ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՎՃՌՈՐՈՇ

12.09.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՎՃՌՈՐՈՇ

Վարչապետ Փաշինյանը շարունակում է պատեհ ու ոչ պատեհ ամեն մի առիթով բոլոր հարթակներից «կպած» համոզել, թե հայ-ռուսական հարաբերություններն իրոք ամենաբարձր մակարդակի վրա են: Ինչպես «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովն է տեղեկացնում իր հրապարակման մեջ, Փաշինյանն անգամ Վլադիմիր Պուտինին էր փորձում նույն բանը համոզել վերջին հանդիպման ժամանակ. «Ցանկանում եմ շեշտել, որ չնայած որոշ հոռետեսությանը, որն այժմ առկա է ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական մամուլում, ե՛ւ համացանցում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում, շատ բնական»: Միայն թե, ըստ թղթակցի. «Տարօրինակ է, որ Ռուսաստանի նախագահը գոնե մեկ անգամ նման սիրալիրությանը գլխով հավանության նշան չարեց»:

Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

 

ՀԻՄԱ Ո՞Վ Է «ԳՈՒԺՈՒՄ», ԹԵ՝ ՀՀ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԶՈՀՎԵԼ ԵՆ»

Չնայած դրան, Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանն էլ ավելի է ոգեւորվել՝ բոլոր ելույթներում անպայման ընդգծելով, թե՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր են: Մինչեւ իսկ նախօրեին Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում մայրաքաղաքային ընտրությունների քարոզարշավի շրջանակներում վարչապետը չմոռացավ այդ մասին խոսել. «Մի շաբաթ առաջ գուժում էին, ասում էին՝ վա՛յ, էս ինչ եղան հայ-ռուսական հարաբերությունները, ձախողվեցին, տապալվեցին: Էսօր ես պատասխանատու հայտարարում եմ: Երրորդ հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր են: Հասկացել են, որ ըտենց ա, հիմա էլ գուժում են՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են զոհվել, լացում են առավոտից գիշեր...»:

Ինքն իրե՞ն է փորձում Փաշինյանը համոզել, թե Հայաստանի բնակչությանը, դեռ կտեսնենք: Սակայն այս պահին խնդիրն այն է, որ արդեն նաեւ այս կամ այն չափով նրա թիմին հարողներն են սկսել թարս աչքով նայել ինչպես ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ու դրան հաջորդած հայ-ռուսական գերբարձր մակարդակի հարաբերությունների մասին փաշինյանական հայտարարություններին, այնպես էլ՝ այդ համատեքստում նրա տված խոստումներին: Ասենք, արդեն նաեւ հրապարակավ է խոսվում, որ այդ խոստումները նախ Փաշինյանը տվել է Պուտինին՝ սեփական դիրքերի համար: Օրինակ՝ հին ՀՀՇ-ական եւ արեւմտամետ հայացքներով հայտնի Կարապետ Ռուբինյանը ¥ում որդին ուղղակիորեն Փաշինյանի թիմակիցն է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ¤ անցել է Փաշինյանի նկատմամբ բացահայտ մեղադրանքների. «Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»:

Պեսկով. Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 17-ին կհանդիպեն Սոչիում

Սակայն հարցը միայն դա չէ: Շատ ավելի էական է այն հանգամանքը, որ իրենց Փաշինյանի գաղափարական զինակիցներ համարող տիպիկ արեւմտամետների համարում ունեցող տարբեր փորձագետներ են սկսել վարչապետին ուղղված հստակ նախազգուշացումներ հղել՝ կապված Սիրիայում հումանիտար նախաձեռնությամբ հանդես գալու մասին հայտարարության հետ: Նույն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ: Պարոն Փաշինյանը կա՛մ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կա՛մ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից»: Իսկ ահա քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հայտարարության մեջ նույնիսկ վատ թաքցրած սպառնալիք կա. «Սիրիայում Հայաստանի ցանկացած մարդասիրական առաքելություն միջազգային մանդատի կարիք ունի, առանց այդ մանդատի ռուսական ինքնագործունեության շրջանակներում ինչ-որ նախագծերի մասնակցությունը շատ մեծ ռիսկեր է պարունակում եւ դժվար է պատկերացնել, թե ինչ ծավալի դրանք կարող են լինել: Ամեն դեպքում, Հայաստանի արեւմտյան գործընկերների՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի մոտ հարցեր կծագեն... Հայաստանը չպետք է իր գործողություններով տպավորություն ստեղծի, որ դառնում է այդ հանցագործության մասնակիցը՝ միայն Ռուսաստանին սիրաշահելու համար»:

ՈՒ ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԵՐԱԲԵՐՎԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ` «ՈՉ ՄԻ ՊՐՈԲԼԵՄ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ»-ԻՆ

Հիմա ո՞վ է «գուժում», թե՝ «Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զոհվել են», ինչպես որ Փաշինյանն է բնութագրում, թողնենք նա որոշի: Չնայած, ամենաէականը ոչ թե դա է, այլ բուն իրավիճակը, որը, ի դեպ, միանգամայն կանխատեսելի էր: Այն է՝ Փաշինյանը եթե որոշեր՝ շարունակել իր երբեմնի ծայրահեղ արեւմտամետականությունը, նույնքան ծայրահեղ խնդիրներ էր ունենալու Մոսկվայի հետ: Եվ հակառակը, ռուսական վեկտորի վրա հստակորեն կանգնելու պարագայում, ինչի մասին փորձում է այս օրերին բոլորին համոզել, ինչպես արդեն իսկ տեսնում ենք, նույնքան լուրջ խնդիրներ են առաջացնում Արեւմուտքի հետ: Ընդ որում, Փաշինյանի պարագայում հայտնի «եւ-եւ»-ի տարբերակը բացարձակապես չի կարող աշխատել: Նա ժամանակին իրենց ցույց է տվել, որպես ընդգծված արեւմտամետ, հիմա փորձում է ցույց տալ` որպես ընդգծված ռուսամետ, եւ արդյունքում այդ երկու ¥առնվազն¤ աշխարհաքաղաքական թեւն էլ, առնվազն իրենց խաբված չզգալու համար, վերջնական կողմնորոշման պահանջ են դնում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Կկարողանա՞ Փաշինյանը միանգամայն հակասական այդ շահ-պահանջների հարթությունում այնպես մանեւրել, որ միաժամանակ երկու թեւի համար էլ մնա ընդունելի ֆիգուրա, այդ դեպքում նրան արդարացիորեն հարկ կլինի համարել մեծագույն գործիչ: Սակայն փաստն այն է, որ ներկայումս տեսնում ենք միայն այս ու այն կողմերի միջեւ տատանողական շարժումներ, որը միայն հակառակ կողմի  առնվազն նախազգուշացումներն է առաջ բերում եւ ակնարկներ, որ դրանք կվերածվեն կոնկրետ հարվածների: Ի դեպ, երեկ համացանցում շրջանառության մեջ հայտնվեց ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի պետերին վերագրվող մեկ սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսում: Եթե, իհարկե, այդ կառույցներն արագորեն չապացուցեն, որ կեղծիք չէ, այդ դեպքում ո՞վ կերաշխավորի, որ սա միանգամայն կոնկրետ հարված չէ:

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Այսպիսով, թեեւ Փաշինյանն ամեն կերպ համոզում է, որ արտաքին քաղաքական իրավիճակը միանգամայն վերահսկելի հարթությունում է, սակայն այն, որ նա հայտնվել է մյուս հայտնի բանաձեւի՝ «կամ-կամ»-ի առաջ, դժվար չէ ենթադրել: Ավելին, Սիրիա Հայաստանի  դրոշը, թեկուզ սակրավորների եւ ռազմական բժիշկների միջոցով գործուղել եւ Հայաստանի ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ ռուսների մուտքն արտոնելը նրա կողմից արված ակնարկի է նմանվում, որ նա այդ «կամ»-երից մեկի օգտին կողմնորոշվել է: Նկատենք, որ սրանք Փաշինյանի ակնարկանման միակ հայտարարությունները չէին: ՌԴ նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը խոսեց նաեւ Արցախի մասին, ընդ որում՝ հնչեցնելով մտքեր, որոնք պաշտոնական Բաքվին պետք է որ միանգամից հունից հանեին: Այսպես, հիշեցնելով իր նախկին հայտարարությունը, թե ինքը պատրաստ է բանակցել բացառապես Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի վերջինիս լիազորված ներկայացուցիչը, Փաշինյանը հայտարարեց նաեւ հետեւյալը. «Ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս»: Խոսքը թեեւ Արցախի ապագայի մասին նրա պատկերացումներին է վերաբերում, սակայն «Հայաստանի մաս» արտահայտությունը, թեեւ աղմուկ առաջ բերեց ադրբեջանական լրատվական դաշտում, սակայն պաշտոնական Բաքուն դեռ լռում է: Այսպիսով, ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ ընթացք է ունեցել արցախյան թեմայի քննարկումը: Փաշինյանի հիշատակված հայտարարություններն առավել քան ինքնավստահ են, ինչը ակնարկ է կա՛մ հերթական քաղաքական սխալի մասին, կա՛մ էլ, որ Պուտինից որոշակի երաշխիքներ ստացել է: Եթե երկրորդ տարբերակն է, ուրեմն երաշխիքներն ինչի՞ դիմաց են: Կարելի է մտածել, որ Փաշինյանը ժամանակ է ստացել, որ արագորեն փաստացի հիմնավորի, որ Հայաստանը իրականում էլ չի պատրաստվում տեղափոխվել արեւմտյան դաշտ, եթե անգամ Արեւմուտքից մաքսիմալ ծանր հարվածներ սկսվեն: Սակայն նման հիմնավորման համար, իհարկե, Սիրիայի եւ լաբորատորիաների հարցը հազիվ թե բավարար լինի, այսինքն, եթե այս վերջին վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա առաջիկայում ՌԴ-ի ուղղությամբ դրեյֆի նոր փաստերի ականատեսը պետք է լինենք: Ընդ որում, ամենամոտ ապագայում, հաշվի առնելով հետեւյալ հանգամանքը: Երկու շաբաթից ՌԴ նախագահը պատրաստվում է մեկնել Բաքու, որից հետո էլ՝ սեպտեմբերի 27-28-ին Դուշամբեում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական հավաքը: Թերեւս միանգամայն տրամաբանական կլինի ենթադրելը, որ վերջերս Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպմանն այսքան արագ հաջորդող Բաքվի հանդիպման ժամանակ եւս կենտրոնական հարցերից մեկը կլինի Արցախը: Ի՞նչ ընթացք կարող է ունենալ այդ հանդիպումը, շատ բանով կախված է նրանից, որ անկախ Փաշինյանի հայտարարությունների, ՌԴ նախագահն այդ պահին ի՞նչ պատկերացումներ կունենա Հայաստանի մասին: Եվ այդ քննարկումների հաջորդ փուլն էլ կդառնա Դուշամբեի հավաքը, որին, թերեւս, նաեւ Փաշինյանը կմասնակցի: Այսպիսով, եթե արեւմտյան որեւէ ուժ կամ մեր տեղական քարոզիչները ցանկանում են Փաշինյանին հստակորեն հակառուսական հարթությունում տեսնել, ապա այս երկու շաբաթներին պետք է մեծագույն ջանքեր գործադրեն: Մյուս կողմից, պետք է նաեւ չբացառել, որ հիշատակված ռուսական դրեյֆն իրականում մի մեծ խաղ է: Չնայած այդ դեպքում էլ, եթե Բաքուն այս պահին դեռ սպասում է Պուտինի այցին, ապա հարց է, թե այդ այցից հետո իրավիճակը դեպի ուր կգնա:

Պուտինը քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА