o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«21-րդ դարում պետությունը պետք է ունենա ուղեղային կենտրոն». Վարդան Աթոյան

28.10.2018 14:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«21-րդ դարում պետությունը պետք է ունենա ուղեղային կենտրոն». Վարդան Աթոյան

ՀՀ կառավարությունը նախատեսում է հունվարին լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը, որը ռազմավարական հետազոտությունների եւ նորարարական մշակումների առաջատար կենտրոն է եւ աշխատում է արդի ուղեղային կենտրոնների ոճով: Ընդ որում` միակ դասական ուղեղային կենտրոնն է, որը գործում է պետության հովանու ներքո: Այս եւ առհասարակ Հայաստանում ուղեղային կենտրոնների գործունեության մասին, «Իրավունքը» զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆԻ հետ: Ի դեպ, մեր զրուցակիցը շուրջ տասը տարի ուսումնասիրել է հենց այս ոլորտը:

Չինաստանի իշխանություններն ակնկալում են ընթացիկ գարնանն արդեն իսկ կանխել նոր կորոնավիրուսի տարածումը․ ՀՀ-ում Չինաստանի դեսպան

- Պարոն Աթոյան, վերջին շրջանում, կարծես թե, Հայաստանում այդքան էլ չի կարեւորվում ուղեղային կենտրոնների դերն ու անհրաժեշտությունը: Արդյոք այն կարելի է փոխարինել որեւէ մի այլ ժամանակից տեխնոլոգիաներով՝ այդտեղ եւս գումար խնայելով:

- Հանուն արդարության պետք է ասել, որ այս խնդիրը նոր չէ: Ցավոք, անկախության շուրջ երեք տասնամյակների ընթացքում մեզանում օրինաչափություն չկազմող դեպքերը չհաշված՝ այս խնդիրը այս կամ այն չափով առկա է եղել: Հայաստանում ձեւավորված քաղաքական մշակույթում ուղեղային կենտրոնները ավանդաբար սահմանափակ մասնակցություն են ունեցել հանրային քաղաքականության մեջ եւ, հատկապես, որոշումների կայացման գործընթացում: Որպես ոլորտի հետազոտող պետք է նշեմ, որ այստեղ իրենց մեղավորության չափն ունեն նաեւ ուղեղային կենտրոնները, որոնք միգուցե իրենց կազմակերպական հնարավորություններով, կամ մասնագիտական պատրաստվածությամբ, կամ թեկուզ մտավոր արտադրանքի ձեւաչով երբեմն չեն բավարարել քաղաքական վերնախավի կողմից ակնկալվող պահանջներին, սակայն, այս երեւույթի հիմնական պատասխանատուն պետությունն է ու ոլորտի նկատմամբ վերջինիս որդեգրած մոտեցումները: Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարում իրավիճակը որոշակիորեն բարելավվում էր եւ նկատվում էր ուղեղային կենտրոնների ու դրանց մտավոր արտադրանքի նկատմամբ պետության հետաքրքրության աճ, միաժամանակ ի հայտ էին գալիս պետություն-փորձագիտական հանրույթ, պետություն-ուղեղային կենտրոններ ինստիտուցիոնալ փոխգործակցության օրինակներ: Այս համատեքստում կարելի է հիշատակել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ 2017 թ. հուլիսին ստորագրված համագործակցության հուշագիրը, որով «Ամբերդը» դարձել է նշյալ հանձնաժո­ղովի պաշտո­նական գիտական խորհրդատու-գործընկերը եւ դրա շրջանակներում իր փորձագիտական կարողություններով աջակցում է հանձնաժողովի աշխատանքներին, ինչն ի դեպ իրականացվում է հասարակական հիմունքներով: Հիշատակման արժանի մեկ այլ օրինակ է 2017 թ. հունիսին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին կից ստեղծված «Վերլուծական խոր­հուրդը»՝ բաղկացած փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներից: Իհարկե, կդժվարանամ գնահատական տալ այս խորհրդի գործունեության արդյունավետությանը: Այդ հարցին առավել ճիշտ կլինի պատասխանեն նախաձեռնողներն ու տվյալ խորհրդի անդամները, սակայն փաստն ինքնին դրական է: Նույն «Ամբերդ» հետազոտական կենտրոնը Հայաստանի տարբեր նախարարությունների պատվերով տարբեր տարիներին իրականացրել է որոշակի հետազոտություններ եւ ուսումնասիրություններ: Ի դեպ կրկին, բացառությամբ մեկ դեպքի, հասարակական հիմունքներով: Կարող ենք հիշատակել նաեւ այլ օրինակներ, սակայն, բավարարվենք այսքանով: Ինչ վերաբերում է այս ոլորտում վերջին ամիսներին արձանագրվող գործընթացներին, ապա կարծում եմ դեռ վաղ է քիչ, թե շատ ամփոփ գնահատական տալ նոր իշխանությունների կողմից ուղեղային կենտրոնների ոլորտի նկատմամբ իրականացվող քաղաքականությանն ու մոտեցումներին: Այդ հարցի շուրջ մի քանի ամիս անց առավել հստակ կարելի է խոսել եւ գնահատականներ տալ: Այնուամենայնիվ, մեկ մտահոգիչ ազդակ պետք է առանձնացնել: Խոսքը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հնարավոր լուծարման վերաբերյալ վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների մասին է, որոնք, ըստ էության, մինչ այս հարցազրույցի պահը պաշտոնապես չեն հերքվել: Հարկ է նշել, որ «Նորավանքը» ուղեղային կենտրոնների ձեւաչափով գործող Հայաստանի եզակի պետական հաստատություններից է: Միանշանակ է, որ «Նորավանքը» որոշակի բարեփոխման, գործունեության արդյունավետության բարձրացման եւ առավել նպատակային դարձնելու կարիք ունի, սակայն լուծարել մի կառույց, որի իրականացրած բազմաթիվ աշխատանքներ օգտակար են եղել պետությանը՝ այս կամ այն ոլորտում որոշում կայացնելու կամ քաղաքաղաքականություն մշակելու համար, որն իր ներդրումն է ունեցել Հայաստանում քաղաքագիտական մտքի զարգացման գործում, որը ծառայել է որպես բազմաթիվ վերլուծաբանների դարբնոց, որը որոշակի միջազգային ճանաչում է ստացել եւ հաջողել է ֆինանսական սուղ պայմաններում արդյունքներ ստեղծել՝ ճիշտ չի լինի: Դա իմ մասնագիտական կարծիքն է: Հատկապես, երբ դրա փոխարեն կարծես թե ոչինչ չի առաջարկվում: Հարկ է հիշել, որ ուղեղային կենտրոնը կարելի է մեկ որոշմամբ փակել, սակայն, նման հաստատություն կայացնելու համար, նույնիսկ բավարար ռեսուրսների առկայության պարագայում, տարիներ են անհրաժեշտ: Արտերկրում հարյուրամյա պատմությամբ ուղեղային կենտրոններ կան, իսկ մեզանում քննարկվում է շուրջ երկու տասնամյակի պատմություն ունեցող պետական ուղեղային կենտրոնի փակման հնարավորությունը: Այն, որ 21-րդ դարում պետությունը պետք է ունենա ուղեղային կենտրոն աքսիոմատիկ ճշմարտություն է: Դրա առկայությունը կամ բացակայությունը՝ պետության արտաքին ու ներքին քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտներում ինքնիշխանության ու արհեստավարժության ցուցիչներից է: Պետական ուղեղային կենտրոններն ունեն ռազմավարական նշանակություն եւ պատահական չէ, որ վերջիններս հաճախ դասվում են պետության կրիտիկական փափուկ ենթակառուցվածքների շարքում: Այնուամենայնիվ, չեմ ցանկանում այս պահին հեռուն գնացող հետեւություններ անել: Ճիշտ կլինի սպասել պաշտոնական տեղեկատվության: Ինչ վերաբերում է Ձեր հարցադրման վերջին հատվածին՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ուղեղային կենտրոնների փոխարինմանը, ապա կարծում եմ խնդրին մի փոքր այլ դիտանկյունից պետք է մոտենալ: Ավելի կոնկրետ՝ ոչ թե փոխարինման, այլ՝ ներդաշնակեցման: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ուղեղային կենտրոններում կարող է էականորեն բարձրացնել վերջիններիս արդյունավետությունը՝ տեղեկատվության հավաքման, մշակման եւ վերլուծության գործում: Այդ տեխնոլոգիաների կիրառման միջոցով կարելի է նաեւ կանխատեսել որոշակի զարգացումներ: Վերջերս արդիական է դարձել տարբեր առիթների դեպքում հղում անել սինգապուրյան փորձին: Այս համատեքստում նշեմ, որ ազգային անվտանգութ­յան ոլորտում իրականացվող կանխատեսումների առավել բարձր հավանա­կա­նություն եւ ճշգրտություն ստանալու նպատակով Սինգապուրը հաջողությամբ ներդաշնակել է փորձագի­տա­կան աշխատանքն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Դեռեւս 2004 թ. Սինգապուրի կառավարությունը երկրի ազգային անվտանգության համակարգի ամրապնդման նպա­տակով հիմնել է Risk Assessment and Horizon Scanning ռիսկերի գնահատման եւ կանխատեսման ծրագիրը, որը թույլ է տալիս ուղեղային կենտրոնների փորձագետներին առավել արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը: Այս ծրագիրը հիմնված է «կոգնիտիվ մոդելի» վրա եւ նախա­տեսված է մարդու մտածելու գործընթացի նմանակման համար: Վերջինս թույլ է տալիս ամբարել տվյալների հսկայական ծավալներ եւ նախատեսված է գործնականորեն բոլոր ոլորտներից ստացվող տեղեկատվության ռազմավարական վերլուծության համար: Այդ տեխնոլոգիայի միջոցով ստեղծվում են մոդելներ, որոնք կարող են կիրառվել հնարավոր իրադարձությունների եւ երկրի վրա բազմաբնույթ ազդեցությունների կանխատեսման համար: Օգտագործելով տեղեկատ­վական այդ բազան, որը կոչվում է գաղափարների տվյալների բազա, այս ծրագրի ընձեռած հնարա­վորությունների օգտագործմամբ վերլուծաբան­ները պատրաստում են տեղեկանքներ, թե ինչպես կարող են զարգանալ որոշակի իրադարձությունները, եւ ինչպիսին կարող են լինել վտանգներն ու սպառնալիքները: Պետք է նշեմ, որ այստեղ խոսքը ոչ այնքան ուղղակիորեն ապագայի կանխատեսման, որքան ապագայի զարգաց­ման մի քանի հա­վա­­նական տարբերակների կամ սցենարների նկարագրության մասին է, ինչը ցույց է տալիս կառավարությանը, թե հատկապես որ ուղղություններով պետք է առավելապես ուղղել ջանքերը: Մի խոսքով՝ ուղեղային կենտրոնները եւ դրանցում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կարող են օգտակար լինել ապագա զարգացումները կանխատեսելու եւ դրանց պատրաստ լինելու համար: Իսկ կանխատեսելով զարգացումների հնարավոր սցենարները, պատրաստ լինելով դրանց հետեւանքներին եւ ուղղորդելով գործընթացները մեզ համար առավել ընդունելի հունով՝ մենք ոչ միայն բարձրացնում ենք քաղաքական որոշումների արդյունավետությունը, ձեւավորում ռազմավարական տեսլական, նվազեցնում հնարավոր ռիսկերը, այլեւ՝ փոխում, ձեւավորում, պլանավորում եւ կերտում ենք մեզ համար առավել ցանկալի ապագան:

Երկուսն էլ փորձում են դուր գալ. Վազգեն Խաչիկյանը քաղաքական եւ ազգային խոհանոցների նմանության ու տարբերության մասին

- Հանրային քաղաքականության եւ քաղաքական գործընթացների մեջ առնվազն վերջին մի քանի տարում, ըստ Ձեզ, իրենց դերակատարությունն ունեցե՞լ են ուղեղային կենտրոնները եւ առհասարակ՝ քանի՞սն ունենք, որպես այդպիսին, Հայաստանում:

Իշխանությունները փաստացի ներքաշում են ԿԸՀ-ին ԱՅՈ-ի քարոզարշավի մեջ

- Չնայած նրան, որ մեզանում առկա են կայացած, գործունեության ինքնատիպ ձեռագիր, մտավոր արտադրանքի պատշաճ մակարդակ ունեցող եւ ուղեղային կենտրոնների ձեւաչափով գործող շուրջ երկու տասնյակ հաստատություններ, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Հայաստանում այս ոլորտն, ընդհանուր առմամբ, դեռեւս կայացման փուլում է: Հիմնական խնդիրը ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունն է, ինչն ուղղակիորեն անդրադառնում է վերջիններիս ներուժի եւ հանրային քաղաքականության մեջ ու քաղաքական գործընթացներում դրանց դերակատարության վրա: Օրինակի համար նշեմ, որ ԱՄՆ-ում առաջատար ուղեղային կենտրոնների տարեկան բյուջեն հաճախ գերազանցում է 100 մլն դոլարը: Օրինակ՝ ՌԷՆԴ կորպորացիայի տարեկան բյուջեն ամեն տարի տատանվում է 280-350 մլն դոլարի շրջանակայքում, իսկ վերջինիս աշխատակազմը ներառում է ավելի քան 1000 փորձագետ եւ հետազոտող: Այս առումով մեր ուղեղային կենտրոնների հնարավորությունները շատ ավելի համեստ են նույնիսկ հայաստանյան չափանիշներով, ինչը ազդում է նաեւ վերջիններիս ակտիվության ու ազդեցիկության վրա: Մեր ուղեղային կենտրոնները փորձագետների թվաքանակը, որպես կանոն, շատ հազվադեպ է գերազանցում 10-ը: Ռեսուրսների սղությունը ազդում է նաեւ կազմակերպվող միջոցառումների հաճախականության, հետազոտությունների իրականացման պարբերականության եւ մարքեթինգային գործիքակազմի կիրառման վրա: Ցավոք, ստեղծված պայմաններում Հայաստանի ուղեղային կենտրոնները երբեմն չեն կարողանում իրականացնել նման կառույցներին բնորոշ բոլոր գործառույթները եւ կիրառել բավարար ազդեցություն ապահովելու համար անհրաժեշտ գործիքները: Գործառույթների ընտրողական կիրառման պարագայում երբեմն նույնիսկ դժվար է դառնում հայաստանյան իրականությունում գործող նման կառույցները դասական ակադեմիական իմաստով դասակարգել որպես ուղեղային կենտրոն: Այնուամենայնիվ, վերջին տարիների միտումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հանրային քաղաքականությունում ուղեղային կենտրոնների դերակատությունը թեեւ փոքր քայլերով, սակայն առավել նկատելի է դառնում:

Յոնջան նպաստում է, որ շարքային հպարտ քաղաքացիները դյուրությամբ մարսեն իշխանությունների հիբրիդային ճշմարտությունները. Աղասի Ենոքյան

- Կարծես թե, ուղեղային կենտրոնների կարեւորությունը հանրային ընկալումներում դրսեւորվում է արեւմտամետ-ռուսամետ քաղաքական վերլուծություններ անող կենտրոններով: Նրանց իրական լուրջ աշխատանքը տեսանելի չէ՞, թե՞ պարզապես կաղում ենք այս հարցում:

«Շատ կարճ ժամանակահատվածում կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ» (Տեսանյութ)

- Իհարկե, խնդիրը կարելի է դիտարկել նաեւ այս տեսանկյունից, սակայն, պետք է նշեմ, որ սա միայն հայկական ֆենոմեն չէ եւ ոլորտի նկատմամբ նման ընկալումներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում: Այնուամենայնիվ, ուղեղային կենտրոններն իրենց աշխատանքում պետք է ձգտեն հավասարակշռություն պահպանել, քանի որ զրկվելով օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր դիտարկվելու առավելությունից՝ դրանց մտավոր արտադրանքը հասարակության մի ստվար զանգվածի եւ որոշում կայացնողների համար անհետաքրքիր ու կանխատեսելի է դառնում եւ ընկալվում է որպես քարոզչություն: Մյուս կողմից, ուղեղային կենտրոնների գործունեությունն ու աշխատանքն ունի թե՛ տեսանալի, թե՛ անտեսանելի կողմ: Տեսանելի կողմերն, օրինակ՝ հրապարակումները, մամուլի ասուլիսներն ու հարզացրույցները, մասնակցությունը հեռուստաբանավեճերին եւ այլն: Հանրության համար ոչ տեսանելի կարող են լինել անհատական խորհրդատվությունը որոշում կայացնողներին կամ վերջիններիս համար պատրաստվող փակ բնույթի ուսումնասիրությունները, երաշխավորությունները, զեկույցները, կանխատեսումները եւ այլն: Վերջին թվարկվածների առումով պետք է նշեմ, որ, ցավոք, Հայաստանում հատկապես անկախ եւ համալսարանական ուղեղային կենտրոնների ներուժը այս մասով գրեթե չի օգտագործվում:

Մենք հոռի մերժման մշակույթի մեջ ենք. Մանասյան

- Առնվազն երկրի գլխավոր պաշտոնյաների երբեմն արտահայտած մտքերից կարելի է եզրակացնել, որ ուղեղային կենտրոնների խորհուրդներին կա՛մ չեն հետեւում, կա՛մ իրենք հենց իրենց են համարում ուղեղային կենտրոն: Ի վերջո, ինչպե՞ս պետք է լինի պետություն-ուղեղային կենտրոններ համագործակցությունը:

Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը «Փաստ»

- Քննարկվող հարցի համատեքստում այս պահին զերծ կմնայի երկրի գլխավոր պաշտոնյաների արտահայտություներին գնահատականներ տալուց: Կարծում եմ դեռեւս որոշակի ժամանակ է անհրաժեշտ՝ Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականության եւ նպատակների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ 21-րդ դարում հասարակության եւ պետության տարբեր ոլորտներում արձանագրվող հարափոփոխ գործընթացները, գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակով ընթացող վերափոխումները, միաժամանակ՝ հաճախ դրանց անկանխատեսելիությունը եւ ազդեցության բազմաշերտ, բազմամակարդակ ու մեծամասշտաբ բնույթը զգալիորեն բարդացնում են որոշումների կայացումը՝ մեծացնելով կայացվող քաղաքական որոշում­ների «գինը» եւ էապես ընդգծելով չսխալվելու անհրաժեշտությունը: Բնականաբար նման իրավիճակն էապես փոփոխում է նաեւ պետության կառավարման մոտեցումներն ու քաղաքական վերնախավին առաջադրվող պահանջները՝ նվազեցնելով քաղաքական որոշում կայացնող անձանց կողմից բացառապես սեփական գիտելիքների ու փորձառության հիման վրա արդյունավետ որոշում կայացնելու հնարավորությունը: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ունենալ ուղեղային կենտրոնների կայացած ոլորտ: Իսկ վերջիններիս հետ փոխգործակցության, դրանց հնարավորություններից օգտվելու եւ պետական շահին ծառայեցնելու ձեւաչափերը բազմազան են՝ պետության կողմից իջեցվող հետազոտական պատվերներ, անհատական փորձագիտական խորհրդատվություններ, «պտտվող դռների» քաղաքականություն, արտաքին քաղաքականության ոլորտում Track II Diplomacy-ի մեջ ներգրավում, հատուկ փորձագիտական խորհուրդների ստեղծում եւ այլն:

​​​​​​​«Կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն՝ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի»

- Ի՞նչ կասեք մեր հարեւան պետությունների փորձի մասին. Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում եւ Իրանում այս առումով ինչպիսի՞ պատկեր է:

- Այս առումով պետք է ասեմ, որ, եթե Վրաստանում եւ Հայաստանում իրավիճակը այս ոլորտում, ընդհանուր առմամբ, համադրելի է, ապա Ադրբեջանում թեեւ կան որոշ նշանակալի դերակատարում ունեցող ուղեղային կենտրոններ, ինչպես, օրինակ՝ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որը գործում է երկրի նախագահին առընթեր, սակայն Ադրբեջանի քաղաքական համակարգի ավտորիտար բնույթը մեծապես ճնշում է անկախ ուղեղային կենտրոնների զարգացումը: Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինիս հանրային քաղաքականության փակ բնույթով պայմանավորած՝ երկրի ուղեղային կենտրոնների ոլորտի վերաբերյալ բավական սահմանափակ տեղեկատվություն կա եւ խնդիրը հատուկ ուսումնասիրության կարիք ունի: Այս առումով, տարածաշրջանի երկրների մեջ առանձնանում է Թուրքիան, որը ուղեղային կենտրոնների ոլորտի կայացվածությամբ եւ հանրային քաղաքական ոլորտում այդ հաստատությունների դերակատարությամբ ու ազդեցությամբ գերազանցում է մյուսներին:

«Ժողովուրդ»․ Իշխանությունը լրջորեն լծվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը»

- Կա՞ն տվյալներ, թե մեր հարեւաններն ինչ գումարներ են ծախսում եւ քանի ուղեղային կենտրոն ունեն:

- Հարեւան երկրների ուղեղային կենտրոնների ֆինանսական հնարավորությունների  վերաբերյալ կդժվարանամ որեւիցե գնահատականներ տալ: Դրա համար անհրաժեշտ է իրականացնել առանձին հետազոտություն: Ընդհանրապես երբեմն բավականին բարդ է տեղեկություններ ստանալ հատկապես այլ երկրների ուղեղային կենտրոնների ծախսերի վերաբերյալ: Ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի, որտեղ բոլոր ուղեղային կենտրոնների ֆինանսական հաշվետվությունները հրապարային են եւ տեղադրված են իրենց պաշտոնական կայքերում, բազմաթիվ երկրներում դրանք հաճախ այդքան հասանելի չեն: Այնուամենայնիվ, դատելով քաղաքական գործընթացներում այդ երկրների ուղեղային կենտրոնների դերակատարության ակտիվությունից, տեսանելիությունից եւ միջազգային վարկանիշավորումներում զբաղեցրած դիրքից՝ կարելի է ենթադրել, որ այս հարցում նույնպես առաջատարը Թուրքիային է: Ինչ վերաբերում է ուղեղային կենտրոնների քանակական ցուցանիշներին, որոնք ի դեպ ոչ միշտ են կոռելյացվում քաղաքական գործընթացներում դրանց դերակատարության խորության ու ազդեցության մակարդակի հետ, ապա ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի Լաուդերի ինստիտուտի Ուղեղային կենտրոններ եւ քաղաքացիական հասարակություններ ծրագրի կողմից հրապարակվող ամենամյա վարկանիշավորման զեկույցի համաձայն՝ 2018 թ. հունվարի դրությամբ Ադրբեջանում առկա է 15, Թուրքիայում՝ 46, Վրաստանում՝ 26, իսկ Իրանում՝ 64 ուղեղային կենտրոն: Հարկ է նշել, սակայն, որ այս հարցի վերաբերյալ առանձին հետազոտողների կողմից բերվող քանակական ցուցանիշները խիստ տարբերվում են: Ինչեւիցե, ընհանրացնելով կարելի է ասել, որ Թուրքիայում նման հաստատությունների թիվը վերոնշվածից մի քանի անգամ ավելին է: Ի դեպ, Փենսիլվանիայի համալսարանի վերոնշյալ կառույցը միակն, որը ամեն տարի հավաքագրում է աշխարհի տարբեր երկրներում գործող ուղեղային կենտրոնների վերաբերյալ տեղեկություններ, ամփոփում է դրանք եւ որոշակի մեթոդաբանությամբ իրականացնում վարկանիշավորում: Սա եզակի աղբյուր է, որտեղից հնարավոր է առանց հատուկ ուսումնասիրություն կատարելու ցանկացած երկրում ուղեղային կենտրոնների քանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: Այնուամենայնիվ, դրանում առկա են նաեւ մի շարք, երբեմն նույնիսկ էական, անճշտություններ, որոնք, սակայն, առանձին քննարկման առարկա են:

Վերջնական քաղաքական որոշում չունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

- Իսկ ո՞ր պետություններն են առավել կարեւորում ուղեղային կենտրոնների գործունեությունը եւ ինչպիսի՞ հաջողված օրինակելի արդյունքներ կառանձնացնեք, որոնք կարողացել են իրենց երկրում կամ աշխարհաքաղաքական առումով, այսպես ասած, «եղանակ փոխել»:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց տոնը

- Այս առումով միանաշանակ առաջնայնությունը պատկանում է ԱՄՆ-ին: Այդ երկրում են գտնվում աշխարհի ուղեղային կենտրոնների ավելի քան 1/4-ը: Դրանց թվում են այնպիսի հզոր ուղեղային կենտրոններ, ինչպիսիք են՝ Բրուքինգսի ինստիտուտը, ՌԷՆԴ կորպորացիան, Քարնեգի հիմնադրամը, Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտը, Արտաքին հարաբերությունների խորհուրդը, Ժառանգություն հիմնադրամը, Ատլանտյան խորհուրդը եւ այլն: ԱՄՆ-ում ուղեղային կենտրոնների ազդեցությունը քաղաքաղական գործընթացների վրա այնքան նշանակալի է, որ ամերիկյան ակադեմիական շրջանակներում օրենսդիր, գործադիր, դատական եւ չորրորդ իշանություն համարվող մամուլից հետո դրանք երբեմն անվանվում են հինգերորդ իշխանություն: Աշխարհի այլ երկրներից հարկ է առանձնացնել Չինաստանը, որտեղ վերջին երկու տասնամյակներում ուղեղային կենտրոնների ոլորտը աներեւակալի զարգացում է ապրել, ինչին մեծապես նպաստում է քաղաքական բարձրագույն իշխանության կողմից տարվող քաղաքականությունը, որի նպատակն է գլոբալ ազդեցության ուղեղային կենտրոնների ստեղծել: Ուղեղային կենտրոնների զարգացած համակարգ կա նաեւ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Կանադայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներներում: Ինձ վերաբերում է նշանակալի արդյունքներին, հատկապես միջազգային նշանակություն ունեցող, ապա այստեղ եւս կարող ենք դիմել ամերիկյան փորձին, որը, թերեւս, այս առումով ամենահարուստն է: Այսպես, Բրուքինգսի ինստի­­տուտը տարբեր տարի­ներին մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կառավարության բյուջե­տային գործընթացի, պետական քաղաքացիական ծառայության եւ սոցիալական ապահովման համակարգերի ստեղծման, հայտնի «Մարշալի պլանի» մշակման, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գների հսկողության սահմանման, «վտարյալ» պետություններին պատժելու կամ դրանց վրա ներազդելու նպատակով պատժամիջոցների կիրառման գաղափարների, Ազգային անվտանգության խորհրդի եւ այլ արտաքին քաղաքական եւ պաշտպանական կառույցների կազմակերպման, աղքատ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման, հետխորհրդային Ռուսաստանի նկատ­մամբ ԱՄՆ-ի քաղաքականության եւ այլ ռազմավարությունների մշակման մեջ: ԱՄՆ-ի ամենախոշոր ուղեղային կենտրոնը՝ ՌԷՆԴ կորպորացիան հետազոտություններ էր իրականացնում ԽՍՀՄ-ի ռազմական ռազմավարության զարգացման ոլորտի, վերջինիս դոկտրինների եւ պաշտպանական համակարգերի վերաբերյալ: Այդ հաստատությունում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատ­վերով, վերլուծություններ էին իրականացվում տնտեսության, արտաքին քաղաքականության եւ գիտատեխնիկական զարգացման ԽՍՀՄ-ի ծրագրերի եւ բազմաթիվ այլ խնդիրների շուրջ: Ավելին, ՆԱՏՕ-ի ընդարձակ­ման այլընտրան­քային ուղի­ների մշակումները եւս կատարվում էին ՌԷՆԴ կորպորացիայում եւ այլ ուղե­ղա­յին կենտրոններում: Մեկ այլ ուղեղային կենտրոնի՝ «Ժառանգություն» հիմնադրամի ազդեցությունը հատկապես զգալի էր ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռ. Ռեյգանի պաշտոնավարման տարիներին: Այս հաստատության կողմից մշակվել էր «Առաջնորդության մանդատ. պահպանողականների վարչակարգում քաղաքական կառավարումը» գործողությունների պլանը, որը քաղաքական ուղենիշ հանդիսացավ Ռեյգանի վարչակարգի համար՝ սկսած հարկային քաղաքականությունից մինչեւ ազգային անվտանգության ոլորտ: Բավական է նշել, որ փաստաթղթում առկա շուրջ 2000 երաշխավորություններից մոտ 2/3-ը հավանության արժանացան եւ իրականացվեցին Ռեյգանի վարչակարգի կողմից: Հարավաֆրիկյան Հանրապետությունում «ապարտեիդի» քաղաքականության վերացման գործում որոշակի դեր է ունեցել Քարնեգի հիմնադրամը: Այս­պես, 1980-ական թվականների կեսերից սկսած՝ վերջինս Վաշինգտո­նում կազմակերպել է մի շարք հանդիպումներ ՀԱՀ-ի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, քաղա­քա­կան գործիչների, հոգեւոր դասի, գործարար, գիտական շրջանակների, արհմիութ­յունների եւ ազատագրական շարժման արտաքսված առաջատար ներկայա­ցու­ցիչների միջեւ: Ավելի քան ութ տարի կազմակերպվող այս հանդիպումներն ու ժողովներն օգնե­ցին կողմերին երկխոսություն սկսել եւ ապահովել պայմանավոր­վածություն ՀԱՀ ապագայի վերաբերյալ, որն անցնում էր քաղաքական ցավոտ բարեփոխումների միջով: Բացի այդ, 1994 թ. ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ դիմակայության սրացման շրջանում Քարնեգի հիմնադրամը կարողա­ցավ կազմակերպել նախ ամերիկյան կառավարական պատվի­րա­կութ­յան, իսկ հետա­գա­յում նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջ. Քարտերի այցը Փհենյան, ինչը հիմք ծառա­յեց Շրջանակային համաձայնագրի կնքման համար՝ որպես առաջին լուրջ քայլ երկկող­մանի հարաբերությունների եւ հյուսիսկորեական միջուկային հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Քննարկվող հարցի համատեքստում կարելի է հիշատակել նաեւ Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի դերը, որը ժամանակին նույն­պես կազմակերպել էր նախագծեր, որոնք միտված էին նախկին Հարավսլավիա­յում միջէթնիկական հարաբերությունների բարելավմանը, Իսրայելում կրոնական եւ աշխար­­հիկ շրջանակների միջեւ պառակտման հաղթահար­մանը, ինչպես նաեւ հույն-թուրքական երկխոսության աջակցությանը:

Ձեռքներդ հետու չորրորդ իշխանությունից. Լևոն Բաղդասարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА