o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարիք կար այդ աղմուկի, դրա համար էլ այն բարձրացավ». Արազ Բաղդասարյան

20.04.2018 22:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կարիք կար այդ աղմուկի, դրա համար էլ այն բարձրացավ». Արազ Բաղդասարյան

Վերջերս քաղաքապետարանում տեղի ունեցած խորhրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը հանձնարարել էր ավելի խիստ եւ ուշադիր լինել` գովազդի տեղադրման վայրերի հետ կապված: Սա թերեւս կարեւոր է, բայց Երեւանի քաղաքացիները հաճախ բողոքում են ոչ միայն գովազդների տեղադրման վայրերից, այլ նաեւ դրանց բովանդակությունից: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ ԱՐԱԶ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: Նախեւառաջ մեր զրուցակիցը նշեց, որ իրենք էլ են տեղյակ գովազդների բովանդակության վերաբերյալ առկա որոշակի դժգոհություններից:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

«ՕՐԵՆՔԸ ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՆ Է ԿԱՐԵԼԻ, ԻՆՉԸ` ՈՉ»

– Երեւանի քաղաքապետարանն առաջնորդվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, իսկ օրենքը հստակ սահմանում է, թե ինչն է կարելի, ինչը` ոչ: Կան շատ տարբեր բովանդակության, նույնիսկ դիզայներական տարբեր լուծումներով գովազդային նյութեր, որոնք մեզ նույնպես չեն բավարարում, բայց այստեղ սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել չենք կարող: Պետք է առաջնորդվենք օրենքով, որը հստակ տալիս է այդ հնարավորությունը` թեկուզ դիզայներական «անճաշակ» գովազդ ունենալ: Ընդ որում` «անճաշակ» ասելն էլ է հարաբերական: Իսկ ո՞վ է ասելու ճաշակով է այդ գովազդը, թե` ոչ: Իհարկե, ես նույնպես ունեմ իմ կարծիքը` տարբեր գովազդային նմուշների թե՛ բովանդակային, թե՛ դիզայներական լուծումների լավ կամ վատ լինելու մասին, սակայն առաջնորդվում ենք օրենքով, եւ իրավունք չկա ցենզուրայի ենթարկել այն, ինչն օրինակ ինձ չի բավարարում ճաշակի տեսանկյունից: Ամեն դեպքում, թեկուզ սլաքներն ուղղվում են դեպի Երեւանի քաղաքապետարանը, բայց եթե պրոֆեսիոնալ տեսանկյունից նայենք, շատ լավ է, որ հասարակության կողմից բարձրացվում է հարց, եւ այդ հարցը լուծում է ստանում նաեւ այն ճանապարհով, որ կազմակերպությունը գիտակցում է, որ իր գովազդային ուրվանկարը մարդկանց դուր չի գալիս, եւ փոխում է այն: Սա միայն օգտակար է մեզ, թեպետ սլաքները դեպի քաղաքապետարանն ուղղելը, կարծում եմ, այս դեպքում ճիշտ չէ: Ինչեւէ, մենք շնորհակալ ենք այդ քաղաքացիներին: Միայն ասեմ, որ լինելով գովազդի մասնագետ, համոզված եմ` այն աղմուկը, որը թեկուզ համացանցի միջոցով բարձրանում է տարբեր գովազդային նյութերի վերաբերյալ, երբեմն նույնիսկ օգնում է այդ կազմակերպություններին` ավելի լավ գովազդելու իրենց արտադրանքը, իրենց կազմակերպությունը` անգամ վատ գովազդ տեղադրելով: Չէի ցանկանա, որ այդ միտումը շարունակվեր:

– Նկատի ունեք հայկական տարազ հագած «Ապրեն մեր կովերի» գովազդային վահանա՞կը:

– Նաեւ, որովհետեւ կարծում եմ` մեկ գովազդային կրիչով այդպիսի աղմուկ բարձրացնել եւ նման գովազդային հասանելիություն ապահովել Երեւանով եւ ողջ Հայաստանով, բայց այդքան քիչ գումարներով, թերեւս հնարավոր չէր լինի, եթե այդ գովազդը լիներ, օրինակ, ամենաճաշակով գովազդային ուրվանկարը: Ի դեպ, մենք բացի «Գովազդի մասին» օրենքով շարժվելուց, տարբեր մոտիվացիոն ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի դիզայներների, կազմակերպությունների մոտ բարձրանա պատասխանատվությունը, տեսնեն համաշխարհային միտումները եւ գովազդ պատվիրելիս առաջնորդվեն դրանով: Օրինակ, ամեն տարի նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է Գովազդի միջազգային փառատոն, որի ժամանակ հրավիրում ենք աշխարհի տարբեր երկրներից լավագույն մասնագետներին, որոնք գնահատում են տարվա ընթացքում լավագույն գովազդային նմուշները, ակցիաները, դիզայներական լուծումները ու տալիս համապատասխան մրցանակներ: Բացի դրանից, վարպետության դասերի միջոցով սովորեցնում ենք տեղի կազմակերպություներին, դիզայներներին , մարկետոլոգներին, գովազդի պատասխանատուներին, թե ինչպես պետք է շարժվել արդյունավետ եւ ճիշտ գովազդային քաղաքականություն իրականացնելիս:

«ՄԵՆՔ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՔԻՉ ԽՈՍԵԼ ԱՅԴ ԹԵՄԱՅՈՎ»

– Կարո՞ղ ենք փաստել, որ 2800-ամյա Երեւանին միայն քաղաքացիները կարող են «պաշտպանել»` թե՛ «տարազով կովերից» եւ թե՛, օրինակ, կենտրոնում ԼԳԲՏ-ականների գովազդներից: Քաղաքապետարանը լծակ չունի՞, եւ լծակ կարող է դառնալ միայն քաղաքացիների բողո՞քը:

Ինչու է լռում Երեւանի քաղաքապետարանը եւ «աղմկում» է նախարարը

– «Գովազդի մասին» օրենքը հստակ իր չափորոշիչներն ունի: Այնտեղ, օրինակ, կետ կա, որ ազգային արժեքների դեմ գովազդային ուրվանկարներ չպետք է լինեն, ուղղակի, սահմանված չէ, թե ինչ է նշանակում ազգային արժեքը, որովհետեւ դրանք ավանդույթով են ձեւավորված, բայց, իհարկե, Ձեր բերած օրինակի դեպքում կարող էինք ապամոնտաժել: Ինչ վերաբերում է ԼԳԲՏ համայնքը գովազդող հայտնի դեպքը` Երեւանի քաղաքապետարանի հետ կապված, այն զուտ իրավական նշանակություն ուներ` առանց համապատասխան թույլտվության տեղադրվել էր գովազդ: Ցանկացած գովազդ` կլինի կոմերցիոն, թե սոցիալական, պահանջում է թույլտվություն եւ համապատասխան հաստատում: Առանց համապատասխան թույլտվության, գովազդի տեղադրումը ենթադրում է համապատասխան քայլեր նաեւ մեր կողմից: Մենք ծանուցել ենք  կազմակերպությանը, եւ այն իր սեփական միջոցներով ապամոնտաժել է այդ գովազդը եւ խզել պայմանագիրը: Կարծում եմ` կարիք կար այդ աղմուկի, դրա համար էլ այն բարձացավ: Մենք փորձելու ենք հնարավորինս քիչ խոսել այդ թեմայով:

– Քիչ խոսել, որովհետեւ այդ աղմուկը ձեռնտու է հենց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների՞ն:

– Կարելի է ասել, բայց չեմ ուզում կանգ առնել այս հարցի վրա: Առհասարակ, քաղաքացիների պաշտպանության հարցը շատ կարեւոր է, եւ ամեն երեւանցի սեփականատիրոջ զգացում պետք է ունենա ցանկացած ոլորտում, եւ գովազդը բացառություն չէ: Երբ մեր համաքաղաքացին ինչ-որ հարց է բարձրացնում, իհարկե, այն ինչքան հնչեղ լինի, այնքան ավելի շուտ քաղաքային իշխանությունը կարող է ուշադրություն դարձնել դրա վրա: Այո, մեզ մոտ աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ուշադրություն են դարձնում ընդհանուր ոլորտային զարգացմանը, նաեւ մանրուքների մեջ են խորանում, բայց քաղաքացու կողմից բարձրացված հարցը արդեն իսկ ազդակ է, որ պետք է ուշադրություն դարձնել կոնկրետ այս խնդրին: Եվ ուրախալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր հարց են բարձրացնում: Ցանկացած քաղաքացի կարող է վստահ լինել, որ այստեղ աշխատող մարդիկ նույնչափ սրտացավ են, եւ իրենց գործունեությունը միտված է հարցերի լուծմանը: Ուստի` պետք չէ սլաքները ուղղել, թե տեսեք քաղաքապետարանն ինչ քաղաքականություն է որդեգրել: Մենք ընդհանուր ռազմավարություն ունենք եւ շարժվում ենք դրանով, որն ուղղված է ցանկացած ոլորտի զարգացմանը: Իսկ բարձրացված հարցերը օգնում են այդ ռազմավարությունը շտկելու, ավելի լավը դարձնելու, որովհետեւ այն ի նպաստ երեւանցու է, եւ այդ թվում պետք չէ նաեւ մեզ առանձնացնել:

ԽԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

– Ի դեպ, այլ սոցիալական գովազդների մասին. այսօր քաղաքում աչք են ծակում ՀՀ արդարադատության նախարարության «ընտանեկան բռնության մասին» գովազդներն ու «Մաքուր Հայաստան» գովազդային վահանակները, որը նույնպես քննադատության արժանացավ, քանի որ պատկերված քարտեզում Հայաստանն առանց Արցախի էր:

– Սոցիալական գովազդը հաստատվում է սոցիալական հանձնաժողովի կողմից: Այն ,Գովազդի մասին» ՀՀ օրենքով կառավարության կողմից ձեւավորված մարմին է եւ գործում է  Մշակույթի նախարարության կազմում, որի հաստատած գովազդները բոլոր համայքները պարտավոր են տեղադրել: Համայնքն իրավունք ունի միայն համայնքի տարածքում տեղադրվող գովազդների համար ունենալ իր սոցիալական հանձնաժողովը, ինչը ունի նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Ցանկացած գովազդային միջոց տեղադրվում է սոցիալական հանձնաժողովի հաստատումն անցնելուց հետո: Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ «Մաքուր քաղաք» ակցիան իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից, բայց ձեր նշված ակցիան` «Մաքուր Հայաստանը», կառավարության կողմից հաստատված ծրագիր էր: Քարտեզի առումով, ճիշտն ասած, անձամբ ուշադրություն չեմ դարձրել, որովհետեւ այն հաստատված է ոչ թե համայնքային, այլ համապետական հանձնաժողովի կողմից, որը պարտավոր են տեղադրել գովազդային կազմակերպությունները: Նույնը վերաբերում է նաեւ ընտանեկան բռնության մասին Ձեր նշած սոցիալական ուրվանկարներին, որոնք տեղադրված են քաղաքում:

«Իրավունք» թերթը 30 տարիների ընթացքում ձեւավորեց լրագրողական մշակույթ». Լեւոն Բաղդասարյան (Տեսանյութ)

- Քաղաքի արտաքին տեսքի հետ կապված՝ ի՞նչ նորություններ են սպասվում՝ Երեւանի հիմնադրման 2800 ամյակի շրջանակներում:

- Ոչ թե, ինչպես մենք սովորել ենք, հենց բուն միջոցառումից առաջ, այլ ընդամենը մի քանի ամիս հետո՝ աստիճանաբար կտեսնենք քաղաքի ձեւավորման տարբեր լուծումներ՝ տարբեր վայրերում: Ամեն ինչ անելու ենք, որ տրենդի շրջանակում Երեւան քաղաքն ավելի ներկայանալի տեսք ունենա: Իսկ կոնցեպտը մեր համաքաղաքացիներին կներկայացնենք մեկ ամսվա ընթացքում: Ինչպես գիտեք, արդեն հաղթող լոգոտիպեր կան, բայց միայն լոգոտիպով չի սահմանափակվում մեր հայտարած մրցույթը: Այն վերաբերում է նաեւ ընդհանուր բրենդավորմանը:

«ՇԱՏ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼՈԳՈՏԻՊՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

- 2800-ամյակի լոգոտիպը դարձավ քննարկման լայն առարկա. հանրության մի մասը դժգոհեց, մյուս մասը՝ հավանեց:  Հնարավոր չէ՞ր ավելի լավ տարբերակ գտնել:

- Կատարելությանը սահման չկա, միշտ ավելի լավը կարելի է գտնել: Մենք հստակ ժամանակահատվածով հայտարարել էինք մրցույթ, մասնակցել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում եղել են ե՛ւ մշակութային կենտրոններ, ե՛ւ անհատ դիզայներներ, ե՛ւ մասնագիտական գործունեություն իրականացնող կազմակերպութկյուններ: Հանձնաժողովը, որի կազմում միանշանակ կարող եմ ասել պրոֆեսիոնալ  եւ գործի գիտակ մարդիկ են, առանձնացրեցին այն լոգոտիպները, որոնք կարող են օգտագործվել Երեւանի 2800 ամյակին: Որակի տեսանկյունից կարծում եմ՝ շատ անելիք ունենք՝ ավելի լավ լոգոտիպներ ստանալու համար, բայց այնտեղ ես տեսել եմ բավականին լավ գործեր, որոնք կարող էին օգտագործվել: Մենք դրանք դրել ենք նաեւ բաց քվեարկության, որպեսզի հասարակությունը նույնպես իր կարծիքը հայտնի եւ համատեղ ուժերով որոշում կայացվեց, որ Երեւանի 2800 ամյակին պետք է  օգտագործվեն ընտրված երկու լոգոտիպները՝ պաշտոնական եւ մշակութային միջոցառումների ժամանակ:  Կարծում եմ՝ մեխանիզմը, որով ընտրվել են այս լոգոտիպները շատ պարզ են, իսկ քննադատությունը բնական է, որովհետեւ ամեն մարդ ունի իր ճաշակը, իր մոտեցումները, եւ այդ շրջանակում էլ փորձում է թելադրել, թե որն է լավ, որը՝ վատ: Բայց մրցույթն անցել է բաց, թափանցիկ ձեւով եւ այն լոգոտիպները, որ ունենք, լրիվ ընդունելի են 2800 տարեկան քաղաքը ներկայացնելու համար: Այն պարունակում է մեր խորհրդանիշը, որը բոլորիս ծանոթ է, 2800 թիվը, որը պետք է ցույց տրվեր, թե քանի տարեկան է մեր քաղաքը եւ Երեւանը: Այնպես որ, նոր հեծանիվ հորինել պետք չէր եւ դիզայներական լուծումով ստացել ենք այդ երկու լոգոտիպը: Եթե լինեին ավելի լավ տարբերակներ, վստահ եղեք, որ ընտրվելու էր ամենալավը: Ընտրվել է այն, ինչ ավելի շատ մարդկանց դուր է եկել եւ հանձնաժողովը իր պրոֆեսիոնալ գնահատականը տվել է:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿԱՆԱՉ ԽԱՉԵՐԻ ՎՐԱ «ԽԱՉ ՉԻ ՔԱՇԻ»

– Վերջին շրջանում շատ խոսվեց խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակների մասին, որոնք հաճախ վարորդներին դրդում են խախտել երթեւեկության կանոնները։ Ի վերջո, ի՞նչ լուծում եք տեսնում:

- Կանաչ խաչերի հետ կապված քաղաքականությունը շատ հստակ է: Պետք է այնպես անենք, որ այդ կանաչ լույսերից արձակվող լույսի հետեւանքով վարորդները շփոթության չենթարկվեն:  Դրանք խաչմերուկներում երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ լույսի հետ եւ պատճառ դառնում պատահարների: Կանաչ խաչն, իհարկե, օրենքի պահանջ է եւ պետք է տեղադրվի դեղատների վրա, մենք ուղղակի, նշում ենք, որ այն պետք է տեղադրվի ճիշտ տեղում եւ ճիշտ ձեւով: Պարտադիր չէ, որ տեղադրվի ուղղահայաց, այն կարող է տեղադրվել հորիզոնական եւ չխանգարել խաչմերուկի լուսացույցին: Տեղադիրն ենք ճիշտ ընտրում, խաչի չափը ինչքան պետք է լինի, որպեսզի երթեւեկության հետ կապված խնդիրներ չառաջանա: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ արդեն գույքագրել ենք ամբողջ քաղաքի կանաչ խաչերը եւառաջին փուլում  բոլոր խաչմերուկներից ապամոնտաժել ենք մոտ 53 կանաչ խաչ: Բանակցելով դեղատների հետ՝ տեղափոխել եւ տեղադրել ենք դրանք այնպես, որ ճանապարհային երթեկությանը չխանգարի: Երկրորդ փուլով` սոցիալական ցանցերով կոչ ենք արել վարորդներին եւ բոլոր մեր համաքաղաքացիներին` ներկայացնելու իրենց կարծիքով այն վայրերը, որտեղ տեղադրված կանաչ խաչերը կարող են երթեւեկությանը խոչընդոտել: Հիմա տարբեր առաջարկներ են գալիս, որոնք ճանապարհային ոստիկանության հետ ուսումնասիրվում ենք եւ բանակցելու ենք դեղատների հետ: Բացի դրանից, օրենսդրական նախաձեռնություն կա կառավարությունում, որով չափորոշիչների հետ կապված հարցն է քննարկվում, թե ինչ հեռավորությամբ պետք է կանաչ խաչերը տեղադրվեն, լուսային արձակումը ինչպիսին պետք է լինի: Այն ընդունելուց հետո՝ առաջնորդվելու ենք այդ չափորոշիչներով եւ հստակեցվելու է դաշտը:

Երեւանի ավագանու նիստն ՈՒՂԻՂ միացմամբ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА