ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գիշերվա ժամը՝ 3-ին, մոմերը վառել, շակալի ձայներ են հանել, պարզ է, որ ժողովուրդը կվրդովվեր». Շուռնուխի գյուղապետ

04.08.2018 17:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գիշերվա ժամը՝ 3-ին, մոմերը վառել, շակալի ձայներ են հանել, պարզ է, որ ժողովուրդը կվրդովվեր». Շուռնուխի գյուղապետ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 3-ին երեկոյան Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մոտ 30 մարդ հարձակվել է 9 ԼԳԲՏ-ական ակտիվիստի վրա եւ ծեծել նրանց: Միջադեպին խառնվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դե իսկ ԼԳԲՏ կազմակերպություններն այս ընթացքում աղմուկ են բարձրացնում ու ապահովում իրենց հերթական գովազդը: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ովքեր են միջադեպի կողմերը, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ պարզեց Շուռնուխի համայնքապետ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՑ:

Համբուրգերներից հրաժարվելը կարող է մարդու մոտ դեպրեսիա առաջացնել

- Պարոն Արշակյան, որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ինչու էին այդ ԼԳԲՏ անձինք հայտնվել Ձեր գյուղում եւ ինչո՞վ էր պայմանավորված այդ միջադեպը:

- Հաջողվել է պարզել, որ մեր գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրավեր էր ուղարկել «Քվիր հավաքի» վերաբերյալ: Ու էդ հավաքն՝ իրենց ասելով, պետք է տեղի ունենար մեր գյուղում՝ ԼԳԲՏ-ականների համար բուսակերություն, ընդհանուր լոգարան, ընդհանուր ննջարան, ցանկացողներն էլ կարող են առանձնանալ եւ նման տիպի այլ բաներ էին գրում մեկնաբանություններում: Հայտարարությունը կա, ֆինանսավորող կազմակերպությունն էլ  հոգացել է ճանապարհածախսը: Սա էր իրենց հավաքի պատճառը մեր գյուղում, հիմա անունն ինչ ուզում են դնեն՝ մտքերի փոխանակություն ու եսիմ ինչ: Ամեն դեպքում, այդ հավաքը կայացել է, պարզվում է՝ օգոստոսի 2-5-ը մեր գյուղում պետք է լինեին ու ամսի 2-ին եկել էին: Ես գյուղում չեմ եղել, Գորիսում էի, բայց ինձ գյուղի երեխաներն են զանգել ու մի քիչ կոշտ ասած՝ տեղեկացրել, թե Հակոբ ձյաձյա, գյուղում երկու ավտոյով գոմիկների խումբ է հայտնվել էն գոմիկենց տանը, ուզում ենք բոյկոտենք: Ասացի՝ բալիկներ ջան, չի կարելի, դրանք վտանգավոր են: Բայց, ամեն դեպքում, երեխեքը, երեւի, քարեր են շպրտել տանիքին, Նոր տարվա փոքրիկ պայթուցիկներից մի քանի հատ պայթեցրել: Դա եղել է, բան չունեմ ասելու: Իսկ հաջորդ օրը, երբ ժողովուրդը հավաքվել է այնտեղ, ուշացումով ես էլ եմ գնացել, երբ արդեն քաշքշուկ էր սկսվել ու փորձում էինք դադարեցնել:

- Փաստորեն, կարելի է ասել, որ գյուղացիների բնական վրդովմունքն է առաջացրել այն, որ իրենց գյուղում նման մարդիկ են հայտնվել՝ պիղծ նպատակներո՞վ:

- Բոլորն էլ հայկական ընտանիքներ են, իրենց արյունով ազատագրված գյուղում են են ապրում ու պատերազմի մասնակիցների հարազատներ են: Եվ բնական է, որ նրանք ուզում են հանգիստ ապրել, իրենց երեխայի հետագա անդորրն ապահովել այստեղ ու չէին կարող ընդունել, որ փողոցներով գիշերը ժամը՝ 2-ին դրանք քայլեն ու շակալի ձայներ հանեն: Երեխաները վախեցել են, այսպիսի բաներ էլ է կատարվել: Էլ չեմ ասում, որ լույսերը հանգցրել, մոմեր են վառել  պատշգամբում ու գիշերվա ժամը՝ 3-ին գոռոցները գցել են: Պարզ է, որ ժողովուրդը վրդովվել է:

- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ հենց նրանք են սադրել, որ գյուղացիները վրդովվել են:

- Անպայման, ու դրա համար էլ հենց եկել եմ իմ առաջին խնդրանքը ժողովրդին եղել է այն, որ կանայք, ձեր ցավը տանեմ, երեխեք ջան, խնդրում եմ՝ ոչ մի բան մի արեք, էդ մարդիկ դիտմամբ են անում: Ախր, ամենահիմար մարդը պետք է չհասկանա, որ Սյունքիում, Գորիսի տարածքում, էն էլ Շուռնուխ գյուղում նման բաներ չի կարելի անել, այն էլ այդպես ցուցադրական: Բայց, փաստոերեն, արեցին ու հասցրեցին նրան, որ այդ միջադեպը տեղի ունեցավ: Հիմա էլ ավելորդ խոսակցություն, քաշքշուկ է առաջացել: Կանայք երեխաներին գրկած գնում են հարցաքննության, արդեն մի քանի ժամ է: Առավոտից մինչեւ հիմա դեռ հարցաքննության են գնում, որն ավարտել է արդեն, որն էլ երեխու հետ այնտեղ սպասում է:

«Մենք այլ ճանապարհ չունենք, պետք է հիմնվենք մեր արժեհամակարգի վրա»

- Նշանակում է, որ այդ 30 մարդիկ, որոնց իբրեւ հարձակվել են ԼԳԲՏ-ականների վրա, հիմնականում կանայք ու երեխանե՞ր են:

- Այո, հիմնականում կանայք ու դպրոցահասակ երեխաներ են՝ 4-րդ դասարանից սկսած: Մեր գյուղը փոքր գյուղ է, երեխաներն էլ այն տարիքում են, որ ամեն ինչ հասկանում են ու ասում՝ ամաչում ենք, որ Շուռնուխից ենք: Ջահել տղերք են, իրենց էլ է հասկանալի:

- Իսկ այդ 9 ԼԳԲՏ-ականները, որոնցից երկուսը հայտնվել են հիվանդանոցում, իրո՞ք այդքան լուրջ վնասվածք են ստացել, որ մեծ աղմուկ են բարձրացնում:

- Ես փորձեցի ճշտեմ, ասացին, որ մեկի գլուխն է վնասվել, երեւի, քար են շպրտել, ճղվել է: Իսկ մյուսն էլ ընկել է, ոտքն է վնասել, հավանաբար, քերվել է: Լուրջ վնասվածքներ չեմ էլ պատկերացնում, որ կարող էր լինել, որովհետեւ նմանատիպ քաշքշուկի ժամանակ լուրջ վնասվածքներ դժվար առաջանար:

- Այս պահին որեւէ մեկը ձեռբակալվա՞ծ է, թե՞ միայն հարցաքննության են կանչում:

- Որեւէ մեկին չեն ձեռբակալել, երեկ ուշ գիշեր ոստիկանությունից տեղեկացրեցին, որ մասնակիցներից մի քանի հոգու պետք է գան, հարցաքննություն անցկացնեին, բայց հանդիպելով այդ 9-10 հոգուն՝ դրանց տարել են, մեզ էլ հրավիրել բաժին: Ես էլ եմ անձամբ գնացել ու ինչ-որ տեսել եմ ու լսել, ներկայացրել եմ: Այսօր թվով 10 կին իրենց բացատրությունն են տվել Գորիսի ոստիկանության բաժանմունքում:

- Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում այս միջադեպի հանգուցալուծումը:

- Մարդիկ վրդովվել են, քաշքշել, բնականաբար, մեկը կվնասվեր, մյուսը՝ կընկներ,  դեպք է, եղել է: Հուսով եմ՝ իրավապահ մարմիններն օբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն, կհասկանան ժողովրդին, որովհետեւ բոլորն էլ ընտանիքի տեր են ու հասկանում են հայ ընտանիքի ապահովությունը որտեղից պետք է սկսվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА