o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԵՆԴԱԳԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ»

21.09.2018 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԵՆԴԱԳԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի ընթացքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` Արցախի հիմնահարցի շուրջ քննարկումներ իրականացնելու համար: Իսկ մինչ այդ հանդիպումը, Ադրբեջանը վերջին օրերին, իր որդեգրած քաղաքականության համաձայն, սադրանքներ իրականցրեց հայ-ադրբեջանական սահմանին` լարելով իրավիճակը, որի արդյունքում վիրավորվեց սահմանամերձ Կոթի գյուղի խաղաղ բնակիչներից մեկը: Բացի այդ, հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահը Բաքվում հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ եղբայրական Ադրբեջանին վերադարձվի «բռնազավթված» տարածքների 20 տոկոսը: Ինչպես հասկանալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը եւ ինչ սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Արցախի ԱԺ նախագահի տեղակալ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ փաստեց.

- Կարծում եմ` ՀՀ իշխանությունների հետ տեղի ունեցող այս առաջին հանդիպումները կունենան ճանաչողական բնույթ, կոնկրետ հարցեր չեն լինելու, ինչպես նախկինում էր: Այդ հանդիպման ընթացքում կոնկրետ որոշումներ չեն կայացվի, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը` Արցախի հիմնահարցի հետ կապված, օրեցօր ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը եւ դրանով փորձում նկրտումներ ունենալ ոչ միայն Արցախի, այլեւ Զանգեզուրի ու Երեւանի նկատմամբ: Այս ամենը հաշվի առնելով, իրատեսական չեմ համարում, որ Ադրբեջանն այժմ պատրաստակամություն կհայտնի խաղաղ բանակցությունների միջոցով հասնել հարցի լուծման: Ինչ վերաբերում է Թուրքիայի մոտեցումներին, ապա այդ մոտեցումները, ռազմատենչ հայտարարությունները մեզ համար նորություն չեն: Բոլորի համար էլ գաղտնիք չէ, որ Արցախը, Նախիջեւանը Թուրքիայի թեթեւ ձեռքով հանձնվեց  Ադրբեջանին: Պատահական չեմ համարում նաեւ վերջին շրջանում Թուրքիայի ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, իհարկե չեմ ասում, թե այդ ամենը միայն կապված է Արցախի հարցի հետ, պարզապես Թուրքիան այդ ամենով ձգտում է տարածաշրջանում մեծացնել իր ազդեցությունը եւ, ինչու չէ, հարմար առիթ որսալու եւ հարցը  իրենց եղբոր օգտին լուծելու համար: Սա մեզ համար մեծ մարտահրավեր է, ուստի մեր ատարքին քաղաքականության ոլորտում պետք է ավելի խոհեմ ու նախաձեռնող լինենք` այդ ամենին դիմակայելու համար:

Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔԸՐՅԱՆԸ նկատեց.

- Թուրքիայի նախագահի` Բաքվում արված հայտարարությունը նպատակ ունի եղբայրական երկրում ավելի ամրապնդելու եւ հրահրելու վարած հակահայկական քաղաքականությունը: Էրդողանի ասածները մեզ համար նորություն չեն, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջինս Թուրքիան ղեկավարում է միանձնյա եւ փորձում է իրականացնել նախնիների որդեգրած ծրագրերը` Հայաստանը ոչնչացնելու հետ կապված: Միշտ էլ Թուրքիան փորձել է հասկացնել, որ մինչեւ ազատագրված տարածքները չտանք Ադրբեջանին, Հայաստանի հետ որեւէ հարաբերություն չի սկսելու: Այն ժամանակ, երբ Հայաստանը դեռեւս չէր անկախացել, «Հուրիեթ» պարբերականի թղթակիցը գրել է, որ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան իր հետ հարաբերություններ սկսի, ապա պետք է մոռանա Հայոց ցեղասպանության փաստը, արցախահայությանը ստիպի ընդունելու Ադրբեջանի գերիշխանությունը: Հոդվածը հեղինակը ավարտել էր այն մտքով, որ եթե այսօր Թուրքիան չկարողանա հասնել իր նպատակին, ապա Հայաստանի անկախացումից հետո դժվար կլինի այդ կետերն իրականացնել: Այս տարիների ընթացքում Թուրքիայում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, սակայն այս դիրքորշումը նույնն է մնացել: Թուրքիան ամեն կերպ փորձում է Ադրբեջանի պատմամշակութային կապերի պատրվակով ճնշում գործադրել Հայաստանի, որոշ չափով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վրա:

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.

- Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս հանդիպումից երկու կողմերն էլ ակնկալիքներ չունեն: Վստահ եմ, որ Հայաստանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը տենդագին պատրաստվում է պատերազմի, եւ այս բոլոր հանդիպումները ժամանակ շահելու համար են: Գուցե այս հանդիպումը մեկ-երկու ամիս էլ հետաձգի սպասվող պատերազմը, սակայն դա ոչինչ չի փոխի: Երբ Ադրբեջանին հաջողվի հասնելու չեզոքացման` մեր դաշնակիցների վերաբերյալ, ապա ոչ մի պարագայում նրան ոչինչ չի կանգնեցի` գնալու պատերազմի: Չնայած, Ադրբեջանը վաղուց ցույց է տալիս, որ Արցախի հիմնահարցի ռազմական լուծումն այլընտրանք չունի: Այնպես որ, այս ամենը հաշվի առնելով չպետք է ունենալ որեւէ սպասելիք:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА