ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՆՈՐ ԽԹԱՆՆԵՐ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ»

16.10.2018 21:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՆՈՐ ԽԹԱՆՆԵՐ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ»

Հայաստանյան մի շարք հայտնի տնտեսագետներ առաջիկա ամիսների համար ոչ մի լավատեսական կանխատեսում չունեն: Իսկ ստեղծված վիճակը, ըստ նրանց, պայմանավորված է նրանով, որ ընթացիկ տարում Հայաստանում ներդրումները հասել են զրոյական վիճակի, ինչպես որ, օրինակ, պնդում է Հրանտ Բագրատյանը: Եթե դրան գումարենք, որ մեր ֆինանսական հիմնական ուղղություններից մեկով՝ տրանսֆերների առումով եւս շարունակական անկում կա, հասկանալի է դառնում, որ հրաշքների սպասել պետք չէ: Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, ո՞րն է երաշխիքը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ներդրումների հոսք կլինի, ինչպես որ խոստանում են գործող իշխանությունները: Հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ, ով նախ ասաց.

Հակաիրանական պատժամիջոցները թակում են նաեւ Հայաստանի դուռը

- Տնտեսության զարգացումը պայմանավորված չէ մի գործոնով: Առաջին հերթին, պետք է ուսումնասիրվեն հարկային դաշտում եղած բացերը, եւ որ ամենակարեւորն է, պետք է տնտեսությունը ղեկավարեն տնտեսական բլոկի լուրջ մասնագետներ, ովքեր կկարողանան ներկայացնել շահագրգիռ կողմերին, այսինքն՝ պոտենցիալ ներդրողներին, թե որոնք են մեր երկրում այն ռեալ գերակա ուղղությունները, որտեղ նրանք կարող են, այսպես ասած, փող դնել: Բայց, ցավոք, մենք այսօր չունենք անգամ ներդրումների կոնկրետ սպասելիքներ, թե կոնկրետ որ ոլորտներում ենք ներդրումներ սպասում: Իսկ քանի դա չկա, ներդրումներ չեն լինելու: Մենք պետք է օր առաջ, այսպես ասած, գույքագրեինք այն հնարավորությունները, որոնք կխրախուսեն ներդրողներին՝ շուտափույթ կերպով ներդրումներ իրականացնել: Բայց ներկայիս իշխանությունները դեռ որեւէ նման քայլ չեն արել: Ավելին, եթե հիշում եք՝ դեռեւս նախորդ իշխանությունների օրոք ԱՄՆ դեսպանը նշեց, որ պատրաստ է ութ միլիարդ դոլարի ներդրումներ բերել՝ ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված: Բայց նոր իշխանությունները դեռ ոչինչ չեն արել այդ ուղղությամբ, այնինչ հիմա պետք է ցույց տային այն ռեալ հնարավորությունները, որոնք կվկայեին, որ մեր էներգետիկ ոլորտը պատրաստ է ընդունել այդ կարգի ներդրումներ: Պետք էր հարկային արտոնություններ առաջարկեին կոնկրետ տվյալ դեպքում՝ էներգետիկայի ոլորտի ամերիկյան ներդրողներին, որպեսզի ներդրող խումբը վստահ լինի, որ իր գումարները չեն փոշիանալու, դրանց վերադարձը երաշխավորված է: Այլ խոսքով, այսօր մեր տնտեսությունն իներցիոն ընթացքի մեջ է. ով ինչ ներկրում կամ ինչ արտահանում էր մինչեւ իշխանափոխությունը, այդպես էլ շարունակում է իր գործունեությունը: Բայց այսօր տնտեսության զարգացմանը միտված նոր խթաններ, նոր ռեսուրսային հնարավորություններ տեսանելի չեն: Ակնկալվում էր, որ հեղափոխության արդյունքում պետք է մրցակցային դաշտը հզորացվեր, բայց մինչ այս պահը որեւէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի արվել: Այնինչ պետք է հարկային օրենսդրությունը ամբողջովին փոխվեր այս ամիսների ընթացքում:

- Պարոն Բագրատյան, ներկայիս իշխանությունը վստահեցնում է, որ  արտահերթ ընտրությունները կնպաստեն ներդրումների աճին: Ո՞րն է երաշխիքը:

- Արտահերթ ընտրությունները հնարավոր է ինչ-որ չափով օգնեն տնտեսության զարգացմանը, բայց նույն հաջողությամբ՝ կարող են վնասել:

- Կմանրամասնե՞ք:

- Այն իմաստով, որ առաջիկա հինգ տարում քաղաքական կարգավիճակ ամրագրելու իշխանությունների ձգտումը ներդրողների համար նշանակություն, իհարկե՝ կունենա: Մի բան է, երբ առնվազն հինգ տարվա կտրվածքով տեսանելի իշխանության հետ գործ ունես, այլ բան է, որ դեռ չգիտես այդ իշխանությունը ինչ ժամանակահատվածում կարող է իշխել տվյալ երկրում: Այս առումով արտահերթ ընտրությունները կարող են տալ այդ վստահությունը: Բայց չպետք է մոռանալ, որ բացի քաղաքական բաղադրիչից, շատ կարեւոր է տնտեսական բաղադրիչը, իսկ մենք այս պահին որեւէ քայլ չենք անում` ապրանքային շուկայում գործող խոշոր խաղացողներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ: Մինչեւ իշխանությունը լուրջ քայլեր չձեռնարկի տնտեսության զարգացմանը միտված, որեւէ ներդրում ակնկալել անիմաստ է:

«Շտապե՛ք ընտրությունների, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА