ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Աստված մեզ հետ է… Ի՞նչ կա ավելի հուսադրող, քան այս հավատքը». Արշակ սրբազան (Տեսանյութ)

06.01.2019 00:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Աստված մեզ հետ է… Ի՞նչ կա ավելի հուսադրող, քան այս հավատքը». Արշակ սրբազան (Տեսանյութ)

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիները երեկ մարդաշատ էին՝ հավատավոր ժողովրդով: Յուրաքանչյուրը շտապել էր եկեղեցի, որպեսզի այնտեղից տուն տանի Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքի հրդեհը մարվել է

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, ինչպես եւ մյուս բոլոր եկեղեցիներում,  նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, ապա չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը: Այնուհետեւ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի նախատոնակի առիթով մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ:

Մասնակցում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, քահանաներ ու սարկավագներ եւ, իհարկե, ուխտավոր հայորդիներ ու մեծ թվով երիտասարդություն՝ տարբեր ուսանողական կազմակերպություններից եւ երիտասարդական կառույցներից:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Շուրջ երկու հազարամյակ քրիստոնյա աշխարհը տոնախմբում է Քրիստոսի Ծնունդը, ունկնդրում հրեշտակների օրհնաբանությունը. «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: Հոգու հայացքով ճեղքում ենք դարերի պատնեշը, հովիվների հետ վկաները դառնում Հիսուս Մանկան Ծնունդին, արեւելյան մոգերի հետ ընծաներ մատուցում Նրան: Զգում ենք, կարծեք, կույս Մարիամի երկունքի ցավերը, վերապրում Հովսեփի հայրական սրտի տագնապները, այնպես, ինչպես զավակի ծննդյան սպասող ամեն մի ծնող: Ծնունդ է սա, իսկական մի ուրախություն: «Երկինքը ցնծում էր եւ երկիրն ուրախանում», - ինչպես կասեր շարականագիրը: Մարդկային հայացքը ոչինչ, բացի ուրախությունը, չի կարող տեսնել Ծնունդի մեջ: Ծնունդը մարդկային կյանքի շարունակությունն է, նրա կատարելագործման ու զարգացման հնարավորությունը: Այսպես է կյանքի բնական ու օրինաչափ ընթացքը: Այսպիսին է բնական մարդկային արձագանքը նաեւ Քրիստոսի Ծննդյան»:

Բայց արդյոք մարդկանց միայն երկրավոր, Ծննդյան սովորական ուրախություն պարգեւելու համար եկավ Քրիստոս: Այսպիսի հարց հղեց Արշակ սրբազանն ու տվեց պատասխանը՝ շեշտելով, որ Քրիստոսի Ծնունդը, պատկերավոր ասած, Աստվածային ծանր ու հոգեմաշ մի որոշման արդյունք էր. «Ծնվելու էր ոչ թե ընդամենը մի մարդ, որ անհայտությունից բացվում է, այլ Ինքը Աստված` նույն Ինքը, Ով ստեղծել է մարդկանց, Ով Տերն է Ծնունդի ու մահվան եւ Նա կամավորաբար մուտք է գործում մի հովիտ, ուր պիտի հաղթահարվի տառապանքն ու տագնապը, ուր մահն է տիրակալ եւ ուր մարդկային մեղքերի հեղձուցիչ մթնոլորտում անհետացել է երջանկությունը, ալեկոծվել խաղաղությունը եւ արժեզրկվել համերաշխությունը: Քրիստոսի Ծնունդը… Ահա: Այն, ինչ ընծա է մարդկանց աչքերով, զոհաբերություն է Աստծու աչքերում: «Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար, որպես պատարագ եւ անուշահոտ զոհ»,- ինչպես ասում է առաքյալը: Շատեր մտածում են, որ Հիսուսի զոհաբերությունը սկսվում է Իր մատնությունից, շարունակվում չարչարանքներով եւ վախճանին հասնում Գողգոթայի վրա` խաչելությամբ ու մահվամբ: Բայց մի՞թե զոհաբերություն չէ Անսահմանափակի ինքնասահմանափակումը մարդկային մարմնի մեջ, մի՞թե զոհաբերություն չէ ինքնաազատազրկումը Նրա, Ով Ազատության իրական Կրողն ու Պարգեւողն է»:

«ԱՐԴՅՈՔ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ Է ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»

Իսկ ինչո՞ւ հանձն առավ Քրիստոս այս զոհաբերման, արդյոք Քրիստոս մարդկանց Իր Ամենազորությամբ տպավորելու ցանկությա՞մբ էր տարված, թե՞ կարիք ուներ փորձելու մարդկային զգայական կյանքի վայելքները: Կրկին հարց հղեց պատարագիչն ու մանրամասնեց. «Քրիստոսի ծննդյան առերեւույթ ուրախությունը հաճախ խանգարում է պատասխանել այս հարցին: Ուրախանում ենք այնքան, մինչեւ, կարծես, մոռանում ենք ուրախության բուն պատճառը: Մինչդեռ ամենից մեծ ուրախությունն այն է, որ Նա ծնվեց մեզ փրկելու համար: Սա հերթական ծնունդ չէ, այո, Նա ծնվեց մեզ փրկելու համար: Բայց ի՞նչ է փրկությունը` կհարցնեն ոմանք Պիղատոսի ամենագիտության համարումով: Ինչի՞ց պետք էր փրկել մարդուն: Մարդուն պետք էր փրկել նույն ինքը մարդուց` այն մարդուց, ով ուտում է իրեն չպատկանող ծառի պտղից, ով ամբարտավանում ու հպարտանում է իր ունեցած ու չունեցած արժանիքներով, ով նախանձում է դիմացինի ոչ միայն առավելություններին, այլեւ անգամ հիվանդությանն ու չքավորությանը: Պետք էր փրկել այն մարդուց, ով Աստծուց բարիքն առնելով` ծառայեցնում է սատանային: Պատկերացրեք մի ամբողջ աշխարհ մեղքի ու անհնազանդության պատճառով բանտարկված տառապանքի խուցերում եւ Քրիստոսի փրկագործությամբ ազատված դժոխքից: Պատկերացրեք մարդուն, որ անհայտությունից մարմին առնելով, ամեն անգամ տագնապով է նայում կյանքին, որ ամեն օրվա հետ քայլ առ քայլ մոտեցնում է նրան իր վախճանին: Եվ հանկարծ Քրիստոս լուր է բերում մեզ, որ մենք Անհայտությունից դեպի Անհայտություն չենք գնալու: Նա Իր Ծնունդով խաղաղություն է պարգեւում մեզ` կյանքի իմաստի ու նպատակի մասին Իր ուղերձով: Նա բացում է մահվան սոսկալի ու սեւ վարագույրները, պարզում է մահվանից անդին ձգվող չսպառվող կյանքի պարգեւը»:

Եզրափակելով խոսքը՝ Սրբազան հայրն ընդգծեց. «Այս է Քրիստոսի Ծնունդի, Նրա իրական զոհաբերության արժեքը: Այս է անսպառ ու անտխրական ուրախության, խնդության աղբյուրը: Էմմանուել է Նրա անունը, որ նշանակում է Աստված մեզ հետ է: Աստված մեզ հետ է… Ի՞նչ կա ավելի հուսադրող, քան այս հավատքը: Սուրբ Ծնունդի այս տոնակատարությունը եւս մեկ առիթ է, որ մենք` մարդիկս, եւս լինենք Աստծու հետ: Աստված բացահայտեց մեզ հետ լինելու Իր կամքը` Իր զոհաբերությամբ` Իր կամավոր ազատազրկումով, Իր խոնարհումով, Իր Խաչի տառապալից ճանապարհով: Ոչ, Նա մեզնից զոհեր չի պահանջում Իր համար: Նա ասում է՝ ողորմություն եմ կամենում, ոչ թե զոհ: Նա ասում է՝ չեմ ուզում առնել ձեր ողջակեզների հոտը, ուզում եմ տեսնել ձեր զղջման արցունքը, ձեր մաքրված հոգին, կարիքավորների համար ցավացող ձեր սիրտը, հալածվածներին աջակցող ձեր ոգին, սրբությունների հանդեպ ձեր նախանձախնդրությունը: Ուրեմն, Սուրբ Ծննդյան տոնի մեր խորհրդածության առանցքը դարձնենք Քրիստոսի զոհաբերության խորհուրդը, Նրա կամավոր աննման հանձնառությունը: Ուրախանանք, հոգով ուրախանանք, որ մենք այնչափ թանկ ու կարեւոր ենք Աստծու համար, որ Նա եկավ դարձավ մեզ նման: Ուրախ լինենք, որ ճանապարհ ունենք գտնելու Կյանքի իմաստն ու նպատակը։ Եվ ուրախ լինենք, որ գտել ենք երջանկության գաղտնիքը»:

Հրդեհ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում. տեսանյութ

Իսկ վերջում Արշակ եպիսկոպոսը հորդորեց Սուրբ Ծննդով բացվող այս Նոր Տարին դիմավորել հաշտության հոգով, հրաժարվել թշնամանքից ու հակառակությունից. «Քրիստոսի Սուրբ Ծնունդով բացվող հոգիներում տեղ չի մնում մրցակցությանը ու նախանձին: Կյանքն ապրենք որպես պարգեւ ու զոհ` ընծայված Աստծուն: Վերադարձնենք Աստծուն այն, ինչ պատկանում է Իրեն եւ աղոթենք. «Ով Աստված, զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք. Ամէն»:

Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Խորանից վառվեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին, որոնք ծանոթ ու անծանոթ ողջագուրվում էին ու կրկնում.

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ:

Ձեզ եւ մեզ մեծ ավետիս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА