o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կասկածելի գործընթաց` ԵՊԲՀ-ում

26.02.2019 14:13
Կասկածելի գործընթաց` ԵՊԲՀ-ում

Պարզվում է` Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս, օտարերկրացիների ուսուցման դեկանատ ստորաբաժանման արդեն նախկին դեկան ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախորդ տարվա նոյեմբերի 28-ին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի «թեթեւ ձեռքով» կորցրել է աշխատանքը: Թե ինչն է պատճառը, եւ առհասարակ ինչ կասկածելի գործընթացներ են տեղի ունենում Երեւանի պետական բժշկական համալսարանում, «Իրավունքին» հաջողվեց ուշագրավ մանրամասներ պարզել հենց տիկին Սարգսյանից:

Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

– Տիկին Սարգսյան, ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ Ձեզ հեռացրին դեկանի պաշտոնից:

– Պատճառը 2017 թ.-ին Վրաստանի քաղաքացուն դիպլոմ տալն էր, ով դուրս էր մնացել համալսարանից դեռ 2001 թ.-ին` ամփոփիչ ատեստավորմանը չմասնակցելու պատճառով: Այստեղ տարօրինակ որեւիցե բան չէր լինի, եթե համալսարանի ղեկավարությունը տվյալ ուսանողի ամփոփիչ ատեստավորումը (պետական ավարտական քննությունները) կազմակերպելու գործընթացում չշրջանցեր օտարերկրացիների ուսուցման դեկանատը: Սակայն, տարօրինակն այն է, որ օտարերկրացիների ուսուցման դեկանատը ներգրավված չի եղել այդ շրջանավարտի պետական քննությունը կազմակերպելու եւ դիպլոմ շնորհելու գործընթացում` այն պարագայում, երբ մնացած բոլոր ուսանողների դեպքում պետական քննությունների  կազմակերպումը, փաստաթղթերի, դիպլոմների պատրաստումը դրված է եղել դեկանատի վրա ու հանդիսացել է դեկանատի պարտականությունը: Փաստորեն, ինչ-ինչ անհասկանալի պատճառներով ուսանողի ավարտական քննության կազմակերպումն իրականացվել է` շրջանցելով դեկանատը: Հատկանշական է, որ ուսանողը նաեւ երբեւէ չի ներկայացել դեկանատ, եւ դեկանատ չեն մուտքագրվել վերջինիս անձնական գործը, ամփոփիչ ատեստավորման արդյունքները, եւ հետեւաբար դեկանատը չէր կարող դիպլոմ պատրաստել այս շրջանավարտի համար: Սակայն ինձ ստիպել են գրանցել նրա դիպլոմը օտարերկրացիների դիպլոմների տրման մատյանում: Մեզ` դեկանատի աշխատակիցների համար կասկածելի էր գործընթացը, ուստի` այդ կասկածելի գործընթացին մասնակից չդառնալու պատճառով սկզբից հրաժարվեցի գրանցել, իսկ երբ որ այլընտրանք չունեի, քանի որ ստիպում էին, գրանցեցինք, ինչի պայմաններում օտարերկրացիների ուսուցման դեկանատի ավագ մասնագետի կողմից դիպլոմների տրման մատյանում կատարվել է համապատասխան գրառում:

– Եվ դրա համար էլ Ձեզ հեռացրի՞ն դեկանի պաշտոնից...

– Այս ընթացքում արդեն ինձնից ձերբազատվելու հիմքեր էր նախապատրաստվում: Հաստիքս, որը նշանակովի է, քանի որ չունեմ ֆակուլտետ, դարձրին ընտրովի գիտխորհրդի նիստով, որը դրա իրավունքը չուներ, եւ գիտխորհրդի նիստին ասացին, որ բավարար ձայներ չեմ հավաքել: Մինչ օրս այդ գիտխորհրդի ձայնագրությունը չեն տրամադրել իմ փաստաբանին: Դա մի խայտառակ գիտխորհուրդ է եղել, ինձ հնչեցրած մեղադրանքներն այն մասին էր, որ ես ասել եմ ամբիոններին, որ բացակայող ուսանողին պետք է դրվի բացակա, որ անբավարար առաջադիմությամբ ուսանողին ներկայացրել եմ ռեկտորին` համալսարանից հեռացնելու համար:  

– Փաստորեն, ստացվում է, որ արտասահմանցի ուսանողներն, ըստ համալսարանի ղեկավարության, կարող են ունենալ անբավարար առաջադիմություն, բայց ընդունվեն, շարունակեն ուսումն ու այդպես էլ ավարտե՞ն:

– Փաստն այն է, որ ԵՊԲՀ-ում եղել են արտասահմանցի ուսանողներ, որ բավարար միավորներ չեն հավաքել, բայց ընդունվել են համալսարան կամ առաջադրված հարցին չեն պատասխանել ու այդ չպատասխանածի համար միավոր են ստացել ու էլի ընդունվել համալսարան կամ յոթ հարցի են միայն ճիշտ պատասխանել եւ յոթ միավորի փոխարեն ստացել ութ: Բավարար միավորներ չստացած արտասահմանցի դիմորդներն, այնուամենայնիվ, կարողանում են ընդունվել համալսարան, ընդ որում` այսպիսի դեպքեր առկա են ինչպես նախորդ տարիներում, այնպես էլ արդեն Արմեն Մուրադյանի պաշտոնավարման ընթացքում` դիմորդը չի պատասխանել առաջադրված հարցին, բայց ստացել է միավոր կամ երկու տարբեր պատասխան է նշել ու էլի միավոր ստացել եւ ստուգող հանձնաժողովի անդամի կողմից գնահատվել որպես դրական: Արմեն Մուրադյանի պաշտոնավարման ժամանակ էլ ավելի լուրջ խախտումներով են ընթանում արտասահմանցի դիմորդների ընդունելության կազմակերպան գործընթացը: Հուսով եմ, այս եւ իմ կողմից դեռեւս չբարձրաձայնած խախտումները նախարարությունը կբացահայտի, որին էլ կհետեւի պատշաճ իրավական գործընթացներ:

– Իսկ ո՞րն էր, ըստ Ձեզ, Բժշկական համալսարանի տարիներ շարունակ դրսեւորած նման գործելաոճի պատճառը: Լավությո՞ւն էին փորձում անել արտասահմանցիներին, թե՞…

– Եթե լավություն անելու նպատակ ունեին, թող փոխեին ընդունելության կարգը` իջեցնեին անցողիկ շեմը կամ հանեին քննությունը, բացառելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, բայց երբ տարիներ շարունակ նույն մոտեցումն է առկա, ապա կարող ենք հասկանալ, որ այդ «լավության» տակ ուրիշ բաներ կան: Եթե 2-3 տարի տեսնում ես, որ ընդունվողները չեն կարողանում հաղթահարել անցողիկ շեմը, պետք է իրավական լուծում տաս եւ ոչ թե շարունակես «լավություն» անելը, առավել եւս, որ ես խիստ կասկածում եմ, որ այդ լավությունն այլ ենթատեքստեր չի պարունակել: Ասեմ ավելին, խոսակցություններ էին պտտվում, որ համալսարանի ղեկավարության ու համալսարանի հետ համագործակցող հնդկական կողմի ներկայացուցչի միջեւ ինչ-որ 25 հազար դոլարի գումարային հարցեր կային, բայց սրանք ընդամենը շշուկներ էին, նշում եմ չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ, նախարարությունը կարծում եմ` կպարզի այդ շշուկները որքանով են իրական ու արժանահավատ, եւ թե ինչ կապ կա այդ 25 հազար դոլարի եւ բժշկական համալսարանի ղեկավարության կողմից արտասահմանցի դիմորդներին արված «լավության» միջեւ: Նախարարությունը պետք է պարզի իրականում այդ ինչ քսանհինգ հազար դոլարի պատմություն է, այդ շշուկներն արդյո՞ք արժանահավատ են ու հավաստի, եւ ի վերջո Բժշկական համալսարանը արտասահմանցի դիմորդներին տարիներ շարունակ հենց այնպես է լավություն արել եւ միավորներ շնորհել, թե` լավության դիմաց ստացել է նյութական փոխհատուցում:

«Քաղաքական երկրաշարժ է լինելու». Արմեն Աշոտյանի հարցազրույցը 5TV-ին

– Մասնավորապես ո՞ր ժամանակահատվածում են նման դեպքերը համալսարանում առավել շատ եղել: Եվ ընդհանրապես` կա՞ն այդ ուսանողների գիտելիքների ստուգումը վկայող արդյունքները:

– 2016-2017-ին այս երեւույթն ավելի զարգացավ, եւ ռեկտորի կողմից հրամանագրված թվով  22 ուսանողի գործերում ընդանրապես բացակայում են, չեն եղել գիտելիքների ստուգման արդյունքները, ինչի վերաբերյալ 15.03.2017թ. իմ պահանջով կազմվել է արձանագրություն ու նշեմ, որ մինչեւ ինձ աշխատանքից ազատելու օրը՝ այդ գիտելիքների ստուգման արդյունքները այդպես էլ չբերվեցին:

– Այս ամենի մասին տեղեկացրե՞լ եք ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը:

– Երկուամիս առաջ դիմել եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը ու կարծում եմ` նաեւ պատկան մարմինները պետք է պարզեն այս հարցերը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, «Իրավունքը» խնդրի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ նաեւ ԵՊԲՀ-ից, սակայն այդպես էլ մեզ չբարեհաճեցին որեւէ մեկնաբանություն տալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА