o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սահմանում իրավիճակը չիբանի պես է` մի օր պետք է պայթի»

27.06.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սահմանում իրավիճակը չիբանի պես է` մի օր պետք է պայթի»

ԵԿՄ փոխնախագահներն ու վարչության անդամները ստեղծում են նախաձեռնող խումբ, որպեսզի հրավիրեն վարչության նիստ, ապա համագումար անցկացնեն` ընտրելով նոր ղեկավար կազմ: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրված ԵԿՄ վարչության նիստն ընդունեց որոշում, համաձայն որի, կասեցվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԵԿՄ անդամ, սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

«ԽՌՈՎԱԾ ՏՂԵՐՔՆ ԱՅՍՕՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ»

– Պարոն Աճեմյան, ԵԿՄ վերջին վարչության նիստը բավական թեժ էր, ի՞նչ չեն կարողանում կիսել ազատամարտիկները:

– Անկեղծ ասած, նիստերի դահլիճից դուրս եմ եկել, որովհետեւ առողջականս լավ չէր, տեղը նեղ էր եւ չէի կարողանում շնչել: Ուղղակի, հետեւել եմ ներս մտնող ու դուրս եկողների մեկնաբանություններին, թե ներսում ինչ է կատարվել: Ամեն դեպքում, վստահ եմ, որ եզրակացության կգան: Պետք է ավելի լավ լինի, եւ ուրախ եմ, որ ժամանակին խռոված տղերքն այսօր վերադարձել են` հանուն մեկ նպատակի` հանուն երկրապահի, հանուն մեր երկրի: Հավատում եմ, որ Երկրապահն ավելի մաքրագործվելու է եւ ավելի աշխատունակ ու արդյունավետ է դառնալու: Ես լավատես եմ:

– Մի շարք ԵԿՄ-ականներ պնդում են, թե պետք չէ այլեւս լինի միանձյա կառավարում, այլ պետք է անցնել ԵԿՄ-ի կոլեգիալ ղեկավարման: Համամի՞տ եք այս տեսակետների հետ:

– Ինձ համար միեւնույնն է: Ինչպես այսօր մեր երկրում ՀՀ նախագահ ունենք, որն արարողակարգային պաշտոն է, կարող ենք մենք էլ ԵԿՄ նախագահ ունենալ, բայց վարչությունը որոշումներ ընդունի` քվեարկելով դեմ կամ կողմ` այս կամ այն հարցերին:

«ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ԱԽՈՐԺԱԿ ՈՒՆԵՆ»

–Ունե՞ք Ձեր թեկնածուն, որին տեսնում եք ԵԿՄ նախագահի աթոռին` Մանվել Գրիգորյանից հետո:

– Չունեմ, ինձ համար տարբերություն չկա, թե ով կլինի, թող լինեն մաքուր տղերք, ոչ մեկին էլ չեմ կասկածում, բոլորն էլ սրտացավ են: Եվ թեպետ շատ մարդիկ կան, որ վարչության անդամ լինելու ախորժակ ունեն, արժանին թող լինի:

– ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, թե ԵԿՄ-ն պետք է լուծարվի: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը:

– Երկրապահը լուծարելուն անձնապես դեմ եմ: Իհարկե, Սասուն Միքայելյանը եւ մյուս ընկերներն իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել, առաջարկ անել, բայց  այդ կարծիքն ընդունող կա՞...

«ՄԵՆՔ ՎԱՏ ԲԱՆ ՉԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏԵԼ»

– Տպավորություն է, որ հատուկ աղմկոտ բացահայտումները սկսվեցին լիազորությունները կասեցված ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանից: Այս առումով միտում տեսնո՞ւմ եք` ընդդեմ ԵԿՄ կառույցի:

– Չեմ կարող ասել, վերեւներին պետք է հարցնել: Այսօր մենք պետություն ենք, ունենք մեր գաղտնի ծառայությունները, մեր իշխանական թեւը, ոստիկանությունը, թե ինչի համար են Մանվելից սկսել, ես չէ, որ պիտի ասեմ:

– Ի դեպ, ԿԳՆ-ն էլ պատրաստվում է փակել 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իմ համոզմամբ` սա վատ որոշում է, որովհետեւ մենք` ազատամարտիկներս, այդ երեխեքի հետ գործակցում ենք, աշխատում ենք, հայրենասիրություն ենք սերմանում: Մենք վատ, սխալ բան չենք սովորեցնում երեխաներին, զինվորներ ենք պատրաստում: Պատերազմող երկիր ենք, հիմա ի՞նչ, չսովորեցնե՞նք երեխաներին Հայոց պատմություն, հայրենասիրություն: Սովորած, դաստիարակված,  համոզմունքներ ունեցող երիտասարդն ավելի լավ զինվոր է: Իսկ եթե չունի այդպիսի դաստիարակություն, պարզապես զինվոր է: Ինչո՞ւ էին մեր տղերքը մինչեւ վերջին փամփուշտը կռվել 2016-ի ապրիլին, որովհետեւ իրենք դաստիարակվել էին մեզանով, մեր սերնդով, տեսանյութեր նայելով, մեր մասին լսելով ու կարդալով: Մենք այսօր էլ ներշնչում ենք այդ երեխաներին, որ լավ զինվոր լինեն ու երբ տարիքը գա, գնան բանակ, 18 տարեկանում արդեն զենքը ձեռքը բռնելիս, լինեն, ինչպես 100 տարվա զենք բռնողները:

«ԱՍԵՆՔ, ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ՀԵՏՈ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԵՑ, Ո՞Վ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵԿՄ-ՈՒՄ»

– Մինչ հանրության ուշադրության կենտրոնում է հայաստանյան ներքաղաքական խմորումներն ու բացահայտումները, սահմանում իրավիճակը մտահոգիչ է: Դուք ինչպե՞ս կգնահատեք այն:

– Սահմանում այդ իրավիճակը նորություն չէ: Միշտ էլ ասել եմ` սահմանում իրավիճակը չիբանի պես է` մի օր պետք է պայթի: Դրա համար կարծում եմ` եթե այսպես ԵԿՄ-ում նոր վարչության ստեղծման հարցը պիտի տեղափոխվի վաղը, մյուս օրը, հաջորդ շաբաթ, ուրեմն` շտապ պետք է, որ ժամանակավոր մարտական զինվորական հանձնաժողով ստեղծվի: Ասենք, մի քանի ժամ հետո պատերազմ սկսվեց, ո՞վ է ղեկավարելու աշխատանքները ԵԿՄ-ում: Մենք միշտ պատրաստ պետք է լինենք, ինչքան էլ ներքին խլրտումներ լինեն մեր երկրում, թշնամին թող շատ չուրախանա, կես ժամվա մեջ այդ հարցերը կլուծվեն: ԵԿՄ-ում չկան մարդիկ, որ այդ պահին կանգնեն, ասեն` վայ, ես էի ուզում աթոռին նստել, դու նստեցիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА