ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ-ԻՆ Է ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆՈՒՄ, ԱՅԼԵՎ՝ ՌԴ-ԻՆ

07.09.2018 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ-ԻՆ Է ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆՈՒՄ, ԱՅԼԵՎ՝ ՌԴ-ԻՆ

Թուրքիան նախատեսում է Նախիջեւանի տարածքում հիմնել մեծ ռազմաբազա: Օրերս շրջանառության մեջ մտած այս լուրը հաստատել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլին: Ըստ նրա՝ դա իրենց երկրի բարեկամ Ադրբեջանի հետ սերտ համագործակցության հերթական քայլն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Նախիջեւանի ուղղությամբ վերջին շրջանում կատարում է իր քաղաքականությանը բնորոշ սադրիչ գործողություններ եւ համալրում զորքերը, շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի առկայությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ նաեւ Արցախի հիմնահարցի վրա: Այսինքն, որ դա Ադրբեջանի համար ավելի հրապուրիչ է դարձնում հարցը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը: Բացի այդ, ըստ մասնագետների, այս ամենը Թուրքիայի եւ Ադրբեջանի` Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության շարունակությունն է, որը տեսնում ենք գործնականում: Կա՞ն այդ վտանգները, փորձեցինք պարզել հայաստանյան վերլուծաբաններից:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ»

Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ.

- Նախիջեւանի ուղղությամբ Հայաստանին լուրջ վտանգներ է սպառնում: Չնայած այժմ այնտեղ կարծես թե ամեն ինչ խաղաղ է, սակայն սա մեզ համար մեծ խնդիր է, եւ դրան չպետք է հենց այնպես վերաբերենք: Պետք է գիտակցենք, որ Նախիջեւանի ուղղությամբ թշնամին ցանկանում է ճեղքել եւ փակել Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող Արցախ տանող ճանապարհը: Ռազմաբազայի հիմնումը Թուրքիայի եւ Ադրբեջանի խորքային ռազմական համագործակցության արդյունքն է: Ես միշտ բարձրաձայնել եմ, որ Նախիջեւանից ոչ միայն Հայաստանին է վտանգ սպառնում, այլեւ՝ Ռուսաստանին ու տարածաշրջանին: Այդ պատճառով էլ այս խնդիրների մասին պետք է տեղյակ պահենք նաեւ խոշոր տերություններին:

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ.

- Նախիջեւանի ուղղությամբ մենք մտահոգությունների եւ մտածելու շատ բաներ ունենք: Բայց պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ Թուրքիային ավելի շատ հետաքրքրում է Կիպրոսի ռազմաբազան: Իսկ Նախիջեւանում Թուրքիայի ներկայացվածությունն այնքան մեծ է, որ ռազմաբազա հիմնելու կարիք էլ չկա: Ռազմաբազա ստեղծելու դեպքում թուրքական ամբողջ զորքը հավաքվելու է մեկ վայրում, իսկ այսօր զորքը ցրված է տարբեր վայրերում: Բայց վտանգավորն այն է, որ Նախիջեւանի հարվածային բանակը կառուցում է Թուրքիան: Բայց մենք պետք է  հասկանանք, որ նրանք որքան էլ հզորանան Նախիջեւանում,  Հարավային Կովկասի թուրքերը` ադրբեջանցիները, ավելի խոցելի են դառնում, եւ մենք ցանկացած պահի կարող ենք Նախիջեւանը վերցնենք մեր վերահսկողության տակ: Սակայն խնդիրն այն է, թե մենք ինչ ենք վճարելու այդ ամենի դիմաց: Եթե այսպես հիմար լինենք, ապա կունենանք հազարավոր զոհեր, եթե զոհեր չենք ուզում, ապա վերջապես պետք է վերադառնանք ուղեղով ազգ լինելու վիճակին:

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ.

- Մի պահ պատկերացնենք, թե ինչ կարող է լինել Նախիջեւանի ուղղությամբ, եթե Արցախում սկսվեն ռազմական գործողություններ: Այս առումով՝ Հայաստանին Նախիջեւանից մահացու վտանգներ է սպառնում: Զարմանալի չէ, որ ժամանակ առ ժամանակ այնտեղ Թուրքիայի զորքերի մասնակցությամբ տեղի են ունենում զորավարժություններ եւ զորքերի համալրում, հենց այնպես Թուրքիան եւ Ադրբեջանը ոչինչ չեն անում, ռազմաբազա էլ հենց այնպես չեն ստեղծում: Այն, ինչ որ տեղի է ունենում Նախիջեւանում երկու երկրների մասնակցությամբ, բացահայտ տեռոր է Հայաստանի հանդեպ: Վերջապես չպետք է մոռանալ, որ Նախիջեւանը Հայաստանի մայրաքաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА