o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ էր թաքնված Փաշինյան-Պուտին հանդիպման հետեւում

15.06.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ի՞նչ էր թաքնված Փաշինյան-Պուտին հանդիպման հետեւում

Կայացավ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին երկրորդ հանդիպումը, եւ թեպետ սպասումները մեծ էին, որ երկու երկրների ղեկավարներն այս անգամ ավելի կոնկրետ անդրադարձ կկատարեն արցախյան հիմնախնդրին, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, բայց համենայնդեպս` հանդիպման բաց հատվածում որեւէ առանցքային դիրքորոշում չհնչեց: Այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրությունների ու եղած սակավ տեղեկատվությունի շուրջ «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Ո՞վ կփոխարինի Նիկոլին. պայքարը սկսված է

ՓԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵ՞Լ ԵՆ

– Պարոն Սարգսյան, կողմերը զարմանալիորեն չանդրադարձան Արցախյան հիմնախնդրին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իսկապես, հանդիպան` մամուլի համար բաց ընթացքում անդրադարձ չի եղել Լեռնային Ղաբարաղի հարցին: Ընդ որում, ոչ միայն Պուտին- Փաշինյան հանդիպման,  այլ նաեւ Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում չի եղել անդրադարձ: Բայց կարծում եմ` սա պայմանավորված է նրանով, որ հանդիպման ոչ բաց հատվածում, այսինքն` առանձնազրույցների ժամանակ, դրա վերաբերյալ որոշակի խոսակցություններ, դիրքորոշումների հստակեցումմներ եղել են: Եվ քանի որ մեր տեղեկատվությունը այս հարցի վերաբերյալ քիչ է, դժվար է այս պահին ավելի խորը վերլուծել իրավիճակը:

– Ամեն դեպքում, վերջին օրերին Նախիջեւանի սահմանային հատվածում բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել, դրանից հետո որքանո՞վ է ընդունելի հենց բաց հատվածում չբարձրաձայնել եղած մտահոգությունների մասին:

– Ես հեռու եմ այն մտքից, որ նման հարցերը պետք է քննարկել բաց ձեւաչափով, հուսով եմ` փակ ձեւաչափով անդրադարձ եղել է այս հարցին, եւ հայկական կողմը ներկայացրել է իր մտահոգությունները` ե՛ւ արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով տեղի ունեցող ադրբեջանական զենքի եւ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ, ե՛ւ նաեւ նախիջեւանյան ուղղությամբ ադրբեջանական զենքի եւ զորքի տեղաշարժերի մասին: Համենայնդեպս, կարծում եմ` մենք առիթ կունենանք լրացուցիչ տեղեկություններ իմանալու, թե արդյոք հանդիպման փակ հատվածում այդ խնդիրներին անդրադարձ եղե՞լ է, թե` ոչ: Ըստ իս, վարչապետն այս մասին ինչ-որ մի առիթի դեպքում անպայման հանրությանը կտեղեկացնի:

ԻՆՉՈՒ է ՊՈՒՏԻՆԸ ՈՉ ԹԵ ՎՍՏԱՀ, ԱՅԼ` ՀՈՒՅՍ ՀԱՅՏՆՈՒՄ

– ՌԴ նախագահ Վ. Պուտինը, հանդիպման ժամանակ անդրադառնալով առեւտրաշրջանառությանը, ասաց, որ դրան նպաստում է նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչն ակնհայտ փաստ է: Ապա հույս հայտնեց, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ: Կարելի՞ է ասել, որ ՌԴ-ում դեռ չունեն այն երաշխիքները, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն փոխի իրենց արտաքին վեկտորը:

– Կարծում եմ` Եվրասիական միության անդամակցությունը ոչ միայն բխում է Ռուսաստանի, այլ նաեւ Հայաստանի շահերից: Այս մասին բազմիցս հայտարարել է նաեւ Հայաստանի նոր իշխանությունը: Սա նշանակում է, որ այդ թեզը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Հայաստանի դիրքորոշումն է արտացոլում: Մանավանդ, եթե ուշադիր նայել եք Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրությունը, այնտեղ գրված է, որ «մենք երկուստեք կարեւորում ենք Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»: Այսինքն` այս առումով փոխըմբռնում կա, եւ Ռուսաստանը եթե նույնիսկ նման մտավախություն ունեցել է, ապա այն այլեւս չկա:

– Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ զարմանալիորեն հույս հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան երկու պետությունների շահերի եւ սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Ինչո՞ւ. որեւէ սպառնալիք կա՞ր Հայաստանի սուվերենության վրա:

– Չեմ կարծում, որ մեր սուվերենության վրա կարող է ինչ-որ տեսակի ոտնձգություն լինել` այն էլ Ռուսաստանի Դաշնության կողմից: Ուղղակի, կարծում եմ` միտքն է այդպես շարադրել վարչապետը, եւ սրա տակ որեւէ քաղաքական ենթատեքստ չեմ ուզում փնտրել: Միայն համեմատության համար նշեմ, որ նման ձեւակերպում որեւէ ՀՀ նախագահ չի օգտագործել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, սա բացարձակապես չի նշանակում, որ այստեղ ինչ-որ մտավախություն է ունեցել հայկական կողմն ու դրա համար է այդպես արտահայտվել: Ըստ իս, սա ընդամենը ձեւակերպում է, որն, ըստ էության, ներկայացվել է ռուսական կողմին, ու սրա տակ ինչ-որ լուրջ քաղաքական ենթատեքստ փնտրելու կարիք չեմ տեսնում:

ԵՐԲ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

– Անդրադառնանք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցին տարածաշրջան: Այս փուլում ի՞նչ կարելի է սպասել այս այցից:

Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է. Նիկոլ Փաշինյան

– Հերթական այցը տարածաշրջան Մինսկի խմբի համար, իհարկե, նախեւառաջ ճանչողական է, որովհետեւ նախկինում Հայաստանի նոր իշխանությունների հետ հանդիպելու ու ծանոթանալու առիթ չի ունեցել ոչ միայն արտգործնախարարը, այլ նաեւ վարչապետը: Սա կարեւոր է, մանավանդ, որ մենք այստեղ դիրքորոշման էական փոփոխություն ունենք. մենք հայտնել ենք այն միտքը, որ Արցախն անպայման պետք է բանակցային գործընթացում ներգրավվի: Ի դեպ, սա տրամաբանական է` ե՛ւ իրավակական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ու բոլոր այլ տեսանկյուններից: Սա ճիշտ հիմնավորված մոտեցում է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, խնդրի կարգավորումը բացառվում է:  Ուստի` Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիններին մեր դիրքորոշումները պետք է փոխանցել: Մնացածն արդեն կարելի է վերլուծել պաշտոնական դիրքորոշումների, հայտարարությունների հրապարակումից հետո:

– Ի դեպ, հենց այս շրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստակամ է աջակցել ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծմանը: Չե՞ք կարծում, որ սա առնվազն մտահոգիչ է:

– Այստեղ ես մտահոգություն չեմ տեսնում այն առումով, որ մշտապես ասել ենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին այլընտրանք չկա: Իհարկե, եթե միջազգային կառույցներն ազատ են ինչ-որ մտքեր, գաղափարներ, մոտեցումներ արտահայտելու հարցում, եւ կարելի է քննարկել: Բայց որպես կառույց ՆԱՏՕ-ի ներգրավումն այս կոնֆլիկտի մեջ` դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ Մինսկի խումբը ամենաարդյունավետ կառույցն է, որը գործել եւ շարունակում է գործել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ:

– Չե՞ք կարծում, որ ՆԱՏՕ-ի ակտիվացումը Արցախյան հիմնախնդրի հարցում, կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ Արցախին բանակցային կողմ դարձնելու հայաստանյան կողմի դիրքորոշմանն ի պատասխան, Ադրբեջանն էլ փորձի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային այս կամ այն կերպ ներգրավել բանակցություններին:

– Ոչ, որովհետեւ բանակցությունների ձեւաչափը, որն այսօր կա, ձեւավորվել է կողմերի համաձայնությամբ: Եվ եթե կա կողմ, որը ցանկանում է դառնալ Մինսկի խմբի համանախագահ, ապա անպայման պետք է լինի երկու կողմերի համաձայնությունը: Հակառակ պարագայում ձեւաչափի փոփոխություն այս առումով չի կարող լինել: Հիմա Ադրբեջանը եթե ցանկություն ունի ներգրավել Թուրքիային որպես բանակցային կողմ, բնական է, որ հայկական կողմը դրան չի համաձայնելու: Այնպես որ, այստեղ մտահոգվելու բան չեմ տեսնում: Իսկ Թուրքիայի մասնակցությունը, որպես համանախագահ երկիր, բացառում եմ, դրա մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ամենաբարձր մակարդակով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА