o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նազենի Ղարիբյանը հանձնարարությունները փայլուն էր կատարում» (Տեսանյութ)

04.06.2019 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
«Նազենի Ղարիբյանը հանձնարարությունները փայլուն էր կատարում» (Տեսանյութ)

Հայ մշակույթը վերջապես ազատվեց ոլորտի պատասխանատու, բայց դարավոր հայ մշակույթի համար պատուհաս դարձած նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանից: Իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, այսպես ասած, սուպերնախարար դարձավ Արայիկ Հարությունյանը: Թե ով կլինի մշակույթի գծով փոխնախարարը, դեռ հայտնի չէ, բայց թե, ի վերջո, ինչու Ն. Ղարիբյանը հայտնվեց Մշակույթի նախարարության ղեկին եւ կարճ ժամանակում հասցրեց բոլորին նյարդայնացնել, մշակութային կրքեր ու վեճեր բորբոքել, այդ թվում` Օպերային թատրոնում, եւ անփառունակ հեռանալ, «Իրավունքը» պարզեց ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ տեսակետը:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

-Այն, ինչ կատարվում է Օպերային թատրոնում, համարում եմ ուղղակի անթույլատրելի: Օպերային թատրոնը երկրի դեմքն է, եթե դու ունես երաժշտության մեջ հայտ ներկայացնելու իրավունք եւ առհասարակ, եթե դու երկիր ես, որն ունի մշակույթ: Իսկ Ձեր նշած տիկինն ընդհանրապես կապ չուներ այս ամենի հետ, ինքն էլ իր խոսքում ասել է, որ իրեն հանձնարարություն են տվել, ինքն էլ կատարում է: Եվ իրականում նա փայլուն էր կատարում, այսինքն` ամեն ինչ ոչնչացնել, փակել: Ինչպես տեսնում եք, այս նոր իշխանությունները մեկ տարվա ընթացքում հասցրել են փակել, ջախջախել, ոչնչացնել, հեղինակազրկել ամեն ինչ: Ցույց տվեք մի դեպք, որտեղ իրենք ստեղծել են, արարել են, չկա: Իսկ եթե կա էլ, նախկինում պլանավորված, ժամանակի ընթացքում կյանքի կոչված ծրագրեր են եղել: Այսինքն` որեւէ կապ չունեցող իրենց հետ:

- Ի դեպ, փակելու ու ոչնչացնելու մասին. այլեւս չունենք ՀՀ մշակույթի նախարարություն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Տեսեք, թատերական ինստիտուտում բունտ էր, Օպերային թատրոնում բունտ էր, մարդիկ իրենց գործը թողած` ստիպված էին դրանով զբաղվել: Եթե դու արվեստագետ ես, պետք է զբաղվես քո գործով, իսկ դրա համար պարզապես պետությունը պետք է չխանգարի եւ մրցակցային դաշտ ստեղծի: Սա այն էր, ինչ-որ անում էր Մշակույթի նախարարությունը եւ պետք է աներ` իր քաղաքականության հիմքում դնելով հենց դա: Բայց հիմա բոլորը զբաղված են լեզվակռվով, իրար դեմ բախումներ կան նույնիսկ փոքր կազմակերպություններում: Մարդիկ կիսվել են, բաժանվել են, իրար դեմ են պայքարում, այսինքն` հեռացել են արվեստից, մոտեցել են ինչ-որ անհասկանալի մի դրսեւորումների, որոնք որեւէ կապ չունեն մշակույթի հետ: Այս ամենն իրականում որեւէ արդյունք չի տալու, որովհետեւ մի տեղ բորբոքվում է այդ օջախը, մեկ այլ տեղ` մարում, անվերջ մենք սա տեսնելու ենք:

- Բացի բունտերից, էլ ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր մշակութային ոլորտում:

- Խոսվում է այն մասին, որ 15 տարվա պատմություն ունեցող Արամ Խաչատրյանի անվան փառատոնը կարող է չկայանալ, որովհետեւ այն, պարզապես, ոչ ոքի չի հուզում: Իսկ Վենետիկի Բիեյնալեում պարզվում է` մենք ներկայանում ենք շերեփների հեղափոխության ասպեկտում, որն, ի դեպ, ասեմ, բոլոր երկրների համար շատ հետամնաց է դիտվում: Հեղափոխություններն այնպես չէ, որ շատ առաջադեմ երկրների համար են: Հեղափոխությունը նշանակում է, որ դու արդեն հետընթաց ես ապրում: Փաստորեն, այդ հեղափոխությունը չի եղել, բայց անվերջ դրա վրա է կառուցվում իրենց ամբողջ քաղաքականությունը: Շատ ցավում եմ, որովհետեւ սա ժողովրդավարության հետ որեւէ կապ չունեցող գործընթաց է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА