ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

17.10.2018 22:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում խոսեց մի շարք հարցերից, այդ թվում` հանրային տրանսպորտի գներից: Մասնավորապես` լրագրողի հարցին, թե առաջիկայում տրանսպորտի գինը կբարձրանա՞, նորընտիր քաղաքապետը հայտարարեց. «Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք` մի թանկացրեք, այս անգամ, իմ կարծիքով, որ չի թանկանում` արդեն օբյեկտիվ չէ: Ինձ թվում է` նախորդ իշխանությունն ուղղակի վախենում էր գին բարձրացնել, որպեսզի բողոքի նոր ալիք չբարձրանար, բայց գուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու մեջ...»: Հետո ճիշտ է, նա հայտարարեց, թե գների բարձրացման մասին չի խոսել, բայց մեկ է՝ բոլորն են հասկանում, որ թեման օրակարգում է:

ԷԺԱՆ ՇՈՈՒՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՂԲԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՔ

Քաղաքապետի ելույթից հետո հնչում է մեկ պարզ հարց` ուրեմն այդ ի՞նչ կոմպոնենտ է, որ ժամանակին, երբ ներկայիս քաղաքապետը գների բարձրացման դեմ էր, օբյեկտիվորեն թույլ չէր տալիս թանկացում, իսկ հիմա՝ թույլ է տալիս: Այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից: Սակայն քաղաքապետարանից մեզ խնդրեցին, որ հարցը նախ գրավոր ուղարկենք, ապա ուղարկելուց հետո զանգահարեցին եւ բանավոր փոխանցեցին, որ տրանսպորտի թանկացման հետ կապված նորընտիր քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով, թե ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա նա դեմ է տրանսպորտի թանկացմանը: Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա: Թե ինչ էր հետո գրել Մարությանը, առանց քաղաքապետարանի էլ է հայտնի: Հայտնի է նաեւ նորաթուխ քաղաքապետի նախորդ խոսքը, թե ինքնարժեքը կարող է բարձրանալ: Իսկ թե այդ բարձրացման համար ով է վճարելու, դա էլ կասկածի տեղ չի տալիս. եթե անգամ քաղաքապետարանը սուբսիդավորի թանկացումը, էլի դա շարքային երեւանցու գրպանից է գնում: Այն պարզ պատճառով, որ քաղաքապետարանը փող չի տպում, այլ գործում է նույն շարքային քաղաքացիներից հավաքված հարկերի հաշվին: Այսինքն, խնդիրն այստեղ սկզբունքային է՝ տրանսպորտը պե՞տք է առհասարակ թանկանա, թե՝ ոչ: Հենց դրա մասին էր քաղաքապետի խոսքը, որ պետք է թանկանա, եւ մնացած բացատրությունները սովորական մանիպուլյացիաներ են: Կարճ ասած, իր հայտարարությունից հետո քաղաքապետը պարտավոր է պարզաբանել՝ կոնկրետ այդ ո՞ր կոմպոնենտներն են, որ ժամանակին թույլ էին տալիս, որ հանրային տրանսպորտը գործի 100 դրամ սակագնի ինքնարժեքային տրամաբանության մեջ եւ հիմա փոխվել են, ու պարտադրում են միանգամայն այլ ինքնարժեք եւ սակագին: Այսինքն` հիմնավորի, որ ժամանակին պարոն Մարությանը տեղին էր պայքարում թանկացման դեմ ու հիմա, երբ նա է պատասխանատուն, այդ կոմպոնենտները փոխվել են, եւ ստիպված են թանկացնել: Եվ նորից ֆիքսենք՝ դա անկախ նրանից, թե ուղղակիորեն ով է վճարելու. եթե քաղաքապետը մի տարի սուբսիդիա տա, մեկ տարուց կարող է եւ չտալ, թանկացված սակագնի փաստը դրանից չի փոխվի եւ թանկացումն էլ ուղղակիորեն կմնա շարքային քաղաքացիների ուսերին: Ինչեւէ, մեզ հետաքրքրում էր նաեւ, թե՝ ի վերջո, վերանալո՞ւ են արդյոք «կարմիր գծերը», քաղաքապետարանում կա՞ նման նախագիծ: Այս հարցին էլ տվյալ կառույցից պատասխանեցին, որ դեռ որեւէ փոփոխություն չկա, այսինքն՝ ինչպես «կարմիր գծերը» կային, այնպես էլ մնալու են: Ասացին նաեւ, որ եթե ինչ-որ բան փոխվի, այդ մասին կտեղեկացվի: Դե գոնե դրա համար «շնորհակալություն»: Վերջապես մեր այն հարցերին, թե Երեւան քաղաքում գործող երթուղային «Գազելները» ե՞րբ են փոխարինվելու  հարմարավետ ավտոբուսներով, ի՞նչ փուլում է այդ ծրագիրը: Ապա, ինչպե՞ս են պատրաստվում լուծել Երեւանում գործող վերելակների մեծ մասի անմխիթար վիճակի հարցը: Կամ, ի՞նչ նկատի ուներ քաղաքապետը, ասելով, որ ԽՍՀՄ տարիներին կառուցված բոլոր շենքերը քանդվելու են եւ նորերն են կառուցվելու, ի՞նչ ծրագրով է դա նախատեսվում եւ ինչպիսի՞ փոխհատուցում են ստանալու քանդվող շենքերի բնակիչները, այդպես էլ պատասխան չտրվեցին: Ընդամենը, որ նշված հարցերի շուրջ շուտով կլինեն քննարկումներ, հանդիպումներ, եւ հանրությունը մանրամասն կտեղեկանա այդ մասին: Բայց սա արդեն զավեշտ է. երբ քաղաքապետը խոսում է խորհրդային շենքերը քանդելու մասին, պետք է որ մինչ նման հայտարարությունը մտածած լիներ, թե ինչո՞ւ, ո՞ւր է տեղավորելու այդ շենքերի բնակիչներին, ի՞նչ միջոցներով է նորերը կառուցելու: Հենց քաղաքապետի այդ պատկերացումներն էլ փորձում էինք ճշտել, բայց պարզվում է, որ ոչ մի պատկերացում էլ չկա, դեռ նոր են քննարկելու: Դե լավ, քննարկեք: Միայն թե Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը, անկախ նրա ով լինելուց, լավ կաներ, որ մի բանի մասին նախ մի լավ մտածեր, հետո նոր սկսեր հայտարարություններ շաղ տալ: Չնայած` հասկանալի է, մարդը պետք է շարունակի ինչ-որ խոստումներ տալ՝ փորձելով ապացուցել, թե այդ պաշտոնին հայտնվել է ոչ թե Փաշինյանի վարկանիշի հաշվին, այլ՝ սեփական ընդունակությունների պատճառով: Բայց նման բաները ոչ թե պոպուլիստական հայտարարություններով են ապացուցում, այլ՝ աշխատանքով, մինչդեռ այս սկզբնական օրերին միանգամայն հակառակն ենք տեսնում:

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին

Մեկ էլ հուշենք, որ խորհրդային շենքերը քանդելու մասին հայտարարություններն ամենեւին էլ պոպուլիստական տեսք չունեն, դրանք միայն հեղինակազրկող են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА