ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎՔԵՐ ԵՆ ՄԵԶ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻ ԼԻՆԵԼ. Հայոց Աշխարհ

19.07.2018 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ՄԵԶ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻ ԼԻՆԵԼ. Հայոց Աշխարհ

Վերջին տարիներին, պետական ծառայողի ինստիտուտի ներդրմանը զուգընթաց, երկրի կառավարման ապարատի տարբեր օղակներում հայտնվեցին նաեւ բազմաթիվ պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրեր։ Նրանք օրնիբուն բողոքում էին յուրաքանչյուր նոր իշխանության փոփոխության հետ միասին իրենց գլխին կանգնող անտեղյակ ու մեծամիտ կուսակցական կոմիսարների վարքագծից։ 
   Թվում է, թե հիմա վերջապես այդ խնդիրը պետք է լուծում ստանա, որովհետեւ գոնե արտաքուստ նոր իշխանությունները հանդես են գալիս օրինականության պահապանի դիրքերից։ Բայց արի ու տես, որ նորերից դժգոհությունը արդեն այնքան մեծ է, որ անցած ամիսներին սկսել է դրեսեւորվել նաեւ անեկդոտի տեսքով։ 
   Օրերս նոր իշխանությունների կադրային քաղաքականության մասին մի անեկդոտ լսեցինք, որը թերեւս արտացոլում է պետական ապարատում նրանց ստեղծած լարված խառնաշփոթի իրական պատկերը։
   Մարզպետարաններից մեկում նշանակված հերթական կոմիսարը իր մեծամիտ ու միաժամանակ կասկածամիտ վարքի պատճառով վեճի է բռնվում գործով այնտեղ հայտնված մի քաղաքացու հետ, որը չստանալով իր առաջադրած միագամայն արդարացի հարցի պատասխանը՝ մարզպետարանի հնաբնակների շրջանում խոստանում է անպայման մի լավ քոթակ տալ այդ ամբարտավան լակոտին։ 
   Բայց վերջիններս կտրուկ հակադարձում են նրան՝ պահանջելով իրենցից առաջ չընկնել եւ անմիջապես հերթագրվել, որովհետեւ արդեն նույն մտադրությունն ունեցողների մի հսկայական ցուցակ է ձեւավորվել։
   Դժբախտաբար այս սրամտությունը ճշմարտացիորեն արտացոլում է ընդամենը երկուս ու կես ամիս կառավարած քաղաքական նոր թիմի հանդեպ հանրության շրջանում ձեւավորվող տրամադրությունները։ Դրանք, մեղմ ասած, կարելի է համարել բացասական, որովհետեւ իրականում գործ ունենք մի իսկական շոկի հետ։ 
   Նախեւառաջ անմիջապես արձանագրվել է մի իրողություն. նորերի զգալի մասը, աշխատելով Հայաստանում գործող որեւէ գրանտակեր կազմակերպությունում, այնտեղից իր հետ բերել է արհամարհական վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։ 
   Դրա կարեւոր բաղկացուցիչն է մեր ազգային ավանդույթների, հայ ժողովրդի անցած դժվարին ուղու եւ իր գոյության համար մղած անհավասար ու հերոսական պայքարի պատմության հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշումը։ Այս ապազգային կեցվածքը բանականորեն բացատրելն ուղղակի անհնար է, քանզի տպավորություն է ստեղծվում, որ հայկական արմատներ ունեցող այդ երիտասարդներին ժամանակին մատղաշ բույսերի նման դուրս են քաշել մեր հողից, ապաեւ վերածելով մոլախոտերի՝ այժմ վերադարձնում են՝ մեր դաշտերը նրանցով պատելու համար։ 
   Հայկական ամեն ինչի նկատմամբ նրանց քամահրական վերաբերմունքի մեջ ոչ պակաս թունավոր սերմեր են ներդրել նաեւ աղանդավորականները եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների ներկայացուցիչները։ Անցած տարիներին մեզանում բազմացած ու մի քանի հարյուր հազար անդամ հավաքագրած այս կառույցներն ու շարժումները արդեն կադրեր են մատակարարում նոր իշխանություններին։ 
   Տարօրինակն այն է, որ նման կադրերը հայտնվել են պետական կառավարման ամենաբարձր օղակներում եւ այնտեղից մեր գլխին քարոզներ են կարդում հայ ժողովրդի սրբությունների, մեր գոյության համար մարտնչած հերոսների ու նահատակների վերաբերյալ։ 
   Մի անհայտ տեղից հայտնված ու մշակույթի նախարարի աթոռին բազմած մի օրիորդ փորձում է խոչընդոտել Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ։ Բայց անգամ այն բանից հետո, երբ տեղի է ունենում բացումը, սույն օրիորդ կոմիսարը այժմ էլ մտածում է արձանը տեղափոխելու մասին։ 
   Հիշենք նաեւ իրեն պատմաբան երեւակայող այդ պաշտոնյաներից ոմն Կարպիս Փաշոյանի վերջին ֆեյսբուքյան գրառումը ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ։ Դա մի այնպիսի ցնցում առաջացրեց ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, որ սույն չկայացած պատմաբանը վերջում ստիպված էր ձեւացնել, թե իբր ինքը կամովին է հրաժեշտ տալիս պաշտոնին, քանի որ գործ ունի «ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի» հետ։ 
   Սա ոչ միայն ցինիզմի, այլեւ տգիտության բարձրագույն դրսեւորում է։ Մինչդեռ, արի ու տես, սույն չկայացած երիտասարդը դրանից հետո էլ համարում է, որ մենք՝ իր արարքը դատապարտողներս, պարզապես վայրենաբար հայհոյել ենք իրեն։
   Ի դեպ, համոզված ենք, որ Փաշոյանը չի էլ կարող բացատրել, թե ինչ է «ռազմահայրենասիրական շիզոֆրենիան»։ Ստիպված ենք բացատրել, որ ռազմահայրենասիրական շիզոֆրենիան Բուդապեշտում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում իբրեւ հերոս ընդունելու փաստն էր։ 
   Մեր երկրի կառավարման բարձրագույն օղակներում այժմ բազմել են արեւմտյան որեւէ հաստատությունում կիսատ-պռատ կրթություն ու դաստիարակություն ստացած բազմաթիվ կիսամորուսով երիտասարդներ ու թեթեւսոլիկ օրիորդներ, որոնց այնտեղ սովորեցրել են, որ պետք է արմատախիլ անել ազգայնականություն բնութագրվող հայրենասիրությունը, պայքարել ազգային եկեղեցու դեմ՝ ավելի լիբերալ հասարակություն ստեղծելու համար։ 
   Եվ ահա սույն կիսագրագետ թութակները եկել ու մեզ փորձում են եվրոպականացնել, երբ ինքներս կարող ենք նրանց տարրական գիտելիքներ տալ եվրոպական մեծ մշակույթի վերաբերյալ, որի ոչ թե ձեռքբերումները, այլ աղբն ու թափոններն են նրանք ներդնում Հայաստանում։ 
   Վերջում հիշեցնենք, որ նման ապազգային տեսակի բազմացումը հայ իրականության մեջ սկսվել է դեռեւս 19-րդ դարում՝ Կ. Պոլսի հայ համայնքում լայն տարածում գտած ալաֆրանկա կենսակերպի սիրահար երիտասարդների տեսքով։ Հայ մեծագույն երգիծաբան Հակոբ Պարոնյանի հանճարն էր, որ ժամանակին ծաղրեց մեր ազգային միջավայրից օտարացող այդ ցանցառ ու անբարոյական մարդկանց, եւ այժմ մեր հերթն է նույն կերպ վարվելու մեր օրերում է՛լ ավելի լկտի ու անբարոյական դարձած եւ արդեն պետական ապարատ ներխուժած այդ ապազգային տարրի դեմ։ 
   Ուրեմն եկել է մեր նոր սատիրայի ձեւավորման պահը, որ կերպավորվելով ներկա անեկդոտների ու սրամտությունների մեջ՝ շուտով դրսեւորվելու է նաեւ լայնակտավ ու տաղանդավոր ստեղծագործությունների տեսքով։

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկար Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և այն որակել՝ պատմական

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА