o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է Նիկոլը խուսափում Արցախի անկախության մասին խոսելուց

11.02.2019 13:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ է Նիկոլը խուսափում Արցախի անկախության մասին խոսելուց

Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա այցելության ընթացքում տեղի ունեցան մի շարք անկապ, զվարճալի կամ վրդովեցուցիչ իրավիճակներ: Դրանց շարքում է նաեւ Նիկոլի «Դոյչե-Վելլե» լրատվամիջոցին տված հարցազրույցը:

2000-ից ավելի տնտեսվարողի պարտք վերադարձնելու մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունեց

Նախ պարզ չէ` ինչո՞ւ էր Նիկոլը որոշել խոսել ռուսերեն գերմանացիների հետ, այն էլ` իր սխալ ռուսերենով եւ «он» ու «она»-ն խառնելով: Բացի այդ, Նիկոլը այնքան էր կմկմում,  կլորացնում աչքերը, տրորում քիթը, որ պարզ չէր` նա նեղվում է լեզվի չիմացությունի՞ց, թե՞ իր համար բարդ հարցերից: Ժամանակին Նիկոլը իրեն ճղում էր, երբ հայ պատգամավորները ռուս գործընկերների հետ շփվում էին ռուսերենով, սակայն ինքը, չգիտես ինչու, գերմանացիների հետ որոշել էր շփվել նույնպես ռուսերենով, այն էլ երկրի ղեկավարի դերում, եւ տրամաբանական կլիներ, որ  պատասխանները տար հայերեն եւ ավելորդ անգամ չշեշտեր իր թերի բարձրագույն կրթությունը:

Սակայն  մի կողմ թողնենք Նիկոլի անգրագետ ռուսերենը եւ տեսնենք ինչ էր ասում այդ հեղափոխական տրիբյունը գերմանացիներին: Նախ` նա ամեն կերպ փորձում էր սահմանազատվել Ղարաբաղի հարցի եւ Դոմբասի կամ Աբխազիայի հարցերի միջեւ զուգահեռներ անցկացնելուց: Իսկ երբ լրագրողը փորձեց զուգահեռ անցկացնել Ղրիմի հետ, Նիկոլը նրան ընդհատեց եւ սկսեց խոսել իր հեղափոխության մասին: Ավելին, լրագրողի ուղիղ հարցին` արդյո՞ք Նիկոլը կցանկանար որ Ռուսաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը, Նիկոլը զարմանալիորեն չպատասխանեց, թեեւ ցանկացած հայի համար շատ ցանկալի կլիներ, որ տեղի ունենար որեւէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, առավել եւս, եթե դա լիներ Ռուսաստանը: Սակայն Նիկոլը լռեց, ինչպե՞ս դա կարելի է բացատրել: Այնուհետեւ, ոչ պակաս զարմանալիորեն  լրագրողի հարցերին Ղարաբաղի մասին  Նիկոլի պատասխանի էությունը միայն այն էր, որ նա ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ եւ չի կարող ղարաբաղցիների անունից խոսել: Ոչ մի բառ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ մի տող Ղարաբաղի անկախության մասին: Էլ չենք ասում` վերամիավորման մասին: Ակնհայտ է, որ Նիկոլը Ղարաբաղի հարցում խիստ կաշկանդված է: Այնքան կաշկանդված, որ ակնհայտ թվացող պատասխանները չի հնչեցնում, շրջանցում է դրանք եւ հստակ պատասխանների փոխարեն իրեն գցում իր հեղափոխության «բաղերը»:

Տարօրինակ  բաներ է խոսում Նիկոլը նաեւ Ալիեւի հետ հանդիպումների մասին: Իր խոսքերից հետեւում է, որ ինքն ու Ալիեւը, բան ու գործ չունենալով, հանդիպում են պարզապես դեսից-դենից զրուցելու համար, իսկ լուրջ աշխատանքը կատարում են իրենց արտգործնախարարները: Թե ո՞ւմ է ուզում խաբել Նիկոլը իր գեղջկական խորամանկությամբ, պարզ չէ, քանի որ դրան կարող են հավատալ միայն  իրեն կուրորեն նվիրված մի քանի հիստերիկ ջահելներ եւ հատկապես աղջիկներ, ովքեր արտասվելով Նիկոլի խոսքերից, հայտնվեցին Ազգային ժողովում:

Զարմանալի է, որ Նիկոլը  ոչ մի նմանություն չտեսավ Արցախի եւ Ղրիմի հարցերում: Այն դեպքում, որ այդ  հարցերում, մեծ հաշվով, տարբերությունը միայն անվանումների եւ աշխարհագրական դիրքերի մեջ է: Ավելին,  հենց հիմք ընդունելով այն հիմնարար փաստը, որ երկու հարցն էլ  գտնվում են  ազգերի ինքնորոշման  միջազգայանորեն ճանաչված իրավունքի իրավական դաշտում, Հայաստանը վերջին հինգ տարիներին միջազգային ասպարեզում քվեարկում էր Ղրիմի ինքնորոշման իրավունքի իրացման օգտին: Այժմ, Նիկոլը Ղրիմի անունը լսելիս այնքան վախեցավ, որ ընդհատելով լրագրողին, սկսեց պատմել իր փառահեղ հեղափոխական անցյալի մասին: Նա կարծում է, որ այս կերպ խուսափում է կարեւորագույն  միջազգային հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, չհասկանալով, որ ցուցադրում է իր վախը այդ հարցերից եւ անկարողությունը:

Ինչ վերաբերում է Նիկոլի ինքնագովերգող ձոներին իր, այսպես կոչված, հեղափոխության նկատմամբ, ապա  այն  կազմված էր ստերի մի մեծ շարանից: Այսպես, նա  նշեց, թե հայ ժողովուրդը միասնական է, սակայն եթե խոսենք ներքաղաքական իրավիճակից, ինչի մասին ակնարկում էր Նիկոլը, ապա միասնության նշույլ անգամ չկա: Ըստ նրա վերջին Աժ ընտրությունները միակն էին, որոնք  չէին վիճարկվել  Սահմանադրական դատարանում կամ որեւէ այլ տեղ, եւ ընդունված են միջազգային հանրության կողմից: Սակայն, իրականում փաստ է, որ վերջին ընտրությունների օրինականությունը իրական ընդդիմության կողմից բազմիցս վիճարկվել է: Ինչ վերաբերում է միջազգայնորեն ճանաչվելուն` ապա, օրինակ` 2017թ. ԱԺ ընտրություններից հետո միջազգային բոլոր դիտորդները նշեցին ընտրությունների օրինականությունը, ազատությունը, թափանցիկությունը եւ այն առաջընթացը, որը գրանցեց Հայաստանը ընտրությունների անցկացման գործում: Ավելին, «Ելք» դաշինքը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ընդունեցին ընտրությունների արդյուքները:

Նրան քծնում են խելագարվելու աստիճան. Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նիկոլը, նաեւ որպես իր գրեթե մեկ տարվա աշխատանքի ցայտուն նվաճում, չկարողանալով բերել որեւէ շոշափելի օրինակ, պատասխանեց, որ ամենամեծ նվաճումը դեմոկրատիան է: Նա մոռացավ ասել, որ իր «դեմոկրատիայի» պայմաններում քաղաքական ընդդիմախոսները նետվում են բանտեր, մամուլի հանդեպ հնչում են սպառնալիքներ, իսկ նույն այդ բանտերում մարդիկ մահանում են անարդարության դեմ բողոքի հացադուլից: Կարելի է 10 րոպեում ապացուցել, որ ավելի հակաժողովրդավարական ռեժիմ Հայաստանում չի եղել, սակայն  դա այլ խոսակցության թեմա է: Իսկ այժմ պետք է հարցնել, թե Նիկոլի «ժողովրդավարությունը» ինչպիսի՞ իրական արդյունք է տվել, եւ այստեղ է, որ պատասխանը «զրո» է: Նա խոսում է համակարգային կոռուպցիայի հաղթահարման մասին եւ հանդիպում լրագրողի հեգնական հարցին, թե արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարը մարմնավորում է Նիկոլի այն կարգադրությունը, թե բացի փաստաթղթերից  որեւէ այլ բան Նիկոլի առանձնասենյակ մտցնել արգելվում է: Հարց է ծագում. Նիկոլը իսկապես մտածում է, որ դրանով պայքարում է կոռուպցիայի դե՞մ: Իսկ էլ ի՞նչ կարելի էր մտցնել երկրի ղեկավարի աշխատասենյակ: Եվ վերջապես, փաստ է, որ անցած ինը ամիսների ընթացքում չի բացահայտվել համակարգային կոռուպցիայի եւ ՈՉ ՄԻ ԴԵՊՔ: Այսինքն` կա՛մ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկար, կա՛մ Նիկոլը ի վիճակի չէ այն վերացնելու, կա՛մ հենց ինքն է գլխավորել այդ համակարգը:

Ինչ վերաբերում է, Նիկոլի ասած, քաղաքացիների հավասարության մասին, նույնպես բացարձակ սուտ: Որորվհետեւ, օրինակ` քաղաքացիների մի մասը զրկվում է աշխատանքից Նիկոլի օպտիմալացման կամ պարզապես նիկոլական չլինելու պատճառով, իսկ մյուս մասը ստանում են նորանոր պաշտոններ ու ավելին` մեկ-երկու ամիս աշխատելուց հետո ստանում են միլիոնավոր դրամների հասնող պարգեւատրումներ: Շատ տարօրինակ հավասարություն: Քաղաքացիներ կան, ովքեր ծանր հանցագործություն կատարելուց հետո Նիկոլի հրամանով ազատ են արձակվում բանտերից, եւ կան քաղաքացիներ, որոնք դրանից հազար անգամ պակաս հանցանքի պատճառով շարունակում են մնալ բանտերում: Նույնպես շատ տարօրինակ հավասարություն:

Չթվարկենք այդ հարցազրույցում Նիկոլի բոլոր իրականությանը չհամապատասխանող դրույթները: Ի վերջո, մի սուտ ավել, մի սուտ պակաս: Արագաչափերից, կարմիր գծերից եւ կուտակային թոշակային համակարգից հետո սուտ ասելու դաշտում անակնկալներ չկան: Սակայն Արցախի հարցում եւ դրա հետ կապված Նիկոլի շատ տարօրինակ պահվածքը մտորումների եւ մտավախությունների տեղիք է տալիս:

Հայկ Բաբուխանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА