ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գործադիր իշխանությունը գնում է մի քայլի, որն իրականում մեծ վնաս է ժողովրդավարությանը»

17.10.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գործադիր իշխանությունը գնում է մի քայլի, որն իրականում մեծ վնաս է ժողովրդավարությանը»

Կառավարության մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխված նախագծի վերաբերյալ երեկ հանդիպում տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի միջեւ: Ներկա էին Ընտրական օրենսգրքի փոփոխման համար Ազգային ժողովում ձեւավորված հանձնաժողովի անդամներ ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ-ական քաղաքական թեւից մոտ 20 պատգամավոր, ինչպես նաեւ խմբակցության մեջ մտնող երեք այլ կուսակցությունների ղեկավարները` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսկացության նախագահ Խոսրով Հարությունյանը: Քննարկման մանրամասների վերաբերյալ զրուցեցինք ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Խորհրդարանական խմբակցությունները ամփոփում են նախորդ շաբաթվա աշխատանքները. Ուղիղ

«ՈՒՇԱՑԱԾ, ՁԵՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷՐ»

- Կարծում եմ` ուշացած, ձեւական եւ բավականին թերի քննարկում էր, որովհետեւ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերը քաղաքական դաշտում, հատկապես խորհրդարանական հանրապետությունում, առաջին հերթին հենց խորհրդարանական ուժերի հետ քննարկելու թեմա է: Նախ ցավով եմ արձանագրում, որ կառավարական այն հանձնաժողովը, որ ստեղծվել էր` մշակելու Ընտրական օրենսգրքի նախագիծը, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանում` 4 խմբակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: Ավելին` այդ խմբի տված առաջարկները, որոնց մեջ կային 4 խմբակցությունների կողմից ընդունելի կենսուսային առաջարկված փոփոխություններ, հաշվի չեն առնվել այս նախագծում: Երկրորդ մեծ խնդիրն այն է, որ հետնահանջ է այս քննարկման ոճը նախորդ Ընտրական օրենսգրքի քննարկումից, որը, ինչպես հիշում եք, ծնեց 4+4+4 ձեւաչափ եւ համատեղ հայտարարություն, որը բերեց թե՛ խորհրդարանում կոնսենսուային քվեարկության, թե՛ միջազգային հանրության կողմից մեր ընտրական գործընթացի նկատմամբ մեծ վստահություն եւ աջակցություն, այդ թվում` տեխնիկական միջոցների ներդրման եւ այլն: Եվ երրորդ` մենք այսօր իմացանք, որ նախագիծն ընդամենը օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին, այն էլ ոչ վերջին տարբերակը, որովհետեւ վերջին տարբերակը մենք այսօր ենք ստացել: Եվ պարոն Միրզոյանն էլ ուղիղ ասաց, որ վստահ է, որ չեն հասցնելու Վենետիկի հանձնաժողովից ստանալ պատասխան, միգուցե հարցազրույցի տեսքով ինչ-որ մեկը, ինչ-որ մի կարծիք ասի: Սա անարգանք է Վենետիկի հանձնաժողովի եւ այդ ինստիտուտի նկատմամբ: Ավելի հեշտ էր չուղարկել օրենսգիրքն ու ասել` արտակարգ իրավիճակ է, նոր Հայաստան է եւ այլն, չենք ուղարկում, ինքներս ենք որոշում եւ ինչպես ուզում, այդպես էլ գնում ենք առաջ: Ես հարց տվեցի պարոն Միրզոյանին առ այն, թե մեկ տարի ժամկետը, որ Վենետիկի հանձաժողովը խորհուրդ է տալիս սպասել, ըստ իրենց, բացարձակ անհեթեթությո՞ւն է, թե` ոչ, պատասխանեց, որ շատ ճիշտ մոտեցում է: Ես էլ շարունակեցի` պարզաբանելով, որ այդ մոտեցման նպատակը մեկն է` մանավանդ եթե կան փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, քաղաքական ուժերը պետք է ստանան հնարավորություն` պատրաստվելու նոր ընտրություններին:

ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

–Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այս հապճեպությունը, որ իշխանությունն ամեն գնով փորձում է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Վերադառնալու եմ ...». Կորյուն Նահապետյանը պատգամավորի թեկնածու չառաջադրվելու մասին

– Պայմանավորված է մեկ հանգամանքով` այսօր գործադիր իշխանություն ունեցող քաղաքական ուժը համարում է, որ քաղաքական առումով իր համար նպաստավոր պայմաններ են ընտրություններ անցկացնելու համար, եւ գնում է մի քայլի, որն իրականում մեծ վնաս է հասցնում Հայաստանում քաղաքական կուսակցությունների կայացման եւ ամրապնդման գործընթացին, ինչն առանցքային էր ժողովրդավարության համար: Ցավում եմ, բայց այս օրենսգիրքն այն տեսքով, որ բերվել է, ուղղակի, չի արտացոլում կառավարության ծրագրի հիմնական գործնական խոստումները: Կառավարության ծրագիրը, որը բերվեց Ազգային ժողով, կոնկրետ խոստումներ գրեթե չուներ, ելույթներում եւ կոնտեքստում մատների վրա կարելի է հաշվել այն չափելի բաները, որ կառավարությունը եւ վարչապետ Փաշինյանը խոսք էին տալիս, այդ թվում` խոսքը վերաբերում էր երկրով մեկ միասնական համակարգ ներդնելուն, կրկնաքվեարկությունները բացառելուն, դռնեդուռ քաղաքականությամբ ցուցակները մաքրելուն եւ տեխնիկական նոր միջոցներ ներդնելուն: Մինչդեռ այս երեք կետից որեւէ մեկն այս օրենսգրքում այդպես էլ կատարված չէ: Այս առումով ես մի կարծիք ձեւավորեցի, որը մեկ հարցով նաեւ հաստատեց պարոն Միրզոյանը: Համոզմունք ունեի, որ կառավարությունն այս հապճեպությամբ բերում է նախագիծը, որպեսզի այն չանցնի, եւ այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի եւ քարոզչության առարկա: Ամրապնդվեց իմ այս կարծիքը, որովհետեւ մի քանի անգամ պարոն Միրզոյանն ասաց` ըհն, շատ լավ նաեւ փաստարկ է չընդունելու համար... Այսինքն` ինձ մոտ ամուր տպավորություն կա, որ կառավարությունն ուզում է այս նախագիծը բերելով կատարած լինի իր նախընտրական խոստումը, այնուհետեւ ձեռքերը լվանալ` ասելով, որ ես բերեցի, խորհրդարանը չընդունեց:

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵ ՉԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԻՐ ԱՍԵԼԻՔՆ ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՒՐԵՄՆ` ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ»

–Հաշվի առնելով այս ամենը` ճի՞շտ եք համարում, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նման Ընտրական օրենսգրքով:

– Նախ այս օրենսգիրքը պետք է ընդունվի, որ այս օրենսգրքով մասնակցենք կամ չմասնակցենք ընտրությանը: Ես միայն անձնական կարծիք կարող եմ ասել, որովհետեւ մենք կուսակցական որոշում այս պահին չունենք: Ավելի քան վստահ եմ, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանություն, լինեն ընդդիմություն, նորից պայքարեն իշխանության համար եւ նորից ընտրվեն, դառնան մեծամասնություն: Կարծում եմ, որ այն կուսակցությունը, որը իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում գնում է, արկածախնդիրների կուսակցություն է: Եթե կուսակցությունը չի պայքարում իր ասելիքն ասելու համար, ուրեմն` ասելիք չունի: Ես Հանրապետական կուսակցությանը անդամակցել եմ, որովհետեւ համարել եմ, որ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որն ունի քաղաքական դիրքորոշում` մեր երկրի համար կարեւորագույն հարցերում, այդ թվում` ազգային ինքնության, մեր ազգային արժեքների, Արցախի հիմնահարցում եւ բազմաթիվ այլ հարցերում: Եվ եթե Հանրապետականը երկար տարիներ իշխանություն լինելուց հետո` հիմա այն կորցնելով համարեր, որ այլեւս անելիք չունի քաղաքական դաշտում, ինձ համար կլիներ մեծագույն հիասթափություն կուսակցության հարցում` իմ ընտրության:

«Անձամբ վարչապետն է պատասխանատու իմ քարոզարշավի համար. իմ, Էդիկի, Վիգենի, Դավիթի, բոլորի համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու». Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА