o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծայրահեղականության դեմ պայքարի քողի ներքո` Թուրքիան օկուպացրել է Սիրիայի որոշ տարածքներ»

06.04.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ծայրահեղականության դեմ պայքարի քողի ներքո`  Թուրքիան օկուպացրել է Սիրիայի որոշ տարածքներ»

Երեւանում էր ռուսաստանցի հայտնի լրագրող, «Ցերեկային պարեկ», «Օլիմպիուս ինֆերնո» ֆիլմերում ժամանակակից լրագրողի հավաքական կերպարի դերում հանդես եկած, «Ռոսիա 24» հեռուստաալիքի զինթղթակից եւ հեռուստահաղորդավար, կինովավերագիր ԱՆՏՈՆ ՍՏԵՊԱՆԵՆԿՈՆ, որը եղել է Սիրիայում ու տեսանկարահանումներ իրականացրել սիրիական պատերազմի ամենաթեժ կետերից: Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ականատեսի գնահատականների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

– Պարոն Ստեպանենկո, օրեր առաջ Անկարայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտության խնդիրը: Եվ, ըստ էության, կողմերը պատրաստվում են շարունակել աջակցել Սիրիայում Թուրքիայի գործողություններին: Ըստ Ձեզ` ինչո՞վ այն կավարտվի:

– Իհարկե, ես բանակցությունների մասնակից չեմ, բայց, որպես գործընկեր լրագրող, իմ փորձից ելնելով` կարող եմ ասել, որ Սիրիան հիմա գտնվում է տարբեր ազդեցությունների ներքո: Երկրի հյուսիս-արեւելքում պրոամերիկյան ազդեցությունն է գերիշխում, Աֆրինը եւ հարակից տարածքներն արդեն Թուրքիայի ազդեցության տակ են, եւ հասկանալի է, որ հենց այդ շրջաններն են թուրքական կողմին հետաքրքիր, իսկ երկրի մնացած հատվածը պաշտոնական Դամասկոսի ենթակայության ներքո է: Ինչպես գիտեք, օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ իրենք ցանկություն չունեն ամերիկյան զինված ուժերը թողնել Սիրիայում, մեծ հաշվով գուցե սա նաեւ թակարդ է, չգիտեմ, բայց ակնհայտ է, որ նրանց չհաջողվեց իրականացնել այն ծրագիրը, որը դրել էին իրենց առաջ` սկսած Սիրիայի շրջափակումից: Պաշտոնական Դամասկոսին` Ռուսաստանի եւ Իրանի աջակցությամբ, հաջողվեց փոխել իրավիճակը եւ «արաբական գարնան» կրկնություն Սիրիայում չհաջողվեց կատարել: Ինչ վերաբերում է Թուրքիային, ֆորմալ առումով մենք հիմա գործընկերներ ենք: Ռուսաստանը եւ Իրանն այս կամ այն կերպ Թուրքիայի կողմից ծայրահեղականության լիկվիդացման գործողությունները Սիրիայում ողջունում են: Իսկ Թուրքիան, որքան էլ, որ ընդգծել է իր համար տարածք` Աֆրինը եւ հարակից տարածքները գրավելով, բայց Էրդողանը փորձում է քրդերից ազատել նաեւ մյուս տարածքները: Բայց իրավիճակն այնպիսին է, որ այլ տարածքներում շարունակում են քրդերի հետ գտնվել ամերիկյան ռազմական խորհրդականները եւ, բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը միակ մարդն է, որ սահմանափակում է Թուրքիայի առաջխաղացումը: Բայց կարծում եմ, որ սա դեռ կլինի բանակցությունների թեմա: Իսկ ինչ վերաբերում է ռազմական իրավիճակին, արեւելյան տարածքների ազատագրումից հետո, ըստ իս, ռազմական գործողությունների ակտիվ փուլը կամաց-կամաց կավարտվի:

– Բայց ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հասնում, որ Թուրքիան ամենեւին էլ չի պատրաստվում այս տարածքներով սահմանափակվել, այլ մտադիր է գնալ մինչեւ Դամասկոս: Հետաքրքիր է` ինչպե՞ս են թուրքական գործողություններին վերաբերվում է Սիրիայի քաղաքացիները:

– Միանգամից ասեմ` չեն ողջունում: Մասնավոր խոսակցությունների մակարդակով նրանք հիմնականում նշում են, թե իրենց համար այդքան էլ հասկանալի չէ թուրքական ակտիվությունը: Ի տարբերություն Թուրքիայի ռազմական ուժերի` իրանցի ռազմական խորհրդականները, կամավորները երբեւէ այդպիսի ակտիվություն չցուցաբերեցին: Թուրքիան հանդես է գալիս ծայրահեղականների դեմ պայքարողի դիրքերից, բայց իր հարցերը լուծելով է զբաղված: Դրա համար էլ թե՛ Սիրիայի բնակիչները, եւ թե՛ առավել եւս պաշտոնական դեմքերը մեկ անգամ չէ, որ հայտարարել են` Թուրքիան թաքնվելով ծայրահեղականության դեմ պայքարի քողի ներքո` օկուպացրել է Սիրիայի որոշ տարածքներ:

– Կարելի՞ է ասել, որ Աֆրինում քրդերը, պարզապես, իրենց քայլերում սխալվեցին եւ դրանով էլ ապահովեցին Թուրքիայի ներթափանցումը Սիրիայի տարածքներ:

– Ավելին ասեմ` իրենք ունեին հնարավորություն թույլ չտալու թուրքական եւ պրոթուրքական զորքերին մտնել Սիրիայի տարածք: Քրդերին ժամանակին առաջարկվեց, որ այնտեղ կանգնեն սիրիական բանակի զորքերը` որպես անվտանգության երաշխավոր, բայց իրենք հրաժարվեցին:

– Փաստորեն, Սիրիայի իշխանությունները երկո՞ւ ճանապարհ ունեն` կա՛մ օգնել քրդերին եւ փրկելով երկիրը, կա՛մ էլ նստել եւ սպասել, թե Թուրքիան ինչպես է տիրելու իրենց երկրին:

– 2014-2015 թթ.-ին, երբ բավականին լուրջ ռազմական գործողություններ էին իրականացնում ամբողջ Սիրիայով, եւ սիրիական ղեկավարությունը չուներ հնարավորություն` ադեկվատ արձագանքելու այդ ամենին ողջ տարածաշրջանում, իրենք ուղղակի պայմանավորվածություն ձեռք բերեցին քրդերի հետ: Նրանց զենք տվեցին եւ հնարավորություն ու իրավունք` դիմադրելու ծայրահեղականներին: Եվ այդ ժամանակ ամեն ինչ ստացվեց, ու ոչ ոք չի հերքում այդ փաստը: Բայց այդ ժամանակ քրդերը վստահություն զգացին իրենց ուժերի նկատմամբ եւ սկսեցին ստեղծել անկախ իշխանական կառույցներ: Իսկ հիմա ԱՄՆ-ն ակտիվ աջակցում է այդ ուժերին, որոնք այն ժամանակ ամենակարեւոր դերակատարությունն էին ստանձնել:

– Սիրիայի պատերազմական գործողություններում ի՞նչ ներգրավվածություն ունեն մեր հայրենակիցները:

– Համենայնդեպս, ես տեղյակ չեմ հայկական համայնքից կազմված ջոկատների մասին, բայց իմ օպերատորը հայ է, եւ տարբեր ճակատներում աշխատելիս նա ամեն տեղ փնտրում էր իր հայրենակիցներին եւ գտնում: Եթե ոչ սպա, ուրեմն` զինվորների թվում հաստատ նրանք կային: Այնպես որ, Սիրիայում հայկական համայնքը սիրիական բանակի կազմում լիովին մասնակցում է պատերազմական գործողություններին, ինչպես որ յուրաքանչյուր երկրի նորմալ քաղաքացի իր պարտքը կկատարեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА