o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ՈՒՄ ԵՆ ԹՎԵՐԸ ՍԽԱԼ ԳՈՒՄԱՐԵԼ

12.06.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ՈՒՄ ԵՆ ԹՎԵՐԸ ՍԽԱԼ ԳՈՒՄԱՐԵԼ

Մեր նախկին համարներից մեկում, անդրադառնալով հայաստանյան խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած տարաբնույթ տարօրինակ դրվագների, ներկայացրել էինք նաեւ բուհական համակարգում պատկերը: Այսպես, եթե հայաստանյան պետական բուհերը հիմնականում անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ շատ թե քիչ բարելավել էին իրենց վիճակը, սակայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ պարագայում պատկերն այլ էր: Անցած տարվա 226 միլիոն դրամ ընդհանուր հարկերի փոխարեն, բուհը, ըստ ՊԵԿ-ի ներկայացրած ցանկի, այս տարի վճարել է 128 միլիոն՝ մոտ 100 միլիոնով պակաս: Իրավիճակը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ Տնտեսագիտականը երեւի միակն է բուհերից, որտեղ տեղի են ունեցել «հեղափոխական» փոփոխություններ՝ բուհի ռեկտոր է նշանակվել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԹե ինչ է կատարվել բուհի հարկերի հետ, մեր հրապարակումից հետո համաձայնեց մանրամասներ ներկայացնել ռեկտորը՝ Ռ.Հայրապետյանը, եւ առաջ ընկնելով ասենք, որ պարզաբանումը, որ նա տվեց, շատ հետաքրքիր մեկ այլ թեմա է օրակարգ բերում: Այսպես, պարոն Հայրապետյանը նախ անդրադաարձավ այն հարցին, որ ինքը գոնե մայրաքաղաքի ավագանիում ներկայացնում է նոր իշխանական համակարգը՝ այս բացատրությամբ.

- Ինչպես նախկին իշխանական համակարգի, այնպես էլ նորի պարագայում ես քաղաքական թիմի անդամ չեմ, ավելին` ես քաղաքական թիմերից հեռու եմ: Սակայն նոր իշխանական թիմի պարագայում ինձ համար անգամ զարմանալի էր, որ այսքան տարիներից հետո ես տեսա, որ միանգամից առաջարկություն է գալիս մի մարդու, ով թիմին կարող է առաջարկել բացառապես իրական, արդյունաավետ ծառայություններ տվյալ ոլորտի համար: Ես այլ բան առաջարկել չեմ կարող, լոյալություն, քաղաքական ընդգրկվածություն, ես կարող եմ առաջարկել միայն իմ մասնագիտական ծառայությունները:

- Ուզում եք ասել, որ ռեկտոր եք նշանակվել ոչ թե որպես քաղաքական թիմի անդամ, այլ որպես զուտ մասնագե՞տ:

- Դա բացառապես այդպես է, անգամ մեկ տոկոս այն մյուս հանգամանքը չկա:

- Ընդունելով, որ, միգուցե, Ձեր պարագայում այդ բացառությունը կա, այնուամենայնիվ, գանք հարկային ցուցանիշներին: Պատկերը սա է՝ Ձեր ղեկավարած բուհը, ըստ ՊԵԿ-ի տեղեկատվության, մոտ 100 միլիոնով պակաս է հարկ վճարել: Ինչո՞ւ:

- Իրականում 2019թ. առաջին եռամսյակում մենք մուծել ենք 226 միլիոն դրամ հարկ, մոտավորապես այնքան, որքան անցած տարվա առաջին եռամսյակին: Սակայն ՊԵԿ-ի համապատասխան ցանկում ես նկատեցի, որ կա գումարման խնդիր: Այսինքն, առանձին հարկատեսակների գծով հարկերն ամբողջությամբ նշված են, եւ կա դրանց գումարման խնդիր: Այսինքն` տեխնիկական վրիպակ է:

Մեր ստուգումն էլ ցույց տվեց, որ այդպես է. բուհը, ըստ նույն ցանկի, շահութահարկի, եկամտային հարկի,ԱԱՀ-ի եւ այլ հարկերի տողերով վճարել է համապատասխանաբար 15,321 միլիոն դրամ, 199,090 միլիոն, 2,838 ու 8,948 միլիոն: Եվ այստեղ է, որ գալիս է մեկ այլ խնդիր. ուրեմն` ինչպե՞ս հասկանանք, որ այնպիսի լրջագույն մասնագիտական կառույցում, ինչպիսին ՊԵԿ-ն է, թույլ են տրվում նման թվաբանական սխալներ, այն էլ՝ պաշտոնական եւ հրապարակվող փաստաթղթերում: Սակայն սա այլ հարց է, որի պատասխանը դեռ կփորձենք ստանալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА