ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԻՆ ԱՍՏԱՌՆԵՐԸ. Հայոց Աշխարհ

13.12.2018 15:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԻՆ ԱՍՏԱՌՆԵՐԸ. Հայոց Աշխարհ

Տարվա այս եղանակին կարճատեւ ցերեկվա նման արագասահ եկան ու անցան ԱԺ արտահերթ ընտրությունները: Մի քանի օրից հաջորդ գումարման խորհրդարանը առաջին նիստը կանցկացնի, նորաթուխ ու նաեւ վերընտրված պատգամավորները կերդվեն, ողջույններ կընդունեն, միմյանց կողջունեն եւ այլն: Ինչպես միշտ՝ նման դեպքերում: 
   Ճիշտ է, այս անցուդարձով առանձնապես ոգեւորվածների շարքերից առաջին սթափվողներն արդեն առանց ոգեւորության նկատում, ոմանք նույնիսկ տարակուսում են՝ լսելով այն տեղեկությունները, որ հաջորդ ԱԺ կազմում մի 30 պատգամավոր ավել է լինելու, քան կար մինչ այս: Դա նշանակում է ամիսը առնվազն 30-35 հազար դոլարին համարժեք գումար ավելի շատ ծախս պետական բյուջեից, քան նախքան այս էր: 
   Եվ ինչի՞ համար: Ճի՛շտ է, նորաթուխ լրացուցիչ 30 պատգամավորների աշխատավարձերը վճարելու համար: Սա՝ դեռ չհաշված այդ լրացուցիչ 30 նոր պատգամավորներին աշխատանքային պայմաններով ապահովելու, օրենքով հասանելի օգնականների, անձնակազմի ու մնացած ամեն ինչի համար պահանջվող ծախսերը, որոնք էլի մանդատավորները չեն հոգում իրենց գրպանից, այլ հարկատուներս: 
   Դե, այդ «խորհրդարանական» հավելյալ ծախսերը երեւի մեր գերբարեկեցիկ, պակաս տեղ չունեցող հասարակության ու ժողովրդի վարդագույն երազանքն էր, «թավշյա հեղափոխություն» անելու հիմնական նպատակներից մեկը եւ, ինչ խոսք, արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու կարեւորագույն անհրաժեշտությունը: Չէ՞ որ մեր բարի ու աշխատասեր ժողովուրդը վատ է քնում կամ ընդհանրապես աչք չի փակում, եթե հանկարծ պետական բյուջեից նման ծախսեր չեն արվում: 
   Հարկավ, այս հեռանկարին զուգահեռ, արժե իշխանական քարոզչամիջոցներով պտտեցնել Փաշինյանի ու իր ձայնակիցների մի քանի հին տեսանյութեր՝ պետական համակարգի ուռճացված լինելու, միջոցների անարդյունավետ ծախսի ու նման զուգահեռ թեմաներով: Կամ էլ նրանք նոր տեսաուղերձներով հանդես կգան ու նման վիճակի մեղքը կբարդեն սահմանադրության վրա, որը իրենք չեն գրել եւ այդպես շարունակ: 
   Մի խոսքով. գովազդային «նոր Հայաստան»՝ հին ու առանձնապես չցուցադրվող «աստառներով» ու մնացյալ հանդերձանքով: 
   Նույնը՝ այդ վերջին ընտրությունների բաղադրության վերաբերյալ: Առերեւույթ ու նաեւ՝ զանազան-զարմանազան դիտորդների գնահատականների համաձայն, կարծես թե ամեն ինչ «OK» է, ուղղակի հիասքանչ: Ի՜նչ խախտում-մախտում: Դրական գնահատականներ, դրվատական խոսքեր, ի վերջո՝ ոչ ոք քվեարկության արդյունքները չի վիճարկում՝ մեկ-երկու «ռեյտիգնային» թեկնածուներին չհաշված: 
   Ուրախ ու երջանիկ են գրեթե բոլորը, անգամ շատերը այն նորաթուխ կուսակցություններից, որոնք հազիվ 1-2 տոկոս են ստացել: Թեպետ նրանց ուրախությունն էլ պարզ բացատրություն ունի՝ իրենք իրենց գործը արել են, իսկ այդ գործը ոչ թե ընտրվելն էր, այլ մասնակցելը եւ այլ մասնակիցներին «խփելը»: 
   Ավելին՝ չկան հետընտրական ցույցեր: Ավելի ճիշտ, մեկ ցույց եղավ, բայց այն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով էր եւ տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին չէր առնչվում: Կարճ ասած՝ հետընտրական հովվերգական վիճակ ու պատկեր է: 
   Այո, բայց նման պատկեր կարծես արդեն մեկ անգամ եղել է։ Ու դա այնքան էլ վաղուց չէր: Հազիվ մեկուկես տարի առաջ: Էլի՝ միջազգային դիտորդների դրական գնահատականներ, էլի՝ ոչ ոք արդյունքներ չէր վիճարկում: Իսկ մեկ տարի անց, նույն չվիճարկողները «հիշեցին», որ այն ընտրությունները կեղծված էին, ընտրողները կաշառված էին եւ այդպես շարունակ: Հիմնականը, ինչ այն ժամանակ էր ասվում, այն էր, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված էին նախքան քվեարկությունների օրը: 
   Սկզբունքորեն, նման մի վիճակ կամ պատկեր գրանցվեց նաեւ այս դեպքում: Չնայած մեկ տասնյակից ավելի թեկնածու-ուժերի առկայությանը, քվեարկության արդյունքները կանխորոշված էին: Ինչը եւ արձանագրվեց, ի դեպ, անընդդիմություն խորհրդարան ունենալու պայծառ հեռանկարն էլ, ինչպես ասվում է՝ ձեզ փեշքեշ: 
   Եվ, եթե նախորդի պարագայում կանխորոշվածության հիմնական գործոնը ընտրողների մեծամասնությանը նյութապես շահագրգռությամբ էին բացատրում, ապա հիմա էլ տիրապետողը հուզական ու զգացմունքային մղումներն էին, այսպես ասենք՝ տրամադրությունները: Պատահական չէ, որ տիրապետող «քարոզչական մեթոդը» հայհոյանքն ու վիրավորանքն էր, «լավագույն» դեպքում՝ հակաքարոզչությունը: 
   Բնութագրական է եւ այն, որ գրեթե նույն զանգվածը, որը նախորդ ընտրություններում նախորդ իշխանությունների համար էր «աշխատում», այս անգամ արդեն «աշխատում» էր նոր իշխանավորների համար կամ օգտին: 
   Բնութագրական է, որ ապրիլ-մայիսին ցնցումային, բայց «թավշյա» զարգացումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամենից շատ պլակատ ու պաստառ էին տպել: Այնքան, որ թվում է, թե դրանք արդեն կսկսեն ծառերի ճյուղերին փակցնել՝ թափված տերեւների փոխարեն: Դա էլ հին աստառներից՝ իշխող ուժը միշտ ամենաճոխ ու պլակատառատ քարոզարշավը պիտի անի՞, թե՞ չէ:
   Ի՞նչ կեղծիք, ի՞նչ ընտրակաշառք: Մանավանդ՝ միլիոններով տուգանքներ ներելուց հետո, հարկեր կամ տուրքեր «հեչ անելու», թոշակի չափը բարձրացնելու խոստումներից ու նման այլ բաներից հետո: Արդյունքների վրա ազդող ընտրակեղծիքներ, հնարավոր է, իսկապես էլ՝ չկային, բայց կեղծավորությունը գնալով անտանելի է դառնում: 
   Կարեւորն, ասում են, այն է, որ «արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ» են տեղի ունեցել: Սակայն զգացողությունն այն է, որ դա գրեթե նույնպիսի «նորհայաստանյան» միֆ է, ինչպես ասենք՝ «դատավորներին չզանգող» պետական բարձրաստիճան պաշտոնյաները: 
   Գրեթե նույնպիսի միֆ, ինչպես ասենք՝ «լուսավոր երիտասարդությունը», որի պաշտոնավոր դարձած որ ներկայացուցիչը բերանը բացում է, հասկանալի է դառնում, որ լույսն այլ տեղում է մնացել: Հա, ու անպայման հաջորդում են հազարավոր «թարգմանչական» մեկնաբանություններ կամ ավելի ճիշտ՝ մեկնություններ՝ «սխալ եք հասկացել, իրականում այսինչ (կամ այնինչ) բանը նա նկատի ուներ»:
   Այ, հետաքրքիր կլինի հետեւել արդեն հաջորդ ընտրություններին, երբ գործող իշխանությունն իշխանությունը պահելու խնդիր կունենա: Այն ժամանակ էլ պարզ կդառնա. դա «նո՞ր Հայաստանն» է, թե՞ էլի «նորից» միայն հին ու հնամաշ աստառն է մնացել:

Ինչու հենց այս պահին Օհանյանին մեղադրանք առաջադրվեց

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА