ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՅՑԻՑ

06.07.2018 20:00 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՅՑԻՑ

Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո նախագահ վերընտրված Ռեջեփ Էրդողանը պաշտոնական առաջին այցերը կկատարի Հյուսիսիային Կիպրոս ու Ադրբեջան: Ի՞նչ սպասենք Էրդողանի` Ադրբեջան կատարելիք այցից, հատկապես այն դեպքում, երբ սահմանային իրավիճակն այսքան խառն է: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ-ԻՆ Է ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆՈՒՄ, ԱՅԼԵՎ՝ ՌԴ-ԻՆ

Միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆ.

- Նախ անդրադառնամ Նախիջեւանի հատվածի լարվածությանը: Թուրքիան այսօրվա դրությամբ իրեն թույլ է տալիս Կարսի կամ Մոսկվայի պայմանագրով միջամտել Արցախի խնդրին: Մինչեւ այսօր Թուրքիան ջանքեր էր թափում, որպեսզի դառնա  այս խնդիրը կարգավորող կողմ` ներգրավվելով Մինսկի խմբում, ինչը նրա մոտ չստացվեց: Այսօր այս ամենը գնահատում եմ, որպես մի նոր քայլ, որով Էրդողանը ցանկանում է իրականացնել իր վաղեմի նպատակը: Էրդողանի այցը Ադրբեջան իր մինչեւ այժմ տարած քաղաքականության շարունակությունն է: Կրկնում եմ` այս պահին Էրդողանի միակ նպատակը հայ-ադրբեջանական առանց այդ էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրելն է, եւ, թերեւս, Նախիջեւանում լարվածության գլխավոր պատճառը սա է: Հատկապես այն դեպքում, երբ գիտենք, որ Թուրքիան Նախիջեւանում ունի բանակային կորպուս: Էրդողանը տվել է իր լուրջ քայլերի մեկնարկը:

«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի փորձագետ, պատմաբան, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ.

- Ընտրություններից հետո Թուրքիան խաղադրույքներն ավելի շատ կատարելու է ազգայնական քաղաքականության վրա` փորձելով ավելի ընդլայնել իր ազդեցության գոտիները: Այս առումով կարող եմ ասել, որ այս պահին գնում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների խիստ սերտացում: Այնպես որ, Էրդողանի վերընտրվելը Հայաստանին լավ բան չի խոստանում: Այս կոնտեքստում էլ դիտարկում եմ Էրդողանի այցը Ադրբեջան: Այն լարվածությունը, որն այսօր ստեղծվել է Հայաստանի շուրջ, մեղավորը միայն Ադրբեջանը չի, այտեղ լուրջ ներդրում ունի նաեւ Թուրքիան: Կարծում եմ` այս այցի ընթացքում անպայմանորեն կքննարկվի Նախիջեւանի հարցը, որովհետեւ նախիջեւանյան վերջին զարգացումները, որից լավ բան պետք չէ սպասել, հստակ կապված էին նաեւ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հետ: Միանշանակ այս այցի ընթացքում կքննարկվի նաեւ Արցախի հարցը, բանակցային գործընթացը, այդ թվում` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, խիստ անհանգստացրել է Թուրքիային, այս հարցը եւս կլինի օրակարգում, որպեսզի հասկանան՝ ինչ են պատասխանելու Հայաստանին` պատերա՞զմ հայտարարեն, թե` բանակցեն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Թրամփի նախագահ դառնալը մարտահրավեր է հայությանը»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА