o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ. ՍՊԱՍԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՈՍՔԻՆ

12.07.2019 21:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՉԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ. ՍՊԱՍԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՈՍՔԻՆ

Նախօրեին հանրապետությունով մեկ տեղի ունեցած հոսանքազրկումներից հետո շատ-շատերն էին բացահայտ խոսում՝ 1990-ականների «մութ ու խավարին» վերադառնալու հնարավորության մասին: Ու չնայած այն բանին, որ հոսանքազրկումների հարցը ժամեր անց լուծվեց:

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԹԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

Այո, թեեւ այս պահին խնդիրը լուծված է, սակայն տհաճ նստվածքը մնում է: Առավել եւս, որ պաշտոնական այրերից այդպես էլ պատճառների մասին չեղավ հստակ բացատրություն: Այն դեպքում, երբ էներգետիկան այն ոլորտն է, որտեղ գոնե ընդհանուր առմամբ նման վթարների պատճառները պետք է, որ անմիջապես պարզ լինեին. այս-այս օղակում ինչ-որ բան է խափանվել՝ հանգեցնելով հոսանքազրկման: Բայց չէ, այս դեպքում, պարզվում է, պետք է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (որին փոխանցվել է երբեմնի Էներգետիկայի նախարարությունը) մի ամբողջ մասնագիտական հանձնաժողով ստեղծել, որը միայն օրերի ընթացքում կկարողանա ինչ-որ բան ասել: Եվ միայն այդ փաստը հուշում է, որ գործ ունենք միանգամայն լուրջ պատմության հետ, եւ դա էլ իր հերթին է ստիպում մտածել՝ կրկնությունների, այսինքն՝ «մութ» ժամանակներին վերադառնալու հավանականության մասին: Դա առաջին տպավորությամբ: Իրականում տեղի ունեցածի հետ կապված շատ ավելի լուրջ մտահոգություններ ի հայտ եկան: Այստեղ նախ հիշեցնենք. առաջիններից մեկը վթարի մասին պաշտոնապես հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են: Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ»: Անգամ էներգետիկայից որեւէ պատկերացում չունեցողը կհասկանա, որ եթե միաժամանակ անջատվում է երկու արտադրող կայան, ապա պատճառը հազիվ թե դրանց հետ կապված լինի. հազիվ թե երկու կայանը միաժամանակ շարքից դուրս գային: Տեխնիկական առումով` միակ խելքին մոտ տարբերակը, որի ժամանակ երկու կայանները միաժամանակ կանջատվեին, դա այն է, որ Բարձրավոլտ ցանցերը միաժամանաակ դադարեցնեին երկու կայաններից էլեկտրաեներգիա վերցնելը, եւ կայանները, դադարելով էներգիա հաղորդել, ավտոմատ կերպով կանջատվեին՝ վթարից խուսափելու համար: Սակայն, եթե գնանք այս վարկածով, կունենանք բավականին տխուր պատկեր: Այն, որ հայաստանյան Բարձրավորլտ ցանցերը ողբալի վիճակում են, հայտնի փաստ է: Դեռ նախկին իշխանությունների ժամանակ կային խոսակցություններ, որ այդ համակարգը պատրաստվում է գնել մոսկվայաբնակ գործարար եւ ՀԷՑ-ի սեփականաատեր Սամվել Կարապետյանը: Նաեւ, որ վաճառքը կլինի բավականին համեստ գներով, սակայն Կարապետյանը կպարտավորվի խոշոր ներդրումներ իրականացվել՝ համակարգը վերջնական փլուզումից փրկելու համար: Սակայն իշխանափոխությունից հետո գործարքը չեղարկվեց. «նորերը» սկսեցին հիստերիայի նոպաների մեջ ընկնել, թե այդ ինչո՞ւ պետք է Կարապետյանը նման էժան գնով Բարձրավոլտ ցանցերը վերցնի, թող շատ վճարի: Իհարկե, այդ պահին անհրաժեշտ ներդրումների հարցը փորձեցին մի կողմ մղել, եւ արդյունքում՝ Կարապետյանը պարզապես հրաժարվեց գործարքից: Որոշ լուրերի համաձայն՝ նրա ներկայացուցիչն իշխանական թեւի բանակցողներին բացահայտ ասել է՝ «Եթե այդ գինը ցածր է, ինքներդ վերցրեք կամ այլ գնորդ գտեք, ով այդ գնով կվերցնի ու կհամաձայնի ներդրում անել»: Մեր նորաթուխ չինովնիկներն էլ «դուխով» արձագանքել ե՝ «Կգտնենք, մեկի փոխարեն` տասին»: Սակայն իրողությունն այն է, որ, ըստ աղբյուրի, բոլոր հնարավոր գնորդները միանգամայն անընդունելի են համարել այդ նույն պայմանները, որին ժամանակին Կարապետյանը համաձայնել էր...

ԻՍԿ ՋԷԿ-ԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ

Այսպիսով, եթե ընդունենք վարկածը, այս անջատումների խնդիրը գալիս է Բարձրավոլտ ցանցերից, ապա այդ փաստը տհաաճ պատմության մեջ կդնի անձամբ Փաշինյանին: Այն առումով, որ համակարգում Կարապետյանի չարած ներդրումներից հետո դեռ մի բան էլ՝ տեխնիկական վիճակն էապես վատթարացել է ու հասել նման կոլապսների հասցնելու մակարդակի: Սակայն սա դեռ ամենատխուրը չէ: Ներդրումներ դեռ չեն սպասվում: Ճիշտ է, կան խոսակցություններ, որ Փաշինյանը Կարապետյանի հետ վերջին հայտնի հանդիպման ժամանակ առաջարկել է՝ վերադառնալ այդ գործարքին՝ հանուն դրա մի շարք խոստումներ տալով, սակայն աղբյուրը ենթադրում է, որ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Ավելին, եթե անգամ լինի, ներդրումների հեռանկար բացվի, մինչեւ բանը տեխնիկական վիճակի կարգավորմանը հասնի, բավականին ժամանակ կանցնի, եւ այդ ընթացքում նման իրավիճակներ միշտ էլ հնարավոր են: Իսկ եթե գործարք չլինի, ապա ամեն ինչ կարող է շատ ավելի վատ ապագա ունենալ: Եվ ահա այս ֆոնին, տեղի ունեցավ այս խիստ ուշագրավ զարգացումը: Կառավարության երեկվա նիստին նախ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ցնցող միտք հնչեցրեց. «Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի, գնահատական տրվի՝ միտում եղե՞լ է, թե՝ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՝ ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»: Նման ուսումնասիրություններ սկսելու համար ԱԱԾ-ն պետք է, որ գոնե հանցագործություն ենթադրող նախնական հիմքեր ունենար, առավել եւս, որ կային «նախնական տվյալներ»: Ու Փաշինյանն էլ անմիջապես ոչ պակաս «շքեղ» հայտարարություն արեց. «Երկու վարկած կա՝ արտաքին, ոնց որ թե, ներքին վարկած չունենք»:

Էլեկտրաէներգիայի սակագինը նվազում է, սակայն օգոստոսի 1-ից բնակչությունը 4.4 դրամով ավել կվճարի

Եթե ներքին վարկած չունենք, ի՞նչն է հիմք տալիս Վանեցյանին՝ մասնավորապես «անգործության» մասին թեկուզեւ հեռու-հեռավոր կասկած ունենալուց: Այսինքն, «անգործություն» կարող էր լինել տեղում՝ ՋԷԿ-երում կամ Բարձրավոլտում, մինչդեռ Փաշինյանը պարզ խոսում է ներքին վարկածի, այսինքն՝ ներքին մեղավորներին բացառելու մասին: Սակայն էլ ավելի տարօրինակ է միանգամից «արտաքին վարկածներին» անցնելը: Բայց նախ նկատենք. եթե չկա «ներքին վարկած», այսինքն՝ ներքին մեղավորներ, նշանակում է՝ վթարը նաեւ Բարձրավոլտի, համակարգի ծայրահեղ վատ վիճակի, այնտեղի չարված ներդրումների եւ այդ ներդրումների հարցում նաեւ Փաշինյանի մեղքի բաժնի մասին վարկածն է նա օրակարգից հանում: Միգուցեեւ այդպես է, չվիճենք: Սակայն «արտաքին վարկածը» Փաշինյանի համար պակաս հեղինակազրկող չէ: Նախ, ի՞նչ ասել է՝ «արտաքին վարկած», կառավարությունը լավ կանի, որ օր առաջ մեկնաբանի: Քանի որ հակառակ դեպքում` միանգամից արտաքին դիվերսիայի միտքն է ամեն մի ողջամիտ մարդու մոտ առաջանում: Այսինքն` դրսից եղել է միջամտություն` կա՛մ համակարգի նկատմամբ էլեկտրոնային հարձակման, կա՛մ ուղղակիորեն դիվերսիոն գրոհի տեսքով (տարատեսակները տարբեր կարող են լինել): Սակայն ինչ մեթոդով էլ եղած լինի հարձակումը, դա միանգամից վկայում է մեր էներգետիկայի՝ «տնտեսության ողնաշարի» գերխոցելիության մասին: Ավելին, եթե այս պահին ինչ-որ մի ուղղությունից եղել է «արտաքին միջամտություն», ապա վաղը-մյուս օրն այդ խոցելիությունը թույլ կտա նաեւ մեր թշնամիներին նման հարձակումների դիմել: Մի խոսքով, վերջապես ո՞ր տարբերակի վրա կանգ կառնի մեր իշխանությունը, սպասենք, հանձնաժողով են ստեղծել՝ խոստանալով կարճ ժամանակում պարզել եւ կոնկրետ պատասխան տալ: Սակայն իրողությունն այն է, որ անկախ ամեն մի հետագա բացատրությունից, միայն փաստը, որ մեր էներգետիկայում հնարավոր են նման իրավիճակներ, արդեն իսկ լուրջ մտահոգություններ առաջացնում է, այն էլ՝ ներկայիս կիսապատերազմական վիճակում:

«ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՀՀ-Ի ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА