ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի մայրամուտը շարունակվում է. ցանկություն ունեն ուրիշներին էլ կործանել իրենց հետ

09.09.2018 22:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եվրոպայի մայրամուտը շարունակվում է. ցանկություն ունեն ուրիշներին էլ կործանել իրենց հետ

Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 2016 թվականին «Անդին» ամսագրում տպագրել է իր հոդվածը՝ Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» աշխատության մասին: Իսկ այսօր, երբ թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպան մեզ ավելի մոտիկացավ, եւ մենք ավելի ցայտուն կերպով սկսեցինք զգալ նրա մայրամուտը, նրա կործանումը եւ ցանկությունը` ուրիշներին էլ կործանել իր հետ, Տեր հայրը ներկայացնում է հոդվածը որոշակի փոփոխություններով, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Ոչ թոշակավորում են, ոչ օգնում, ոնց ապրեմ» . Ազատամարտիկը ծայրահեղ վիճակում է 

Հետեւելով Եվրոպայում կատարվող քաոսային սարսափազդու իրադարձություններին, տեսնելով, թե ինչպես են այնտեղ խարխլվել բոլոր հոգեւոր եւ բարոյական արժեքները, որոնցով դարերի ընթացքում առաջնորդվել են աշխարհի շատ ազգեր եւ մշակույթներ՝ ակամայից հիշեցի 20-րդ դարի սկզբի գերմանացի փիլիսոփա եւ պատմաբան Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» ծավալուն երկը, որտեղ տաղանդավոր պատմաբանն ու մտածողը մարգարեի նման կործանում է գուժում եվրոպական քաղաքակրթությանը։ Իմի բերելով բոլոր ժողովուրդների քաղաքական, հոգեւոր-մշակութային պատմությունը՝ Շպենգլերը առաջ է քաշել մարդկային պատմության ոչ հաջորդական, ոչ դիալեկտիկ, այլ ցիկլային ընթացքի իր տեսությունը։ Հրաժարվելով Հին աշխարհ–Միջնադար– Նոր ժամանակներ պատմական ընդունված ժամանակահատվածներից եւ զարգացման շրջաններից՝ Շպենգլերն առաջարկում է տարբեր՝ իրարից անկախ մշակութային միավորումներ, որոնցից են հին եգիպտականը, չինականը, հնդկականը, բաբելոնականը, հունա-հռոմեականը, արաբականը եւ եվրոպականը / արեւմտյանը /։ Ըստ Շպենգլերի՝ ծնունդ է առել նոր՝ ռուս-սիբիրական մշակույթը, որին Շպենգլերը բեղուն ապագա է խոստանում / երկը գրվել է 1918 – 1922 թվականներին /։ Նրանց բոլորին միավորում է զարգացման նմանատիպ ընթացքը՝ ծնունդ–զարգացում–հասունացում–ծերացում–մահ։ Առաջին աշխարհամարտից հետո գրված իր երկում նա գուժում է եվրոպական քաղաքակրթության վախճանը եւ նշում է այդ ամենի պատճառները։ Ըստ Շպենգլերի ուսումնասիրության՝ քաղաքակրթությունների կործանման պատճառները նույնն են եղել բոլոր ժամանակաշրջաններում։ Դրանք են՝

1․ աթեիզմի եւ նյութապաշտության աննախադեպ աճ եւ գերակայություն

2․ արտաքին աշխարհից ագրեսիվ ներխուժումներ

3․ հեղափոխական գաղափարների առկայություն հասարակության մեջ

4․ գիտական եւ տեխնիկական նվաճումների աճ /սցիենտիզմ/

5․ ուրբանիզացիա /բնակչության կենտրոնացում մեծ քաղաքներում /

Մ. Գրիգորյանին վերագրվեցին հանցագործություններ, որ ոչ միայն մտերիմները հրաժարվեցին նրանից, այլ մտերիմներից մեկի շունը տանից փախավ. Փաստաբան

 6․ բարոյալքում եւ հոգեւոր արժեքների կորուստ

Դիտարկենք Շպենգլերի ներկայացրած բոլոր կետերը Եվրոպայի մեկ դարյա պատմության մեջ։

1․ Աթեիզմի եւ նյութապաշտության աննախադեպ աճ եւ գերակայություն

Հիշեցի մի քանի տարի առաջ համացանցում ընթերցած եվրոպական երկրներում անհավատության տոկոսի մասին թեստից մի քանի տվյալ։ Ինձ ահավոր զարմացրեց այն, որ Ավստրիան անհավատությամբ Եվրոպայում գրավում է առաջին տեղը։ Ավստրիան, որ կաթոլիկ եկեղեցու կենտրոնական շրջաններից էր, արվեստի եւ գրականության կենտրոն, Եվրոպայի խորհրդանիշ, մշակույթի խորհրդանիշ եւ․․․ անհավատ, նյութապաշտ։ Կարլ Մարքսը բառի մեջ սխալվել է․ ողջ Եվրոպայում շրջում է ոչ թե կոմունիզմի, այլ անհավատության հոգին։  Անհավատությունն ու նյութապաշտությունն են շրջում Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Նորվեգիայում,Գերմանիայում․․․Կաթոլիկ հավատով աչքի ընկնող մի քանի երկրներ կանգնած են նույն ճանապարհին։ Ո՞ւր պետք է փախչեն Եվրոխորհրդի ծրագրած ընդհանուր կործանարար ուղուց Իսպանիան, Լեհաստանը, Չեխիան, Իտալիան, ուղղափառ Սերբիան։ Ժան Պոլ Սարտրն ասում էր․ «Աստված մեռավ։ Մարդն ազատ է այս աշխարհում»։ Եվրոպայում Աստված չկա։ Գուցե եւ երկու աշխարհամարտերի ժամանակ հավատը թեթեւակիորեն ծնունդ տվեց ոմանց հոգիներում, բայց դա տեւեց շատ կարճ։ Եվրոպայի գերակշռող մասում մարդը վաղուց է դադարել իր գործերում առաջնորդվել Աստծով, դիմել նրան։ Խորհրդի համար գոյություն ունեն հոգեբանները եւ հոգեվերլուծողները, ոչ թե Աստված, ոչ թե դիմումը առ նա։ Օսվալդ Շպենգլերն ասում էր․ «Համաշխարհային պատերազմը արեւմտյան քաղաքակրթության հոգեվարքն է»։ Նա նկատի ուներ Առաջին աշխարհամարտը, քանի որ երկրորդին այլեւս կենդանի չէր / մահացել է 1936 թվականին /։ Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտը հոգեվարքի հաջորդ փուլն է, ավելի սարսափելին եւ ազդեցիկը։ Շպենգլերը համարում էր, որ մյուս քաղաքակրթություններն էլ են վերացել նույն կերպ / օրինակ՝ հունա-հռոմեականը 5-րդ դարում վերացավ հոգեվարքի փուլերով /։ Հիտլերի իշխանության մասին նա ասում էր․ «Այն կգոյատեւի հազիվ տաս տարի»։ Նրա խոսքերը մարգարեական էին։ Ընդհանրապես, Շպենգլերը կարողանում էր ճիշտ ժամկետներ գուշակել տարբեր երեւույթների կամ անձանց շուրջ։ Նրա  պատմամշակութային համակարգում կարեւոր տեղ ունեն թվերը։ Համեմատելով տարբեր բռնապետությունների գոյատեւման ժամանակները՝ նա կարողանում էր համարյա ճշգրիտ հաշվառել որեւէ նոր բռնապետի իշխանության ժամկետը։ Շպենգլերն  ասում է, որ ամեն մշակույթ եւ քաղաքակրթություն ապրում է մոտ 1000 տարի։ Սա, ըստ նրա, օրինաչափություն է։ Ուրեմն եվրոպական-արեւմտյան քաղաքակրթության կյանքը / սրա մեջ Շպենգլերը ներառում է նաեւ ամերիկյանը/ եւս մոտ հազար տարի է / Շպենգլերը եվրոպական մշակույթ-քաղաքակրթության սկիզբը համարում է 10-րդ դարը, իսկ վերջը, բնականաբար, մեր ժամանակներն են /։

Աշխարհի 30 պրոֆեսիոնալ մոդել Երեւանում կմասնակցեն «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթին

Արեւմուտքը ոչ մի դաս չքաղեց երկու աշխարհամարտերից։ Շպենգլերը վախճանի պատճառ համարում է ռացիոնալիստական միտքը, մարդակենտրոն գիտակցությունը,  որն ուշ միջնադարում եկավ փոխարինելու աստվածակենտրոն գիտակցությանը։ Մարդը, նրա գիտակցությունը, աշխարհի ճանաչողության սեփական, առանց Աստծո փորձը Արեւմուտքը տարավ զարտուղի, կտրեց ճշմարիտ ճանապարհից։ Ամեն մշակույթ եւ քաղաքակրթություն ունեն իրենց խորհուրդը։ Եվրոպական մշակույթի խորհուրդը ֆաուստյան գիծն է։ Գյոթեի Ֆաուստը ուզում էր ճանաչել ճշմարտությունը սեփական փորձով։ Ահա այդ ուղով էլ ընթանում էր Եվրոպան՝ ճանաչել ամեն ինչ առանց Աստծուն դիմելու՝ սեփական փորձով։ Սկզբում դա պտուղ էր տալիս․ արեւմտյան մշակույթը զարգացավ, հասավ որոշակի հաջողությունների, բայց արդյունքում, փակվելով իր մեջ, մոռանալով Աստծուն եւ հոգեւորը՝ գնաց դեպի կործանում։ Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչ է մնացել քրիստոնեությունից Գերմանիայում, Հոլանդիայում, Դանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում եւ այլուր։ Եկեղեցում պսակելով արվամոլներին, թմրամոլությանն ազատ իրավունքներ տալով, երեխաներին եւ պատանիներին դաստիարակելու եւ ուրիշ հասարակական հարցերում խախտելով աստվածաշնչյան պատգամները, ընդհանրապես սահմանադրություն եւ օրենքներ մշակելիս զանց առնելով Սուրբ Գրքի օրենքներն ու խրատները՝ Արեւմուտքն արդեն իրեն դատավճիռ է կայացրել։   

2․ Արտաքին աշխարհից ագրեսիվ ներխուժումներ․

Շպենգլերը նկատի ունի ոչ եվրոպական ժողովուրդների, որոնք մշակութային աստիճանով ցածր են իրենցից, ներխուժումը, քանի որ պատերազմներ եվրոպական պետությունների միջեւ միշտ էլ եղել են։ 5– րդ դարում հռոմեական քաղաքակրթության վախճանը եղավ բարբարոս ցեղերի ասպատակությունների պատճառով՝ գոթերի, վանդալների, հոների։ Նույնը սպասում է ժամանակակից Եվրոպային։ Սակայն Եվրոպայի, ընդհանրապես Արեւմուտքի համեմատ ովքե՞ր են բարբարոսներ։ Այդ հարցի պատասխանը մենք տեսնում ենք այսօր Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ներգաղթած մարդկային զանգվածների մեջ։ Սա յուրօրինակ ագրեսիա է, որի պտուղներն արդեն սկսում են երեւալ։ Եվ սա արդյունքն է աստվածային առաջնորդությունը կորցրած բանականության։ Ժողովրդական խոսքն ասում է․ «Երբ աստված որոշում է պատժել որեւէ մեկին, առնում է նրա խելքը»։ Ինչով են մտածում որոշ եվրոպական առաջնորդներ եւ քաղաքական գործիչներ՝ չգիտեմ։ Խելքով մտածող մարդն իր տանը չի տեղավորի մեկին, որն ուրիշ բարքերի, օրենքների հետեւորդ է, ուրիշ մշակութային եւ հոգեւոր արժեքների կրող։ Առակաց գիրքն ասում է․ «Եթե Աստված տունը չշինեց, շինարարներն իզուր չարչարվեցին »։ Տունը, որ կոչվում է Եվրոխորհուրդ, արդեն տվեց իր առաջին ճաքը՝ ընդունելով իր տարածք Արեւելքի բազմահազարանոց ամբոխին։ Ուղղակի ապշել կարելի է՝ մի քանի պետական այրեր, ստեղծելով Եվրոպայի ղեկավարության խորհուրդ, հայտարարելով իրենց դեմոկրատական սկզբունքների, մարդասիրական սկզբունքների շտեմարան եւ խորհրդանիշ, որոշում են ժողովուրդների ճակատագրեր, պարտադրում ոմանց դեմոկրատական ապրելակերպի եւ բարոյականության իրենց պատկերացրած չափանիշները, սիրով իրենց տուն են հրավիրում հոգեւոր–մշակութային եւ բարոյական իրենց ոչ հարիր էության հսկայական զանգվածներին, հետո մտածում են՝ ինչպես ազատվեն իրենցից։ Ուղղակի ապշեցնում են եւ ծիծաղեցնում ամեն օր իրենց կայացրած որոշումներն ու հետեւությունները։ Աբսուրդի թատրոնի հայրերը՝ Իոնեսկոն կամ Բեքետը, կարող էին սուր, երգիծական պիեսներ գրել այս ամենի կապակցությամբ։

«Գիժ անտերը»` նոր քաղաքային իշխանության խոսելաոճի էտալոն

Շպենգլերը տարբերակում էր երկու մշակույթ՝  սպիտակ եւ գունավոր։ Սպիտակը եվրոպական մշակույթն է, իսկ գունավորը՝ ոչ եվրոպականը։ Մաշկի գույնով չեն որոշվում գունավոր մշակույթի կրողները / դրանց թվում է նաեւ եվրոպական մշակույթ-քաղաքակրթության ավերակների վրա բարձրացող ռուս-սիբիրականը։ Շպենգլերը համարում էր, որ եվրոպական առայժմ հզոր պետությունները ոչ մի կերպ չեն կարողանա կասեցնել ռուս-սիբիրական մշակույթի զարգացումը եւ հասունացումը։ Դա անխուսափելի գործընթաց է /։ Իր «Վճիռների տարիներ» աշխատության մեջ ահա թե ինչ է գրում նա գունավոր մշակույթի կրողների մասին․ «Գունավորները մարդասեր չեն։ Նրանք կյանքից կախված չեն, որի միակ արժեքը նրա շարունակությունն է։ Նրանք կբարձրացնեն սուրը, եթե մենք այն նետենք։ Մի ժամանակ իրենք վախենում էին սպիտակից, իսկ հիմա նրան արհամարհում են։ Այդ կարծիքը կարելի է կարդալ իրենց աչքերում, երբ սպիտակ տղամարդիկ եւ կանայք իրենց պահեն նրանց առջեւ այնպես, կարծես գտնվում են իրենց սեփական տանը։ Առաջ մեր հզորությունն իրենց սարսափեցնում էր, ինչպես առաջին հռոմեական լեգիոնները՝ գերմանացիներին։ Իսկ այսօր, երբ նրանք հզորացել են, իրենց խորհրդավոր հոգին, որը մենք երբեք չենք հասկանա, ուղղվում է եւ նայում սպիտակներին բարձրից, ինչպես ինչ-որ անցյալ բանի վրա»։  Դժվար չէ կռահել, թե որ ժամանակների մասին է խոսքը։ Իսկ «Եվրոպայի մայրամուտը» երկում  Օսվալդ Շպենգլերը գրում է․ «Եվրոպային մոտ ժամանակներում սպասում է անկում եւ կործանում պատանի ժողովուրդների եւ օտար զավթիչների ուրախության ֆոնի վրա»։ Հիշենք 476 թվականին գոթերի առաջնորդ Օդոակրին, որը, գրավելով Հռոմը, վերցրեց թագը վերջին կայսրի գլխից եւ, իր ցեղակիցների համընդհանուր ուրախ բացականչությունների տակ, հայտարարեց․ «Դու այլեւս կայսր չես»։ Դա համարվում է հունա-հռոմեական քաղաքակրթության վերջը։

3․ Հեղափոխական գաղափարների առկայություն հասարակության մեջ․

Ինչպես տեսանք՝ Շպենգլերը քաղաքակրթության կործանման նախանշան է համարում նաեւ հեղափոխական գաղափարների առկայությունը։ Աստծուն հավատացող հասարակությունը գործողության եւ առաջնորդության չափանիշ է համարում Աստծուն դիմումը, հոգեւոր կապը նրա հետ, աստվածակենտրոն բանականությունը։ Անհավատ, աթեիստ հասարակությունն ինքնիշխան է, նրա չափանիշն իր գաղափարներն են եւ ցանկությունները։ Բնականաբար այդ հասարակության մեջ ամեն ոք ունի իր ճշմարտությունը, արդարության եւ ազատության մասին իր պատկերացումները, իր երազանքները, իր պայքարը։ Ահա հենց այդպիսի հասարականության մեջ են գոյանում հեղափոխականությունը եւ հեղափոխությունները։ Շպենգլերն ասում է, որ իր անկման փուլում եվրոպական մշակույթի կամ «սպիտակ մշակույթի» մեջ կառաջանան այսպես կոչված ««սպիտակ»» հեղափոխություններ, որոնց գոյացումը նա կապում էր լիբերալիզմի, սոցիալիզմի եւ նմանատիպ գաղափարների հետ / Դոստոեւսկին այդ գաղափարները կրողներին չարքեր էր համարում, սատանայի ծառաներ /։ Այդ ուժերը, ասում էր Շպենգլերը, պատմության մեջ հայտնի բոլոր քաղաքակրթությունները տարել են դեպի անկում եւ համակարգի ներքին քայքայում։Ահա թե ինչպես է իր գրքում նկարագրում Շպենգլերը ռուս բոլշեւիկներին եւ գերմանական նացիոնալ-սոցիալիստներին․ «Սոցիալիզմը՝ հակառակ արտաքին պատրանքներին, ամենեւին էլ գթասրտության, մարդասիրության, խաղաղության եւ մարդկային հոգածության համակարգ չէ, այլ իշխանության հանդեպ կամքի համակարգ․․․ «բարեփոխում» բռնության միջոցով․․․ Մնացյալ ամեն ինչը ինքնախաբեություն է»։ Հեղափոխության արդյունքում իշխանության եկած մի քանի կուսակցություն հսկայական մարդկային զանգվածներ ոչնչացրին ամբողջ Եվրոպայի տարածքում / Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա /։ Դրա նախադեպը չկա ողջ մարդկության մեզ հայտնի պատմության ընթացքում։

«Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և կանցնի»  Ս.ԽՈՒԴՈՅԱՆ

4 Գիտական եւ տեխնիկական նվաճումների աճ / սցիենտիզմ /

20-րդ դարն, ընդհանրապես, հայտնի էր  գիտական եւ տեխնիկական նվաճումներով։ Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքում նկարագրվում է մի տեղամաս Հռոմի մոտ, որ կրում է «Երեք պանդոկներ» անունը։ Այդ «Երեք պանդոկները» գոյություն ունեին մոտ 300 տարի, այնինչ մեր օրերում բացված որեւէ ռեստորանի կամ սրճարանի կյանքն ամենաշատը մի քանի տարի է։ Հազարամյակների ընթացքում զինվորները կռվում էին թրով, նիզակով, նետ ու աղեղով, իսկ անցյալ եւ այս դարերում զենքի տեսականին տեխնիկապես այնպես է հագեցել, որ չես հասցնում տեղավորել այդ քո գիտակցության մեջ։ Աճել է կենցաղային տեխնիկական ապրանքների արտադրությունը։ Մենք չենք հասցնում յուրացնել որեւէ հեռախոս, մագնիտոֆոն, հեռուստացույց, եւ արդեն վաղը մեզ մատուցում է տեխնիկայի վերջին արտադրանքը՝ բջջային հեռախոսը, համակարգիչը, տարբեր կարգի փոքրածավալ, տարողունակ եւ տեխնիկապես ավելի կատարյալ կրիչները։ Սցիենտիզմը / լատին․՝ ճանաչողություն, գիտություն / գաղափարական դիրք է, որի հիմքում ընկած է գիտական ճանաչողության մասին պատկերացումը՝ որպես գերագույն մշակութային արժեքի եւ մարդու այս աշխարհում ուղղորդվելու որոշիչ դերի։ Եթե ժամանակին, երբ աստվածակենտրոն գիտակցությունն էր դոմինանտի վիճակում որպես գաղափարական դիրք / դա միջին դարերում էր, երբ եվրոպական մշակույթը զարգացման փուլում էր /, գիտնականը աշխատում էր որեւէ հայտնագործություն անել՝ հենվելով եկեղեցական դոգմաների վրա կամ չշրջանցելով դրանք / իրենց եւ՛ դրական, եւ՛ բացասական ազդեցությամբ  եւ հետեւանքներով /, ապա վերջին երկու-երեք դարերում գիտական ճանաչողությունը կտրվել է աստվածային լույսից, դարձել առանձին միավոր, առանձին փորձառություն՝ հաճախ հերքելով Աստծու գոյությունը։ Շպենգլերի ժամանակներում արդեն ընդունված էր համարել, որ Աստված երեւակայության արդյունք է, հաշիշ ժողովրդի համար կամ անգրագիտության պատճառով առաջացած տեւական գաղափար։ Գիտության եւ բանականության դերը մինչեւ Առաջին աշխարհամարտը շատ բարձր էր։ Աշխարհամարտը հիասթափեցրեց շատերին, որոնք համարում էին, որ մարդը կփոխի աշխարհը գիտության նվաճումներով եւ բանականության գերակայությամբ, սակայն չվերադարձրեց Աստծու հանդեպ հավատը։ Երկրորդ աշխարհամարտն ավելի խորացրեց քաղաքակրթության հոգեւոր եւ գաղափարական ճգնաժամը։ Որոշակի հետաքրքրություն առաջացավ քրիստոնեության հանդեպ, նաեւ բուդդիզմի, քրիշնայականության / հիպպի շարժումը /, սեռական ազատության միջոցով հոգեւոր ներդաշնակության հասնելու հանդեպ / Վիլհելմ Ռայխ, /,տարբեր կարգի փիլիսոփայական եւ հոգեւոր ուղղությունների հանդեպ / Ժան-Պոլ Սարտր, Հերբերտ Մարկուզե, Օշո /, հեղափոխական պարագլուխների եւ նրանց ուսմունքների հանդեպ / Մաո Ցզե Դուն, Լեւ Տրոցկի, Չե Գեվարա / եւ այլն։ Տեղի ունեցավ կատարյալ հոգեւոր-փիլիսոփայական-բարոյական խառնաշփոթ / 1960 – 1980-ական թվականներ /։ Ժամանակակից Եվրոպան բացի աթեիզմից, սցիենտիզմից, հակում ունի ընդունելու մահմեդականությունը՝ որպես ամենագործուն եւ, ըստ շատ երիտասարդների, միակ ճշմարիտ կրոն։ Իզուր չէ, որ շատ եվրոպացի եւ ռուս երիտասարդ տղաներ եւ աղջիկներ կռվում են Իգիլի շարքերում իրենց ազգակիցների եւ քրիստոնյաների դեմ։ Ժամանակակից աշխարհը ներկայացնում է մի խայտաբղետ կոկտեյլ տարբեր փիլիսոփայական, կրոնական, գաղափարական ուղղություններից, որոնց մեջ իր քիչ, թե շատ երեւացող տեղն ունի Քրիստոսի մասին ուսմունքը՝ բազմապիսի խմբագրումներով եւ շեղումներով։ Օսվալդ Շպենգլերը շեշտում է, որ աշխարհի բեմից վաղուց հեռացած անցյալ քաղաքակրթությունները հենց այդ խառնիճաղանճ գաղափարակրոնական կոկտեյլի ժամանակ վերացան աշխարհի երեսից։ Հռոմեական քաղաքակրթության վերջին շրջանում այդ կոկտեյլն ակնբախ էր / հենց միայն Հռոմում տարածված էին ոչ միայն հունա-հռոմեական աստվածների պաշտամունքը եւ քրիստոնեությունը, այլեւ եգիպտական, ասորական, քաղդեական, փյունիկյան, կելտական եւ այլ աստվածների եւ կուռքերի պաշտամունքը։ Եվ, որ դարձյալ շեշտում է վերջին քաղաքակրթության հետ զուգահեռականը, գիտությունն աննախադեպ աճ ուներ։           

Նավասարդ սրբազանը կոչ արեց երեւանցիներին «քա՛յլ անել» եւ մոտենալ Աստծուն

5 Ուրբանիզացիա / բնակչության կենտրոնացում մեծ քաղաքներում /․

Շպենգլերն ասում է․ «Մեր աշխարհի քաղաքներում այլեւս չկա ժողովուրդ, այլ կա զանգված»։ Սա քաղաքակրթության կործանման նշաններից է։ Մեծ քաղաքներում / այժմ արդեն մեգապոլիսներում / կուտակված զանգվածն անդեմ է, անհոգի, կտրված բնությունից եւ Աստծուց։ Այդ զանգվածին հեշտ է կառավարել, տալ ուզած ուղղությունը։ Այն կորցրել է էական զգացողություններն ու ապրելու ճշմարիտ նպատակը։ Նրա կյանքը մեքենայացված է, օրվա գրաֆիկը՝ կանխատեսելի, հոգսերը՝ ոչ էական  / 4-րդ դարի մեծ ճգնավոր Ս․Անտոն Անապատականն այսպես է նկարագրել մեծ քաղաքից ստացած իր տպավորությունը․ «Քաղաքում կրոնավորը նման է ափ նետված ձկան» /։

Ընթերցենք երկու հատված  «Եվրոպայի մայրամուտը» երկից Եվրոպայի քաղաքների եւ քաղաքակրթության մասին․

«Քաղաքների զանգվածացումը նշանակում է հսկայական քաղաքներ գյուղերի փոխարեն։ Ժամանակակից քաղաքացին դա նոր քոչվորն է եւ անաստվածը։ Նրա համար կարեւորը փողն է եւ իշխանությունը, այլ ոչ թե հերոսական պատմությունները եւ հայրենասիրությունը»։

«Քաղաքակրթության այլասերումը ծնում է պատերազմներ համաշխարհային տիրապետության համար»։

6 Բարոյալքում եւ հոգեւոր արժեքների կորուստ

Եվրոպայի պետությունները շատ են սիրում խոսել եվրոպական արժեքներից։ Իսկ հիմա՞, ի՞նչ է մնացել այնտեղ եվրոպական արժեքներից։ Գուցե այն, որ թանգարանների աշխատողները ջանասիրությամբ մաքրում են փոշին նկարների կամ քանդակների վրայի՞ց, կամ գուցե այն, որ պուրակների ծառերը կամ ծաղիկները ոչ ոք չի՞ փչացնում, կամ գուցե այն, որ փողոցներում, խանութներում, տարբեր հաստատություններում ոչ ոք ոչ ոքի չի՞ վիրավորում, բոլորը քաղաքավարի՞ են։ Երանի վիրավորեի՜ն, երանի անքաղաքավարի գտնվեի՜ն։ Դա կլիներ չարիքի փոքրագույնը։ Միասեռականությունը, պեդոֆիլիան, զոոֆիլիան, կաննիբալիզմը Եվրոպայում հասել են սարսափելի չափերի։ Իշխանությունները հիմնավորում եւ օրինականացնում են այդ ամենը կրողների իրավունքները։ Ավելին՝ նրանք պարտադրում են բոլոր երկրներին, մանավանդ նրանց, որոնք ուզում են միանալ Եվրախորհրդին, հետեւել իրենց՝ մոռանալով, որ Աստվածաշունչը պիղծ է համարում իրենց ճանապարհը։ «Մի՛ խաբվեք․ ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն» ․ ասում է Պողոս առաքյալը / Ա Կորնթ 6։9–10 /։ Սակայն Եվրոպայում կարծում են, որ իրենք, երեւի, ավելի մարդասեր են, քան Աստված։ Կամ, ավելի շուտ, իրենք մարտահրավեր են նետել Աստծուն, իբր՝ տես, թե ինչեր ենք անում առանց քեզ։

Հայկ Մարությանի երդման արարողությանը հրավիրվել են նաև նախկին քաղաքապետերը

Կարծեմ 2006 թվականին էր, երբ Եվրատեսիլում առաջին տեղ գրավեց ֆիննական ռոք խումբը, որն իր երգով կանչում էր սատանային՝ իշխելու այս աշխարհին, վռնդելու հնում մարգարեների քարոզած Օծյալին, որից աշխարհը հոգնել է։ Փաստորեն Եվրոպայի բնակչության մրցույթին մասնակցողների մեծ մասը արեց այդ ընտրությունը, այդ երգի տեքստը բխում էր իրենց հոգուց։ Իրենք հոգնել են պատվիրաններ քարոզող Աստծուց, իրենք ուզում են ազատ լինել պատասխանատվությունից, ապրել այնպես, ինչպես կթելադրեն իրենց կրքերը, ցանկությունները։ Իսկ 2014 թվականի Եվրատեսիլում հաղթեց ավստրիացի անհայտ սեռի ներկայացուցիչ Կոնչիտան, որն ուներ կանացի կրծքեր, կանացի մարմին, կանացի ձայն եւ տղամարդու մորուս։ Տպավորությունն այն էր, որ Կոնչիտայի ընտրությունը պարզապես մարտահրավեր էր՝ նետված Ռուսաստանին, որը մինչ այդ հրաժարվել էր գենդերային օրենքն ընդունելուց։ Եվրոպական մի քանի պետության կառավարական պաշտոնյաներ Եվրատեսիլից հետո հայտարարեցին, որ Ռուսաստանը կարող է մոռանալ Եվրատեսիլում տեղ գրավելը, քանի դեռ չի ընդունել գենդերային օրենքը։ Իսկապես, ուղղակի ապշել կարելի է եվրոպական պաշտոնյաների ամենօրյա որոշումներից եւ հայտարարություններից։ Ծննդյան տոնի նախօրեին նրանցից ոմանք կոչ արեցին եվրոպացիներին չխաչակնքել հասարակական վայրերում, կրծքերին խաչ չկրել, եկեղեցիների զանգերը չտալ, ոմանք էլ նույնիսկ հորդորեցին չնշել Ծննդյան տոնը՝ հարգելու համար Եվրոպայում լցված ներգաղթյալ մահմեդականների հավատը։ Ի՜նչ աստիճանի ամոթալի վիճակում են գտնվում։ Մոռացել են, թե ինչպես էին իրենց զորավարները՝ Կառլոս Մեծը, Ռիչարդ Առյուծասիրտը, Ֆրիդրիխ Բարբարոսսան, ժամանակին ջախջախում նրանց, ովքեր ձեռք էին բարձրացնում իրենց հավատի՝ քրիստոնեության վրա։ Այսինքն՝ բարոյազուրկ եւ հոգեզուրկ քաղաքակրթությանն այլեւս քրիստոնեություն պետք չէ, ավելի կարեւոր բաներ կան։ Եվրոպական դեմոկրատիա՜, եվրոպական արժեքնե՜ր․․․ Ինձ թվում է, որ ամերիկացի գրող Հենրի Միլլերը հենց եվրոպական դեմոկրատիան է նկատի ունեցել՝ ժամանակին ասելով․ «Դեմոկրատիան այն է, երբ կույրը առաջնորդում է կույրին»։

Աստված միջամտում է մարդկանց կյանքին։ Աստված միշտ միջամտել է եւ միջամտելու է։ Գուցեեւ շատերն այդ չեն տեսնում / դրա համար էլ է աչք պետք, փակհոգի քաղաքակրթությունն այդ, ըստ երեւույթին չի նկատում /։ Աստված մանավանդ միջամտել է մարդկանց կյանքին, երբ նրանք անցել են բարոյականության բոլոր սահմանները՝ նրանք, որոնք Աստվածաշնչով են հաստատված։ Եթե Եվրոպան աչք ունենար, նա կնկատեր, որ միշտ մարդկային զանգվածային մեծ աղետների ժամանակ աստվածային պատվիրաններից ոչինչ չի պահպանվել։ Այդ ասում է եւ Շպենգլերը՝ օրինակներ բերելով հին քաղաքակրթությունների վերջին օրերի անբարոյական կյանքից, այդ ասում է նաեւ Աստվածաշունչը՝ պատմելով Նոյի ջրհեղեղի, Սոդոմի եւ Գոմորի կործանման, Մովսեսի ժամանակներում քանանացիների քաղաքների կործանման մասին։ Բոլոր այդ ժամանակներում մարդկանց մեջ աննախադեպ չափերի է հասել շնությունը, միասեռականությունը, պեդոֆիլիան / մանկամոլություն /, զոոֆիլիան / անասունների հետ սեռական հարաբերություններ /, կաննիբալիզմը / մարդակերություն՝ մինչ այդ զոհի հետ սեռական հարաբերությամբ / եւ շատ ուրիշ տարատեսակներ Աստծո համար զզվելի բարոյական եւ հոգեւոր այլասերումների / Երկրորդ Օրինաց 20։16– 18, Հեսու 3։9 – 11, 6։20 21, 8։24 – 25,11։14 եւ այլն /։

«Ես դեռ պիտի ընկալեմ քաղաքապետ Մարությանի մոտեցումները»

Եվ այսպես՝ հիշողությունը եւ հոգին կորցրած եւ կործանման հաճույքով հագեցող Եվրոպայում մայրամուտը դեռեւս շարունակվում է։ «Ամեն քաղաքակրթություն ունի իր հոգին։ Առաջին շրջանում այդ հոգին ծնում է լեզու, հավատ, արվեստ, գիտություն եւ պետություն, երկրորդ շրջանում հոգին հանկարծակի չորանում է, որ տանում է քաղաքակրթության անկման եւ կործանման։ Երիտասարդ քաղաքակրթությունները ծաղկում են, ինչպես դաշտի ծաղիկները, հին քաղաքակրթությունները հիշեցնում են հսկայական չորացած ծառեր, որոնք չռել են իրենց փտող ճյուղերը կուսական անտառում»․ ասում է Օսվալդ Շպենգլերը՝ Եվրոպայի կործանման փող հնչեցնողը։ 

Եվրոպային, որտեղ ապրել եւ ստեղծագործել են Դանթեն, Պետրարկան, Ռաֆայելը, Լեոնարդոն, Միքելանջելոն, Սերվանտեսը, Շեքսպիրը, Բախը, Հայդնը, Մոցարտը, Բեթհովենը, Շումանը, Շոպենը, Լիստը, Բրամսը, Գյոթեն, Հյոլդերլինը, Հյուգոն, Բալզակը, Ապոլիները, Լորկան, Պիկասսոն․․․ այդ Եվրոպային մոտենում է գիշերը։

Մեզ՝ բոլորիս, Եվրոպայի հետ ամուսնացածներիս, մեծագույն փորձություններ են սպասում։ Եվ տա մեզ Աստված հավատ եւ հոգու ամրություն՝ դիմակայելու եւ արդարանալու։

Ամե՛ն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА