o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անցումային կառավարությունն ինչ սակարկումների է գնացել մարզպետների հարցում

01.06.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Անցումային կառավարությունն ինչ սակարկումների է գնացել մարզպետների հարցում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի մի շարք մարզպետների ազատման եւ նորերի նշանակման մասին որոշման նախագծերը: Մասնավորապես` Աշոտ Սիմոնյանը կվերանշանակվի Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը` Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը` Կոտայքի, Վահե Ղալումյանը` Տավուշի, Կարեն Սարուխանյանը` Շիրակի, Իշխան Սաղաթելյանը` Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: Մյուս 4 մարզերում` Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում եւ Արմավիրում, թե ովքեր կնստեն մարզպետի աթոռին, դեռեւս անհայտ է: Ի դեպ, թեպետ ընդամենն օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ անհնար է համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւապես բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն, բայց այս մոտեցումը կարծես շրջանցել է մարզպետներին: Նոր մարզպետներից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը Սեւան-Գավառ ճանապարհի 7-րդ կմ-ի վրա կառուցված «Ծովասար Սեւան» ընտանեկան հանգստի եզակի համալիրի ներդրման իրականացնողն է եւ «Իմեգա Սերվիս» ընկերության հիմնադիրը: Այս եւ այլ հարցերի շուրջ լրագրողներս զրուցեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ հետ:

​​​​​​​Ինչ է իրականում թաքնված ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումների ավելացման տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԻԶՆԵՍԸ ԿՏԱՐԱՆՋԱՏՎԻ՞, ԹԵ` ՈՉ

– Պարոն նախարար, ի՞նչ չափանիշներով եք որոշել, թե ովքեր պետք է ստանձնեն մարզպետի պաշտոնները:

– Այն չափանիշներով, որ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն զբաղվել բիզնեսով: Այսինքն` պաշտոնյան պետք է այլեւս Հայաստանում իմանա, որ իր դերակատարումը օրենքով սահմանված կարգով իր պարտականությունները կատարելն է: Մարզպետներին ընտրել ենք` հիմքում դնելով այդ մարդկանց այսօրվա նոր Հայաստանի տեսլականին համապատասխանությունը եւ բնականաբար, իրենց ամբողջ քաղաքական ճանապարհը, կրթական եւ մյուս արժանիքները:

– Այս դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն, որ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվում բիզնեսից եկած ներկայացուցիչ:

– Ինքը զբաղվո՞ւմ է այսօր բիզնեսով: Ամեն դեպքում, պաշտոնյան բիզնեսով չի կարող զբաղվել:

– Դրա լուծումն էլ կա, պարզապես, բիզնեսմեն պաշտոնյան իր սեփականությունը տալիս է կառավարման, որպեսզի իրավական առումով խնդիր չունենա:

– Սաղաթելյանի բիզնեսով զբաղվելու մասին ես տեղեկություն չունեմ, առաջին անգամ ձեզնից լսեցի: Կարող եմ եւս մեկ անգամ հաստատել, որ պաշտոնյան բիզնեսով չի կարող զբաղվել:

– Ամեն դեպքում, կոնկրետ նման պահանջ դրվե՞լ է ՀՅԴ-ի առաջ:

– Պահանջը հստակ է, պետք չէ այն դնել որեւէ քաղաքական ուժի առաջ: Այն օրենքով սահմանված կարգ է, եւ ես խոսում եմ օրենքից:

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԿՀԱՍՆԻ՞

– Արդեն հայտնի է, որ մարզպետների շարքում կան երկու ՀՅԴ-ական ներկայացուցիչներ, իսկ «Ծառուկյան» դաշինքից մարզպետներ կլինե՞ն:

– Կլինեն:

– Ո՞ր մարզերում:

– Առաջիկա օրերին պարզ կդառնա, այս պահին հստակություն չկա:

– Հնարավո՞ր է, որ 4 դեռեւս մարզպետ չունեցող մարզերում նշանակվեն «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ:

– Խնդրում եմ` սպասենք մյուս փուլին: Հիմա դեռեւս որոշված է 6 մարզպետի հարց, մնացած 4-ի մասին չեմ կարող խոսել:

– Այնուամենայնիվ, մնացած 4-ը կլինե՞ն «Ծառուկյան» դաշինքից, թե` ոչ:

– Մի քանի ներկայացուցիչ կլինեն, չի բացառվում, որ նաեւ լինեն 4-ը:

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»` ԵՎ ՈՉ ՄԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ

– Ուշագրավ է այն, որ կառավարության այսօրվա նիստում, օրինակ, կա Լոռու մարզպետի պաշտոնից ազատման հարցը, բայց չկա նոր նշանակում մարզպետի պաշտոնում: Ինչո՞ւ:

– Որոշում` Լոռու մասով, չկա: Լոռու մարզպետը ներկայացրել է դիմում, կառավարությունն այն քննարկելու է, իսկ թեկնածուն կլինի հետո:

– Հավանական համարո՞ւմ եք, որ այդ թեկնածուն լինի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը:

– Նման հարց չի քննարկվում:

– Բացառո՞ւմ եք, որ ինքն է լինելու Լոռու մարզպետը:

– Բացառում եմ:

– Ընդհանրապես, ՔՊ-ից բացի, «Ելք» դաշինքի մյուս քաղաքական ուժերից կլինե՞ն մարզպետներ:

– Սպասենք հաջորդ 4 մարզպետի անուններին:

Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

– Ինչպե՞ս եք տեսնում նոր մարզպետների դերը առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

– Շատ կարեւոր է, բայց նաեւ էական է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության դերակատարումը եւ ընդհանրապես, ողջ կառավարության ու իրավապահ մարմինների: Կարող եմ փաստել, որ մեր կառավարությունն այս հարցում տրամադրված է շատ ամուր, պետք է բոլոր քայլերն անենք, որ ունենանք ազատ, արդար, քաղաքացու կամքը արտահայտող ընտրություններ եւ արդյունքներ:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

– Այսինքն` ո՞րն է լինելու մարզպետների դերակատարությունն ընտրություններին:

– Նրանց դերը լինելու է չմիջամտելը եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով չփորձել ձայներ ապահովել, ինչը նախկինում արվել է: Նոր Հայաստանում նման բաներ չեն լինելու:

– Հաշվի առնելով իրենց կուսակցական պատկանելությունը` չե՞ն աշխատելու իրենց քաղաքական թիմի համար:

– Ո՛չ, չեն աշխատելու:

– Այդ դեպքում, եթե ընտրություններին մարզպետները գործոն չեն դառնալու, ինչո՞ւ անցումային կառավարությունը չնշանակեց այս պաշտոններին մեկ քաղաքական թիմի ներկայացուցիչների, այլ գնաց քաղաքական ուժերի հետ սակարկումների ճանապարհով:

– Սակարկման խնդիր չկա, մարզպետն ունի դերակատարում, որպեսզի ապահովի, օրենքի գերակայությունը: Իր դերակատարումը չպետք է լինի այն, որ նա դառնա որեւէ կուսակցության չգրանցված շտաբի պետ, այլ իր դերակատարումը պետք է լինի այն, որ այդպիսի երեւույթներ ոչ մի համայնքում տեղի չունենա: Իհարկե, այս առումով կարեւոր է, որ քաղաքական ուժերը ներկայացված լինեն, բայց նաեւ չեմ բացառում, որ հետագայում, երբ կունենանք նոր օրենք, որը կսահմանի մարզպետի գործունեությունը, նաեւ որոշ սահմանափակումներ կլինեն ու ինչ-որ լծակներ կփոխանցվեն համայքներին, այդ ժամանակ մարզպետի դերակատարումը ընդհուպ  կզորայանա: Եվ միգուցե մի օր էլ մարզպետներ չունենանք, բայց այս անցումային փուլում մենք չենք կարող միանգամից գնալ այդ մեթոդով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА