ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

25.05.2018 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

«Հունիսի երկրորդ կեսին մտադիր ենք Ազգային ժողովում խորհրդարանական լսում անցկացնել՝ մշակութային քաղաքականության վերաբերյալ։ Նախաձեռնությունը իմն է եւ մեկ էլ խորհդարանի գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովինը», - այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւ մանրամասնում. «Վերջապես, հույս ունեմ, բաց  ու առանց բարդույթների կքննարկենք բոլոր հարցերը։ Կրկին անդրադառնալու ենք ստեղծագործական միությունների խնդիրներին։ Նախապես հորդորում եմ Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների ղեկավարներին հերթական անգամ ենթատեքստ չփնտրել, ինձ պատերազմ չհայտարարել եւ հերթական անգամ «Կրեմլ» իմ դեմ նամակ չգրել։ Մենք պատրաստ ենք միությունների հարգարժան նախագահների հետ քննարկել ստեղծագործական միությունների պրոբլեմներն ու միասին փորձել լուծումներ գտնել։ Ու հերթական անգամ չասեք, թե պրոբլեմ չկա։ Պրոբլեմ շատ կա։ Ավելին, պատրաստ ենք կրկին միասին վերսկսել աշխատանքները «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի շուրջ, որը տարիներով դեգերում է խորհրդարանից-խորհրդարան եւ վերջում ուղարկվում արխիվ»։

Նախարարի համար մշակույթի գործչի չափանիշ են այլասերվածություն քարոզողնե՞րը

Ն. Զոհրաբյանի կարծիքով` քննարկման առարկա պիտի դառնան նաեւ պետական մրցանակները, եւ թե ինչպե՞ս կամ ովքե՞ր են որոշում մասնավորապես, գրականության մրցանակակիրներին. «Ես շնորհավորում եմ երեկ հանրապետության նախագահի մրցանակ ստացած Երանյան Հովիկին՝ «Մեղքի պարան» վեպի համար եւ Արա Առաքելյանին՝ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար։ Լավ է, որ վերջապես հասկացան, որ թարգմանական գրականությանն ու թարգմանչին եւս պիտի գնահատել, որովհետեւ թարգմանական գրականությունը թարմ արյան նման մի բան է, առանց որի քո գրականությունը նեխում է։ Երբ ժամանակին ես խոսեցի «Ուլիսեսի» թարգմանչին պետության ամենաբարձր մրցանակը տալու մասին, ասեցին թարգմանական մրցանակ սահմանված չէ։ Մինչդեռ, ես պետության հեղինակության մասին էի մտածում, որ ընդամենը 23 լեզուներով հաղթահարված եւ թարգմանված աշխարհի ամենաբարդ վեպը նաեւ հայերեն է թարգմանված։ Սամվելի արածը գրական սխրանք էր։ Մի խոսքով, ակնկալելու ենք ազնիվ ու բաց քննարկում», - շեշտում է Ն. Զոհրաբյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА