ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՊԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ Է

12.09.2018 20:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՊԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ Է

Վերջին ամիսների ընթացքում շատ է ակտիվացել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ հարցը: Նման խոսակցություններ հիմնականում շրջանառվում են ադրբեջանական մամուլում: Հարցը սկսեց ավելի ակտիվանալ հատկապես վերջին մեկ ամսում, երբ ադրբեջանական կողմից հասարակական մի շարք կազմակերպություններ խոսեցին, որ Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցելը ցանկալի է: Իրականում որքանով է իրատեսական Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցելը, եւ այդ դեպքում ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին, թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրը չէ». Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքով` չէր ցանկանա, որ Հայաստանը ստիպված լիներ վետո դնել այդ որոշման վրա, քանի որ դա կլիներ Հայաստանի կողմից ամենաթույլ քայլը. «Ճիշտ կլիներ, որ մեր մյուս գործընկերները, հատկապես` Ռուսաստանը, հասկանային, որ Հայաստանը շատ հուսալի եւ վստահելի գործընկեր է, դրա մասին էր Լավրովի վերջերս արած հայտարարությունը, որ կան պարտավորություններ, որոնք Հայաստանը պետք է իրականացնի ՀԱՊԿ-ում: Եթե Հայաստանն իր պարտականությունները լավ կատարի, ապա Ադրբեջանին ՀԱՊԿ բերելու անհրաժեշտություն չի լինի: Եթե այսպես շարունակենք վարել ճոճելու քաղաքականությունը, ուրեմն կնշանակի, որ մենք կրկին դասեր չենք քաղել եւ չենք հասկացել, թե ինչ ենք ուզում անել»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով` ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցությունը չի բխում Հայաստանի շահերից, սակայն չպետք է խոսել վետո դնելուց, քանի որ վետոն ամենավերջին միջոցն է, որը կարելի է կիրառել. «Եթե վետո է կիրառվում, ապա նշանակում է, որ խոսակցության այլ նյութ չի եղել գործընկերների հետ, եւ եթե միանգամից խոսվում է վետոյից, ապա սա խոսակցության լավ տոն չէ, քանի որ վետոն ամենավերջին զենքն է, որը կիրառվում է նման դեպքերում: Կարծում եմ` գործընթացները ցույց կտան, թե ինչ ճանապարհով է գնում այս ամենը: Սա հստակ քաղաքական խաղ է,  Ադրբեջանը տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հնչեցնում է իր մասնակցության խնդիրը: Նրանք ժամանակին եղել են ՀԱՊԿ անդամ երկիր եւ դուրս են եկել, այժմ կարծեմ դիտորդական ինչ-որ ձեւաչափի մասին են քննարկում: Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պարտավոր է այս ուղղությամբ հստակ աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում մեր գործընկերների հետ եւ գոնե այս շրջանում վետոյի մասին քիչ խոսել: ՀԱՊԿ-ում ստեղծված վատ միջադեպը` կապված Յու. Խաչատուրովի հետ, ադրբեջանցիներին լայն խաղի դաշտ է բացել, եւ նրանք այդ խաղին մասնակցում են: Այդ ամենով փորձում են վնասներ հասցնել Հայաստանի դիրքերին` հենց ՀԱՊԿ-ի նման կարեւորագույն կառույցում: Սա երեւի եղել է մեր իշխանությունների բացթողումը, կասեի` անգրագետ քայլը, որի հետեւանքը սա է, այսինքն` Ադրբեջանը խաղում է, եւ այդ խաղը պետք է կասեցնել»:

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ՀԱՊԿ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ նկատեց, որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ առանց Հայաստանի հստակ դիրքորոշման, որեւէ երկիր չի կարող մուտք գործել այդ կառույց. «Այլ հարց է, թե որ երկիրը կուզի Ադրբեջանի անդամակցությունը, քանի որ յուրաքանչյուրն ունի իր ուրույն շահերը, սակայն այստեղ առանջայինը կոլեկտիվ շահն է, եւ բոլորը պարտավոր են հաշվի նստել ՀԱՊԿ անդամ երկրի կոլեկտիվ շահի հետ: Այս պարագայում ես որեւէ վտանգ չեմ տեսնում, որ Ադրբեջանը կարող է անդամակցել: Իսկ եթե պետք է անդամակցի, եւ դրա համար պետք է Հայաստանի համաձայնությունը, ապա քաղաքականության մեջ ամեն բան իր գինն ունի: Եթե Հայաստանը որոշի համաձայնել, ապա կլինի համապատասխան գործընթաց, գին ասելով` նկատի ունեմ քաղաքական, դիվանագիտական  հարթակում մեր հետապնդած շահերը: Ադրբեջանը միշտ էլ նման նկրտումներ ունեցել է ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլեւ` ՀԱՊԿ մուտք գործելու: Չնայած այս ամենը մենք այդպես միանշնակ չպետք է ընդունենք, քանի որ, իմ կարծիքով, սա ինչ-որ տեղ նաեւ քաղաքական խաղ է, մանիպուլյացիա` անուղղակի կամ ուղղակի սպառնալիք ներկայացնելու տեսանկյունից: Եթե վաղը պարզվի, որ բոլորը համաձայն են, որ Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին, շատ հնարավոր է, որ նույն Ադրբեջանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվի անդամակցությունից: Պատճառն այն է, որ Ադրբեջանը տարածաշրջանում առաջնորդվում է ոչ միայն իր շահերի տեսանկյունից, այլեւ նա հստակ ներկայացնում է Թուրքիայի շահերը: Այստեղ, կարծում եմ, միանձնյա որոշումներ չեն լինի: Մեր խնդիրն այստեղ այն է, որ նման իրողություններում հստակ հետապնդենք մեր շահերը եւ կարողանանք դրանք  արժանապատվորեն մղել առաջ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА