o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

12.07.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

Վերջին օրերին Արցախում շարունակում է նկատվել լարվածության բավականին բուռն աճ: Ո՞վ է այդ հարցում անմեղ կամ արդար, սա դեռ հարցի մի կողմն է: Ամենամտահոգիչն այլ հանգամանք է:

Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ

 

ՆՈՐԻՑ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՀԻՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ

Այսպես, բանը հասել է նրան, որ արցախյան անվտանգության ծառայությունները սկսեցին սպառնալ՝ ներքին այդ լարվածությունը նաեւ բնակչության շրջանում է սկսել  ատելության, թշնամանքի եւ անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել, ինչը «կարող է սպառնալիք դառնալ ԱՀ անվտանգությանը»: Սպառնալիք ասվածը, թերեւս, շատ մեղմ է. ներքին մասնատվածությունը եւ ատելության մթնոլորտն այն գործոնն են, որը կարող է վտանգի տակ առնել Արցախի լինել-չլինելը: Առավել եւս, որ Հայաստանն էլ իր հերթին է նույն վիճակում, էլ չասած այն լուրջ խնդիրների մասին, որոնք ունեն մեր պաշտպանության համակարգը: Ընդ որում, հերթական խնդրի մասին էլ օրերս հայտնի դարձավ: Խոսքն այն լուրջ կադրային կրճատումների մասին է, որը տեղի է ունենում հայաստանյան բանակում: Կարճ ասած, գործնականում բոլոր օղակներում սկսել ենք «իրար ուտելու» «հին ու բարի» գործողությունը, որը մեկ անգամ չէ, որ չար կատակ է խաղացել հայ ժողովրդի գլխին, եւ նման է նրան, որ եւս մեկ անգամ ենք հայտնվել նույն պատմության շեմին: Ահա այս իրավիճակում էլ ակտիվորեն թեժ փուլ է տեղափոխվում արցախյան բանակցային գործընթացը: Այն, որ ներհայաստանյան այս ողջ իրավիճակը էապես թուլացնում է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ (ինչի համար եւս մեկ անգամ «շնորհակալ լինենք» մեր քայլոների իշխանությունից), դժվար չէ կռահելը: Ավելին, սկսել են նաեւ ճնշումներ գալ այնպիսի օղակներից, որոնք որեւէ առնչություն պետք է որ չունենային բանակցությունների հետ: Այսպես, վերջին օրերին Ադրբեջանում եւ Հայաստանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Թե որն էր այցի բուն իմաստը, դժվար է հասկանալը. Տուսկը երկու երկրներում էլ խոսեց ամեն ինչի մասին, ավելին, չզլացավ նաեւ տուրիստական երթուղիներով շրջայցեր կատարել, այսինքն, կարող է նաեւ այս այցը նրա համար ձրի զբոսաշրջության պես մի բան էր: Սակայն դրանով հանդերձ էլ, թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Հայաստանում նա բավականին լուրջ մեսիջներ հղեց նաեւ Արցախի հետ կապված: Այսպես, Ադրբեջանում Ալիեւի հետ հանդիպումից հետո Տուսկը հայտարարեց. «Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե զինված, այլ միայն քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Եվրոպական միությունը լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, եւ ուշադրությունը կենտրոնացնելու է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հակամարտության արդար եւ կայուն կարգավորման վրա...»: Մինչ առաջ անցնելը` նկատենք, որ այսպիսով եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը արցախյան կարգավորումը գործնականում տեսնում է այն հարթությունում, որը ներկայացված է ՄԽ-ի հայտնի վեցկետանոց բանաձեւում. համենայնդեպս՝ ՄԽ-ին լիակատար աջակցությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտին հղում անելը հենց այդ հետեւությանն են տանում: Ավելին, Տուսկի խոսքի շարունակությունն էլ ավելի հիմնավորեց այդ տպավորությունը. «Մենք բարձր ենք գնահատում լարվածության ընդհանուր նվազումը, սակայն շփման գծի երկայնքով վերջին կորուստները մտահոգում են մեզ, ինչպես նաեւ՝ համանախագահներին... կարեւոր նշանակություն ունեն նաեւ այն միջոցառումները, որոնք ուղղված են մթնոլորտի վերականգնմանը, որը թույլ է տալիս ապահովել խաղաղություն եւ արդյունավետ բանակցություններ վարել: ԵՄ-ն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված գործունեությանը եւ պատրաստ է աջակցել ժողովուրդների խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցներին»: Ավելին, արդեն Երեւանում Տուսկը նույն մտքերն ընդգծելով, նաեւ ցույց տվեց, որ այդ գործընթացը տեւական ժամանակ է, որ ընթացքի մեջ է. «ԵՄ-ն ոգեւորված է վերջին մեկ տարվա ընթացքում մարդկանց խաղաղության նախապատրաստելու եւ հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով եւ ձգտումով...»:

«ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ»

«Խաղաղության նախապատրաստում». կարծես թե այս մասին արդեն խոսում են բոլորը, ՄԽ-ից եւ համանախագահ երկրներից սկսած, վերջացրած` Հայաստանով եւ Ադրբեջանով: Ամբողջ հարցն այն է, թե այդ ի՞նչ հիմքի վրա են «խաղաղության նախապատրաստվում»: Չնայած, այս մասին էլ են բոլորը խոսում՝ ՄԽ-ի վեցկետանոց ծրագրի: Ավելի ճիշտ, երեւի միայն Հայաստանն է, որ պաշտոնապես, ավելի ճիշտ՝ հրապարակավ դեռ դրան կողմ չի արտահայտվել: Եվ արդյունքում, Ալիեւը ստացել է լրացուցիչ խաղաթուղթ՝ ընդհանրական ճնշումները դեպի Հայաստան ուղղորդելու համար: Դա նաեւ Տուսկի այցի շրջանակներում է նկատվել՝ հաշվի առնելով Իլհամ Հեյդարովիչի, օրինակ, այս հայտարարությունը. «Որ հակամարտությունը մինչ հիմա կարգավորված չէ, հիմնական պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է: Պետք է նշեմ, որ միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը պետք է ուղղված լինեն հակամարտության շուտափույթ կարգավորմանըՍտատուս քվոն անընդունելի է եւ պետք է փոխվի: Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրման սկիզբ»:

Ադրբեջանի նման դիրքորոշումը թուլության նշան չէ, իրենց բանակցություններ պետք չեն, դա վերջնագիր է. Սուրեն Սարգսյան

 

ՈՒՇՔԻ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ «ԻՐԱՐ ՈՒՏԵԼ»

Այստեղ, թերեւս, նախ հարկավոր է նկատել Ալիեւի ասածից բխող մեկ էական ակնարկ: Երբ նա խոսում է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա կապելով ՄԽ-ի հետ, դժվար չէ հասկանալ, թե որն է իմաստը. ՄԽ-ի վեցկետանոց փաստաթղթում «Ղարաբաղի հարակից շրջանների» վերադարձի հարցն առաջնային պլանում է: Բայց ահա Ալիեւը դա համարում է «ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրման ՍԿԻԶԲ»: Եթե նա այդ «սկիզբ» տերմինն օգտագործեր ներադրբեջանական ինչ-որ միջոցառման ընթացքում խոսելիս, միգուցեեւ այն ընդունեինք որպես ներքին շրջանառության միտք: Բայց չէ, հայտարարությունն արվեց Տուսկի ներկայությամբ, այսինքն` Ալիեւը նաեւ Եվրոպային է փոխանցում, որ եթե անգամ ՄԽ-ն խոսում է «Ղարաբաղի հարակից շրջանների» վերադարձի մասին, սակայն դա Բաքվի համար միայն սկիզբ է, այսինքն՝ միջանկյալ ձեռքբերում՝ «ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրման», այսինքն՝ ողջ Արցախը այս փուլում Ադրբեջանին չհանձնվող հատվածը եւս իրենով անելու: Հաշվի առնելով, որ ՄԽ-ի վեցկետանոց փաստաթղթում Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված որեւէ հստակեցում չկա, պարզ է դառնում, թե Ալիեւի այդ ամբողջատիրական հավակնությունները որտեղից են գալիս: Այսինքն, Ալիեւն էս գլխից է շրջանառության մեջ դնում տեսլականը, որ եթե անգամ ստորագրվի ՄԽ-ի վեցկետանոց փաստաթուղթը, դրա հիման վրա շրջանների մի մասը վերադարձվեն եւ անգամ դրանից հետո ձեւավորվող շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայվեն, մեկ է, Բաքվի համար հակամարտությունը կմնա չկարգավորված, եւ վաղ թե ուշ օրակարգ կբերի Արցախի մնացած մասի վերադարձի հարցը: Չնայած, անկախ նրանից, որ ՄԽ-ի փաստաթղթում անորոշ դրույթներ կան Արցախի միջանկյալ կարգավիճակի կամ ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հելսինկյան նորմի մասին, որ Բաքվից հենց դա էլ պետք էր սպասել, ի սկզբանե էլ հասկանալի էր: Նաեւ հասկանալի էր, որ Բաքվի համար այս պահին դա ամենաձեռնտու միջանկյալ լուծումն է: Նախ, այդ լուծումը գալիս է համանախագահ երկրներից եւ ունի լայն աջակցություն աշխարհում: Միգուցե համանախագահների պատկերացումն առաջարկվող մեխանիզմների նկատմամբ այլ է, որ սա Արցախի ապագա անկախության հեռանկար է պարունակում, որի համար կլինեն խաղաղարար ուժերի տեղակայման մակարդակով երաշխիք: Բայց նաեւ նման լուծումն ապագայում մանիպուլյացիոն մոտեցումների լայն դաշտ է պարունակում, առավել եւս՝ Ադրբեջանի պարագայում, ով մեկ անգամ չէ, որ հրաժարվել է իր խոստումներից կամ ստորագրությունից: Առավել եւս, որ շրջանների վերադարձը Ադրբեջանին նաեւ ռազմական տեսանկյունից է առավելություններ տալիս: Կարճ ասած, հասկանալի է, թե ինչու է Ալիեւը «շուտափույթ կարգավորումից» խոսում, ընդ որում, այս հարցում, ինչպես նաեւ Տուսկի այցը ցույց տվեց, ունի արտաքին լուրջ աջակցություն, ավելին՝ Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու հնարավորություն: Փոխարենը, Հայաստանի համար էականը դարձել է հետեւյալը. իսկ որքանո՞վ ենք ի զորու այդ ճնշումներին դիմակայել: Բանակցային գործընթացը ձգելու որոշ փորձեր Փաշինյանն ու Մնացականյանը կիրառման մեջ դրեցին, սակայն նաեւ նույն Տուսկի հայտարարությունները եկան հուշելու, որ դրանք ի զորու եղան միայն խիստ կարճաժամկետ էֆեկտ ապահովել, ընդ որում, այդ էֆեկտն արդեն սպառվելուն մոտ է: Երկարաժամկետ ազդեցության համար պետք է բանակցային իրավիճակը փոխել, եւ հենց այստեղ է, որ լուրջ խոչընդոտ է դարձել մեր բանակցային դիրքերը: Խոստովանենք, եթե բանակցային սեղանի կողմերից մեկն ունի ողբալի դիրքեր առհասարակ արտաքին քաղաքականությունում, տնտեսական վիճակը, մեղմ ասած՝ բանի նման չէ, եւ այդ ամենից էլ զատ՝ սեփական ոտքով մտել է ներքին հակասությունների մի այնպիսի փուլ, որտեղ ժողովրդի մեջ տիրող ատելության, թշնամանքի եւ անհանդուրժողականության մթնոլորտի մասին բարձրաձայնում են անգամ անվտանգության մարմինները, ապա բանակցային սեղանի մյուս կողմերը վիճելի հարցերի լուծումը կտեսնեն ամենահեշտ տարբերակով, այն է՝ «թույլ օղակին» ճնշելու միջոցով: Կարճ ասած, ունենք ազգովի ուշքի գալու խնդիր, սակայն ինչպես իրողություններն են հուշում, ներքին ցնցումներն արդեն հասել են մեր պաշտպանության ամենաառաջնային օղակին՝ Արցախին: Ի դեպ, նրանք, ովքեր «իրար են ուտում» մի պատառ ավել հացի ու իշխանության համար, վերջում հաստատ կհիասթափվեն. բոլորն են «կեր դառնալու»: Չնայած, ոմանք ճիշտ պահին «հին սովորույթով»՝ «կառնեն հանրապետության փողերն ու հայ դե՝ Փարիզ»: Այ, նմաններին այս վիճակը հաստատ ձեռնտու է. հակառակ դեպքում փողերն «առնել-թռնելու» հնարավորություն չեն ունենա: Ինչ վերաբերում է Տուսկի այցին, ապա այն կարծես թե այս իմաստի մեջ պետք է տեսնել. իրավիճակն արագորեն գնում է միջանկյալ լուծումների, որի պարագայում նոր տարածաշրջանային իրողություններ են ստեղծվելու: Եվ ահա Տուսկն էլ, որպես ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա, փորձում է հեռանկարներ տնտղել՝ ապագայում ԵՄ-ի համար հնարավորինս շահեկան տարածաշրջանային դիրքեր ունենալու համար:

Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի. Արշավիր Ղարամյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА