ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.09.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիների համար ոչ այնքան հաճելի լուր կա: Հարգելի սիրելիներ, կինոն պրծավ` ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ տեղեկացրեց, որ ԱԱԾ-ի աշխատանքի հրապարակայնությունը էապես սահմանափակվելու է. «Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում Ազգային անվտանգության ծառայության հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր, եւ հրապարակայնությունն էլ շատ էր: Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երեւալու»: Դե ինչ, զարմանալիորեն ազատ եւ հպարտ քաղաքացիները զրկվեցին դիմակներով թամաշայից, որը հասցրել էին այդքան սիրել: Բայց միաժամանակ չեմ կարող սրտանց չշնորհավորել ԱԱԾ հատուկջոկատայիններին` վերջապես նրանք կձերբազատվեն շոուների դերասանների դերից, որը վստահաբար վիրավորական է ցանկացած պրոֆեսիոնալի համար:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, նախկին քննիչ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ մտադիր է օրենսդրական կարգավորումներ մտցնել առցանց տաքսի ծառայություների համար. «Օնլայն տաքսի ծառայությունները մինչեւ հիմա փորձում էին ներկայացնել, որ իրենք իրականացնում են ինտերնետ ծառայություններ, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ իրենք տաքսի ծառայություններ են մատուցում: Այն մեքենաները, որոնք կան իրենց բազայում, պետք է լիցենզավորվեն, ինչպես մյուս անհատ տաքսիները, այդ դեպքում մենք կապահովենք հավասար դաշտ: Ի վերջո, այսօր օնլայն տաքսիները տաքսի ծառայություն մատուցողների մոտ 60 տոկոսն են կազմում»: Դե ինչ, պատրաստվենք այնպիսի երեւույթի, ինչպիսին է տաքսիի այդ հարմարավետ տեսակի թանկացմանը: Սակայն ամենազարմանալին ոչ թե դա է, այլ նախարարի հայտնած այն տեղեկությունը, որ օնլայն տաքսիների վարորդներին հեռախոսներից ու պլանշետներից ստիպելու են անցնել տաքսու հաշվիչների: Զարմանալի է` նախարարը մոռացել է, որ իր նախարարության անվան մեջ կան «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառերը, եւ ըստ էության մտադիր է օրենքով պարտադրել մի բան, որը տեխնոլոգիական հետընթաց է: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պետք է թախանձագին խնդրենք նախարարին, որպեսզի հանկարծ չհետաքրքրվի ՏՏ ձեռնարկություններով: Թե չէ, ո՞վ գիտե, միգուցե մտքով անցնի, որ համակարգիչները պետք է փոխել 1980-ականների պարզունակ էլեկտրոնային հաշվիչներով:

Հայկ Մարությանի օրինակը զարմանալիորեն վարակիչ է, եւ ահա տեղեկացանք եւս մեկ փորձանքային նորության` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամագրվել է դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԸ: Հետաքրքիր է, իսկ նրա համար թավշակրոն վարչախումբը ինչ պաշտոն է նախատեսել: Իզուր չէր, որ չինացիները եթե որեւէ մեկին ուզում էին անիծել, նրան մաղթում էին ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում: Դե ինչ, դեռ շատ ենք տեսնելու, թե ինչպես է կոշկակարը հաց թխում, իսկ հացթուխը` կոշիկ կարում:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Գերմանիայում անցնել կարճատեւ բժշկական հետազոտություն, եւ դրա վերաբերյալ տեղեկացրել էր նախաքննական մարմնին: Սակայն ՀՔԾ-ն որոշեց ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխել եւ ստորագրություն վերցնել` չբացակայելու վերաբերյալ: Այստեղ զարմանալի է սույն աստվածահաճո իրավապահ մարմնի ղեկավար ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մանրախնդրությունը: Ախր, Սորոսիչ ջան, շատ լավ գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանը փախուստի դիմող չէ եւ պարտաճանաչ կներկայանա ցանկացած քննչական գործողությանը: Այդ դեպքում ինչո՞ւ եք այդպիսի մանր, անարժան բաներ անում:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА