերջապես, պատահական չէր նաեւ այն, որ ՌԴ նախագահը հենց այս փուլում հայտարարեց նորագույն հրթիռային զինատեսակների առկայության մասին: Դա Վաշինգտոնի համար ակնարկ էր, որ ռազմական մեխանիզմներով գլոբալ զարգացումներն իր ցանկալի ուղիով առաջ տանելու մասին մտածելն իմաստ չունի:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ԵՎ ՆՈՐԻՑ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Վերադառնանք Հայաստանին: Սակայն նախ նկատենք, որ Իրաքում ունենալով զորք, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, չի կարող դրանով խանգարել դեպի Հնդկական օվկիանոսի գոտի ՌԴ-ի երկաթուղային ելքին: Հարավկովկասյան երկրներից Վրաստանն էլ այդ դերը չի կարող կատարել. Թբիլիսիում դեռ հիշում են 2008թ.-ը: Իսկ ահա Հայաստանի միջոցով հնարավոր կլիներ: Միայն թե Հայաստանը, ինչքան էլ որ Արեւմուտքի հետ հարաբերությունները նորմալ են, բարիկադների այլ հատվածում է: Այս իրողությունն է, որ Վաշինգտոնն այդպես էլ չկարողացավ փոխել, թեեւ «հեղափոխական» փորձերի պակաս անցած տարիներին չի եղել: Եվ արդեն հույս էլ չկա. եթե «հեղափոխության» փողերը միայն «ուտում» են, միլիարդներ էլ ծախսես, արդյունքը զրո կլինի: Ու հիմա, երբ ամերիկյան դեսպանը սկսում է խոսել Հայաստանում տարաբնույթ «հեղափոխությունների» հետ կապ չունենալու կամ՝ հետայսու կապ չունենալու մասին, դա սկսում է նմանվել ակնարկի, թե՝ մտածում են նոր պետության թողտվությամբ որոշ դիրքեր ստանձնել: Միայն թե փաստ է, որ մեր երկրում առկա է ռուսական ռազմաբազա, այսինքն, աշխարհաքաղաքական դիրքավորման հարցերը հենց այնպես չեն լուծվում ¥համեմատության համար նկատենք, որ Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաների առկայությունն արդեն իսկ խոսում է Անկարայի աշխարհաքաղաքական դիրքավորման մասին, անկախ ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակից¤: Ավելին, Հայաստանը հակաօդային պաշտպանության եւ հրթիռային համակարգերի առումով չընդհատվող կապի օղակ է ՌԴ-ի աբխազական եւ սիրիական զորախմբերի միջեւ:

Ճիշտ է, արցախյան թեման Հայաստանի համար եղել եւ կմնա որոշիչ, սակայն պատահական չէր կարող լինել նաեւ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Ռոհանիի հերթական հիշեցումը. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան... Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով...»: Այսինքն, որ Բաքվում հույսեր չփայփայեն, որ տարածաշրջանային իրողությունների հարցում երկաթուղին բան կփոխի: Ընդհակառակը, «կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել», հաշվի առնելով, որ մեծ բեռնափոխադրումները միայն տարածաշրջանային կայունության պարագայում է հնարավոր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА