o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՈՂՋ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

28.12.2018 21:10 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՈՂՋ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

Օրեր առաջ Երեւանի ավագանու նիստում, բավականին թեժ մթնոլորտում բարձրացվեցին մի շարք տեղական տուրքերի դրույքաչափերը: Հունվարի 1-ից այս օրենքը կգործի, թեեւ արդեն քանի օր է՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել: Հարց է առաջանում, եթե դեռ հազիվ իշխանության եկած, մայրաքաղաքում այս կերպ են կարողանում լուծել բուջեն լցնելու խնդիրը, դա չի՞ խոսում այն մասին, որ հանրապետության մասշտաբով եւս հարկային քաղաքականության կոշտացում է լինելու: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ մասնագետներից:

Խնդրի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նախկին ԱԺ-ի ՀՀԿ  խմբակցության  պատգամավոր Գագիկ Մինասյանը. «Բնականաբար, չեմ կարող կանխատեսել, թե պետության ընդհանուր հարկային քաղաքականության կոշտացում կլինի, թե՝ ոչ: Միայն կասեմ, որ հարկերի եւ տուրքերի ավելացումը մի կողմից վնասելու է գործարարներին, մյուս կողմից այն մարդկանց, ովքեր իրենց սոցիալական խնդիրները պետք է լուծեն: Երկու կողմից էլ վնաս է: Չեմ կարծում, որ տուրքերի ավելացումը լավագույն միջոցն է հարկային բյուջեն համալրելու համար: Շատ ավելի ճիշտ կլինի, եթե դրանք համալրվեն տնտեսության ակտիվության մեծացման շնորհիվ՝ այլ հարկային քաղաքականություն վարելու պայմաններում»:

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ներկայացմամբ. «Տեղեկացնեմ, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն արձանագրել է, որ 2019 թվականի քաղաքային բյուջեով Երեւանում զգալի կերպով ավելանալու են  տուրքերն ու վճարները: Հետազոտության մեջ արձանագրել ենք, որ փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու տնտեսվարող սուբյեկտների վրա: Այն դեպքում, երբ նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը, միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական եւ սոցիալական համայնքային հիմնախնդիրները: Երեւանի տարածքում տեղական տուրքերի եւ վճարների բարձրացումը սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքներ կառաջացնի Երեւանի տնտեսության եւ երեւանցիների համար: Իսկ եթե նկատի ունենանք, որ Երեւանում է կենտրոնացած Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ապա բացասական ազդեցություն կլինի ողջ երկրի տնտեսության վրա: Հատկապես այն դեպքում, երբ ո՛չ Երեւանի, ո՛չ էլ պետական բյուջեներով նախատեսված չէ աշխատավարձերի աճ: Այս իրավիճակում Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված «իջեցումների» խթանիչ ազդեցություն չի նկատվի, քանի որ տնտեսվարող սուբյեկտների դեպքում էական չէ, թե նրանք դա որպես հարկ են վճարում, թե տեղական տուրք: Մեր ազգաբնակչությունն ունի սպասումներ նոր իշխանություններից, եւ եթե իշխանությունը քաղաքացիների կյանքը չբարելավի, կառաջանա նոր սոցիալական բողոքի ալիք.ժողովրդին հիասթափեցնելը թանկ կնստի այն իշխանությունների վրա»:

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ  Արման Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց. «ԲՀԿ խմբակցությունը թե՛ բյուջեի նախագծին, թե՛ տուրքերի թանկացումներին քվեարկել է դեմ (հասկանալի է, չէ՞ որ տարբեր ԲՀԿ-ականների գազալցակայաններ եւ այլ օբյեկտներ եւս շատ տուրք են մուծելու- Հեղ.): Համոզված ենք, որ նույնիսկ աննշան տուրքերի բարձրացումն ավելորդ բեռ է եւ կհանգեցնի սոցիալական լարվածության: Սոցիալական լարվածության մակարդակը առանց այդ էլ բարձր է եւ կաթիլ-կաթիլ ավելանում է: Հունվար ամսին լինելու է ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ տուրքերի վճարների թանկացման հարցը եւս մեկ անգամ բարձրացնելու ենք, եւ համոզված եմ, որ սուբսիդավորման եղանակ պետք է գտնենք, որ այդ բեռը թեթեւանա  ժողովրդի ուսերից»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը՝ հարկային բեռի հնարավոր բարձրացման առնչությամբ:

1. Այն, որ Երեւանի քաղաքապետի փորձը կկիրառվի ամբողջ երկրի մասշտաբով, շատ հավանական է: Եվ սա խիստ մտահոգիչ է- 64%:

2. Դժվար թե նման բան տեղի ունենա- 20%:

3. Շատ ճիշտ էլ կանեն, եթե այդպես վարվեն, գործարար խավը սովորել է պետությանը խաբել- 5%:

4. Դժվարանում են պատասխանել- 11%:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА