o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության ծրագիրը նույնիսկ քննարկման էլ ենթակա չէ»

06.06.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կառավարության ծրագիրը նույնիսկ քննարկման էլ ենթակա չէ»

ԱԺ «Ելք» խմբակցության ընդդիմադիր պատգամավորները նախորդ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մեկը մյուսին հաջորդելով` հայտարարում էին, թե ծրագիրն ինքնին շատ վերացական բնույթի է« հիմնականում կենաց հիշեցնող ձեւակերպումներ են: Համենայնդեպս, այդպես էր արտահայտվել ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` թերահավատորեն մոտենալով ծրագրում առկա թվերին: Իսկ այսօր «Ելքից» ծնված կառավարությունը հանրության դատին է հանձնել մի ծրագիր, որտեղ թվեր առհասարակ բացակայում են, իսկ դրանում առկա կենացները, նույնիսկ քաղցրանում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

«Երկրորդ բեւեռի կայացման գործընթացն այլեւս անդառնալի իրողություն է». Կ. Եսայան

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԷԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ»

– Տիկին Աճեմյան, նոր կառավարության ծրագրում որեւէ թվեր ներկայացված չեն, մինչդեռ նախկինում հենց «Ելքի» պատգամավորներն էին քննադատում իշխանությանը` պահանջելով, որ ծրագրում լինի իրատեսություն եւ հստակություն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախկինում խոսում էին հստակության, թվերի, կոնկրետության մասին, որովհետեւ իրենք ընդդիմություն էին եւ, երեւի թե, պատրաստ չէին այսպիսի փոփոխության: Կարծում եմ` կառավարության անդամներն իրենք իրենց էլ են ժամանակավոր համարում, եւ այդ առումով ներկայացված ծրագիրը քննարկման էլ ենթակա չէ: Այնտեղ որեւէ լուրջ ակնկալիք կամ որեւէ թիվ, չկա, ուստի` նույնիսկ ծիծաղելի եմ համարում քննարկումը, եւ այդ թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն տալը:

– Մի քանի անգամ կառավարության ծրագրում օգտագործված է «երջանկություն» տերմինը: Սա պետք է ընկալել որպես ցանկությո՞ւն, թե՞ միգուցե նոր իշխանությունները գտել են ՀՀ քաղաքացու երջանկության բանաձեւը:

– Գիտեք, երջանկության բանաձեւը, երազանքները, ցանկությունները դրանք մի հարթության մեջ են: Այս տարիների ընթացքում կառավարության կողմից ես առաջին անգամ եմ նման ծրագիր տեսնում: Ես շատ իրատես մարդ եմ եւ համարում եմ, որ հասարակությունը սպասումներ ունի, եւ երջանկությունը միանգամից մարդկանց գլխին չի թափվում հենց այնպես: Դրա համար աշխատել է պետք, ընդ որում` շատ բարդ ու հետեւողական աշխատանք է պետք տանել: Ի վերջո, ծրագիր գրելը մի բան է, այն իրականացնելը` բոլորովին այլ, եւ եթե դու քո առջեւ շատ կոնկրետ խնդիրներ չես դնում, ապա ի՞նչ պետք է իրականացնես եւ ինչպե՞ս պետք է հասնես այդ երջանկության: Առհասարակ, երջանկությունը կարծում եմ` այլ կատեգորիա է, եւ կառավարության ծրագիրը կապել երջանկության հետ, այնքան էլ տեղին չէ: Կառավարության ծրագիրը սովորաբար լինում է շատ կոնկրետ` թիրախավորված հստակ թվերով: Մենք 7,5 տոկոս աճ գրանցած կառավարություն ենք նախկինում ունեցել, եւ կուզենայի, որ որեւէ կերպ այն շարունակական լիներ: Մինչդեռ այս ծրագրում որեւէ ոլորտային կամ խորը վերլուծական գիծ գոյություն չունի: Բայց քանի որ սա ժամանակավոր կառավարություն է, երեւի ծրագիրն էլ նաեւ իրենց այս մեկ ամսվա տրամաբանական գծի շարունակությունն է:

«ՏԵՂԻՆ ՉԷ ՕԴԻ ՄԵՋ ԿՐԱԿԵԼ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

– Կառավարության ծրագրի թիրախում արտահերթ ընտրություններն են: Չե՞ք կարծում, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը սահմանված է Սահմանադրությամբ, թե երբ կամ որ դեպքում կարող է լինել, թե՞ սա եւս կարելի է դիտարկել, որպես կառավարության ծրագրային դրույթ:

– Գտնում եմ, որ առաջնահերթ մենք պետք է նախ քննարկումներ սկսենք Ընտրական օրենսգրքի շուրջ: Իհարկե, դուք գիտեք, թե մենք որքան երկար ճանապարհ ենք անցել, ինչ ձեւաչափերով քննարկումներ ենք ունեցել` մինչեւ այս Ընտրական օրենսգրքի ընդունումը: Եվ հիմա մենք չենք նախաձեռնում, բայց պատրաստ ենք քննարկել հարցը, սակայն կարծում եմ` սա մեկ օրվա, մեկ ամսվա խնդիր չէ, մանավանդ որ Վենետիկի հանձնաժողովը, միջազգային այլ կառույցներ շատ լուրջ եւ հետեւողական աշխատանք են տարել այս Ընտրական օրենսգրքի շուրջ: Ուզում եմ անպայման շեշտել, որ այս Ընտրական օրենսգրքով տեղի ունեցած 2017 թվականի ընտրությունների արդյունքները ե՛ւ միջազգային կառույցների, ե՛ւ մեր հենց այս Ազգային ժողովում գործող ընդդիմադիրների կողմից ընդունվել է եւ նաեւ համարվել լավագույնը մեր անկախ պետության պատմության մեջ: Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող չարձանագրել, իսկ այն ամենի վերաբերյալ, ինչի մասին խոսվում է` ընտրակեղծիքներ եւ այլն, կրկնում եմ` Ազգային ժողովի մեր ընդդիմադիր ընկերներն այդ ընտրությունների լեգիտիմությունն ընդունել են, եւ 21-րդ դարի այս ժամանակահատվածում, երբ նույնիսկ հեռախոսով ամեն ինչ կարելի է նկարել եւ համապատասխան կառույցներին ներկայացնել, տեղին չէ օդի մեջ կրակել` կեղծված ընտրությունների մասին: Ով ինչ ուզում է ասի, բայց մենք լուրջ աշխատանք ենք տարել Ընտրական օրենսգրքի, Սահմանադրության շուրջ, եղել է պրոֆեսիոնալ եւ խորքային քննարկում, եւ որեւէ մակերեսային օրենք, ընտրությունների հետ կապված, երբեք չենք ընդունել:

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

«ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ»

– ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ խորհրդարանում խոսում էր կրթության ոլորտում առկա չարաշահումների, կասկածների, կոռուպցիոն երեւույթների մասին: Այս ամենը հատկապես ուշագրավ է, որովհետեւ կրթական ոլորտը տարիներ շարունակ վստահված է եղել ՀՅԴ-ական նախարարի: Իսկ այսօր նոր իշխանությունները համագործակցում են հենց ՀՅԴ-ի հետ: Ինչպե՞ս եք վերաբերում այս պարադոքսին:

– Գիտեք, խոսքի եւ գործի տարբերության տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Համարում եմ, որ առհասարակ, մարդիկ, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, պետք է քաղաքականությունից հասկանան: Եվ` այո՛, պետք է զգույշ արտահայտվել, որովհետեւ չնայած որ ՀՅԴ-ն հիմա կառավարության մաս է կազմում եւ իշխանություն է համարվում, բայց մենք համարում ենք, որ եղել ենք կոալիցիոն գործընկերներ, եւ այդ ժամանակվա պատասխանատվությունը նաեւ կրթության ոլորտում կրում ենք միասին, չնայած, որ այդ պորտֆելը հանձնված է եղել ՀՅԴ-ին: Չէ որ մենք եթե որեւէ հուշագիր ենք ստորագրում կամ նույնիսկ բանավոր որեւէ համաձայնության ենք գալիս, ուրեմն` բոլորս ենք պատասխանատու: Այդ առումով, երեւի, ճիշտ կլինի հարցն ուղղեք ՀՅԴ-ին:

– Վերջին շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում Ազգային անվտանգության ծառայությունն է` իր կոռուպցիոն բացահայտումներով: Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով մեր երկրի արտաքին մարտահրավերներն, առնվազն այս կառույցին այլ գործառույթներ պետք է վերապահված լիներ:

– Առհասարակ, կարծում եմ, որ հատկապես մեր երկրի պարագայում, ազգային անվտանգությունը պետք է արտաքին անվտանգության հետ կապված հարցերով  խորամուխ լինի: Նաեւ իրենք իրենց գործառույթներն ունեն, որոնք շատ հստակ են: Ինչ վերաբերում է կոռուպցիայի հետ կապված խնդիրներին, համենայնդեպս, մեր կառավարման ընթացքում դրանցով կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն էր զբաղվում: Սա համակարգային եւ շատ խորը հարց է, որն այս վերջին տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումների եւ վերլուծությունների արդյունքում հասավ այն կետին, որ կոռուպցիայիով շատ լուրջ արդեն զբաղվում էին ե՛ւ համապատասխան հանձնաժողովը, ե՛ւ օրենսդրությունը մենք համապատասխանեցրինք: Այսինքն` օրենքները պետք է գործեն, դրանք պետք է լինեն կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, որպեսզի դու ավելի նպատակային եւ թիրախավորված պայքարես: Իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, կրկնում եմ` նրանք ունեն լուրջ եւ շատ կոնկրետ գործառույթներ, որով պետք է զբաղվեն, հիմա թե ինչքանով են շեղվել այդ գործառույթներից, թերեւս իրենք պետք է պատասխանեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА