o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ կարծում` ԼԳԲՏ համայնքին աջակցությունն ու պոպուլիարիզացիան բխում է ՀՀ ազգային եւ պետական շահերից»

30.05.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չեմ կարծում` ԼԳԲՏ համայնքին աջակցությունն ու պոպուլիարիզացիան բխում է ՀՀ ազգային եւ պետական շահերից»

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ, թեպետ սպասվում էր, որ կլինեն օտարերկրյա բարձրաստիճան, պետական հյուրեր, սակայն պարզվեց, որ հայաստանյան նոր իշխանությունների առաջին հայտնի եւ սպասված հյուրը երգիչ-երաժիշտ Էլթոն Ջոնն էր, որը համասեռամոլ է եւ ԼԳԲՏ քարոզիչ: Նրա հետ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ճաշեցին իրենց կանանց եւ նրա ամուսնու հետ: Նոր իշխանությունների այսպիսի վարքագծի մասին էլ, «Իրավունքը» պարզեց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան

«ԼԳԲՏ ՔԱՐՈԶԻՆ ՇԱՏ ՎԱՏ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ»

- Եթե նկատի ունեք Էլթոն Ջոնի երաժշտական արվեստը, սա այլ բան է, իսկ եթե նկատի ունեք նրա հոմոսեքսուալ կամ, ինչպես ասում են, սեռական փոքրամասնություն լինելն ու դրա քարոզը, շատ վատ եմ վերաբերվում: Իմ հերոսներից մեկը սպարապետ Վազգեն Սարգսյանն է, եւ նա ասել է. «Եթե ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների եւ հոմոսեքսուալիստների իրավունքների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող»: Սա է իմ պատասխանը այդ քարոզին: Մնացածը չգիտեմ` ով ինչպես, ես ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ եմ, պահպանողական գաղափարների կրող եմ, արժեւավորում եմ ավանադական արժեքները եւ մի բան եմ հասկանում` մենք մեր պապերից ավելի խելացի չենք ու պետք է ապրենք այն արժեքային համակարգով, ինչպես ապրել են մեր պապերը: Ինչքան գիտեմ, գալով Հայաստան, Էլթոն Ջոնը երեք կարեւոր կետ է առանձնացրել, որոնցից մեկը հիվանդ երեխաների օժանդակությունն է, որը ողջունում եմ, երկրորդը` աջակցությունն է ԼԳԲՏ համայնքին, ուստի` չեմ կարծում` ԼԳԲՏ համայնքին աջակցությունն ու պոպուլիարիզացիան բխում է Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերից, ես դրան դեմ եմ: Հստակեցնեմ` դեմ եմ ԼԳԲՏ քարոզին, թող ապրեն սովորական քաղաքացիների նման:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ»

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած «Հաղթանակների դար» միջոցառման ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, նշել էր, որ սա անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է: Ինչպե՞ս եք վերաբերվում նման բացատրությանը:

– Վարչապետի այդ դիրքորոշման հետ համամիտ չեմ, որովհետեւ նախ` ի՞նչ է նշանակում թյուրիմացություն է եղել, երկրորդ` խոսքը ոչ միայն Ազգային ժողովի նախագահին էր վերաբերում, այլ ԱԺ խորհրդին: Կարծում եմ` անկախ կուսակցական պատկանելությունից, մայիսի 28-ի համապետական տոնին պետք է Ազգային ժողովի ղեկավարությունը ներկա լիներ: Իսկ ԱԺ ղեկավարությունը Ազգային ժողովի նախագահն է, նրա երեք տեղակալներն են, հանձնաժողովի նախագահներն են ու խմբակցության ղեկավարները: Մինչդեռ կառավարությունից ստացվել է ընդամենը 13 հրավիրատոմս: Չեմ կարծում, թե թյուրիմացություն է եղել, որ 9 հոգուց բաղկացած «Ելք» խմբակցությունը ստացել է 4 հրավիրատոմս, իսկ 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունը ստացել է 3 հրավիրատոմս: Ընդ որում` այդ հրավիրատոմսերի մեջ էլ ո՛չ հանձնաժողովի նախագահներ են եղել, ո՛չ էլ ձեր խոնարհ ծառան: Պարոն Փաշինյանը կամ կառավարության պարոնայք ներկայացուցիչները կարող են իրենց ընտանեկան միջոցառումներին ինձ չհրավիրել, դրա կարիքը չկա, բայց Մայիսի 28-ը  բոլորիս տոնն է, եւ հույս ունենանք, որ ապագայում նման սխալներ չեն կրկնվի:

«ԵԹԵ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ 100-ԱՄՅԱԿԻՑ ԵՎ ՉԵՆՔ ՆՇՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ»

– Ի դեպ, Սարդարապատում` Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված իր պաշտոնական ելույթում, Նիկոլ Փաշինյանը խուսափեց Գարեգին Նժդեհի անունը տալուց: Ի՞նչ կասեք այս մասին:

– Անկախ նրանից` ով է այդ ելույթն ունենում` Փաշինյանը, Սարգսյանը, Պողոսյանը, թե Պետրոսյանը Մայիսյան հերոսամարտի մասին խոսելով` չնշել Ղարաքիլիսայի հերոսական գոյամարտը եւ չնշել Ղարաքիլիսայի ճակատամարտի ղեկավարներ ո՛չ Բեյ-Մամիկոնյանի, ո՛չ Գարեգին Նժդեհի անունները, ճիշտ չէր: Ղարաքիլիսայի ճակատամարտը մայիսյան հերոսամարտերի, թերեւս, թիկունքն ապահովող ամենակարեւոր գոյամարտն էր, որովհետեւ ինչպես Նժդեհն է իրավամբ ասել` մայիսյան եռօրյա Ղարաքիլիսայի ճակատամարտով փրկվեց Արարատյան հայությունը, եւ ծնվեց Հայոց հանրապետությունը: Եթե չլիներ Ղարաքիլիսան, չէր լինի ո՛չ Սարդարապատի, ո՛չ Բաշ-Ապարանի հաղթանակը: Չեմ կարող ասել` սա միտումնավոր է եղել, թե` ոչ, որովհետեւ Նժդեհը տասնապատիկ  ավելի մեծ է, քան Հանրապետական եւ յուրաքանչյուր այլ կուսակցություն: Բայց, միեւնույն ժամանակ, եթե մենք խոսում ենք 100-ամյակից եւ չենք նշում իրական հերոսների անունները, կարծում եմ` արդարացի չէ: Ճիշտ կլիներ Դրոյի, Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի եւ Թովմաս Նազարբեկյանի կողքին լիներ նաեւ Գարեգին Նժդեհի անունը, որովհետեւ նա է եղել այն գործիչը, որը, սպիտակ թաշկինակներ փռած, ղարաքիլիսացիներին կարողացել է իր ոգով այնպես անել, որ այդ ոգեզրկված բնակչությունը մեկ օրվա մեջ վերափոխվել է եւ փառապանծ մարտ է մղել: Եթե չգիտեն այս մասին, կարող եմ Թովմաս Նազարբեկյանի նամակները եւ Արամ Մանուկյանի հեռագրերը կարդալ` ուղղված Նժդեհին եւ Բեյ-Մամիկոնյանին:

«Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին

«ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ»

– Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ում տեղի ունեցող վերջին իրադարձություններին. հենց երեկ երկու պատգամավոր լքեցին ՀՀԿ խմբակցությունը` մեկը Արթուր Գեւորգյանը, մյուսը` Շիրակ Թորոսյանը...

– Տեղեկացված եմ, որ Արթուր Գեւորգյանը հայտարարել է ՀՀԿ խմբակցությունից եւ կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ, միեւնույն ժամանակ` պահպանելով պատգամավորի մադատը: Որեւէ մեկնաբանություն չունեմ, որովհետեւ քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չէ, որ մարդիկ գալիս են ու գնում: Իր որոշումն է, հաշվի առնելով նաեւ գործընկերային հարաբերությունները` ես որեւէ գնահատական չեմ տալիս, կարծում եմ` խմբակցությունը գնահատական կտա: Ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին` խմբակցությունը միաձայն որոշեց իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել այս իրավիճակին, եւ նա բացի իր դիմումից, նաեւ խմբակցության որոշմամբ` դուրս է եկել խմբակցությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА