ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

03.08.2018 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը բուռն քննարկումներ է առաջ բերել Հայաստանում: Չանդրադառնալով տարբեր կարծիքներին` այնուամենայնիվ, նկատենք, որ շատերի կարծիքով այդ հայտարարությունը հետեւանքներ կարող է ունենալ: Ինչպիսի՞ հետեւանքներ, փորձեցինք պարզել հայաստանյան վերլուծաբաններից:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ-ԻՆ Է ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆՈՒՄ, ԱՅԼԵՎ՝ ՌԴ-ԻՆ

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ.

- Այս պահին դժվար է ասել, թե ինչ հետեւանքներ կունենան Ռուսաստանից եկող այդ հայտարարությունները, պետք է սպասենք, եւ ժամանակը ցույց կտա: Իմ կարծիքով` այս հայտարարություններն ավելի շուտ դեղին քարտ են, եւ թերեւս սա սկզիբն էր: Բոլոր զարգացումները մենք կտեսնենք հետագայում:

Միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆ.

- Չեմ կարծում, որ այս հայտարարությունները որեւէ ազդեցություն ունենան հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման վրա: Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ բնական է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է միմյանց ինչ-որ ձեւով հասկանան: Բնականաբար, նման հարցեր պետք է ծագեին, եւ վստահ եմ, որ այսպիսի հայտարարություններ վաղը մյուս օրը կհնչեն նաեւ Եվրոպայի կողմից, սրանով հարաբերություններում նոր որակներ են ձեւավորվում: Կարծում եմ` ուշ թե շուտ բոլորը կգան մեկ ընդհանուր հայտարարի, որովհետեւ Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների պահպանումը ձեռնտու է: Եկեք անկեղծ լինենք, որ Ռուսաստանի համար Հայաստանին կորցնելը նույնն է, ինչ որ կորցնի Հարավային Կովկասը, քանի որ այս տարածաշրջանում ՌԴ-ն, որպես բարեկամ, ունի միայն Հայաստանին: Մենք Ռուսաստանի հետ ունենք օբյեկտիվ եւ ռազմավարական գործընկերային հարաբերություններ, եւ դրանք այդպես էլ կշարունակվեն: Հայ-ռուսական հարաբերությունները կգան նոր որակի: Կրկնում եմ` սա նորմալ գործընթաց է, պետք  չէ վատ բաներ մտածել: Այն, որ Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական գործընկերն է այս տարածաշրջանում, այս հատվածը չի փոխվել, եւ հայտարարությունն էլ պետք է դիտարկել այս կոնտեքստում:

Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ.

- Ռուսաստանն այս ամենով դեղին քարտ է ցույց տալիս Հայաստանին: ՌԴ-ն, Լավրովի խոսքով, ՀՀ վարչապետին հասկացրեց, որ դժգոհ է նրա վարած ներքին քաղաքականությունից: Ն. Փաշինյանի իշխանության գալուց հետո երկու երկրների հարաբերությունները գահավիժում են: Հորդորում եմ՝ զգույշ լինել այս հայտարարություններից, քանի որ, հաշվի առնելով մեր դիրքը տարածաշրջանում, պետք է վարենք զգուշավոր քաղաքականություն: Ցավոք, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ ապրող երկրի կարգավիճակում, ինչպես մենք ենք, չպետք է գնալ ռիսկերի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ՈՐՆ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՓՈՐԱՑԱՎԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА