ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանը ինչ-որ դադար է վերցրել եւ որոշ հույսեր ունի»

12.09.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանը ինչ-որ դադար է վերցրել եւ որոշ հույսեր ունի»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ծրագրի շրջանակներում Սիրիա կուղարկվեն հիմնականում բժիշկների, ինժեներների: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ ընդգծել, որ խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը եւ գործելու է ՀՀ դրոշի ներքո£ Այդուհանդերձ, թե որքանով է նպատակահարմար Հայաստանի համար, թեկուզ հումանիտար գործողություններով, բայց ներգրավել այս կոնֆլիկտի մեջ, ,Իրավունքը» պարզեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ տեսակետը:

Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել

– Նախ ասեմ, որ մի քանի տարբերակ վերլուծելով` գուցեեւ Հայաստանի համար սա ֆորմալ առումով ինչ-որ աննախադեպ ծրագիր է` զուտ նրա համար, որ մինչ այդ նման բան չի եղել: Բայց նույն հաջողությամբ` եթե Հայաստանից ինչ-որ ներկայացուցիչ գնար` հարավային բեւեռում ռուսների հետ գիտական փորձարկումներ անելու, դա էլ կլիներ աննախադեպ համագործակցություն, որովհետեւ մինչ այդ Հայաստանի գիտնականները հարավային բեւեռով չէին հետաքրքրվել: Այնպես որ, սա Ռուսաստանի համար ինչ-որ նշանակալի իրադարձություն դժվար թե լինի: Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր է այստեղ մեզ համար ականներ լինեն, պետք է հիշենք, որ ընդհանրապես Սիրիան այնպիսի տարածք է, որտեղ շատ զգույշ պետք է գործենք: Այնտեղ մեր ցանկացած չմտածված քայլ կարող է լուրջ բացասական հետեւանքներ ունենալ ե՛ւ Սիրիայում հայերի համար, ե՛ւ Լիբանանում, ե՛ւ այլուր` Մերձավոր Արեւելքում: Հուսանք, որ Հայաստանի իշխանությունները Սիրիայում ցանկացած քայլ կատարելուց առաջ լրջորեն ծանրութեթեւ կանեն իրենց ցանկացած մտադրությունները եւ  շատ լավ կհաշվարկեն` մինչեւ որեւէ քայլ անելը:

ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՄԵՆՔ ԷԻՆՔ

– Ի դեպ, Փաշինյան-Պուտին հանդիպմանը, կարծես թե, ռազմական առումով որեւէ էական անդրադարձ չեղավ: Ինչո՞ւ:

– Դժվար է ասել, որովհետեւ մեդիա աղմուկի մեջ շատ քիչ բան է երեւում, բայց ինձ թվում է, որ հանդիպման առանցքում ավելի շատ այն խնդիրներն էին, որ նոր իշխանությունը հասցրեց ստեղծել այս երեք-չորս ամսվա մեջ, գուցե նաեւ մի քանի այլ ծրագրերին անդրադարձ եղել է:

– ՀՀ եւ ՌԴ ղեկավարների հանդիպմանը նախորդել էր Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպումը, որտեղ մի շարք համագործակցությունների հուշագրեր ստորագրվեցին: Այստեղ մեզ համար վտանգավոր գործարքներ կայի՞ն:

- Առհասարակ Ալիեւի այցը Մոսկվա ռուսական եւ ադրբեջանական մամուլը լուսաբանում էին ընդգծված սիրո եւ համերաշխության, բարեկամության ոճով: Այսինքն` դա հատուկ շեշտվում էր, եւ այդ ուղերձի հասցեատերը հենց մենք էինք, թե աննախադեպ լավ հարաբերություններ են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինձ թվում է` ուղերձը Հայաստանում հասկացել են, բայց դրանից ինչ է հետեւում, իհարկե, դժվար է ասել:

«ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ»

– Անդրադառնանք նաեւ արցախյան հիմնախնդրին, որի շուրջ այսօր ընդհանրապես բանակցություններ չկան: Տպավորություն է, որ հայաստանյան կողմը փորձում է չշտապել այս հարցում, իսկ ադրբեջանական արձագանքներում կա շտապողականություն: Սա կարո՞ղ է հանգեցնել սահմանում նոր լարվածության:

Երեւանում Նիկոլը պարտվեց

– Միշտ ասել եմ, որ սահմանային լարվածություն կարող է լինել ցանկացած պահի եւ լարվածության պատճառներն էլ կարող են տարբեր լինել: Օրինակ, Ադրբեջանի ներքին իրավիճակով պայմանավորված, որը փորձեն հայաստանյան ճակատով շեղել: Կամ կարող է Ադրբեջանին թվալ, որ այս պահին Հայաստանի արձագանքը ոչ այնքան էֆեկտիվ կլինի, որքան առաջ էր, եւ այդպես փորձեն ինչ-որ գործողությունների դիմել: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը մի շրջանում է, երբ ինչ-որ իրավիճակներ փոխվում են` որոշ կապեր են խզվում, որոշ կապեր` ստեղծվում, այսինքն` եթե ,քաոտիկ» բառը չօգտագործենք, ուրեմն` պետք է նշենք, որ անցումային շրջան է, եւ այդ շրջանից կարող է Ադրբեջանում ինչ-որ մեկին թվալ, որ հարմար պահ է: Մյուս կողմից Ադրբեջանում բավականին զգույշ են, եւ ինձ մոտ տպավորություն է, գուցե սխալվում եմ, բայց, կարծես թե, իրենք չեն ուզում խանգարել Հայաստանի նոր իշխանություններին: Ինչով է պայմանավորված ասելը, սպեկուլյացիա կլինի, բայց Ադրբեջանը ինչ-որ դադար է վերցրել եւ որոշ հույսեր ունի: Այդ իրավիճակը ցանկացած վայրկյան կարող է փոխվել:

– Ի դեպ, Դուք օրեր առաջ մասնակցել եք Թիֆլիսում ընթացող հարավկովկասյան մեդիաֆորումին, որտեղ հավանաբար պարզել եք, թե ինչ տրամադրվածություններ ու կարծիքներ կան այս ամենի շուրջ հենց Ադրբեջանում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պետք է հաշվի առնենք, որ մենք այնտեղ գործ ունեինք ադրբեջանական իշխանությունների քարոզիչների հետ: Այսինքն` այդ կարծիքները ոչ թե ժողովրդի ձայնն է, այլ` մեզ ուղղված ուղերձներ, որոնք կարող էին իրականության հետ կապ չունենալ: Իրենց ուղերձն այն էր, որ Ադրբեջանն էլ չի ցանկանում սպասել, բայց իրականում հիմա ինչ անում են իրենք, հենց սպասել է: Ես նման քննարկումները զուտ քարոզչական հարթությունում կդիտարկեի, բայց նույնիսկ իրենց ասածից երեւում էր, որ ինչ-որ հույսեր կապում են հայաստանյան նոր իշխանության հետ: Գուցե ենթադրում են, որ ավելի մեղմ դիրքորոշում կունենան, թեպետ չեմ կարծում: Նոր իշխանությունը Արցախի հարցում, գոնե այս փուլում, առիթ չի տվել ենթադրելու, որ ինչ-որ միակողմանի զիջումների են պատրաստ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА