ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

24.08.2018 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ իրանցի գործարարների հետ աշխատող հայաստանցի ձեռներեցներին անհրաժեշտ է խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ դեսպանատանը: Ըստ դեսպանի ակնարկի` Հայաստանը Իրանի հետ որեւէ գործարքի գնալուց առաջ նախեւառաջ պետք է տեղյակ պահի ԱՄՆ-ին: Այս ամենի պատճառն այն է, որ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Ինչպե՞ս հասկանալ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ի՞նչ վտանգներ կարող է այն պարունակել հայ-իրանական հարաբերությունների համար: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ.

- Իրանցի գործարարների հետ աշխատող հայաստանցի ձեռներեցները խորհրդատվություն պետք է ստանան բացառապես Հայաստանի պատկան մարմիններից: Սա նաեւ մեր պետության գործարարների, բիզնես անվտանգության եւ նաեւ մեր պետության արժանապատվության խնդիրն է: Հետեւաբար, չեմ կարծում, որ նման առաջարկությունը պետք է ընդունելի լինի մեզ համար: Այս հայտարարության մեջ կարելի է ընդունել որոշակի միտում, վախեր` կապված Իրանի հետ Հայաստանի համագործակցությունից: Հետեւաբար՝ բացառապես պետք է առաջնորդվել մեր  պետության եւ մեր երկրի բիզնես շահերով: Չեմ կարծում, որ կարիք կա, որ որեւէ երրորդ պետություն այդ ամենը տանի այլ ուղղությամբ: Եթե խոսքը վերաբերում է մտահոգության մասին, ապա խորհրդատվության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՀՀ պատկան մարմիններին, որպեսզի գործարարները կարողանան ծանոթանալ դրանց:

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ.

- Ինչպես բնորոշ է ամերիկյան կառավարման համակարգին, ըստ էության, ԱՄՆ դեսպանը խոսել է շատ նուրբ` ասելով, ցանկալի է, որ իրեն տեղյակ պահեն, թե ինչ է կատարվում: Խոշոր երկրներն են ե՛ւ Իրանը, ե՛ւ ԱՄՆ-ն, ու պայմանավորված իրենց սեփական շահերով, բնականաբար, տեղի են ունենում գործընթացներ` դրական, թե բացասական: Իհարկե, այդ խոշոր պետությունը կցանկանար իմանալ, թե, այդուհանդերձ, մեր համագործակցությունը Իրանի հետ արդյոք չի՞ բերի վտանգներ իրենց համար: Խոշոր առումով՝ ԱՄՆ-ն նաեւ հասկանում է, որ մենք փոքր երկիր ենք եւ մեր անմիջական հարեւան Իրանի հետ չի կարելի ընդհանրապես չհամագործակցել: Չեմ կարծում, որ Հայաստանի համար Իրանի հետ սահմանափակումներ կլինեն, հակված եմ մտածելու նաեւ, եթե լինեն սահմանափակումներ, ապա դրանք ազդեցիկ չեն կարող լինել Հայաստանի եւ Իրանի համար: Իրանի հետ ցանկացած համագործակցություն պետք է պայմանավորված լինի մեկ բանով, որպեսզի այդ համագործակցությունից կարողանանք լուծել որոշակի խնդիրներ:

Միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ.

- ԱՄՆ-ի հարաբերություններն այս պահին լարված են ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: ԱՄՆ-ի կողմից Իրանին սպառնում է նոր պատժամիջոց` էներգետիկ ոլորտում, ինչը կարող է խնդիրներ ստեղծել նաեւ Հայաստանի համար: Տարածաշրջանում  իրավիճակը գնալով լարվում է, եւ տնտեսական խնդիրների առջեւ կարող է կանգնել նաեւ Հայաստանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА