ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս քաղաքագետը Հայաստանի համար խիստ վտանգավոր զարգացումներ է կանխատեսում

23.04.2018 23:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուս քաղաքագետը Հայաստանի համար խիստ վտանգավոր զարգացումներ է կանխատեսում

Թեեւ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ կապված նախնական պահին ՌԴ-ից հիմնականում չեզոք մեկնաբանություններ հնչեցին, թե՝ դա Հայաստանի ներքին գործն է, սակայն աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ գնալով մռայլվող կանխատեսումներ: Ընդ որում, դրանք հաճույքով ակտիվորեն տարածում են նաեւ ադրբեջանական աղբյուրները: Օրինակ, «Тrend.az»-ը մեջբերում է ՌԴ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն եւ Կրեմլին մոտ կանգնած անձնավորություն համարվող Սերգեյ Մարկովի տեսակետը, թե ռուսական փորձագիտական շրջանակներում ինչ կերպ է ընկալվում հայաստանյան իրադարձությունները. «Բանն այն է, որ դա ընդամենը Սերժ Սարգսյանի հեռացումը չէր: Դա պրոամերիկյան հայկական «մայդանի» հաղթանակն էր: Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է «Ելք»-ը, որը թարգմանաբար նշանակում է «դուրս գալ»: Նա քանիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից»: 

Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա. Շարմազանով

 

Ապա Մարկովն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ նկատելով, որ «իշխանությունից ղարաբաղյան կլանի» հեռացումն Ադրբեջանին լուրջ շանսեր է տալիս՝ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. «Ամենեւին էլ բոլոր հայերը չէ, որ ցանկանում են՝ շարունակել տառապել շրջապատման մեջ այն բանի համար, որ պահեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները, եւ չտան դրանք Ադրբեջանին: Հետեւաբար, մեծանում է «կազանյան բանաձեւի» շրջանակներում աառջ գնալու հնարավորությունը, երբ փոխանցվում են շրջանները եւ փոխարենը՝ հանվում է Հայաստանի շրջապատումը»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ Հայաստանի ապագա հարաբերություններին, ապա ըստ քաղաքագետի՝ ընդդիմության լիդերները «հանդիսանում են բավականաչափ արեւմտամետ, եւ նրանց գլխավոր խնդիրը կլինի՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ վերակողմնորոշել ընդդեմ Ռուսաստանի: Որպեսզի ժողովրդին համոզեն, պրոամերիկյան ուժերը միշտ էլ կգտնեն՝ ինչ ասեն»:

Այսպիսով, անկախ այն բանից, թե Հայաստանում իրականում ինչ է տեղի ունեցել, ռուսական քաղաքագիտական շրջանակներն արդեն իսկ մեծ մասամբ սկսում են հակվել հենց նման տեսակետին: Իսկ դա, անշուշտ, դեռ իրեն լրջորեն զգացնել կտա: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА