ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.10.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԱՄՆ դեսպան ՌԻՉԱՐԴ ՄԻԼԶԸ, ով ավարտում է իր առաքելությունը, վերջում մեզ զարմացրեց իր պահվածքով: Նա EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Ճիշտն ասած, զարմանալով հանադերձ, մնում է այդ մարդուն խորհուրդ տալ, որպեսզի իր երկիրը` Կալիֆորնիան, Տեխասը, Ֆլորիդան ու մնացյալ նահանգները վերադարձնի Ամերիկայի բնիկներին: Բայց միաժամանակ նա հետեւյալն էլ ասաց. «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա` ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող` խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»: Ինչեւէ, տվյալ դեպքում դեսպանին զարմացրել են մեր ազգի բարձր որակները, որոնք նա, անշուշտ, ի վիճակի չէ ըմբռնել: Կարճ ասած. «Yankee, go home!»:

ԶԱՐՄԱՆՔ

Չմեռանք` դա էլ տեսանք, որ հեղափոխական տեռորի կուսակցությունը սեր եւ համերաշխություն է քարոզում: Մենք զարմանքով ընթերցեցինք «Սասնա ծռերի» համակարգող ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ տեքստը, որը վերաբերում էր Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը, եւ մեր զարմանքը հարուցեց տեքստի վերջաբանը. «Ցավոք սրտի, մթնոլորտի գերհուզականության պատճառով մեր որոշ հայրենակիցներ, այդ թվում` մեր Կուսակցության անդամներ եւ աջակիցներ, հիմնականում առցանց տիրույթում թույլ տվեցին անցանկալի, երբեմն` կոռեկտության սահմանն անցնող, զեղումներ, որոնք կամա թե ակամա կարող են վիրավորել տարբերվող տեսակետներ ունեցող մեր հայրենակիցների ու քաղաքացիների արժանապատվությունն ու զգացմունքները: Հորդորում եմ լինել հանդուրժող, ոչ մի պարագայում չանցնել կոռեկտության սահմանը եւ չվիրավորել դիմացինին: Համոզված եմ, որ Արայիկ Խանդոյանն իր լուսե ժպիտով կմիավորեր բոլորիս եւ կասեր, որ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք եւ պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց: Սեր եւ խաղաղություն ամենեցուն»:

Դե իսկ ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ դարձել է քաղաքացիների ուրախություններից մեկը: Լրագրողների հետ զրույցում նա խոստացավ, որ առաջիկայում ԱԱԾ-ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. «Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութերից»: Բայց միաժամանակ նա խոստովանեց եւ իր մեղքերը. «Իմ` ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստերով, այլ` էմոցիոնալ: Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը եւ փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի: Սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել: Փաստեր եղել են, սակայն ամբողջական չի եղել»: Դե ինչ, նա զարմանալիորեն խոստովանեց, որ, պատկերավոր ասած, իր լեզուն ուղեղից առաջ էր ընկել, ինչը հատուկ ծառայության ղեկավարին, մեղմ ասած, սազական հատկություն չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА