o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

13.06.2019 08:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

Հայ արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ Ակսել Բակունցն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրել է գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու մարդիկ: Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո «որպես հույժ գովելի աշակերտ» համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը: Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-1916թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ:

Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից: 1917թ.՝ ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում:

Երիտասարդ Չարենցի նման Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը: Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:

1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերել է հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը: Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է:

Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում: Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:

Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն: Իր հայրենի երկրին, նրա մարդկանց նվիրված մարդն ու մեծ գրողը դարձավ ստալինյան բռնապետության զոհը:

Նա գնդակահարվեց 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА