КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 11. 12. 2019 : :
Ջավախքում շուրջ 10 գյուղական դպրոց սեպտեմբերի մեկին չի ունենա առաջին դասարանցիներ: Այս մտահոգիչ իրավիճակի եւ մյուս կողմից էլ Ջավախքի քթի տակ Կարս-Թբիլիսի Բաքու ուղղությամբ ակտիվ գործող երկաթգծի եւ ընդհանրապես` օր օրի տեղում ահագնացող թուրք-ադրբեջանական ազդեցության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախքահայ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ: Իշխող խմբակցության պատգամավորն այս ամենի տակ եւս վտանգ է տեսնում:
«ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
- Միանշանակ, այստեղ վտանգ տեսնում եմ: Երբ մենք անընդհատ խոսում ենք հայ-վրացական նորովի բարեկամության մասին, սրա գաղափարը մեկն է` կարողանանք միասնականորեն դիմագրավել ընդհանրական մարտահրավերներին: Այո՛, եթե այստեղ հայ չի ապրում, բոլորն էլ վստահ են, որ հաստատ վրացի չի ապրելու: Եթե հայ չի ապրում, ապա թուրքն է փոխարինելու նրան, իսկ սա թիկունքից մահացու հարված կլինի ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Հայաստանին:
– Որպեսզի զերծ մնանք նման հետեւանքներից, ինչպե՞ս ենք այսօր Ջավախքում հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմին:
– Մեր երկու պետությամբ` Հայաստանով եւ Վրաստանով, պետք է հայապահպանությունը դարձնենք այստեղ պետական մակարդակի քաղաքականություն: Փոխգործակցությունը, համատեղ օրակարգը պետք է այնպիսի ուղղություն եւ միտումներ ունենա, որ էապես նպաստենք հայապահպանությանը: Սա օդի եւ ջրի նման անհրաժեշտություն է:
– Այն, ինչ այսօր պետական մակարդակով արվում է, բավարա՞ր է:
– Սա մի գործ է, որը երբեք բավարար չի կարող լինել, որովհետեւ այն անսահման մեծ ծավալի գործ է եւ անընդհատ զարգացնելու, կատարելագործելու, արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն ունի: Ինչ-որ արվում է, արվում է, բայց միշտ պետք է ավելին արվի, ավելի շատն արվի, ամենաշատն արվի, եթե դա հնարավոր է:
«ԵԹԵ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԳԱՅԻՔ ՋԱՎԱԽՔ, ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒՂՂԱԿԻ ՉԷԻՔ ԱՆՑՆԻ»
– Բայց մինչ ամենաշատն անելը, Հայաստանից Ջավախք տանող քարուքանդ ճանապարհը հուշում է, որ անգամ մինիմալը դեռ չի արվել, եւ նորմալ ճանապարհ ունենալը շարունակում է մնալ երազանք...
– Մենք ճանապարհի հետ կապված, իսկապես, լուրջ առաջընթաց ունենք, որովհետեւ, եթե մեկ-երկու ամիս առաջ գայիք Ջավախք, ճանապարհն ուղղակի չէիք անցնի: Իսկ հիմա հողաշինական աշխատանքներն, ինչպես տեսաք, արդեն գրեթե ավարտված էին, եւ հնարավոր էր գոնե առանց խորխորատներն ընկնելու անցնել: Ճանապարհաշինական ծրագիրն ընթացքի մեջ է, մրցույթը շահած է, կան հստակ ժամկետներ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ճանապարհն ամբողջովին պետք է պատրաստ լինի, ու սա Հայաստան-Վրաստան պետությունների վարչապետների անցած տարվա մայիսին ձեռք բերած քաղաքական համաձայնության արդյունքն է: Այդ ճանապարհն արդեն նպաստում է հայապահպանությանը, որովհետեւ մարդը չի հոգնում եւ թքում այդ ճանապարհի վրա` ասելով, որ, օրինակ, չեմ կարող ամեն անցնելուց մի մեքենա ջարդել:
– Իսկ ինչի՞ «արդյունք» է այն, որ վերջին շրջանում անընդհատ բողոքներ կան` մաքսային խստացումների հետ կապված եւ, օրինակ, մի քանի կգ ավել կարտոֆիլ Ջավախքից Հայաստան տեղափոխելու համար մաքսատուրքի խնդիր է առաջացնում:
– Սա ուրիշ խնդիր է: Այն ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորվածությունների արդյունք է, եւ մենք այստեղ որեւէ կերպ չենք կարող մեղադրել հայկական եւ վրացական մաքսային ծառայություններին` խոչընդոտներ հարուցելու առումով: Մաքսային կանոնակարգերը ԵԱՏՄ-ի հստակ սահմանում են երրորդ երկրից ներկրումների խիստ սահմանափակում, ինչը բնական է: Իսկ կարտոֆիլի հետ կապված` նշեմ, որ ես այդ հարցը բարձրացրի նաեւ խորհրդարանում, եւ կարելի է ասել, որ մի ընդհանուր հայտարարի ենք եկել, որը որոշակի չափով բավարարում է ջավախքահայությանը: Ամեն դեպքում, այսօր ակնհայտ դժգոհություններ այս առումով չունենք:
«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ»
– Ջավախքը կարողացա՞վ զերծ մնալ Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, թե՞ այն իր անդրադարձն ունեցավ նաեւ ջավախքահայության վրա:
– Եթե Վրաստանի պետությունը նյութական դժվարություններ է ունենում, բնականաբար, ինչ-որ տեղ այն անդրադառնում է նաեւ Ջավախքի վրա: Չնայած` ցավով եմ մատնանշում, որ Ջավախքն այս պահին գոնե չի դիտվում, որպես տուրիստական տարածաշրջան, իսկ այսօր Վրաստանը տուժում է հենց տուրիզմի առումով, քանի որ Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթերը փակվել են: Այնպես որ, ուղղակի հարված Ջավախքին տնտեսական առումով չկա, բայց անուղղակի կարող է լինել, որովհետեւ նույն Ռուսաստանում սպառում են նաեւ Ջավախքում արտադրվող գյուղմթերքը եւ այստեղ, բնականաբար, անուղղակի խնդիրներ կարող են լինել:
– Ըստ Ձեզ, հակառուսական տրամադրություններով վարակվե՞լ է Ջավախքը:
– Կարող եմ պնդել, որ Ջավախքում հակառուսական տրամադրություններ գրեթե չկան: Կային դժվարություններ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված, քանի որ Ռուսաստանը փակել էր Վրաստանի քաղաքացիների ճանապարհը: Բայց անուղղակի ինչ-որ ելքեր գտնվել են, նրանք կարողանում են, այսպես ասած, խոպան գնալ եւ իրենց հանապազօրյա հացը վաստակել: Եվ քանի որ իրենք Ռուսաստանում փող են աշխատում, բնականաբար, այնտեղ էլ իրենց լավ են զգում:
«ՋԱՎԱԽՔՈՒՄ ԽՈՐԸ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ ԵՆ»
– Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին, հայաստանյան իշխանությունն ի՞նչ քայլեր է անում համապատասխան դասագրքերով տեղի հայկական դպրոցներին ապահովելու համար:
– Քաջատեղյակ եմ գործընթացից: Ինտենսիվ համագործակցություն կա հայկական եւ վրացական գիտակրթական գերատեսչությունների միջեւ, եւ ամեն ինչ արվում է, որպեսզի ժամանակին` առանց ուշացումների եւ անհրաժեշտ քանակով դասագրքեր հասցվեն դեպի Վրաստանի հայկական դպրոցներ:
– Հաջորդ տարին Վրաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա որքանո՞վ կարող է ներքաղաքական լարվածության տեղիք տալ նաեւ Ջավախքում:
– Ակնհայտ է, որ ներքաղաքական լարվածություն կա Վրաստանում: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ կրքերի բորբոքումը հենց ներքաղաքական լարվածության դրսեւորում է` կապված 2020 թվականի ընտրությունների հետ: Ջավախքում այսօր առաջին հայացքից այդպիսի լարվածություն չկա, որովհետեւ այստեղ դեռ քաղաքական զարգացումները չեն պռոեկտվել: Ամեն դեպքում, որոշակի բան զգացվում է, քանի որ ընտրություն է, թեկնածուներ կան, ովքեր իրենց լոբբինգն են անում, փորձում են ընտրվել եւ վերընտրվել, ինչը նորմալ է: Այնպես որ, Ջավախքում խորը լարվածություն չկա, պարզապես նախընտրական կրքեր են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ջավախք-Երեւան