ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.09.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ ասուլիսին հայտարարեց, որ հրաժարական կտա միայն մի դեպքում. «Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ ու կարծում եմ` շատ գործ ունեմ անելու, բայց երբ հասարակությունը, վարչապետը կներկայացնեն պահանջ, ես հրաժարական կտամ»: Դա զարմանալի է, քանզի գաղտնալսման իսկ փաստը նշանակում է, որ Հայաստանում գոյություն չունի ազգային անվտանգություն` որպես այդպիսին, հետեւաբար հրաժարականը պետք է լիներ այն նվազագույնը, ինչը անում է սպան: Սակայն երեւի թե, սպայի պատվի մասին նրա պատկերացումները փոքր-ինչ այլ են, եւ նա պնդում է, որ գաղտնալսումը նպատակ ուներ թուլացնել իրենց. «Որ այն գործը, որը սկսել ենք` թողնենք կիսատ, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք այս գործը սկսել ու ունենք կամք, որ գործը հասցնենք  ավարտին»: Բայց ո՞ր գործը, պարոն Վանեցյան, հեղափոխական սին եւ պրիմիտիվ միֆերին իրավական տեսք տա՞լը...

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ապա Յուրի Խաչատուրովի հասցեին նրա արտահայտություններին հրապարակավ պատասխանելով` գեներալի որդիները, նախեւառաջ, ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ նա էլ բանակից թռածների դասին է պատկանում: Այսպես, Իգոր Խաչատուրովը շեշտում է. «Երբ 1993 թ.-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղակայել էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում, եւ այդպես էլ բանակում չծառայելով` խելքդ գլուխդ չհավաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկի մասին արտահայտվելիս: Եվ հենց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերել գլխավոր շտաբի պետի եւ կայազորի պետի պաշտոնները»: Մյուս որդին` Գրիգորի Խաչատուրովը, արդեն լրիվ բարոյապես ոչնչացնում է նրան. «Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը: Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով` ներողություն խնդրիր»:

Իսկ հիմա վերադառնանք հանրահավաքներ անող եւ ավելի ու ավելի անհավասարակշիռ դարձող մեր ամբոխենֆյուրերին` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ: Դավթաշենում «Իմ քայլը» հանրահավաքն անցկացնելիս, նա զարմանալիորեն մոռացել էր, որ սա Հայկոյի ընտրարշավն է ու միայն վերջում դա հիշելով` ասաց. «Ժողովուրդ, լավ, եկեք չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել, դուք գիտեք, որ մեր թեկնածուն Հայկ Մարությանն է, խնդրում եմ ձեր ձայնը իրեն տալ: Բոլոր մնացած ուժերը, ովքեր ասում են, թե կոալիցիա են կազմել մեզ հետ, մեր կողքին են, մեր եղբայրներն են, դա սուտ է, նրանք սեւ ուժերն են ժողովուրդ, մի հավատացեք նրանց: Եվ ուրեմն Հա-յաս-տան, Հա-յաս-տան, Հա-յաս-տան, Հա-յաս-տան.. Ես ձեզ սիրում եմ»: Ի պատասխան Փաշինյանի` դավթաշենցիները եւս մոռացան, թե ինչի համար էին հավաքվել, սկսեցին վանկարկել` Նիկոլ վարչապետ:

ԶԱՐՄԱՆՔ

Փաշինյանի երբեմնի զինակից ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ մեզ հաճելիորեն զարմացրեց` հրաժարվելով սեւի ու սպիտակի բաժանարար գծերից. «Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի եւ ոչ գաղափարակցի»: Իսկ շարունակությունը էլ ավելի հետաքրքիր է. «Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»: Դե ինչ, հիմա հաստատ Արամ Զավենիչին էլ կհռչակեն «սեւ» եւ «հակահեղափոխական»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА