o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հաջորդ պատերազմում, եթե պարտվեցինք, մեր վերջն է». Տեր Սերոբ քահանա Ազարյան

19.06.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հաջորդ պատերազմում, եթե պարտվեցինք, մեր վերջն է». Տեր Սերոբ քահանա Ազարյան

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ:

Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան

- Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը շարունակելու է հաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բան միայն եզրակացնել: Ադրբեջանին խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի: Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ, որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական գաղափարախոսությունը սա է: Այսօր ահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան, որը մեզնից 100 անգամ ավելի մեծ է թվով եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է:

– Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որ չեն անում, մասնավորապես` Արցախի հարցում:

– Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելության հռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի,  հայաստանցի-արցախցու այս կամ այն քաղաքական շարժումների, փոքրիկ թվաքանակով,  սահմանափակ ռեսուրսներով եւ տնտեսությամբ ու նաեւ դիկտատորական ոգով կատարված կադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմ նաեւ Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է նաեւ Հայաստանին: Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն գեներալիտետին պաշտոններից ազատելը, մարդկանց, ովքեր պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց, բայց իրենց մասին շատ եմ լսել եւ կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում, թե կառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս: Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ սյուները քանդել: Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով, շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենք մտահոգ ենք: Կադրային փոփոխությունները,  եթե խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ:

– Կարծում եք` սահմանում պատերազմի վտանգ կա՞...

– Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու, այլ մեզ վրա գալու են ավելի քան կեսմիլիոնանոց բանակով, եթե ոչ ավելին: Նրանք հսկայական ուժով են գալու այս անգամ, իսկ մենք դեռ նստել ու խաղաղություն ենք խաղում իրենց հետ: Սա պետք է լուրջ մտահոգի մեզ ոչ միայն Արցախում,  այլ բոլորիս Հայաստանում, որի դեմ է ուղղված թշնամու գերագույն նպատակը: Թշնամին Արցախով չի գոհանալու, այլ փափագելու է Հայաստանը վերացնել քարտեզից: Ամերիկյան բանակում ծառայելով` մի քիչ հասկանում եմ այս գործողություններից: Հայաստանն ունի իր մարդկային մեծագույն ռեսուրսները Սփյուռքում: Նախապես առաջարկել եմ ստեղծել համահայկական ռազմական դրամահավաք ծրագիր, որը տարեցտարի կկարողանա ստեղծել հիմնադրամներ, հառաջացած զինտեխնիկա, զինվորականների թոշակների բարձրացում,  Հայաստանի զինուժի կուտակում եւ բազմացում, ընդհուպ նաեւ սփյուռքահայ երիտասարդներից կազմված բրիգադներ` ռուսահայ, ամերիկահայ, կանադահայ եւ այլն, մինչեւ իսկ կազմել բանակին կից Սփյուռքահայ 6-րդ կորպուս: Սա առիթ կլինի` նաեւ Սփյուռքը բերելու Հայաստան, երիտասարդներին խրախուսելով` կապելու մայր հողին, այնտեղ ամուսնացնելու,  զավակներ բերելու եւ տնտեսություն զարգացնելու: Ցավալի է, որ ներկա կառավարությունը, փոխանակ ազգային նման ծրագիրն անմիջապես կյանքի կոչի, զբաղված են մեր մեջ տարածելու ԼԳԲՏ-ի «իրավունքները», մարիխուանան, եկեղեցու դեմ արշավը եւ այլն: Ու սա  իմ մեծագույն հուսախաբությունն է, որ փոխանակ ազգային ոգի տարածելու` զբաղված ենք ԱՄՆ-ին եւ Եվրոպային հաճոյանալով, ազգային ոգին մարելով եւ ռազմական ոգին փչացնելով` ուզում են բացարձակ դիկտատուրա հաստատել:

«Բնակիչները համոզված են, որ չպետք է շահագործվի Ամուլսարը»

- Բայց իրենց կարծիքով՝ ճիշտ հակառակը, ժողովրդավարություն են հաստատել…

- Երբ ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի պես քաղաքականության մեջ եփված կեղծավոր դիվանագետ կինը ասում է, որ այսօրվա կառավարությունը ոչ մի համեմատություն չունի նախկինի հետ, նա արդեն նկատի ունի, որ Հայաստանը ընտրել է ա՛յն ճանապարհը, որով ընթանում է այսօր ազգայնականության հակառակ գնացող Եվրոպական Միությունը: Ու տեսնում ենք ամեն տեսակ բարոյական, հոգեւոր, եւ ընտանեկան ավերներ Եվրոպայում, որը ողողվել է միլիոնավոր իսլամ զանգվածներով։ Հայաստանը Եվրոպայի սրտում չէ։ Հայաստանը շրջափակել են երկու ահռելի գիշատիչ պետություններ որոնք օրըստօրե սպառնում են մեր գոյությանը։ Եվ դրա դեմն առնելու համար պետք է ունենալ ուժեղ տնտեսություն, համախմբված հայությամբ եւ մանավանդ ազգային ուժեղ դաստիարակությամբ ուժեղ բանակ։ Հայաստանին որեւէ բան պատահելու դեպքում Եվրոպան միայն շարժելու է իր լեզուն թուրք թշնամիների դեմ, նրանք դա են արել անցյալում, եւ դա են անելու հետագայում։ Մեր միակ հույսն է Աստված երկնքում, եւ մեր միախմբված ու զորեղ ազգային ազգ-բանակը երկրում։ Ոչ թե սեւերի սպիտակների բաժանման այս խայտառակությունը։ 

- Ի դեպ, սեւերի մասին. վարչապետի վերջին հրահանգներից մեկով հիմա «սեւազգեստների որս» է սկսվել: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

- Սեւազգեստների հալածանքը Հայաստանում նշանակում է, որ եթե դու ունես այլ կարծիք, որը չի համընկնում իշխանության հետ, քեզ պետք է քաղաքական հալածանքների ենթարկեն, ձերբակալեն, բանտ ուղարկեն, ժամերով հարցուփորձ անեն: Այս դեպքում, այսօրվա իշխանությունն ինչո՞վ է տարբերվում նախկինից: Ի դեպ, սիրելի ժողովուրդ, անցած տարվա մայիսից մինչեւ հիմա ձեր գրպաններն ավելի՞ են լցվել, ձեր վիճակը բարելավե՞լ է, ձեզնից ամեն մեկի վիճակն այնքան լա՞վ է, որ կարող է հանգիստ ճանապարհորդել կամ իր ընտանիքի ապագան խորհել, իհարկե՝ ոչ: Այսօր Հայաստանը դարձել է բացարձակ բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում՝ օրենքները սահմանում, ինքն է որոշում, թե ով է հանցագործ, ով՝ ոչ, եւ ինչպես պետք է կրի հանցանքի պատիժը: Սա ցույց է տալիս որ անհատական վրեժի, հաշվեհարդարի մոլուցքը երկիրը տարել է միայն այդ ուղղությամբ։ Ո՞ւր է այնքան քարոզված սերն ու համերաշխությունը, ո՞ւր է հանդուրժողականությունը, ո՞ւր է մանավանդ թռիչքային տնտեսությունը այսօր, երբ լուրերում տեսնում ենք միայն քաղաքական դեմքերի բանտ նստել-չնստելու լուրեր, ժողովներ, վեթթինգ, եւ այլն։

- Դե տնտեսությունը պետք է թռիչքային զարգանար՝ այն հույսով, որ հիմա-հիմա Սփյուռքից ներգաղթ է սկսվելու, ճամպրուկները հավաքած գալիս են ու ներդրումներ բերեն…

- Ես Լաս Վեգասում եմ ապրում եւ այստեղից միայն երեք ընտանիք գիտեմ, որ եկել են Հայաստան, անձամբ եմ ճանաչում այդ մարդկանց, որոնց երեխաներին եմ մկրտել: Հավելեմ նաեւ, որ եթե իրավիճակը վատացավ, կարող են ետ վերադառնալ ԱՄՆ։ Հայաստանում մի տարվա կատարված փոփոխությունները, ինչպես հին ասացվածքն է ասում՝ «պատռված կոշիկի վրա փայլ են քսում, որ գեղեցիկ երեւա», բայց այս ձեւով երկիր չեն կառավարում: Մի բերանով խոսում ենք բռնության դեմ, բայց մյուս բերանով կատաղած հորդորում ենք մարդկանց ասֆալտին փռել, պատերին ծեփել: Գնդեվանքի ճանապարհին Վեհափառ հայրապետի դեմ բռնություն թույլ տալ եւ մնալ անպատիժ։ Հանրությունը մերի-ձերի բաժանել եւ մնալ անպատիժ։ Հրապարակում ասել, թե Արցախի նախագահի գլուխը պետք է ցխել եւ մնալ անպատիժ։ Սեւ հագուստներով երիտասարդներին անիրավի բերման ենթարկել՝ քաղաքական հետապնդումով: Բայց վայ եթե մեկը փորձվի մի գեյի կամ լեսբիի, որոնք կառավարության հոգաբարձության խորհրդում են նստած, տրանսգենդերի քիթ ու բերանին ապտակ սպառնալ, անմիջապես բերման կենթարկեն նրան: Ոստիկանական խիտ խմբերով ազգային դաստիարակության թշնամի Սորոսի գրասենյակն էին պաշտպանում՝ ի տարբերություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցու սրբազան տարածքների։ Միայն դատական փաստված վճիռներն են մարդկանց կարող հանցագործ հայտարարել, որոնք դատարաններով փաստված են եւ ոչ թե վարչապետի բերանով ստիգմայի վերածված մարդկանց, որոնց դեմ ասում ենք՝ փռեք ասֆալտին, ծեփեք պատերին, կոկորդից բռնեք: Այս խառնաշփոթ եւ քաոսային վիճակում չեմ կարծում՝ որեւէ սփյուռքահայ գործարար գա եւ իր գործառոյթները հաստատի անհաստատ Հայաստանում։ Մեզ պետք է հաստատուն եւ համերաշխ պետություն եւ ժողովուրդ, եւ ոչ թե բաժանված հանրություն։

«Չի բացառվում, որ վաղը բակային ընկերությունն էլ դիտարկեն որպես քրեական ենթամշակույթ»

- Եզրափակելով զրույցը՝ ինչպե՞ս եք տեսնում վաղվա օրը եւ ինչպե՞ս պետք է դուրս գանք ստեղծված իրավիճակից:

- Պետք է համախմբել ամբողջ հայությունը, ազգային, բարոյական, հոգեւոր գաղափարներով եւ դաստիարակությամբ։ Պետք է օր առաջ տնտեսությունը զարգացնել եւ երկրի ապրելակերպի մակարդակը բարձրացնել։ Կարիք կա հաստատել հանրությունը գործով, աշխատանքի բարելավումով եւ սփյուռքահայության գործոն եւ ուժեղ ներկայությամբ։ Արցախի դեմ բռնի քայլեր պետք չէ առնել, այլ սիրով զորացնել հետագա Հայաստանի մաս կազմելիք այդ արծվաբույնը։ Եթե Աստված չանի, Արցախում մեր կառավարական կազմի գլխավոր էլիտան չլինի, ադրբեջանցիները շատ ավելի ուժեղ կհարձակվեն մեզ վրա, ավելի պատրաստված ու սովորած իրենց նախկին սխալներից: Այս բոլորը պետք է հաշվի առնել: Կառավարության կազմում շատեր անգամ նույնիսկ բանակում չեն ծառայել, ո՞նց պիտի գնան սահման պաշտպանեն, երբ զենք բռնել չգիտեն: Հայաստանի նման մշտական պատերազմական վիճակով ապրող երկրի համար առաջարկում եմ մի հոդված առաջարկել Սահմանադրության մեջ. Երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոն կարող ես ստանձնել միայն այն թեկնածուն, ով Հայոց բանակում է ծառայել։ Գերագույն գլխավոր հրամանատարը նախ պետք է բարոյական հաշիվ տա իրեն, թե բանակում ծառայած չլինելով՝ ինչպե՞ս կարող է լինել զինված ուժերի գերագույն հրամանատարը։  Այն մարդը, որը բանակում ծառայել է, նա գիտի հայրենիքը պաշտպանելու արժեքն ու ցավը, որովհետեւ ընկերներ ու բարեկամներ է կորցրել իր աչքի առջեւ, ու գիտի պատերազմի եւ խաղաղության գինը։ Պետք է զերծ պահել երկիրը բոլոր ներքին ցնցումներից, բարոյական ընկածությունից, ընտանեկան քայքայումից եւ հանրային հյուսքի քայքայումից։ Պետք է շարժվել ժամանակից առաջ եւ երկրի համար օդի եւ ջրի նման կարեւոր փոփոխությունները տնտեսական, ռազմական, սփյուռքի տնտեսական եւ զինվորական ներգրավման եւ երկրի ազգային ոգով դաստիարակչությունը, զորացնել եւ երկիրը զարգացնել:

Մեր երկիրն այսօր խաղաղ է, բայց մշտական վտանգի տակ է եւ ինչպես անգլիական ասացվածքն է ասում՝ պատերազմի ժամանակ իմ հոգսը չէ, թե ով է նստած վերեւում, ուզում է թող Սատանան նստի, կարեւորը՝ ամեն գնով, ԱՄԷՆ ԳՆՈՎ պետք է հաղթենք հաջորդ պատերազմում եւ հասնենք մեր գերագույն նպատակներին, որովհետեւ եթե պարտվեցինք, մեր վերջն է: Աստված մեր բոլորին հետ, օրհնի եւ պահի Հայաստանը, Արցախը եւ հայությունը ի սփյուռս աշխարհի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА