ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրություններին կմասնակցենք ազգային արժեհամակարգի պաշտպանության կոչերով. Հայկ Բաբուխանյան

05.11.2018 18:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ընտրություններին կմասնակցենք ազգային արժեհամակարգի պաշտպանության կոչերով. Հայկ Բաբուխանյան

Սահմանադրական իրավունք միություն կուսակցությունը (ՍԻՄ) ունի բոլոր ռեսուրսները արտահերթ խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Այսօր թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

«Դուք գիտեք, որ մեր կուսակցությունն ունի իր խոսքը, ծրագիրը, տասնամյակներով փորձված քաղաքական թիմն ու լրատվական հնարավորությունները՝ այս ամենը մեզ թույլ են տալիս միայնակ մասնակցել ընտրություններին»,-նշեց պարոն Բաբուխանյանը՝ ընդգծելով, որ դա չի նշանակում, թե իրենք մերժում են գաղափարակից և իրենց գործունեությանը մոտ կուսակցությունների հետ համագործակցելու որևէ հնարավորություն:

Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր կուսակցությունների հետ կհամագործակցի ՍԻՄ-ը, և ի՞նչ ընդհանուր գաղափարների շուրջ կարող է կայանալ այդ համագործակցությունը:

«Չեմ ուզում առանձնացնել մեկ-երկուսին՝ դրանք անհատներ են, կուսակցություններ, մտավորականներ, հասարակական գործիչներ: Մենք կհամագործակցենք ազգային պահպանողական գաղափարախոսություն կրող կուսակցությունների հետ, որոնք գտնում են, որ պետք է պայքարել հանուն մեր ազգային արժեքային համակարգի անսասանության, ամրության, որոնք դեմ են, որ մեր երկիր ներմուծվի այդ այլանդակությունները, որը կոչվում է ԼԳԲՏ-ի քարոզ: Որոնք դեմ են, որպեսզի մեր երկրում աղանդներն իրենց զգան այդքան սանձարձակ և լկտի, որոնք դեմ ենք, որպեսզի խաղամոլությունը զարգանա երկրում, որոնք թույլ չեն տա, որ խախտվի մեր դարավոր բարեկամությունը Ռուսաստանի հետ և մեր անվտանգությունը դրվի ռիսկի տակ: Այս բոլոր ուժերը մեր գաղափարակից գործընկերներն են, և այդ բոլոր ուժերի հետ, մենք կարող ենք քննարկել համագործակցության հնարավորությունները: Կարծում եմ, մեր հասարակությունը լավ գիտի, թե ո՞վ էր Ազգային ժողովի ամբիոնից կռվում այդ այլանդակ երևույթների դեմ, ո՞վ էր իր բողոքի ձայնը բարձրացնում մամուլում»,- ասաց պարոն Բաբուխանյանը:

Նկատեցինք՝ ՍԻՄ-ը նախկինում համագործակցում էր մի կուսակցության հետ, որի ներկայացուցիչները թեև հայտարարում էին, թե իրենք ազգային պահպանողական գաղափարների կրողներ են, սակայն նրանց կառավարման օրոք՝ ի նպաստ վերոնշյալ համայնքի ներկայացուցիչների օրենքներ ընդունվեցին: Դրա հետ մեկտեղ, աղանդավորական կառույցների ներկայացուցիչները Երևանի փողոցներում անարգելք քարոզ էին անում, ինչը շարունակվում է առ այսօր: Արդյո՞ք, նախկինում էլ չկար անհրաժետություն միավորվելու և պայքարելու այս վտանգավոր երևույթներ դեմ, և ինչո՞ւ են հիմա միայն այդքան շատ խոսում ազգային արժեքների կարևորության մասին:

«Իհարկե, այդ երևույթը նոր չէ մեզանում, եղել է նույնիսկ Սովետական Հայաստանում: Մենք 30 տարի եղել ենք քաղաքական դաշտում, և այդ տարիների ընթացքում միշտ պայքարել ենք այդ ամենի դեմ: Դրա ապացույցն այն է, որ հենց ՍԻՄ կուսակցության դեմ ներկայացված էին բազմաթիվ հայցադիմումներ. Սորոսը ֆինանսավորում էր, որպեսզի մեր կուսակցությանը դատի տային և տվել են, մինչև հիմա էլ դատերը շարունակվում են: Փորձում էին լռեցնել «Իրավունք» թերթը, որը ՍԻՄ կուսակցության պաշտոնաթերթն է: Մենք նոր չէ, որ խոսում ենք այս մասին, չէի ասի, որ շատերն են մեր չափ փորձել բարձրացնել այս հարցը, պարզապես, հիմա այդ միտումներն առավել վտանգավոր են դառնում: Այդ վտանգավոր ուղղությունները մեզանում ստանում են հաստատվելու շատ ավելի լայն հնարավորություն, իրենց հակաազգային քարոզները ակտիվացրել են, և այդ ակտիվությունն է, այդ սանձազերծ վիճակն է, որ այսօր մեզ առավել անհանգստացնում է, քան որոշ ժամանակ առաջ: Եվ այսօր որքան ավելանում է նրանց կողմից ճնշումը հայ հասարակության վրա, արժեհամակարգի վրա՝ այդքան էլ մենք պետք է կարողանանք ուժեղացնել մեր դիմադրությունը: Նշեմ, որ ընտրություններին գնալու ենք հենց ազգային արժեհամակարգը պաշտպանող դրույթներով»,- նշեց ՍԻՄ առաջնորդը:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետից ՝ պարոն Բաբուխանյանը նկատեց, որ ընտրությունները անցկացվում են հակաժողովրդական մթնոլորտում. «Ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն չտրվեց քիչ թե շատ բնականոն կերպով նախապատրաստել ընտրություններին, և ես դա ասել եմ նաև ԱԺ ամբիոնից: Մենք, մինչև հոկտեմբերի 30-31-ը չգիտեինք, թե ո՞ր օրենքով են անցկացվելու ընտրությունները: Այդպիսի խայտառակ նոնսենս ՝ քիչ, թե շատ իրեն ժողովրդավար երկիր համարող պետությունում՝ չէր կարող լինել: Սա ակնհայտորեն հակաժողովրդավար մթնոլորտ է, այլ բան է, որ մենք ընտրություն չունենք, և ստիպված ենք այդ հակաժողովրդավարական մթնոլորտում բարձրացնել մեր ձայնը»: Հիշեցրինք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո, շատերը պնդում էին, թե ընտրությունները չանցան քաղաքական մթնոլորտում, դրանք ավելի շատ Նիկոլ Փաշինյանին, հեղափոխությանը վստահություն հայտնելու ընտրություններ էին: Հետաքրքրվեցին, ըստ Հայկ Բաբուխանյանի՝ այս անգամ չկա՞ այդ վտանգը, որ մարդիկ կընտրեն Նիկոլ Փաշինյանին՝ առանց հաշվի առնելու կուսակցությունների ներկայացրած ծրագրերը, քաղաքական գործիչների փորձն ու գաղափարները, նշեց. «Ես համաձայն չեմ, որ Երևանի ընտրություններն անվերապահորեն պետք է վերագրենք Նիկոլ Փաշինյանին՝ ոչ, այդպես չէ: Նիկոլ Փաշինյանին աջակցել է Երևանի ձայն ունեցող քաղաքացիների ընդամենը 34 տոկոսը, այսինքն՝ Երևանցների 2|3-ը Փաշինյանին չեն աջակցել, և դա շատ մեծ նշանակություն ունի այն առումով, որ մենք կարող ենք ասե՝ դո՛ւք՝ պարոնայք իշխանավորներ, հնարավորություն չեք տվել Երևանի բնակչության 2|3-ին մասնակցել ընտրություններին: Ինչու՞, որովհետև դուք մարդկանց փռում ենք ասֆալտին, բաժանում եք «սև-սպիտակի», ինչու՞, որովհետև ձեր դիմակավորված ուժայիններն ամբողջ օրը էկրանից չեն իջնում և ստեղծել են վախի մթնոլորտ, ինչու՞, որովհետև դուք սպառնացել եք պատգամավորներին, որոնք ձեզ դեմ կքվերակեն, որ իրենք տուն չեն հասնի և իրենց ընտանիքները չեն իմանա, թե ո՞ւր կորան նրանք: Եվ վերջապես, դուք դատավորներին ասում եք՝ արդյո՞ք, կա մի դատավոր, որը մեզ դեմ կգնա: Իսկ Կապանում և մի շարք այլ համայնքներում մեր երկրի քաղաքացիները ո՛չ միայն ասացին, որ չեն վստահում Փաշինյանին, այլ ասացին, որ իրենք վստահում են այս կամ այն ընդդիմադիր, կամ անկախ թեկնածուի: Մենք հիմա մասնակցում ենք ընտրություններին, որպեսզի մեր համաքաղաքացիներն ունենան ընտրության հնարավորություն»,-ասաց Հայկ Բաբուխանյանը: Հեղափոխությունից հետո երկրում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով անկայուն իրավիճակ է, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կնպաստե՞նք երկրի կայունացմանը, հարցին՝ պատասխանեց. «Իհարկե՝ չեն նպաստի: Մենք արդեն 7 ամիս է զբաղված ենք իշխանություն կիսելով՝ սրան հանում ենք, նրան դնում: Մարդիկ չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է 4 անգամ ընտրել վարչապետ, երբ արդեն, կարծես թե, ընտրված է: Անընդհատ փոփոխվում են իրավիճակները, գալիս են նախարարներ, որոնք պատկերացում չունեն իրենց ոլորտներից: Երկրի տնտեսությունը դրան անդրադարձել է բացասական ցուցանիշներով: Փողն ու ներդրողը սիրում են հանգստություն, ստաբիլություն՝ անսկզբունք գործողությունները ոչ մեկին չեն կարող վստահություն ներշնչել»,-եզրափակեց ՍԻՄ առաջնորդը՝ հավելելով, որ նման պայմաններում երկիր ներդրումներ չեն գալու:

ԱԺ ՆԻՍՏԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА