КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 10. 12. 2019 : :
Երբ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի տենոր Ժերեմի Դելվերը երգեց «Հայկական վալս» ստեղծագործությունը, աշխարհի ծայրերում ու հատկապես Հայաստանում բնակվող հայերին միանգամայն հետաքրքրեց, թե ով է երգի հեղինակը: Սակայն, որքան արագ պարզվեց, որ երգի հեղինակը ֆրանսահայ հայտնի երաժիշտ, Bratsch խմբի հիմնադիրներից ԴԵՆ ՂԱՐԻԲՅԱՆՆ է, նույնքան արագ էլ` նա առավել հայտնի դարձավ Հայաստանում: Ավելին` պարզվեց, որ «Հայկական վալսը» Ղարիբյանը գրել է դեռեւս 1970-ական թվականներին:
Օրերս Դեն Ղարիբյանը ոչ միայն ժամանել էր Հայաստան, այլ նաեւ մի քանի փոքրիկ համերգներով ներկայացավ իր արվեստի հայաստանյան երկրպագուներին: Համերգին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: «Իրավունքը» Ղարիբյանին հանդիպեց Սիրահարների այգում` մենահամերգից հետո. «Շատ տպավորված եմ հայ հանդիսատեսից, նրանք մի փոքր հեռու էին, բայց նրանցից ջերմություն ու մեր արվեստի հանդեպ հետաքրքրություն զգացի»,- համերգից հետո իր տպավորություններով կիսվեց Ղարիբյանն ու շտապեց տեղեկացնել, որ իր հայաստանյան այցելությունը միայն այս համերգով չի սահմանափակվել. «Հայաստան ժամանելու հենց երեկոյան երեւանյան փաբերից մեկում համերգ ունեցանք, հետո` եղանք Իջեւանում, այնտեղ նվագեցինք, ապա` Արագած գնացինք, այնտեղ բարեկամ ունենք, մի քիչ պտտվեցինք, այնտեղ էլ նվագեցինք: Գեղարդի վանքում էլ եղանք: Պիտի ասեմ, որ մեր` Հայաստան կատարած կախարդական պահերից էր, երբ հենց Գեղարդի վանքում Սայաթ-Նովայի «Քանի վուր ջանիմ» երգեցի, չեք պատկերացնի` ինչ հրաշալի ու աստվածային զգացողություն ունեցանք: Իսկ հիմա արդեն Երեւանում ենք, այստեղ էլ մի բարեկամ ունեմ, իր տանը ճաշեցինք, նվագեցինք եւ այսօր Սիրահարների այգում երգեցինք, վաղն էլ` արդեն կլինենք Ֆրանսիայում, իսկ հաջորդ օրն էլ` մի ուրիշ տեղում կլինենք: Մեր կյանքն է այդպիսին»:
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ Է ԽՏԱՆՈՒՄ ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐՈՎ»
Ֆրանսահայ երաժիշտն ասաց, որ հայաստանյան այս այցը 8-րդն էր. «Առաջին անգամ հայրենիք եկա 2006 թվականին ու գաղափար անգամ չունեի, թե ինձ ինչպես կընդունեն այստեղ, բայց այցից հետո հասկացա` երաժշտությունը Հայաստանում ավելի է խտանում վառ գույներով: Վերջին անգամ հայրենիքում համերգով հանդես էի եկել 2013-ին` Կասկադ համալիրում, իսկ այս անգամ եւս ջերմ ու լուսավոր երկիր բացահայտեցի ինձ համար: Գուցե, այստեղ մարդկանց կյանքն ուրախ է, ես չեմ կարող դա ասել, որովհետեւ այստեղ չեմ ապրում, բայց տեսնում եմ, որ կամաց-կամաց փոխվում է Հայաստանը, ավտոմեքենաներն են շատացել ու փոխվել, նախկինում հիմնականում հին մեքենաներ էին վարում, հիմա ավելի նոր մեքենաներ են վարում: Շատ բան չգիտեմ հայաստանյան կյանքի մասին, բայց հուսով եմ, որ կամաց-կամաց ամեն ինչ կփոխվի դեպի լավը»:
«ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
Անդրադառնալով իր «Հայկական վալսի» կատարմանը` Շ. Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ` Դ. Ղարիբյանն ասաց, որ իր համար անակնկալ է եղել. «Ես անտեղյակ եմ եղել, որ պետք է իմ երգը կատարեին, ինչ ասեմ, ուրախ եմ, որ Ժերեմին կատարեց այդ երգը, երբ իմացա` շատ հուզվեցի: Այսօր էլ այստեղ կատարեցի այդ երգը եւ ջերմությամբ ու ծափերով ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից, ինչն էլ ինձ հաճույք պատճառեց»,- ասաց երաժիշտն ու մտովի գնալով տարիների հեռուն` մտաբերեց. «Այդ երգը երբ գրեցի, մի ֆրանսուհու էի սիրահարված, մտածում էի, թե ինչպես տպավորություն թողնեմ նրա վրա: Երաժշտությունն արդեն ծնվել էր, ու անընդհատ երգում էի, բայց շատ էի ուզում, որ խոսքերն էլ հայերեն լինեին: Եվ այդպես ընկերս` Ժիրայր Փափազյանը օգնեց ու ֆրանսերենից հայերեն թարգմանեց խոսքերը: Այդ երգի մեջ այնքան հույզեր ու զգացմունքներ կան»,- պատմեց Ղարիբյանն ու հավելեց. «Անկեղծ ասած, չեմ սիրում ժամանակակից երաժշտությունը, պաշտում եմ հայկական ժողովրդականը, քամանչան, դուդուկն ու թառն եմ սիրում, որովհետեւ դրանք բոլորն էլ սովորական մեղեդիները գեղեցիկ են համադրում: Ի դեպ, մի հայաստանյան երաժիշտ կա` Միքայել Ոսկանյանը, շատ կուզենայի, որ միասին նվագեինք: Նա թառ է նվագում եւ շատ լավ երաժշտական ճաշակ ու լսողություն ունի: Մի անգամ նա եկել էր Փարիզ, ու աղջիկս իր հետ նվագել է: Հուսամ, հաջորդ անգամ, երբ գամ, կհաջողվի դա իրականություն դարձնել: Շատ կուզենամ մեծ համերգով հանդես գալ համերգասրահում, եթե հրավեր լինի, անպայման կընդունեմ»:
Սակայն մինչ հաջորդ այցը հայրենիք Ղարիբյանն անկեղծացավ, որ իր հետ Հայաստանից տանում է դրական հիշողություններ. «Այն ամենը, ինչ պիտի տանեմ ինձ հետ, իմ գլխում է, իմ հետքերում, իմ հիշողության մեջ: Ես լուսանկարվել ու լուսանկարել չեմ սիրում, ամեն ինչ իմ հիշողության մեջ եմ տեղավորում, որ միշտ ինձ հետ լինի: Հայաստանում ինձ ապշեցրել է գյուղացիների անկեղծ հյուրընկալությունը: Մի խոսքով, ինչպես միշտ, այս անգամ էլ Հայաստանից ինձ հետ դրական տպավորություններ, ջերմություն ու անպայման տնական դեղձի օղի եմ տանում»:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ