ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵՆՔ ԴԵՊԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ»

25.05.2018 20:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵՆՔ ԴԵՊԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ»

Հայաստանում փողոցային պայքարից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո բուռն կերպով քննարկվում է, թե քաղաքական որ ուժերը կոալիցիա կկազմեն գործադիրի հետ: Հասարակության մի ստվար զանգված կարծում է, որ կոալիցիայի հարմար թեկնածուն ՀՅԴ-ն է, որն արդեն ունի այդ փորձը, քանի որ վերջինս կոալիցիոն համաձայնագիր ուներ ՀՀԿ-ի հետ, սակայն փողոցային պայքարի ժամանակ պահը բաց չթողեց եւ դուրս եկավ համաձայնագրից: Մարդիկ չեն բացառում նաեւ «Ծառուկյան» դաշինքին, որը ճիշտ է ասել է, թե ընդդիմություն է, սակայն կոալիցիա կազմելու հնարավորությունը չի էլ ժխտել: Հայաստանում ստեղծված այս ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակի շուրջ էլ զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտների Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ:

«Կյանքի խոսքի» եվրաառաջնորդներից մեկը նախորդ տարի հայտարարել էր, որ ՀՀ-ում իշխանությունը գրավելու են»

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ

– Պարոն Մարկարով, այս պահին ոչ ֆորմալ առումով ո՞ր քաղաքական ուժն է կառավարության հետ կոալիցիա կազմել:

– Այսօր կառավարությունում չկա ձեւավորված կոալիցիա, բայց երբ նայում ենք փաստերին եւ տեսնում, որ կառավարության մեջ ներառված են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց քաղաքական օժանդակությունն են բերել վարչապետի ընտրության ժամանակ, նրանք տեսականորեն ստեղծում են, չեմ ուզում ասել մեկ միասնական թիմ, բայց մեկ միասնական կառավարություն: Գիտենք բազմաթիվ օրինակներ, երբ խորհրդարանում այս կամ այն կուսակցությանն օժանդակում է քաղաքական որեւէ ուժին, որը ֆորմալ առումով չունի նախարարական ճամպրուկներ: Այսինքն, այդ կուսակցությունը կոալիցիայի մա՞ս է կազմում, թե` ոչ: Գուցե կոալիցիայի հետ կապված հայտարարություն չկա, բայց երբ պրակտիկ տեսանկյունից ենք մոտենում հարցին, ապա տեսնում ենք, որ այստեղ կան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, որոնք եթե ներգրավված են կառավարության կազմի մեջ, երեւի պետք է ստանձնեն պատասխանատվություն, որպես այն թիմը, որն իրականացնում է կառավարության ծրագիր: Մի փոքր հետ գնանք եւ անդրադառնանք այն հայտարարություններին, երբ «Ծառուկյան» դաշինքի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ օժանդակելու են այս կամ այն անձի թեկնածությունը` որպես վարչապետի: Եթե ֆորմալ հայտարարություն չէ կոալիցիայի ձեւավորման, ամեն դեպքում սա ոչ ֆորմալ հայտարարություն է օժանդակության վերաբերյալ: Այդ պատճառով ունենք ֆորմալ հայտարարություններ կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ եւ ունենք պրակտիկ քաղաքականություն, որը տեսնում ենք: Կուսակցությունը, որ հայտարարում է, թե ընդդիմադիր քաղաքական ուժ է, բայց տվյալ քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ քվեարկում են ոչ թե կոնսոլիդացված, այլ ազատ ձեւով կամ հօգուտ գոյություն ունեցող քաղաքական իշխանության, ապա սա ոչ ֆորմալ կոալիցիա է կազմում կառավարության հետ: Ինչպես ենք մենք դիտարկում տվյալ քաղաքական ուժին, որպես ընդդիմադի՞ր, թե՞ կիսաընդդիմադիր:

– Շատ է խոսվում այն մասին, որ նորընտիր վարչապետը արտաքին քաղաքականությունում տանում է այն ուղեգիծը, ինչ նախկին իշխանությունները, որի համար նրանք Ն. Փաշինյանի եւ իր թիմի կողմից  արժանացել են բազմաթիվ քննադատությունների:

«Խորհրդարանում կարող ենք ունենալ ոչ թե 3-4, այլ 7-8 կուսակցական խմբակցություն»

– Չեմ ուզում ասել` մենք այլ տարբերակ ունենք, թե` ոչ: Մենք այս պահին ունենք այն տարբերակը, որի վերաբերյալ ունենք համապատասխան հայտարարություններ: Այս ամենը պայմանավորված է տեսականորեն գոյություն ունեցող պատմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակով եւ զուտ աշխարհագրական դիրքով, որում գտնվում է Հայաստանը: Եթե մեր արտաքին քաղաքականությունում լինելու են որոշակի փոփոխություններ, ապա պետք է փոփոխության ենթարկվեն այն փաթեթային եւ փաստաթղթային հատվածները, որոնք հիմք են հանդիսանալու արտաքին քաղաքականության իրականացման համար: Առայժմ մենք հասկանում ենք, որ անվտանգության տեսանկյունից մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհերքելի է, մյուս կողմից էլ չպետք է մոռանանք, որ Հայաստանն ունի շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերում, եւ սա չի դրվել հակառակ մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին: Պետք է հասկականք, ի՞նչը փոխել, դառնալ ինչպիսի՞ Հայաստան: Առայժմ մենք ունենք Հայաստանի կողմից ներկայացված գերակայություններ, որոնք հասկացվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ Ռուսաստանում:

 

«ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՌՈՑ ՈՉԻՆՉ ՉԻ ԵՂԵԼ»

– Ինչո՞ւ այդքան բուռն քննարկվեց վերջերս Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը:

– Պետք չէ սա մեկնաբանել որպես Փաշինյան-Պուտին հանդիպում, այն եղել է նախապես պլանավորված միջոցառում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավաների հետ, որը համընկավ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Պարզ է, որ սա Հայաստանի համար պետք է լիներ մի միջոցառում, որին ներկայացված էին եւ պետք է լինեին այն արտաքին քաղաքական գերակայությունները, որոնք ասոցացված են եղել երկկողմանի փոխհարաբերություններում` այս կամ այն երկրների հետ, որոնք ներգրավված են ԵԱՏՄ-ում: Բնականաբար, խոսքն այն մասին էր, որ Հայաստանը պետք է ներկայացվեր այս նոր կառավարության  գործունեության շրջանակներում իր գերակայությունները` կապված ինտեգրացիոն նախագծերի հետ: Այն նախնակական ենթադրությունները, որոնց հիմքում ընկած են եղել Փաշինյանի դրույթները, որոնք հնչեցված են եղել փողոցային պայքարի հրապարակում եւ խորհրդարանում, ստացել են իրենց շարունակությունը այս հանդիպումների ժամանակ: Երբ Հայաստանը վերահաստատեց, որ ներկա կառավարության շրջանակներում, որպես գերակայություն, հանդես են գալիս` երկկողմանի հարաբերությունները զարգացնելու, եւ վերահաստատվեց եւս մեկ հանգամանք, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու իր անդամակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, որպես երկիր, որը այդ կազմակերպությանը փորձում է տրամադրել դրական իմպուլս` հաշվի առնելով այն ներուժը, որն ունի ԵԱՏՄ-ն: Այնպես որ, հանդիպման ընթացքում արտառոց ոչինչ չի եղել: Ժամանակն է հռետորաբանությունից անցում կատարենք դեպի բովանդակություն: Ասելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություննեը պետք է խորանան ռազմական, քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, պարզ է , որ այդ ամենը պետք է ստանան շարունակություն, այն տեսանկյունից, թե ինչպես ենք տեսնում այս փոխհարաբերությունների զարգացումը նշված բնագավառներում:

«Որոշակի վերադասավորված ուժեր կարող են լուրջ հայտ ներկայացնել ընտրություններին»

– Իրատեսակա՞ն եք համարում, որ Արցախը կարող է դառնալ Արցախի հիմնախնդրի բանակցող կողմ, որի մասին Ստեփանակերտում նշեց Նիկոլ Փաշինյանը:

– Բոլորն էլ հասկանում են, որ խնդրի վերջնական լուծումը կարող է լինել միայն այնպիսին, որին համաձայանություն կտա նաեւ պաշտոնական Ստեփանակերտը: Այսինքն` միջնորդավորված ձեւով Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացում միշտ եղել է: Թե ինչ վտանգներ կարող են լինել, եթե Արցախը դառնա բանակցային կողմ, շատերը պնդում են, որ այդ դեպքում կարող է ի հայտ գալ եւս մեկ բանակցային կողմ` ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնք առաջադրվելու են Ադրբեջանի կողմից: Սակայն չմոռանանք նաեւ` որքան շատ են բանակցող կողմերը, այդքան ավելի դժվար է հասնել արդյունքի: Կա՞ այլընտարք` Արցախը ներկայացնելու բանակցություններում` պայմանավորված է ոչ միայն այն ցանկություններով, որոնք  ներկանայացվում են, այլեւ` հնարավորություններով: Կա նաեւ մեկ շատ կարեւոր հանգամանք եւս, որ Արցախը, ֆիզիկապես ներկա չգտվելով բանակցային գործընթացում, նրա ձայնը ներկայացված է եղել բանակցային կողմերի միջեւ եւ միջնորդների կողմից: Վարչապետի նման հայտարարությունը դիտարկվում է որպես առաջարկ, որը դրվելու է քննարկման` Հայաստանի, Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահողների կողմից եւ կստանա իր պատասխանը: Արդյո՞ք սա իրական է, թե` ոչ, մենք հասկանում ենք, որ եթե նման առաջարկ լինելու է, ապա այն Ադրբեջանի կողմից կարող է ստանալ հակառաջարկ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА