o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան

20.11.2018 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ
«Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան

 Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ՀՀԿ ցուցակով առաջադրվել է ռեյտինգային պատգամավորի թեկնածու թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ): Մշակույթից քաղաքականություն անցման, իր առաջադրման, ինչպես եւ երկրի նախընտրական մթնոլորտի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

Իրավունք չունենք մեզ բերած հաղթանակը վաճառել. Անահիտ Մութաֆյան

- Անահիտ, դժվար է ասել, որ նորեկ եք քաղաքականության մեջ, առնվազն վերջին մի քանի տարիներին ակտիվ մասնակցություն եք ունեցել կուսակցական աշխատանքներում: Այդուհանդերձ, ինչո՞ւ հիմա որոշեցիք առաջադրվել` որպես պատգամավորի թեկնածու:

– Կուսակցական գործունեությամբ զբաղվել եմ դեռեւս 2007 թվականից: Բայց գալիս է պահ, երբ զգում ես, որ միմիայն քաղաքացիական ակտիվությամբ ոչ մի օգուտ չես կարող տալ ազգիդ ու երկրիդ: Եվ, ամենակարեւորը, գալիս է պահ, երբ զգում ես, որ արդեն քաղաքականապես հասունացել ես եւ պատրաստ ես մտնել մեծ քաղաքականություն եւ զբաղվել քաղաքական կարիերայով: ԱԺ ընտրություններին մասնակցելու առաջարկ եղել է դեռեւս 2017 թվականին, բայց ինքս ինձ սահմանափակեցի ընդամենը նախընտրական շտաբի աշխատանքներով: Այսօր զգում եմ, որ կարող եմ, պատրաստ եմ, հասունացել եմ:

«ԻՐԱՎԻՃԱԿ ՓՈԽՎԵԼ Է ՄԻԱՅՆ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

– Նախկինում սվիններով էին ընդունում, երբ որեւէ մշակութային գործիչ քաղաքականությամբ էր զբաղվում: Ի՞նչ եք կարծում, դերասան Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց հետո այս հարցո՞ւմ էլ է իրավիճակ փոխվել:

– Ոչինչ չի փոխվել, երբ հարցը վերաբերում է ուրիշ կուսակցությունների, այն, ինչ արվում է իրենց կողմից, դա «բացարձակ ճշմարտություն է», իսկ նույն բանը ուրիշ ճամբարում աններելի է եւ սխալ: Իշխանական թեւն ու նրանց ջատագովները որդեգրել են անսխալականության ու թուսյանականության սկզբունքը` նրանք ճիշտ են, մյուսները` սխալ: Բազմիցս կարդում եմ իշխանական ֆեյքերի ու ջատագովների մեկնաբանությունները, որոնք ինձ դատապարտում են,  մեղադրում են ու հետ ուղարկում բեմ: Բայց երբ հարց ես տալիս` իսկ Հայկ Մարությա՞նը... Պատասխանը միանշանակ է` Հայկը մասնակցել է ակցիաների: Բայց երբ ի պատասխան իրենց այդ փաստարկին, դու բերում ես քո փաստարկը, որ նույն ակցիաներին մասնակցել ես դու եւ ավելի մեծ թափով ու բանակով, երբ դու արել ես քո ժողովրդի համար ավելին, քան ընդամենը շոուն ու անձնական փիարն է, պատասխանը մեկն է` դու ՀՀԿ-ի կողմնակիցն ես: Այնպես, որ իրավիճակ փոխվել է միմիայն այնտեղ, ուր գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

– Քաղաքականության մեջ Ձեզ ի՞նչն է օգնում դիմակայել` սունդուկյանական հումո՞րը, թե՞ այն, որ Ստանիսլավսկու «շկոլային» ծանոթ լինելով` երբեմն բոլորին հակառակ կարող եք ասել` «նե վերյու»:

– Շատ հաճախ է մասնագիտությունս օգնության հասնում, երբեմն սունդուկյանական հումորը, երբեմն Ստանիսլավսկու ուսմունքը, իսկ հաճախ եւ հիմնականում շեքսպիրյան դադարները` ճիշտ պահին լռելն ու ներքին մոնոլոգով գնալ դեպի Ստանիսլավսկու «եթե իրոք»-ը ու ինքս ինձ համոզել, որ եթե իրոք ես համբերատար մարդ եմ, եթե իրոք հավատում եմ իշխանական թեւի բարի նպատակներին:

«ԱՄԵՆ ՄԻ ՇԵՂՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ ԿՀՐԱՊԱՐԱԿԵՄ»

– Կարծում եք, ամիսներ առաջ մեկնարկած էյֆորիայի եւ դմփ-դմփ-հու աղմուկի մեջ ընտրողը կլսի՞ Ձեր մշակութային խորհրդարանական ծրագրերը, կամ այն ճշմարտությունը, որը երբեմն դառն է, երբեմն սոցցանցերում լուրջ քննադատության է արժանանում, բայց հնչեցնում եք:

​​​​​​​«Ռեֆորմիստներով գնում ենք Նախագահին սատարելու». Վահան Բաբայան

– Եվս մեկ անգամ անդրադառնամ մասնագիտությանս. դահլիճներ լռեցնելը մասնագիտականս է, ցավոք, այսօր մեր ժողովրդին հասցրել են այն վիճակին, որ նա միայն մտածում է իր ստամոքսի մասին, նրան պետք չէ մշակույթն ու արվեստը, նա չի հետաքրքրվում ոչնչով, բացի իր ստամոքսի պարունակությունից եւ ԱԱԾ-ի կազմակերպած շոուներից: Բայց կփորձեմ մարդկանց հետ խոսել ոչ միայն արվեստից ու մշակույթից, այլ ինձ ու իրենց անհանգստացնող խնդիրներից: Համացանցը հարաբերական է, քանզի եթե հավատանք համացանցի օգտատերերին, ապա Հայաստանում ապրում է տասը միլիոնից ավել հայ: Քննադատում են հիմնականում ֆեյքերը, իսկ ես կենդանի շփման կողմնակից եմ:

– Ի դեպ, այս գումարման խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր, նույնպես դերասան Հրաչյա Հակոբյանը հնչեցրեց դերասանների աշխատավարձի բարձրացման հարցը, ու այդպես էլ այն լուծում չգտավ` ո՛չ այս տարի, ո՛չ էլ` նախատեսված է հաջորդ տարվա բյուջեում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հրաչյա Հակոբյանը շնորհալի երիտասարդ է, եւ նա էլ ինձ նման լավ է հասկանում` ի՞նչ է նշանակում մի ողջ ամիս աշխատել եւ վերջում կոպեկներ վճարվելը, բայց ո՛չ Հրաչյան, ո՛չ ես, ո՛չ մեկ ուրիշը չի կարող այս հարցը վերջնակետին հասցնել, քանի դեռ չի փոխվել հայ դերասանի տեսակը, քանզի բոլոր ժամանակների իշխանությունները հրաշալի գիտակցել են, որ ոչ մի դերասան դուրս չի գա իր դեմ, չի բարձրաձայնի, քանզի կոչումների ու պատվոգրերի խնդիր կա: Այս հարցում չեմ մեղադրում ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս իշխանությանը, առանց այն էլ նրանց չի հետաքրքրում թատրոնը դեռ մի բան էլ թատրոնականները միշտ լռում են, միշտ համակերպվում են ու բավարարվում պետության կողմից տրված գրոշներով եւ պատվավոր կոչումներով:

«ՀԱՃԵԼԻ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ»

– Որոշ արվեստագետներ հարմարավետ տեղավորվեցին նոր իշխանության կողքին, օրինակ, որպես Երեւանի ավագանու անդամներ: Իսկ ինչո՞ւ Դուք հայտնվեցիք ՀՀԿ ցուցակում, հատկապես հաշվի առնելով, որ հիմա էլ այս կուսակցության գործած ու չգործած բոլոր «մեղքերի» մեջ նաեւ Ձեզ են սկսելու մեղադրել:

– Երբեք չեմ վազել նրա հետեւից, ինչ ինձ հեշտ է տրվում, միշտ պայքարել եմ, թե՛ մասնագիտական, թե՛ այսօր արդեն քաղաքական հաջողություններիս համար: Նաեւ այն, որ իմ տեսակով հավատարիմ եմ ու միշտ կանգնում եմ նրանց կողքին, ով այդ պահին իմ լումայի կարիքն ունի: ՀՀԿ-ի հետ համագործակցության առաջարկը ստացա Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանից, հետո իմացա, որ նաեւ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցում է ՍԻՄ կուսակցությունը, եւ ինձ համար հաճելի է աշխատել ու համագործակցել սկզբունքային քաղաքական գործիչների հետ: Վահան Բաբայան, Հայկ Բաբուխանյան, Արփինե Հովհաննիսյան, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, այս մարդիկ ինձ համար սկզբունքային քաղաքական գործիչներ են, իսկ ՀՀԿ-ն ազգային արժեքներ պահպանող, նժդեհյան ուսմունքով առաջնորդվող կուսակցություն է, եւ ինձ ուրիշ տեղ չէի էլ պատկերացնում, քանզի ես էլ սկզբունքներիս հավատարիմ մարդ եմ, նաեւ անդավաճան ընկեր: Գիտակցված է եղել քայլս, պատրաստ յուրաքանչյուր լուտանքի ու վիրավորանքի: Բացի այս ամենից, իմ այս քայլով մի փոքր շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ նախկին փոխնագահ Կարեն Կարապետյանին` քաղաքս վերակառուցելու համար:

«ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՈՒՆԵՆՔ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ` ՍԿՍԱԾ ՈՉ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՆԱԽԱՐԱՐԻՑ...»

– Բացի Թատրոնի մասին օրենք ունենալուց, Ձեր ոլորտում էլ ի՞նչ բացեր ու խնդիրներ կան, որոնք պատգամավոր ընտրվելու դեպքում կբարձրաձայնեք ու լուծումներ կփնտրեք:

«Վիտալի Բալասանյանը միակ թեկնածուն է, ով կարող է պահել ու պահպանել Արցախը»

– Այսօր թատրոնն ու մշակույթը ամենախոցելին է մեր երկրում` այո՛, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք անլուծելի խնդիրներ` սկսած մշակույթի ոչ արհեստավարժ նախարարից վերջացրած թատրոնում աշխատող ամենասովորական աշխատակցից, ընտրվեմ, թե չընտրվեմ  պայքարելու եմ սրա համար, պայքարելու եմ հայ թատրոնի ու կինոյի զարգացման համար, պայքարելու եմ հայ մշակույթը որակապես բարձրացնելու համար, պայքարելու եմ թատրոններում եւ կինոաշխարհում խնամի, ծանոթ, բարեկամ հարաբերությունների դեմ, պայքարելու եմ դերասանի բեմին կարոտելու դեմ, պայքարելու եմ ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ:

– Ձեր առաջադրված ընտրատարածքում է իր թեկնածությունը դրել նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին` Սիփան Փաշինյանը: Ի՞նչ եք կարծում` ազգանունն արդեն իսկ անուղղակի «վարչական ռեսուրսի կիրառում» չի՞ լինելու:

– Ոչ միայն թիվ 13 ընտրատարածքում է օգտագործվելու վարչական ռեսուրսը, այլ իմ կարծիքով` բոլոր ընտրատարածքներում, նոր իշխանությունը հներից վերցրել է միայն վատ օրինակներ: Երբ ինձ առաջարկվեց Տավուշի մարզը, ընդունեցի այդ առաջարկն առանց այլեւայլության` գիտակցելով, թե ո՞ւր եմ գնում եւ թե ի՞նչ կարող է պատահել ինձ հետ, բայց կլինեմ չափազանց ուշադիր եւ խոստանում եմ ամեն մի խախտում, շեղում ընտրական օրենսգրքից, կհրապարակեմ:

«ՆԵՐԻՐ ԻՆՁ ԻՄ ՍԵՐ, ՆԵՐԻՐ ԹԱՏՐՈՆՍ...»

– Անահիտ ինչո՞ւ պետք է տավուշեցները հենց Ձեզ ընտրեն:

– Միշտ ասել եմ ու կասեմ, արվեստագետը ազգություն չունի, ոչ էլ ծննդավայր, ես հայ եմ ու պատկանում եմ իմ ժողովրդին: Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, եթե տարբերակեն ճշմարտությունը ստից, ապա կընտրեն ինձ: Եթե նրանք ինձ ընդունեն այս փուլում, որպես քաղաքական գործիչ, ինչպես ընդունել են որպես սիրված դերասանուհի, ապա վստահ կարող եմ ասել, որ բավական շատ ձայներ կարող եմ ստանալ:

– Եթե ընտրվեք, կշարունակե՞ք դերասանական կարիերան, թե՞ այս դեպքում քաղաքականությունը կհաղթի թատրոնին:

– Ոչ ոք եւ ոչինչ չի կարող հաղթել թատրոնին, քանզի նա իմ անբուժելի հիվանդությունն է, իմ ճակատագիրն ու կենսակերպն է, նա իմ անդավաճան ու խանդոտ սերն է: Իմ սերը այսօր ինձ խանդում է, նեղացել է, քանզի ուշադրությունս շեղվել է իրենից, բայց ես եւ նա կոնսենսուսի ենք եկել, նա կլցնի իմ հոգին, իսկ քաղաքականությունը ուղեղս, նա համաձայնվեց, բայց գիտեմ, որ չի ներել ինձ: Ես դեռ երկար աշխատանք ունեմ տանելու, որպեսզի ստանամ իր ներումը: Օգտվելով առիթից` ընդամենը կասեմ` ներիր ինձ իմ սեր, ներիր թատրոնս...

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА