КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 16. 12. 2019 : :
Ինչպիսի՞ն է լինելու Արցախի ժողովրդի դիրքորոշումը, եթե նրանց առաջ դրվի հինգ շրջան հանձնելու մասին փաստաթուղթը` առանց Արցախին կարգավիճակ տալու:
Արցախի ԱԺ նախագահի տեղակալ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆ.
- Խնդիրը հետեւյալն է` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ այդ բոլոր հարցերի պատասխանները տրված են: Եվ մենք որեւէ այլ պատասխան չունենք տալու: Մենք ունենք Արցախի Հանրապետություն, որն ունի որոշակի սահմաններ: Եվ այդ սահմանների մեջ մտնում են ե՛ւ ազատագրված տարածքները, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջանները: Այնպես որ, Արցախի Հանրապետության քաղաքացիների առաջ, եթե նման փաստաթուղթ դրվի, մեր պատասխանը դա է լինելու: Իսկ թե ով ինչպես է մտածում, ինչ պատասխաններ են տալու, ինչ են քննարկելու` դա իրենց խնդիրն է: Մեր որոշումը միանշանակ է, եւ դա ոչ միայն արցախահայության կարծիքն է, այլեւ Արցախի Հանրապետության իշխանությունների:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ.
- Ես կարող եմ, թե՛ իմ, թե՛ ՀՅԴ-ի կարծիքը արտահայտել: Եվ դա հետեւյալն է. մենք միանշանակ բացառում ենք նման մոտեցումը եւ դեմ ենք կանգնելու շրջաններ հանձնելու որոշմանը: Որովհետեւ, միանշանակ Արցախի Սահմանադրությամբ հստակ ձեւակերպված է այդ հարցի պատասխանը:
Ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ.
- Նման որոշումը կբերի համահայկական բունտի, իսկ նման առաջարկ անողներին ուղղակի, բառի բուն իմաստով, ծեծելով, կլարեն երկրից: Այլ տարբերակ չկա: Խաբեությունն այս հարցում չի անցնելու: Ժողովրդի հարյուր տոկոսը դեմ է այդ հարցին, եւ հարյուր տոկոս նման դավաճանական քայլը կբերի անդառնալի հետեւանքների: Մեր եղբայրների, մեր քույրերի, մեր որդիների արյունով են ներծծված այդ հողերը: Ով կփորձի այդ հողից մի թիզ հանձնել, նրան կթաղեն, եւ ինչպես ասում են` հող հանձնողին, հողին կհանձնենք, թող չկասկածեն:
Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ.
- Որեւէ պաշտոնատար անձ, ո՛չ ՀՀ-ում, ո՛չ Արցախում չի կարող տանել բանակցություն՝ շրջաններ հանձնելու վերաբերյալ: Դրա համար ոչ մեկը աշխարհում լիազորություն չունի: Արցախի ժողովուրդը իրեն պարտադրված պատերազմում հաղթել է, ունի սահմանադրություն` այն սահմաններով, որն այսօր Արցախի իշխանության ներքո է:
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ.
- Արցախցիների մոտավորապես կեսը կողմ է, որ լինի անկախ երկիր, բայց Հայաստանի կազմում: Երեսուն տոկոսը, որ առհասարակ լինի անկախ, մնացածը` անտարբեր է, թե ինչ որոշում կլինի:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ