ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉԻ ՉՍՊԱՍԵՔ՝ ՀՈՒՇԵՑ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ

05.09.2018 20:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉԻ ՉՍՊԱՍԵՔ՝ ՀՈՒՇԵՑ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Նախօրեին ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` ի վերջո ներկայիս հայաստանյան տնտեսության վիճակի մասին որոշ փակագծեր բացեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Բնական է՝ պարոն Մինասյանը փորձեց իրավիճակին հնարավորինս գեղեցիկ փաթեթավորում տալ: Բայց օգտագործվեցին նաեւ մի շարք կոնկրետ ցուցանիշներ, որոնք, այնուամենայնիվ, մտորումների տեղիք տալիս են:

ՆԱԽԱՐԱՐԸ ՉԳԻՏԻ՞, ԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հիմնական տնտեսական ցուցանիշներից, որը ներկայացրեց պարոն Մինասյանը, դա ՀՆԱ-ի աճն է՝ 2018թ.-ի 6 ամսվա կտրվածքով: Նախարարը հպարտորեն նշեց, թե վերջին 8 տարիների ամենամեծ աճն է արձանագրվել՝ 8,3 տոկոս: Այլ խնդիր է, որ այդ ժամանակահատվածի 2/3-ի, այսինքն՝ տարվա առաջին չորս ամիսների հետ` լրիվ, կես ամսվա հետ էլ՝ մասամբ ո՛չ պարոն Մինասյանը եւ ո՛չ էլ՝ գործող կառավարությունը կապ չունի: Այսինքն, եթե ունենք կիսամյակային ամենամեծ աճ, ապա դա հիմնականում նախորդ կառավարության աշխատանքն է: Ավելին, եթե հետեւենք վիճակագրությանը, ապա կարելի է նաեւ այլ փաստ եւս ֆիքսել: Այսպես, ըստ վիճակագիրների` տարվա առաջին եռամսյակում ունեցել ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի բարձր աճ՝ 9.6 տոկոս, որը երկրորդ կիսամյակում նվազել է՝ հասնելով 7.2 տոկոսի: Իհարկե, այդ 7.2 տոկոսն էլ չի կարելի գործող կառավարությանը վերագրել. մինչ պարտականություններին անցնելը, գործի մեջ մտնելը կիսամյակը գործնականում ավարտված էր: Բայց այն, որ երկրորդ եռամսյակում տնտեսական աճի տեմպերն առաջինի համեմատ 2.4 տոկոսային կետով, այսիքն՝  էականորեն նվազել է, դա պետք է համարել ապրիլ-մայիսի խառը իրողությունների հետեւանք: Նույնի մասին է խոսում նաեւ արդյունաբերության վիճակը: Ճիշտ է, պարոն Մինասյանը նշում է, թե առաջին կիսամյակում «արդյունաբերությունն աճել է 4,3 տոկոսով», սակայն վիճակագիրները մի փոքր այլ պատկեր են ներկայացրել: Այն է, առաջին եռամսյակում ունեցել ենք 8.2 տոկոս աճ, երկրորդում՝ 0.3 տոկոս անկում: Մի կողմից` կասեն, թե բա ինչ, հեղափոխություն էր, անկում կլիներ: Բայց ֆիքսենք բուն փաստը. չլիներ հեղափոխություն, ապա պարոն Մինասյանի այդքան գովերգած ամենամեծ աճից էլ էականորեն մեծ աճ կունենային՝ մոտ 10-ի կարգի: Դա բավարար չէր, ու պետք էր հեղափոխությո՞ւն անել: Դե ուրեմն, հարգարժան հեղափոխականները պարտավոր են եղածից էականորեն ավելի մեծ աճ ապահովել՝ առնվազն 15-20 տոկոսի կարգի. հակառակ դեպքում էլ ո՞ւմ էր պետք այդ հեղափոխությունը: Ուրեմն, կարո՞ղ են տարվա երրորդ եռամսյակում, որի համար լիովին պատասխանատու են նոր իշխանությունները, նման աճ ունենալ: Ընդ որում, այստեղ «մի օրում ամեն ինչ չի լինի» փրկօղակը չի գործում: Բացատրենք. մինչ հեղափոխությունը կար նկատելի աճի դինամիկա: Այնուհետեւ Փաշինյանը հպարտորեն հայտարարեց, թե հեղափոխությունը տնտեսական գործընթացների վրա լուրջ ազդեցություն չի թողել: Այսինքն` կար որոշակի վիճակ, այն չխաթարվեց, եւ հիմա հեղափոխական իշխանությունները պարզապես պետք է կարողանային եղած դինամիկան արագորեն էլ ավելի բարելավել: Ընդգծենք. խոսքը Հայաստանը երեք-չորս ամսում Շվեյցարիա դարձնելու մասին չէ, այլ՝ եղածի վրա մի փոքր ավելացնելու, աճի դինամիկայի: Ուրեմն, կա՞ն նախադրյալներ, որ այդ իմպուլսը հայաստանյան տնտեսությանը հաղորդվել է, կրկին դիմենք Ա.Մինասյանին: Չնայած, մինչ այդ, մեկ տարրական տնտեսագիտական նորմ ֆիքսենք. տնտեսության մեծ կամ փոքր ցանկացած զարգացում կախված է ներդրումներից: Այսինքն, Հայաստանում մինչ հեղափոխությունն ունեինք ներդրումային որոշակի իրավիճակ, որն ապահովում էր կիսամյակային կտրվածքով՝ ՀՆԱ-ի 8.3 տոկոս աճ: Եթե հիշենք հեղափոխական իշխանությունների խոստումները, ապա Հայաստանում պետք է գործնականում անմիջապես հեղափոխությունից հետո սկսվեր ներդրումային հոսքերի ակտիվացում եւ ժամանակի ընթացքում հասներ այս պահին դեռ միայն երազելի մակարդակի: Ուրեմն՝ հեղափոխությունից հետո նախահեղափոխական ներդրումային մակարդակն ինչ-որ կերպ, գոնե մի փոքր բարելավվե՞լ է: Ա.Մինասյանն այսպես է նկարագրում հետհեղափոխական երեքուկես ամիսների ներդրումային վիճակը. «Որոշակի ներդրումների ծավալների մասին հայտարարություններ են արել: Եթե այդ բոլոր թվերը ի մի բերենք, դրանք անցնում են 1 մլրդ դոլարը: Բայց մենք փորձում ենք նաեւ գնահատել, թե իրատեսականը տեսանելի ժամանակահատվածում որքան կկազմեն ներդրումները: Դրանից առնվազն 240 մլն դոլարը իրատեսական է: Հիմա աշխատում ենք այդ կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք կարողանան բիզնես պլանների միջոցով փորձեն դրանք վերածել ներդրումների»: Այն, որ նախարարության իրատեսական համարած այդ 240 միլիոն դոլարի մի զգալի մասը եւս վերջում կպարզվի, որ իրատեսական չէր, ենթադրելի է: Բայց դա էլ մի կողմ: Փաստն այն է, որ թեեւ կային ներդրումային հոսքերի հեղեղների մասին խոստումներ, սակայն հետհեղափոխական ամենաթեժ փուլում ներդրումային ռեալ խոստումներն այդպես էլ 240 միլիոնից չեն անցել: Բայց ի՞նչ ժամանակահատվածում: Նախարարը հեռատեսորեն օգտագործում է «տեսանելի ժամանակահատված» արտահայտությունը: Օրինակ 1 տարի տեսանելի ժամանակահատվա՞ծ է, թերեւս՝ այո: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում լավագույնը, որին պետք է սպասել, այդ 240 միլիո՞նն է: Եթե այո, հաստատ ներդրումային բում չենք ունենալու: Գանք մյուս կողմից. այդ խոստացված 240 միլիոն դոլար ներդրումային ֆոնով հնարավո՞ր է 15-20 տոկոսանոց ՀՆԱ-ի աճ ունենալ. բացառվում է, եթե մի 7-7.5 տոկոս էլ լինի, էլի գոհ պետք է մնանք: Մի խոսքով, որ մոտ ապագայում տնտեսական թռիչք չի լինելու, դա հաստատ է: Եվ պատահական չէ, որ Ա.Մինասյանն էլ իրեն յուրահատուկ նույն հեռախոսությամբ խորհուրդ է տալիս՝ առաջիկա երկու տարիներին էական զարգացումների չսպասել: Դե երկու տարուց էլ՝ «ով սաղ, ով՝ մեռած»:

Հանքարդյունաբերության մասով ունենք շուրջ 11,8 տոկոս անկում. Արծվիկ Մինասյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА