ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Շահվերդյանը չի հրաժարվի Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռից

12.09.2018 19:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Շահվերդյանը չի հրաժարվի Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռից

Գրեթե մեկ տարի առաջ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատոնի գեղարվեստական ղեկավար երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո, մինչեւ այսօր թատրոնը գործում է առանց գեղարվեստական ղեկավարի: Դեռեւս նախորդ տարեվերջին նախկին նախարար Արմեն Ամիրյանն ասել էր, որ թատրոնն ունի լավ տնօրեն եւ կարող է որոշ ժամանակ առանց գեղարվեստական ղեկավարի գործել: Սակայն ամիսներ առաջ թատրոնում տեղի ունեցած «աթոռակռվից» հետո, երբ նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց թատրոնի դերասանների հետ, ՊՈԱԿ-ների մասին օրենքից անտեղյակ պնդեց, որ դերասանները պետք է որոշեն, թե ում են ուզում իրենց թատրոնի գեղարվեստական ղեկավար, որն էլ, կոպիտ ասած, «ցեց» գցեց ստեղծագործական կոլեկտիվի մեջ` բաժանվելով խմբերի, յուրաքանչյուրն իր թեկնածուին էր փորձում առաջ տանել: Մինչեւ բանը հասավ նրան, որ որոշում կայացվեց` թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրությունը հետաձգել մինչեւ հոկտեմբեր: Բայց վերջին օրերին թատերական դաշտում բուռն քննակվում է, որ բեմադրիչ, «Չէին սպասում» հաղորդման վարող ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ կնշանակվի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատոնի գեղարվեստական ղեկավար: Ասում են` նման որոշում է կայացվել, քանի որ Սուրենը մտերիմ հարաբերություններ ունի նոր իշխանության եւ մասնավորապես Լիլիթ Մակունցի հետ: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ, հերքելով իր մտերմիկ հարաբերությունները նոր իշխանության հետ, շեշտեց, որ մշակույթի նախարարին մեկ անգամ է հանդիպել, ինչն էլ սկսվել ու ավարտվել է միայն բարեւելով:

Քանդակագործը 2 տարի առաջ կանխազգացել էր հեղափոխությունը (տեսանյութ)

ՄԱԿՈՒՆՑԻՆ ՄԻԱՅՆ ԲԱՐԵՎԵԼ Է

- Չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ մտերիմ հարաբերություններ ունեմ մշակույթի նախարարի եւ նոր իշխանությունների հետ: Պարզապես, ենթադրությունը գալիս է նրանից, որ մինչ այս հեղափոխությունը, նախորդ իշխանության ժամանակ, բավականին ակտիվ եմ եղել նրանց դեմ, եւ երեւի տպավորություն է ստեղծվել, որ մտերիմ եմ ներկա իշխանության հետ: Իհարկե, կիսում եմ նրանց գաղափարները, բայց ոչ մի մտերմություն չկա, ավելին` Լիլիթ Մակունցի հետ պաշտոնական հանդիպում երբեւիցե չեմ ունեցել: Միայն մեկ անգամ ցուցասրահներից մեկում` ցուցահանդեսի ժամանակ ուղղակի բարեւել ենք, դրանից այն կողմ մեր շփումն առաջ չի գնացել: Մոտավորապես, երեւի թե մեկ ամիս առաջ, միայն շփվել եմ փոխնախարար Նազենի Ղարիբանի հետ, եւ քանի որ Ռուսական թատրոնում անորոշ վիճակ է, առաջարկեցի այնտեղ բեմադրություն անել, փոխնախարարն էլ սիրով համաձայնեց, ասաց` ամեն ինչ կանենք, որ այդտեղ ներկայացում բեմադրես: Նաեւ առաջարկեցի, որ կարելի է գեղավեստական ղեկավար նշանակելու գործընթացը մի փոքր հետաձգել եւ այդ ընթացքում թույլ տալ 2-3 ռեժիսորների, ովքեր ցանկություն ունեն` այնտեղ ղեկավար լինելու, ներկայացում անել: Ըստ այդմ` ե՛ւ թատրոնը, ե՛ւ նախարարությունը ավելի հեշտ կկողմնորոշվի, ով ինչպես եւ ինչ որակի ներկայացում արեց, ինչպես ընդունվեց, նրան էլ կնշանակի գեղարվեստական ղեկավար: Ընդհանրապես, այս մոդելը կարելի է Հայաստանում օգտագործել բոլոր թատրոնների համար, այսօր շատ թատոններում պետք է փոփոխություններ անել:

- Սուրեն, արդեն հանդիպե՞լ եք դերասանների հետ, նոր ներկայացման շուրջ խոսե՞լ եք:

- Դեռ ոչ մի հանդիպում չի եղել, ուղղակի ցանկություն էր, որը չի մերժվել փոխնախարարի կողմից:

- Իսկ ի՞նչ ներկայացման մասին է խոսքը, ի՞նչ եք բեմադրելու:

Մշակութային ինչ իրադարձություններ են սպասվում այս շաբաթ

- Պարզապես այս պահին չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչ պիես եմ բեմադրելու:

«ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԱՍԵԼ` ԳՆԱՑԵ՛Ք, ՁԵԶ ՂԵԿԱՎԱՐ ԸՆՏՐԵՔ»

- Ամիսներ առաջ Ռուսական թատոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը նախարարը թողեց ստեղծագործական կազմի վրա, որոնք այս ընթացքում փնտրտուքների մեջ էին: Ձեզ առաջարկ եղե՞լ է դերասանների կողմից:

- Հայաստանի Հանրապետությունում այդպես թատրոնի ղեկավար ընտրելն անհեթեթ է, որովհետեւ դերասանների մի խումբը կընտրի մի ղեկավարի, մյուսը` մեկ ուրիշի, եւ նրանցից որ մեկն էլ ղեկավար ընտրվի միանշանակ, իրեն չընտրած խմբի հետ պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, թատրոնը ինտրիգների ու հակամարտությունների դաշտ կարող է դառնալ: Դա լիովին սխալ մոտեցում է` անհեթեթություն դերասանների ասել` գնացե՛ք, ձեզ ղեկավար ընտրեք: Թատրոնին պետք է բացարձակ լիդեր, որն էլ հենց պետք է ընտրի եւ ստեղծի դերասանների խումբ, ովքեր արժանի են, եւ թատրոնը տեսնում են այնպես ինչպես այդ լիդերը:

«ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ»

- Սուրեն, նախկին նախարարները միշտ էլ Ձեր քննադատության թիրախում են եղել, հատկապես Հասմիկ Պողոսյանը, ինչպե՞ս կորակեք ներկա նախարարի աշխատաոճը, արդեն 100 օր է պաշտոնավարում է:

- Նախ տեսնում եմ, որ մեր նախարարը շատ բաց է` ե՛ւ մամուլի, ե՛ւ այն մարդկանց համար, ովքեր ուզում են հանդիպել նրա հետ: Գիտեմ, որ ժամերով կարող է արվեստագետների հետ զրուցել, բոլորին ընդունում է, բոլորի կարծիքը լսում է եւ տեսնում եմ, որ նախարարը կամաց-կամաց մոտենում է գործնական քայլերի, իսկ մինչ այս ուսումնասիրում էր ոլորտը: Հասկանում եմ` շատ խորն է ուսումնասիրում, փոխնախարարի հետ հանդիպմանը հասկացա, որ ինֆորմացիայի կարիք ունեն, թե մինչեւ այսօր ով ինչով է զբաղվել, ինչ կարող է անել եւ այլն: Նրանք կադրերի փնտրտուքի մեջ են եւ ոլորտում լուրջ փոփոխությունների պատաստ, որոնք, հուսամ, մոտ ապագայում կլինեն: Տեսնում եմ, որ բացարձակ լուրջ մոտեցում է նախարարության յուրաքանչյուր կոպեկին, որ այսուհետ  ծախսերը պետք է նպատակային լինեն եւ թիրախային: Նա ուշադրություն է փորձում դարձնել ոչ միայն Երեւանի, այլ մարզերի մշակույթին, ուսումնասիրում է, թե ինչպես զարգացնել մշակույթը այնտեղ: Գաղտնիք չէ, որ նախարարության բյուջեի մեծ մասը ծախսվում է միայն Երեւանի վրա, այդպես մշակույթը գոյատեւել չի կարող, արժեքներ ստեղծել չենք կարող: Պատմությունը ցույց է տալիս, որ տաղադավոր մարդիկ ավելի շատ գալիս են մարզերից, քան` մայրաքաղաքից: Այս պահին գոհ եմ նախարարի աշխատանքից, մի ցանկություն ունեմ, որ նա իր շուրջը հավաքի ոլորտին լավ տիրապետող մարդկանց եւ փորձի լսել նրանց խոսքն ու հաշվի առնել նրանց կարծիքը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը

«ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ»

- Ըստ Ձեզ` ոլորտի խնդիրները որո՞նք են, որ նախարարը պիտի ուշադրություն դարձնի:

- Բազմազան են, մինչեւ այսօր աննպատակ լուրջ ծախսեր են արվել տարբեր ոլորտներում: Մենք երեւույթներ չենք ստեղծում, որոնցով կարող ենք հպարտանալ եւ ներկայանալ աշխարհին: Նպատակային պետք է լինեն նախարարության ծախսերը, հասկանալ, թե որ ֆիլիմին, փառատոնին, ներկայացմանը ֆինանսավորել, այդ շռայլության իրավունքն այսօր չունենք: Լավ թատրոնի պրոդյուսերը կարող է գումար բերել ոչ թե պետությունից, այլ հիմնադրամներից ու հովանավորներից, այլ ուղիներ գտնել, որպեսի թատրոնը գործի այնպես, ինչպես որ պետք է:

- Ասում եք, որ պետք է նպատակային լինեն նախարարության ծախսերը, բայց նախարարը, իր 100-օրյա ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով պետպատվերով ներկայացումներին, ասաց, որ ներկայացման ճակատագիրը որոշում է հանդիսատեսը, այսինքն` եթե հանդիսատեսը ծափահարեց, կապ չունի որակը, ուրեմն այդ ներկայացումը կունենա երկար կյանք` հավելելով, որ գրաքննության կողմնակից չէ:

- Իհարկե, այն ներկայացումը, որ վաճառվում է, իրավունք ունի գոյատեւելու, բայց ոչ պետական ակադեմիական եւ ոչ էլ ներկայանալի թատրոններում: Գաղտնիք չէ, որ շատ հեշտ է անել ցածրաճաշակ ու ցածրորակ ներկայացում եւ հանդիսատես բերել, նույնն էլ տեղի է ունենում հեռուստատեսությունում, որքան պարզունակ ու ցածրաճաշակ, այնքան վաճառքը լավ կլինի: Պետք է ունենալ հստակ քաղաքականություն, թե ինչը պետք է բեմադրվի, ինչը` ոչ, որ ֆիլմը պետք է նկարահանվի, որը` ոչ: Վերջերս բավականաչափ անհեթեթ ֆիլմեր են ֆինանսավորվել, որոնք ոչ մի բանի մասին են, այդ որակի ֆիլմերը կարող էին լինել կոմերցիոն եւ գումար գտնել ոչ թե պետության հարկատուի գրպանից, այլ` կոմերցիոն ճանապարհով:

ՀԱՊԿ անդամ բոլոր երկների ղեկավարները նշել են, որ մեզ պետք է գլխավոր քարտուղար բելառուսական կողմից. Նազարբաև

«ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՄԵՋ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԳԵՐԵԶՄԱՆ ԿԴԱՌՆԱ»

- Այնուամենայնիվ, եթե Ձեզ առաջարկվի Ռուսական թատրոնում ստանձնել  գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, կհամաձայնե՞ք:

- Մեծ սիրով, իմ ողջ ուժով ու եռանդով կփորձեմ բարձրացնել ու այդ թատրոնը դարձնել այնպիսին, որը մոտ ապագայում կասի իր խոսքը, կունենա իր գեղագիտությունը, իր ոճը եւ ներկայանալի կլինի ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բազմաթիվ թատերական փառատոներում: Մեծ սիրով կվերցնեմ այդ բեռն իմ ուսերին, իհարկե` դա շատ բարդ է, հատկապես այնպիսի թատրոնում, որտեղ լուրջ ինտրիգներ կան: Օրերս անցնում էի Ռուսական թատրոնի դիմացով, փորձում էի գտնել մուտքը ու շատ դժվարությամբ հասկացա, թե որն է: Այնտեղ շատ ավելի լուրջ գովազդային վահանակներ են կախված` ռեստորանի, գրախանութի, որ թատրոնը կորել է: Եթե այսպես շարունակվի չորս կողմում գտնվող բարձրահարկ շենքերի մեջ Ռուսական թատրոնը կամաց-կամաց գերեզման կդառնա:

ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱԹՈՌԻՆ

Ռուսական թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավարի` Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո, նրա աթոռը բազմել ցանկացողները շատ էին: Գրիգորանի թատերական ընկերներից մինչեւ նույնիսկ` սեփական դուստրը հավակնում էին դառնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար: Սկզբնական շրջանում թատերական կուլիսներում շրջանառվում էին թատերական գործիչների պատկառելի անուններ. օրինակ` ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի եւ նույնիսկ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի անունները: Սակայն նրանց անուններն ինչպես շրջանառվեցին, այնպես էլ մնացին լոկ խոսակցություններ, քանի որ ավելի համոզիչ կերպով խոսվում էր ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի եւ թատրոնի ներկայիս տնօրեն, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանի հավանական թեկնածության մասին: Սակայն նրանց վարկածներն էլ չեղարկվեցին: Մրցապայքարում հայտնվեցին Գրիգորյանի դուստր Նորա Գրիգորյանը, ով հենց սկզբից էր ցանկանում փոխարինել հայրիկին, նրա հետ պայքարի դուրս եկավ նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, որը նախարարի ներկայությամբ կայացած թեժ «ժողովի» ժամանակ հրաժարվեց իր թեկնածությունից: Սակայն թատրոնի մի խումբ դերասաններ Ն. Գրիգորյանինն նոր մրցակից առաջարկեցին` Կարեն Ներսիսյանը, ով եղել է լուսահոգի Ալեքսանդր Գրիգորյանի սանը եւ 90-ականներին երկու բեմադրություն ներկայացրել թատրոնում: Այժմ Կ. Ներսիսյանն ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանի Դաշնությունում:Այնուամենայնիվ, նախարարի հրահանգով հոկտեմբերի 1-ին Ռուսական թատրոնը կունենա գեղարվեստական ղեկավար, իսկ մինչ այդ դեռ կհայտնվեն անուններ, ովքեր կհավակնեն ստանձնել այդ ախորժելի աթոռը:

«Տպավորություն է, որ 1991- 2018 թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում՝ ով որ մի լավ բան է արել՝ ղալաթ է արել»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА