ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուզում ես՝ փակիր, ուզում ես՝ մի փակիր, քո դատարաններն են

19.05.2019 21:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուզում ես՝ փակիր, ուզում ես՝ մի փակիր, քո դատարաններն են

«Առավոտյան արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»: Նման հայտարարությունն էլի տրամաբանություն կունենար, եթե արվեր մեկ տարի առաջ: Բայց ահա ամենամեծ աբսուրդը. հայտարարության հեղինակը երկրի վարչապետն է: Պատճառն էլ դժվար չէ կռահել. ինչ-որ դատավոր հանդգնել է կալանքից ազատել Քոչարյանին, չնայած իշխանական այն բազում բացահայտ հղումների, թե նման բան չպետք է անել: Ինչո՞ւ է դատավորը նման բան արել: Պարզ է, նրան ուղղակի ցուցումներ չեն տալիս, դատավորը պետք է կռահեր իշխանական ճաշակները: Բայց կոնկրետ Քոչարյանի պարագայում կռահելը նրան բան չի տալիս. կա օրենքի պահանջ, Արցախի երկու նախագահների երաշխավորություն, եւ եթե դատավորը հակառակն աներ, հսկայական պատասխանատվություն էր իր վրա վերցնելու: Այսինքն, այսանգամ էլ Փաշինյանը դեմքի ամենամիամիտ արտահայտությամբ կկարողանար արդարանալ. «Ես չէ, որ մերժեցի Արցախի երկու նախագահներին, դա էդ «հնի մնացորդ» դատավորն արեց՝ ցանկանակով սեպ խրել հայկական երկու հատվածների մեջ»: Ու դրանից հետո թե դատավորն ինչ օրը կընկներ, հասկանալի է (հասկացաք չէ՞, թե ինչու էին բոլոր դատավորներն այդպես վախեցած Քոչարյանի գործից): Բայց հարցը դատավորն էլ չէ. Փաշինյանը պարզապես ուներ նրա հաշվին Քոչարյանին բերդում պահելու ու միաժամանակ՝ Արցախի առաջ արդարանալու հնարավորություն, եւ դատավորը պարզապես չցանկացավ հայտնվել կրակից շագանակ հանողի վիճակում:

«Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց...»

Բայց անցնենք Փաշինյանի հայտարարությանը: Հարգելի վարչապետ, սրանք փաստացի հենց քո դատավորներն ու դատարաններն են: Այս մի տարվա ընթացքում ճաշակիդ համապատասխան կառուցեիր համակարգը, ո՞վ էր ձեռք դբռնել: Ու հիմա էլ ուզում ես՝ փակիր, ուզում ես՝ մի փակիր, քո գործն է, մնիայնթե՝ անձնական պատասխանատվությամբ հանդերձ: Մի կողմթ ողնենք նաեւ այն, որ այսպիսով բառացիորեն իշխանության տարանջատման սկզբունքը եւս թաղվում է բազմամետրանոց հողի տակ, մի կողմ թողնենք նաեւ, որ կարող է վաղը հայտարարես, թե՝ «Ինչ դատարան, ինչ դատավոր, ես եմ դատողը: կողմակիցներիցդ մի քանի հոգու էլ պատժիչ դատավոր կկարգես, ու նրանք տիպիկ Բերիայի սցենարով՝ սրան-նրան ժողովրդի թշնամի կհռչակեն»: Սակայն դրանցից զատ այլ հարց էլ կա. աշխարհը զավեշտով կնայի այս վիճակին, վարչապետը ելել ու սեփական դատարաններն է արգելափակում՝ անունը դնելով հեղափոխություն: Ու դրանից հետո՝ հաստատ կեցցե հպարտ Հայաստանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА