o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾԵՐ ԹՐՔԱՍԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

30.01.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԾԵՐ ԹՐՔԱՍԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Շատերին էր հետաքրքրել, թե Ալիեւի հետ ժամուկեսանոց հանդիպումից անմիջապես առաջ ո՞ւմ հետ էր հեռախոսով խոսում Փաշինյանը: Այսինքն` ո՞ւմ հետ էր խորհրդակցում եւ ինչի՞ շուրջ: Ու մամուլում լայնորեն շրջանառվեց վարկածը, որ նրա զրուցակիցը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

 

ԼԵՎՈՆԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ

Ճիշտ է, թեեւ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը, որպես կատարյալ տխմարություն, հերքել էր այն վարկածը, որ պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, ընդարձակել ՀՀ նախագահի լիազորությունները եւ ԱԺ-ի միջոցով այդ պաշտոնին կարգել ծեր թրքասեր Լեւոնին, սակայն լուրջ մարդիկ անժխտելի են համարում այն, որ ԼՏՊ-ն Նիկոլի հոգեւոր հայրն է եւ քաղաքական ուսուցիչը: Ի դեպ, Դուշանբեի վերելակում եւ հետո Դավոսի սրահում անհասկանալի զրույցներն Ալիեւի հետ մի տեսակ ոչ վստահելի գործընթացի տպավորություն թողեցին շատ-շատերի վրա: Իսկ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, արդեն լրիվ տերպետրոսյանական ոճով էր: Եվ ինչպես հայտնի է, արտաքին գերատեսչության ղեկավարը երբեք ինքնագլուխ բան չի անում, հետեւաբար այդ բանաձեւի իրական հեղինակին պետք է փնտրել վարչապետական առանձնասենյակում: Կասկածներն էլ ավելի են խորանում կադրային որոշակի նշանակումների առնչությամբ: Այսպես, անկուսակցականի անվան տակ ՔՊ ցուցակով ԱԺ են անցել հավատավոր լեւոնականներ Հովհաննես Իգիթյանը եւ Անդրանիկ Քոչարյանը, իսկ վերջինս նշանակվեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ: Այսինքն` առանցքային խորհրդարանական պաշտոնի: Վարչապետի խոսնակի պաշտոնում ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, կարելի է ասել, առավել քան պերճախոս է: Այսինքն` վարչապետի «շուրթերի» դերում հանդես է գալու այն գործիչը, ում պաշտամունքի եւ ներշնչանքի առարկան ԼՏՊ-ն է: Ի դեպ, նախկին խոսնակ Արման Եղոյանն էլ, ով հիմա գլխավորում է ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը, նույնպես ծագումով ՀԱԿ-ից է: Իսկ ԼՏՊ-ի դիրքերը իշխանությունում ամրապնդելու տեսակետից առավել քան կարեւոր է Տիգրան Հակոբյանի նշանակումը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այդ կերպարանքը, ով ոչ մի տարբերություն չի դնում ԱՍԱԼԱ-ի հերոսների եւ Նաիրի Հունանյանի միջեւ ու հայտնի է 19 տարի առաջ իր իսկ առանձնասենյակում մարդ ձերբակալել տալու պատմությունով, ԼՏՊ-ի օրոք մեծապես կամ ուղղակիորեն, կամ ոչ պաշտոնապես, ղեկավարել է տեղեկատվության եւ քարոզչության ոլորտը: Այսինքն` հեռուստաընկերությունների գլխին որպես վերակացու նշանակվեց մի չինովնիկ, որը անվերապահորեն հավատարիմ է ԼՏՊ-ի շահերին: Խոշոր հաշվով, ծեր թրքասերը կարող է հույսեր ունենալ` վերադառնալու իշխանության, առավել եւս, որ այդքան բարենպաստող հանգամանքներ կան: Չմոռանանք նաեւ, որ Սասուն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը վարում է ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես դա կհամապատասխաներ Տեր-Պետրոսյանի նվիրական բաղձանքներին: Եվ տրամաբանական է, որ դա ոչ այնքան Փաշինյանի, որքան ԼՏՊ-ի վենդետան է, քանզի, խոշոր հաշվով, Նիկոլը Քոչարյանի հետ կիսելու բան անձամբ չունի: Բայց ամենակարեւորը` Արցախի հարցում Նիկոլի վարչախմբի մոտեցումները, կարծես թե, գնալով ավելի ու ավելի են համապատասխանեցվում ԼՏՊ-ի պարտվողական ուղեգծին: Ճիշտ է, Նիկոլը պնդում է, որ ոչ մի զիջման մասին խոսք լինել չի կարող, սակայն այդ հավաստիացումները մի տեսակ հավատ չեն ներշնչում: Իհարկե, ԼՏՊ-ն լավագույնս պատրաստված է Արցախը հանձնելու ամոթալի առաքելությունը իրականացնելու, նա բազմափորձ է ինտրիգներում, ունի ընդարձակ արտաքին կապեր: Սակայն Նիկոլն էլ օժտված է մոլեգին իշխանատենչությամբ, նա նույնպես իր էությամբ ինտրիգան է, իսկ բազմափորձությանը կարող է հակադրել գավառական համառ խորամանկությունը: Եվ բացի այդ, ինչքան ավելի երկար է իշխանավարում, այնքան ավելացնում է արտաքին կապերի իր բագաժը:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

ՌԱԶՄԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ԿՏՐՈՒԿ ԴԵՄ Է

Սակայն ինչքան էլ դեռ հանրությունը ընկղմված է «դըմփ-դըմփ հու»-ի թմբիրի մեջ, եւ ինչքան էլ կրավորական կեցվածք ունի, կա մի խավ, որը պատրաստ է համակերպվելու կապիտուլյանտական ծրագրերին: Խոսքը ռազմական էլիտայի եւ նրան ինտեգրված շրջանակների մասին է: Դա այն շրջանակներն են, ում նույն ԼՏՊ-ն ատելությամբ պիտակում էր որպես «ղարաբաղյան կլան»: Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը բախվում է այնպիսի խոչընդոտների, որոնք թրաշամանուկների վարչախմբի համար կարող են եւ անհաղթահարելի լինել: Մի կողմից` իրավական հիմքի իսպառ բացակայությունը, որը կարող է բավականին արագ պսակվել Եվրադատարանի կողմից արդարացումով ու քաղբանտարկյալի կարգավիճակ ճանաչելով, մյուս կողմից` ՀՀ երկրորդ նախագահին թիկունք է կանգնում Արցախը: Ստեփանակերտում «Կյանք  եւ ազատություն» գրքի շնորհանդեսից հետո թավշիստների քարոզչամեքենան ամենաանբարոյական եւ զազրելի մեթոդներով հարձակվել է գեներալ Վիտալի Բալասանյանի եւ Պարգեւ սրբազանի վրա, սակայն Արցախի լեգենդար ներկայացուցիչներին դժվար թե հեշտ լինի ցեխոտել հայ հանրության աչքերում: Եվ, ընդհակառակը, քանի որ խոսքը Արցախի հարցի մասին է, նրանք ունեն ամբողջ հայությանը մոբիլիզացնելու մեծ պոտենցիալ: Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը եւ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտնել են իրենց կտրուկ անհամաձայնությունը զիջողական քաղաքականության հետ: Տերպետարոսյանիզմի վերածնունդը քննադատում են եւ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գործիչները, ազատամարտիկները, ամենատարբեր ոլորտները ներկայացնող հանրային ու քաղաքացիական գործիչները: Իսկ ամենահամակարգված, բայց միաժամանակ շատ կիրթ ձեւով այդ անհամաձայնությունն արտահայտեց Վիտալի Բալասանյանը, ինչպես լրագրողների հետ շփումների ընթացքում, այնպես էլ 5-րդ հեռուստաալիքի եթերում: Մեկ-երկու կարճ մեջբերումներ անենք. «Միանշանակ ասում եմ` ոչ, Արցախյան կողմն ու համայն հայությունը պատրաստ չէ որեւէ տարածքային զիջման ինչ-որ բանի դիմաց, մենք ժամանակին այդ զիջումներն արել ենք»: «Նրանք, որոնք խոսում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես համոզված եմ, հորդորում եւ առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրների ղեկավարները տարածաշրջանում կկնքեն խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այդ փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը` ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Հիմա ես հարց եմ տալիս` ժողովուրդ, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության: Մենք հո կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, չենք հրահրել»,- նշեց Վիտալի Բալասանյանը: Ինչ վերաբերում է զիջումներին, ապա գեներալը նշեց, որ զիջումների պաշարը սպառված էոր Արցախյան պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի ամեն մի բանաձեւից հետո բանակի առաջխաղացումը սառեցնելը խոշոր զիջում էր, որից նույն Բաքուն օգտվում էր, որպեսզի մեկ-երկու ամիս անց թարմացված ուժերով կրկին անցնի հարձակման: Կարճ ասած` ռազմական էլիտայի պնդումն այն է, որ առանց երկաթյա երաշխիքների, խաղաղության մասին դատողությունները լավագույն դեպքում դատարկախոսություն է: Իսկ քաղաքագիտական լեզվով դա ձեւակերպել է քաղաքագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան. «Մեր երկրում չեմ ճանաչում մարդ, որը չուզի խաղաղություն, որեւէ իշխանության օրոք որեւէ քաղաքական ուժի կողմից: Բոլորն ուզում են խաղաղություն: Հարցը` ի՞նչ գին ես վճարում այդ խաղաղության դիմաց: Կամ այդ խաղաղությունն արդյոք ինքնին արդեն կատաստրոֆա չի լինի մեզ համար: Կամ-կամ երկընտրանքը մի փոքր ինձ համար հասկանալի չէ, որովհետեւ զարգացման սցենարները կարող են լինել բազմաթիվ: Կարող է լինի ավելի վատ կատաստրոֆա խաղաղությունը, քան դրա ալտերնատիվ հաղթական եւս մի պատերազմ: Ինձ համար այդքան միանշանակ չէ, որ կամ-կամ է: Դիվանագիտության, բանակի խնդիրն այն է, որ մենք այդ կամ-կամ-ի առաջ երբեք չկանգնենք»:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Եվ քանի որ Արցախի հարցով այդ հստակ «ո՛չ»-ը արդեն հնչել է, դա կարող է թավշակրոն ռեժիմի դեմ հանրային կտրուկ դժգոհության եւ ըմբռնման ալիքի կատալիզատոր լինել: Ի դեպ, հետաքրքիր դետալ հանգստյան վերջին օրերից` դժգոհ փողոցային առեւտրականները անգամ հասցրել են այցելել ՀՀԿ գրասենյակ եւ ծնկաչոք խնդրել ազատելու իրենց այս անտանելի ռեժիմից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА